1. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Ես ընծայում եմ
Բառերն անձրևին
Եվ գետն եմ լցնում
Բառերը բուռ-բուռ.
Որ մշտապտույտ
ջրերի լեզվով
Թարգմանեն Բառերն ամպերից մինչ ծով:
Քամիներին եմ նվիրում բոլոր`
Շշուկով` հովին հեզ ու մեղմօրոր,
Ճիչով` փոթորկին` անսանձելի խոլ:
Ես զույգ ափերս երկնքին պարզած`
Թռչուններին եմ կերակրում Բառ առ Բառ,
Բառերը հանձնում նրանց անսահման
Ու սահմանախախտ բնազդին ի պահ:
Նետում եմ դեպի միգամշուշը,
Որ սաղմն է գուցե նոր Տիեզերքի:
Երբ ամենավերջին շրջապտույտից
Ետ վերադառնան երկնքից երկիր
Շրջած Բառերը հազարալեզու,
Լույսի հետ զվարթ կամ քաղցր մութի`
Մենք իրար գրկած կխայտանք ծովում,
Եվ ես կշրշամ ծփանքի լեզվով
Կորած-չգրված Բառերի մասին:
Ձմռան սառցասառը սարսուռների մեջ`
Բառերի մասին`
Կնքված փաթիլի համբույրով ճերմակ,
Գարնանը` ծիլ-ծիլ և բողբոջ-բողբոջ
Բառերի մասին,
Ամռանն` արևից կարմրաշեկ, ծիծղուն
Բառերի մասին,
Աշնանը` քաղցր և ոսկեպտուղ
Բառերի մասին:
Ես ընծայել եմ Բառերն անձրևին…
Մեկը կթերթի ալիք առ ալիք
Բաց գիրքը ծովի
Եվ ալիքների վրա կկարդա
Թարգմանված Բառեր`
Ճշգրիտ տառ առ տառ
Եվ գերազանցիկ,
Կատարյալ, ինչպես Բառը նախածին:
2. Սիրո նշանի տակ
Չեմ հիշում ՝ տարին, ամիսն ու օրը,
Հիշում եմ միայն՝
Երկինք ու երկիր
Սիրով էր լցված…
Ո՞ւմ օգնեցի
Բավիղներից ան-աջ, ան-ձախ
Ո՞ւմ հանեցի: Հետո հոգնած՝
Խոնարհ խոտի բույրերի մեջ կանաչ-կանաչ
Խոր քնեցի:
Արթնացել եմ, խոտից աշնան բույր է գալիս:
Գլխիս՝ պսակ հարսանեկան,
Ձեռքիս թելն է ետ կծկված՝
Հարկավոր չէ…
Արթնացել եմ, չկա փեսան,
Դիոնիսիոս, դու էլ չկաս,
Այս կծիկով ո՞ւմ փրկեցի…
Արիադնե, քեզանից շատ՝
Մենակ, լքված՝ ուզում էի
Փախչել, փախչել այս Նաքսոսից:
Բայց խճճված այս կծիկով,
Բույրերի մեջ մեռնող խոտի՝
Ես քուն մտա հազար տարով:
…………………………..
Աստղատարի կամ վայրկյան անց՝
Մի օր՝ Սիրո նշանի տակ,
Ես կզարթնեմ նորից գուցե,
Թեկուզ մեկ օր ու մի գիշեր՝
Միայն հրճվեմ շնչակտուր՝
Վայելեմ ցավն այն շողշողուն:
3. Սիրո եղանակները
Արբեցնող գարնան կանաչ առագաստ
Եվ երանելի ինչ գլխապտույտ:
Ամռանն արևի ճոճքն էր հրկեզ,
Ուր մոխրանալով՝ գտնում էինք մեզ:
Աշնան դեղնօրոր խոնջ գրկում էինք,
Եվ համբույրները մեր ոսկուն էին:
Հետո սառույցն էր ձմռան մահիճի՝
Մեր եղանակը ամենավերջին:
Եվ թեև ոչինչ չի կրկնվելու՝
Ես երջանիկ եմ դարձյալ՝ լի-ու-լի:
4. ՀՈԼԱՆԴԵՐԵՆԻ ԴԱՍԵՐ.
