ՀՐԵՇՏԱԿԻ ԻՆՔՆԱԳԻՐԸ
(պոեմ)
երազի շունչը լուսավորում է
անկյունը ճակատագրի
ուր ես աղոթում եմ
բացակա բառերի փոխարեն
թղթին դնում եմ մի քանի քար
և լեռները նայում են աստղերի
ծաղկող հայացքով իսկ ձայները
մասն են ներդաշնակության
իմ շուրթերին մարմրում է
ինքնագիրը Հրեշտակի
պատանդ է լույսը
և բառն այլևս ակունք չէ
այլ քար
որ կորցրել է
ծարավն
Անսահմանի
հեռու-հեռու ճամփաներում
ինձ կլանում է
փոթորիկը հույսի
ես բարձրանում եմ
աստիճաններով ինքնության
ձայնանիշերով Ելքի
այստեղ տիրակալ չէ սերը
անունս հատում է
սահմանագիծն հիշողության
և մտնում ելքերը լույսի
տագնապի հենակետն է
ճանապարհը բառի-
ազատության ճակատը
ճակատագրից վեր մի ակնթարթ է
հայացքն Աստծո
մի ծիտ ջուր է խմում
ափից Հրեշտակի
իրերի շնչառության վրա ծավալվող
հորիզոն եմ
և կապույտ բաբախյուն
թևերում ժամանակի
ներկան ու անցյալը
ներկան ու ապագան
Լեռան գագաթը ջահ է հիշողության
պետք չէ կարծրացնել մոխիրն արցունքներով
թող մոխիրը սնվի լոկ ընդվզման կայծով
կյանքն իր երազի շունչն է համբուրում
շրջանակում մահի
տրոփում է ահը
(իսկ աշխարհից այն կողմ
կերպափոխության ալիքն է հոսում-
ահագնացող դեմքը
մի այլ ժամանակի)
և վերանում է
մի եդեմային խորհուրդ լեռներում
և աքսորյալ են հավատն ու սերը
լաբիրինթոսում անտարբերության
և խղճի վիհից հոսում է արցունքն անապատների
և գերեզմանի քարերին սրվում են
դանակները հիշողության
և ցնցվում են հիմքերը հավերժության
պառկում եմ իրերի շնչառության վրա
և վերագտնում ինձ
թևերում ժամանակի
(իմ աչքերով
բառն ինքն իրեն պիտի դիտի)
մի օր ժամանակի ափը կբացեմ
գտնելով այն դատարկ
և ինձ ընդառաջող պատանու շուրթին
կհնչի հանկարծ տողը Արամորդու
հեռու-հեռու ճամփաներում
կյանքս մահից դուրս է
(դարաթափանց
տեսողությունն եմ բառերի)
բացվող դուռը ներշնչանքի
ջրվեժը լռության
և երկինքը ըմպում է ինձ
որպես հույսի կաթիլ
լույսն է բաբախում ծառը սարսռում
հայացքն է բացվում ճանապարհների
բառերն-Անհունի
ճրագարանները
2.
