Էմիլի ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հայ գենի զարմանալիորեն արթուն աչքը…
…այսպես խոսեց արյունս, երբ առաջին անգամ կարդացի Էմիլի Մարությանի անգլերեն բանաստեղծությունը: Սկզբում մեկն էր, հետո՝ նաև մյուսները, որ ինձ փոխանցվեցին հայերեն թարգմանելու: Իմ և Էմիլիի միջնորդը նրա տատիկն է՝ հոգեշահ, բարի մի կին, որ հեռվում ապրող թոռան կարոտը վսեմացնում է արժանահիշատակ գործերով: Էմիլին մանուկ հասակից ապրում է ԱՄՆ-ում, հայերեն մի քիչ հասկանում է, բայց խոսում և ստեղծագործում է միայն անգլերեն: Տարվելու աստիճան հետաքրքրված է եղել տարբեր մշակույթների՝ Արևելքի և Արևմուտքի փիլիսոփայական հին ու նոր ուսմունքներով և, պարզվում է, որ «Ամազոնում» գրանցված, փիլիսոփայական-հոգեբանական տասներկու գրքի հեղինակ է, բնականաբար՝ բոլորն անգլերեն: Բայց ի՞նչ հրաշքով, ինչպե՞ս է, որ աշխարհի ռիթմերին այսպես ներդաշնակված երիտասարդ հայուհին, երբ բանաստեղծական ձևի մեջ է արտահայտվում, թեև՝ անգլերեն, գրում է բացառապես իր արյան կանչով…
Տատիկն այս առթիվ անուշ ժպտում է: Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ Հայոց ցեղասպանության ամենազգայուն և ամենաչարչրկված թեման՝ այսօր հատկապես, ամենազգույշ արծարծման կարիքն ունի: Զգույշ այն իմաստով, որ անվրեպ ու ճշգրիտ լինես, բայց ջանքդ համոզելու վրա չսևեռես: Այստեղ Էմիլին՝ մի վերին բնազդով, անմիջական վերապրող է՝ ապրելու միանգամայն հավաստի վճռականությամբ: Թարգմանության ընթացքում ես տեսա օտարախոս հայուհու հոգու անկոտրելի առանցքը: Ապրո՞ւմ է այն այսօր թարգմանության մեջ՝ չգիտեմ… եթե ապրում է՝ ապրեցնողը Հայերենն է:

ԾՆՎԱԾԸ
Ես եմ լույսը, որի մասին իմ նախնիքը երազել են խավարի մեջ,
Եվ մահացող նրանց սրտի զարկն էր վերջին՝ հույսը իրենց.
Ես հոսել եմ ու հեղեղել գերեզմաններն անապատի
Եվ ջրդեղել վերքերը սև՝ այրված, լլկված մարմինների:

Ես ծնվեցի այն դժոխքում, որտեղ նրանք էին նետված,
Եվ հառնեցի մոխիրներից, որպես հրաշք մի՝ նորացա՜ծ…
Վկայությունն եմ ես նրանց աղերսաճիչ աղոթքների,
Նրանց ոգին եմ, որ ապրեց՝ չմահացավ… ու չի՛ մեռնի…

Ես այն խիզախն եմ վերսին, որ երթի մեջ է այս կյանքի,
Միլիոնների ոգին իր մեջ՝ պիտի ուղին իր դեռ անցնի,
Մարմնավորվել է ինձանով այն մեծ խորհուրդը իրական,
Որ վե՜րջ չկա ինձ, մա՛հ չունեմ…
Եվ իմ անունն է Հայաստա՛ն…

ԻՄ ՄԻՋՈՎ՝
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այս երակներով արյունն է հոսում մարտիրոս ազգի,
Այս արյան միջով հորդում է ցավը՝ մի օր ժառանգված,
Այս մարմնի մեջ են արձագանքները կորուսյալների,
Եվ հիշողության այդ որոգայթն է այստեղ գիտակցված…

Այս ականջներում արձագանքներն են վերջին ճիչերի,
Այս սրտի զարկով, սակայն, մա՛հ չկա, և՝ դեռ խոշտանգված
Բա՛ռը կհնչի այս շրթունքներով՝ արյան նախճիրի,
Ու գրչիս ծայրից մի սև պատմություն կժայթքի հանկարծ…

Իմ այս մտքի մեջ ծվարել է մի անծիր տառապանք.
Այս աչքերի մեջ աչքերն՝ այն հոգու, որ չի՛ մոռանա,
Այդ հոգուց է ինձ փոխանցվել ոճրի հատուցման պահանջ՝
Մի անդառնալի սխալի համար,
որ ժամանակը անզոր է կոծկել…

ԴՈՒՍՏՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
1915/2015
Քանի քայլում եմ ես երկրի վրա
դեռ իմ հայրենի արահետներով,
Քանի հայացքըս
կապվում է նրա
ամեն կանչողին՝ ինձ ձեռքով անող՝
Մի բան լավ գիտեմ – ես
այստե՛ղ եմ դեռ…

Քանի դեռ ամեն
հուշարձանի մոտ
տուրքն եմ հատուցում
իմ այցելության,
Քանի դեմքին եմ նայում
անամոթ պատմության եղած
մեղքերի կեղծման՝
Մի բան լավ գիտեմ – ես այստե՛ղ եմ դեռ…

Քանի ժխտել են դեռ շարունակում
բացահայտ ցավը մեր հարյուրամյա,
Քանի ստեր են նորից տարածում
իրենց ամոթը կոծկելու համար՝
Մի բան լավ գիտեմ – ես այստե՛ղ եմ դեռ…

Քանի հողերն իմ ներկում են նրանք
իմ եղբայրների թափած արյունով,
Քանի լուտանք են թափում մեզ վրա
և անիծում են արգանդը մեր մոր՝
Մի բան լավ գիտեմ – ես այստե՛ղ եմ դեռ…

Քանի արթուն եմ, շնչում եմ քանի
և քանի գիտեմ, որ ապրում եմ դեռ՝
Կյանքի կոչելու այս հռչակագրով
ես լոկ հույս ունեմ կարևորն ասել.
– Մենք այստե՛ղ ենք… մի՛շտ…

Թարգմանությունն անգլերենից`
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆԻ

One thought on “Էմիլի ՄԱՐՈՒԹՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։