Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ / ԱԶԳԱՓՐԿԻՉ-ՄԱՐԴԱՓՐԿԻՉ-ՀԱՅԱԿՈՐԾԱՆ 

(Ձայն բարբառոյ յանապատի՝
Դեր Զորից Բերձոր)

 

Աստծո անհաղորդ հայացքի ներքո,

Աստծո անհաղորդ աչքերի առջև…

 

Իր մարդափրկիչ արժեքների համար Արևմուտքը հայոց հողում

Ռուսաստանի դեմ կռվում է մինչև վերջին հայը:

 

Իր ազգափրկիչ արժեքների համար Ռուսաստանը հայոց հողում

Արևմուտքի դեմ կռվում է մինչև վերջին հայը:

 

Արևմտամետ հայերն իրենց գաղափարների հաղթանակի համար հայոց հողում

կռվում են ռուսամետ հայերի դեմ՝ մինչև վերջին ռուսամետ հայը:

 

Ռուսամետ հայերն իրենց գաղափարների հաղթանակի համար հայոց հողում

կռվում են մինչև վերջին արևմտամետ հայը:

 

Այս է: Այսպես է:

 

Այսպես է եղել՝ Դեր Զորից Բերձոր:

 

Եվ հայի դարավոր թշնամին կռվում է՝ Արևմուտքի, Ռուսաստանի,

արևմտամետ ու ռուսամետ հայերի հետ ձեռք ձեռքի՝ մինչև վերջին հայը՝

արևմտամետ թե ռուսամետ:

 

Իսկ պատմության հայալեզու դասագրքերը քամելեոնի պես փոխում են իրենց գույնը,

և պատմությունն, ամոթից շիկնելով, կարմրում է, դառնում արնագույն: Արնագույն, ինչպես օսմանցոց-թրքաց կամ սովետա-ռուսաց արյունոտ յաթաղանները, սրերն ու դրոշները:

 

Եվ խաչվում, քառատվում, ջնջվում են իրար հանդեպ ատելությամբ լցված

արևմտա-, ռուսա-, չգիտեմ ինչամետ բոլո՛ր հայերը:

 

Մնում են թրքա… Չէ՛, ո՛չ թե -մետ, այլ թրքացած… Չէ՛, հայերը չէ՛…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։