հորդում է լուսայգը երկնային ճյուղերի
ծառերի ժամանակը և ժամանակը տերևների
անձրևի թևերում գուրգուրվող հովիտը
տարածության սիրտն է
դատարկությունը
ներծծվում է պատերի մեջ
որոնցից կախված շրջանակները
մեր հոգիներն են
և վայրկյանները փլվող բներ են
պատմության լույսերը
հովհարային անջատման ենթակա
իշխանություն
Նեռի քմծիծաղը
որպես բանալու անցք
կլանում է
փոշին ժամանակի
դատարկ
պատվանդանից մինչև պատերազմ-
մի քայլ է
հայացքը կուռքի
զոհասեղան է
ափսոս
անարդար հացի հետ
սերունդն ուտում է նաև
(անգաղափար տեղապտույտ)
աստղերը
ճանաչողության
որոնք պիտի սլանային մի օր
հիշողության միջով ձեռքերի
(ո՞ւմ հոգու կտավն է
շրջանակում հարության)
դատարկությունը
որպես զսպանակ
պահվում է հեռվում-
մեկուսարանում հասարակության
ապագայի ճիչը
և դեղնակարմիր մի հառաչանք է
ժայթքում քարերից
սահմանագծերի բռունցքը
երախին շնագայլերի
հարվա՛ծ հարվա՛ծ հարվա՛ծ
(պայթած երակ չէ
թմբուկն Առօրյայի)
զորքերի աներևույթ շարժն է
ձվից նոր ելած հանրա-
պե-տության մլակների դիմաց
անօդաչու թռչող սարքը
գոյություն է առանց խղճի
ո՞ւր է մարդու ստեղծող վարքը
պատերա՞զմ է սա թե՞ նախճիր
իմ դիմաց երկի՞րն է
թե՞ ուղեծիր տենդի
վերքերի դասերը բուռ-բուռ հավաքող
ճանապարհն եմ ոգու
ջարդված խաչքարերի ճիչը մոխրացող
մահի շերտը ծակող օձը հիշողության
Ոգու այս ցրտում
(ճանապարհս աչքերն է թարթում
լույսով հեքիաթի)
կույր կույր կույր
մտնում եմ իմ մեջ
բացված դուռ է թերևս
իմ չիմացած բառը
տարածության սկիզբ
հետքերս հիմա
խոհարարներ են
և բնությունն է
սնվում իմ լույսով
(ես ինձնից դուրս եմ)
և ոգուս դեմքը
հոսում է ճյուղերով իմ Տոհմածառի
3.
աներևույթ բառ
և տարածություն
և տան մեջ
վառում եմ լույսը
և ներշնչանքի ոգին
(իրական է քան
ինքնագիրը Հրեշտակի)
որպես բնակարան
հյուրընկալում է ինձ
կազդուրում ներսից
թուղթն իմ ճակատն է-
տեսադաշտը Լեռան
հուշը պատուհան չէ
այլ տրոփող անկյունը Անսահմանի
եկեղեցու խաչն ի վեր
բարձրացող աղոթք
մոմերից հոսող
հայացքը Աստծո
պտտվում է փողոցից
փողոց արթնացնում
դեմքը Հայի
քարերին ցատկոտող
սիրտը տարածության
ազատության թռչունն է
մի ձայն իմ ներկան է մյուսը
ապագայի գրավականը
իսկ երրորդը
պատվիրակն է անդրաշխարհի
օրը զննում է ինձ հայացքով սևեռուն
չափում ոտից գլուխ
երբ ես հայելու մեջ զատվում ինձանից
միավորվում եմ
սուր անկյուններով ու իմ միջուկով
ինչքան իմ մեջ եմ այնքան էլ ինձնից
թերևս դուրս եմ
երկվության դռնով
վերադառնում է մենակությունս
և հիշողության զոհասեղանին
թպրտում են դեռ
իմ կյանքի բոլոր հրաժեշտները
4.
ելնում եմ Տեր իմ
իմ միջից ինչպես
մեկուսարանից
ելնում եմ նաև
իմ ժամանակից
ինչպես հարազատ
բնակարանից
ինքս իմ կողքով
անցնում եմ հիմա
որպես պատմություն
գուցե այս կյանքի
ոտնահետքերը
սրբագործվում են
շնչառությունով անդրաշխարհի
միջուկն եմ ոգու
բառեր կան որոնք
դատարկության շեմին դրված
դարպասներ են
բացում եմ-
և ամայության
շունչն է խփվում դեմքիս
«Շոմպայն» գինու
խցանի պես
որսում եմ ապա
ռիթմերի միջև
պահված մեղեդին-
ենթագիրը լույսի
լքված բնակարան չէ
իմ ժամանակը / ես-
ինձանից դուրս
(և իմ մեջ նաև)
նոր ժամանակ եմ
և հիշողություն
իմ ժամանակը (այսօր և վաղը)
արյան բռունցք է և վրեժի սյուն
լույսի բանալին իմ հոգու աղն է
որ համ է տալիս
բառաշխարհին սուրբ
5.