ողջույն, քույր իմ, Թրոյ
Մանրամաղ անձրևների
Ու պաղ քամիների երկիր իմ, Բելգիա,
Ես Կոռտեմարկում և Լանգեմարկում
(Կարճ շուկայում և Երկար շուկայում)
Այցելում էի ամենշաբաթյա տոնավաճառներ՝
Տաք գոֆրի, գրիլի գունեղ տաղավարներ,
Մրգի, շոկոլադի, կաթի ախորժալի բույրեր
Եվ գինով մարդկանց եռուզեռ՝
Ճիշտ ինչպես հին Քերմես-ներին
Եվ Գայանի տոնախմբություններին՝
Անփոփոխ Ռուբենսի օրերից.
Նույն կյանքն է՝ պարարտ և հուռթի
Նույն ժխորը շվայտ
Զրնգոցը մաքուր բնազդների
Եվ պոեզիան անզարդ ուրախության:
Հրապարակում եկեղեցամերձ
Ես լսում էի ֆլամանդերեն,
Կորզելով բառեր սալարկի տակ ճողփող
Ճահճատիղմերից ու անտառից խլված բնահողից,
Որպեսզի ընկալեմ երկար ձայնավորները
Եվ բաղաձայնների առատությունն անակնկալ,
Թրոյն՝ ուսուցչուհիս, ինձ հոլանդերեն
(նիդեռլանդերեն՝ լրիվ նույնական
կամ՝ ֆլամանդերեն, որ մի բարբառի
Չափ է զանազան)
Ուսուցանելուն զուգահեռ՝ հաճախ.
Զարմանալով հայերեն էր սովորում
(Նրա զարմանքը՝ ամա՜յ),
Ինչպես կարող է գետնատանձը
(հոլանդերեն՝ aardpeer)
Լինել գետնախնձոր,
Իսկ գետնախնձորը (հոլանդերեն՝ aardappel)
Կարտոֆիլ կոչվել:
Նա սովորեցնում էր երկար ձայնավորներ արտաբերել,
Եվ ես հասկանում էի, որ երբ կարողանամ անսխալ՝
Վերջապես կհաջողացնեմ լինել համբերատար:
Թրոյն ասում էր՝
Յակոբ Կացի ու Մետեռլինկի
Բանաստեղծության գաղտնիքը որսա
Խաղաղահոս գետերի ու ջրանցքների երեսին,
Տեղատարափներով և ինքնաթիռների թռիչքներով
Անդադար ակոսվող երկնքի կապտագույնի,
Տարվա չորս եղանակներին
Մառախուղի մեջ և սակայն՝ զվարթ,
Շնչառության մեջ զուտ ֆլամանդական:
……………..
Տղաս չգիտի, թե մենք ինչու հապճեպ վերադարձանք
Դեպի եզերքն այս քաղցրադառն
Եվ եթե կարդա՝ կիմանա հիմա.
Նա քնի մեջ մի օր հոլանդերեն խոսեց,
Նեղսրտած արտասվեց հոլանդերեն բառերի արանքում,
Եվ ես հասկացա, որ
Ներսումս հոլանդերեն պտտվող պատկերներից լուրջ
Մի բան պետք է անեմ:
Երևի այլևս երբեք չեմ կարողանա
Այդպես ինքնամոռաց սիրել Հայերենը,
Որդուս և Հայաստան տանող ճանապարհը:
Քան այդ գիշեր:
Ինչպես Բելգիան ու ֆլամանդերենն՝ այժմ,
Երբ շիկացած քնիս մեջ երևանյան
Ֆլամանդերեն էի խոսում Թրոյի հետ:
Ողջույն, իմ Թրոյ,
Քո նվիրած հոլանդերեն Կտակարանը
Մեսրոպատառիս կողքին է,
Բայց ես աղոթում եմ հայերենից ու հոլանդերենից անդին՝
Սրտի լեզվով,
Մանրամաղ անձրևների
Ու պաղ քամիների քո Բելգիայի համար,
Քար ու արևի իմ Հայաստանի,
Մոլորակի համար:
Գուցե երազում թարգմանեմ մի օր
Wablief (Ինչ ասացիք) թերթի համար
Տարօրինակ կարոտիս բառերն այս,
Որովհետև ես կռահում եմ ծվեններն ասես՝
Երբեք չիմացած քո հայերենով
Դու զրուցում ես ինձ հետ երազում:
Եվ ես կարծում եմ՝ ձեր Մերկատորը,
Ով շատերից առաջ ամեն բան գիտեր,
Վրիպել էր գուցե և չգիտեր,
Որ ծեր-նորածին մեր մոլորակի
Ամեն պտույտը
Հենց կարոտից է:
Ողջո՜ւյն,
Քույր իմ, Թրոյ: