ՔՈ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
– Ի՞նչ նվիրեցիր
քո ամուսնու տարեդարձին,-
կհարցնեն:
– Բանաստեղծությո՛ւն…
– Եղա՞վ հագով,-
կզարմանամ հնչած հարցից,
բայց կլռեմ.
կզարմանան,
բայց կլռեն իրենց կարգով:
Մեր երջանկությունը
դրանից չի պակասի, սեր իմ:
Վաղը` քո տարեդարձին,
կփռենք բանաստեղծությունը
սեղանին ու կխմենք որպես գինի,
կճաշակենք որպես նշխար:
Մեր երկրային հոգսերից
կժպտանք՝ հպարտ ու գոհ,
ու կվառվի նորից սիրով
առավոտը մեր ասնովոր:
Իսկ մեր երկրում
ընդվզում է քաղաքական
փոքր ու մեծ մեղքերի մեջ
պայթող ական,
կարմիր բողոք ու պահանջներ:
Ամեն ինչից մենք կխոսենք.
պատերազմից,
մեր հին ու նոր արքաներից,
ամառային անժամանակ
անձրևներից.
տարեդարձիդ կխոստանանք
հազար բաներ
ու փոխադարձ կկատարենք,
ու փոխադարձ չենք կատարի:
– Ի՞նչ նվիրեցիր
քո ամուսնու տարեդարձին,-
կհարցնեն…
Երկրի համար
օրհասական այս օրերում
վարդի շուրթին
դրսից հասած
ընդվզումի խոսքն է բուրում.
ես սպասում եմ տարեդարձիդ
փոքր երկրի
անլուծելի, բարդ հոգսերի
դարեդարձին:
***
Ֆրիդան մահացել է
քառասունյոթ տարեկանում,
ես քառասունութ կլինեմ
ու… ապրում եմ դեռ:
Իմ ու ֆրիդայի ապրած կյանքը
շատ տարբեր չէ իրարից՝
ֆիզիկական արատներ,
հոգեկան ցավեր ու ցնցումներ,
բուռն սիրահարություններ,
առավե՛լ բուռն սիրաթափություններ:
Ես ու Ֆրիդան
երկու տարբերություն ունենք միայն՝
իմ Դիեգոն ինձ չի դավաճանում,
երբե՛ք չի դավաճանում,
և «Երկու Ֆրիդաները» կտավում
ես աջն եմ միշտ մնում:
ՏՐՈՓ
Նորածիլ խոտի երակի միջով
քեզ մոտ եմ գալիս՝
տրոփով հողի, ծաղկի, արևի:
Ականջիս խեցում
եղանակները չունեն բաժանում:
Հին տառապանքի
որկորն է լեցուն
չապրած օրերիս մեղկ ափսոսանքով,
որ քեզ չեն հասնի,
ու տարիների հապճեպն է խցում
իմ մոռացության ռունգերը պառավ:
Վաղուց է՝ ոչինչ էլ ինձ չի խոցում,
ու քեզ լսում եմ
նորածիլ խոտի ու ծովի միջով:
Սիրտը կպատռի քո առավոտի,
երբ դադարեմ գալ
արթուն երակով նորածիլ խոտի:
Արուս ՍՈՒՐԵՆ