խոսքի ակունքներին սեղմվող հրեշտակները
լռության նորանոր աղբյուրներ են բացում
և երազանքիս լարերին նստած
թռչունները
նշաններն են ներշնչանքի
գուցե ստվերս կնիքն է կյանքի
կամ ստորագրությունը
մի նոր հեղինակի
գուցե ստվերս կամուրջն է ոգու
որով անցնում են հրեշտակները
և ամրապնդվում խոսքով կենարար
ես քո ձե՞ռքն եմ համբուրում
թե՞ կանչը Ապագայի
քայլում եմ ստվերի միջով տառապանքի
և վառում լապտերը խոհերի
(այսուհետ
ես իմ ընթերցողն եմ)
պարզվում է ինձ էլ ընթերցում է
իմ ճանապարհը
իմ էջերում
բազմակետ է դնում քարը
տիեզերքի արցունքը
տանում է մի մրջյուն
բացում եմ վանդակը տողերի
և թռցնում
երամը թռչունների
հույսերի քանի տող է թպրտում
իմ գրչի ծայրին
ես դուրս եմ գալիս խցից ներշնչանքի
և հանգստանում
միջանցքում լույսի
բանաստեղծի խոսքը
անօդաչու թռչող մոլորակ է
6.
կանգնած եմ
հայացքում ունայնության
անփութորեն նետված
բառեր են թերևս
իմ հագուստները
և հավաքում եմ շշուկն Անհունի
սերմի պես ցանում
ակոսում տողի
հուշի կամրջով
անցնում են մարդիկ
ու վերադառնում
և ցավի անկյուններից
ողջունում են ինձ ճանապարհները
բանտախուց-բառեր
պատանդ տարածության
հայելիներից ազատագրվող
մի պատկեր եմ ես
ձայնս ճեղքելով
դիմադրությունն հորիզոնների
բացում է հիշատակի
կենարար տարածքներ
տան շեմը կորչում է բախտի աստղի պես
հանգած լամպի և փողկապիս միջև
և իմ արյան խորքերում արթնացող զանգը
հիշողությունն է բառի-
տարածության ոգին
ո՞վ է շարունակվում
իմ ստվերների
տաք պատարագով
ճգնավոր է ժամանակը
դղյակում տողերիս
ո՞վ է առնչվում
ելքին տարածության
հետքերիս կապույտ
համանվագով
մեկն իր լապտերով
լուսավորում է միջանցքը հույսի
լռության սահմանն
հատում է մի բառ
և բնավորվում
ճյուղին ժամանակի
ոչ ոք չի կտրի
ճյուղը հիշողության
(անգամ դահճապետը
այս կույր ներկայի)
երջանկության սահմանն
անցնում է մրջյունը
և սևեռուն նայում հորիզոնին
7.
և ոգու ճերմակ
ծաղիկներն են բուրում
թևին հորիզոնի
ներշնչանքի պահին
բացվում է լեզուն համր ստվերիս
աղբյուրի պես հոսում օրերի միջով
դառնում եմ մի բույն ճյուղերին քամու
իմ կարոտներից խլվում են հույսն ու
ոգին դռների
երբ ունայնության աչքերից ընկնողն
արցունքն է լույսի
ապագա կոչվածը
կամրջվող հանգրվա՞ն է
բեռնակիր է ճանապարհը
բառի հայացքը գուցե նուռ է հասնող
ե՛տ տար վարագույրը
որպեսզի ազատ շնչի իմ հոգին
ե՛տ տար որպեսզի չդառնա լռությունը
զոհասեղան
թեև խոցում է ինձ շունչը դիպվածի
ազատության ճակատն իմ մահից դուրս է
կյանքս
Հրեշտակի շուրթից սահող բառ է
և նոր արթնացող մանկան երազով
կառչում եմ կյանքի բռնակից
բացում
դռները հույսի
կամքի պատերը
ամրացնում եմ
տես
Հրեշտակի մերկ ինքնագիրն է
բաբախում հոգուս հայելու վրա
8.
երբ մեկուսարանում ահեղ պատմության
արթնացող միֆ է իմ ամեն բառը
բարձունքներս ընկնում են ցած
և արթնացած աստվածներից
աղերսում են փրկության լույս
և երկնքի շնչառությունը ժայթքում է հողից
որպես արևածաղիկ
Ապագայի կեռից
կախված Ավետիս են
իմ ամեն քայլը խոսքն ու անրջանքը
և բռնկվում է տառապանքն հողի-
կայծքար վրեժի
և ընդլայնվում է իմ լռությունը
քո աստվածային տաք շնչառությամբ
ինչքան խորանում ծանրանում է նա
ուրվագծերով հիշատակների
այնքան խոյանում սրբանում է նա
քո ազատարար ոգու աստղերով
քաոսը անցյալի պատա՞նդն է թե առջևում
նոր արհավիրք կա
եթե ապագան
երկունք է ապրում նաև իմ տողով
հուշի կամրջով վերադարձող եսը
ո՞ւմ նկարագիրն է
ճակատագրի հայելուց հանում եմ
իմ դեմքը այդպես
Հրեշտակն է շրջանցում դյուրին
որոգայթները ժամանակների
Երկնքի շեմին հասնելուց հետո
ընդմիշտ կազատվե՞մ տառապանքից բառի
դա մի քայլ է դեպի Սկիզբը դեպի
անվերջություն
9.
հավատից զատվում է անդունդը խոսքի
և տողի ճանապարհով ծագում է լույսը
10.
ես գրո՞ւմ եմ թե
հրակարմիր ու շեկ
մի երկինք եմ սփռում
աղբյուրների հոսուն շնչառության վրա
և տողերիս միջև տարածությունը
կոհակվում է նոր շարունակությամբ
հիշողության քարե ափերի մեջ
այդպես ապագայի դեմքն է հասունանում
տողերիս սպիտակ
անդրադարձներում
և գագաթների հայելիների միջև
անհայտի ոտնահետքը
փայլում է ինչպես
ներշնչանքի աստղ
հողի աչքերից բխող վարդեր են
տողերս
անհայտ
բառերի միջով բարձրացող լուսաբաց է
իմ ճանապարհը
11.
լերկ ճամփաները
բառեր են անդեմ
և գործազուրկ չէ ներշնչանքն այստեղ
և դիմազուրկ չէ ժամանակը խոլ
բառերը երկար ճանապարհ են անցնում
մենակությունից մինչև
դուռը լռության
երկնքի և երկրի միջև
ծնվում է իմ հեռուն
բառը լուսացող ճակատն հորիզոնի
որտեղ գրվող տողը ճառագայթն է հույսի
ոգու սովը ճեղքող ձայնը երգեհոնի
որ միացնում է մերում բևեռները լույսի
12.
և Հրեշտակը
ձգում տանում է երկինքն ի վեր
զոհասեղանը խղճի
տանում է ոգու մեկուսարանները
տանում փոշին կրքի
երազի արյունոտ ու խոլ ծաղիկները
օտար բևեռ չէ լռությունը այս
որը ակունքն է իմ ներշնչանքի
բառը ճակատն է- լուսանցքը մտքի
ուր նուրբ տողեր է շարել Բարձրյալը
կենարար ավյուն որ միշտ առողջ է
իսկ ինքնագիրը իմ Հրեշտակի
անվերծան մասունք ու ոգու կիր է
պարզ ու նախնական լույս է Ամբողջը
մինչդեռ իմ հոգին- աշխարհ երկբևեռ
մարմինս հողից բխող իսկություն
ցավի սահմանը հատող խենթություն
ո՞վ է պնդում թե երազն իմ բեռ է
արյունս ոգու նշանագիրն է
թուղթը երազ է- լուսանցք պատմության
ուր ես ունեմ դեմք ինքնություն ու ձայն
բիբլիական վարքի մատենագիրն եմ
ո՞վ է իմ խորքի լուռ ունկնդիրը
բառը ճակատն է- լուսանցքը մտքի
որտեղ բացվում է Անհայտի ոգին
դա Հրեշտակի մերկ ինքնագիրն է
Հ.Գ.
բառն առանց հայացքի անդեմ
ժամանակ է Աներևույթ է դուռը
գործողության Միֆը- ինձնից դուրս
իրականությունն է Եվ տեսադաշտը տողի
բացվում է իմ խորքից
Արդ թուղթն իմ ճակատն է
որին մակագրողը
ո՛չ ես եմ, ո՛չ էլ դու
այլ մեր միջև ապրող Հրեշտա՜կը հոգու
28.05.2021 թ.-31.05.2021 թ., Գյումրի