Ամռան շոգ ու մութ գիշերներին խոտերի, թփերի մեջ հաճախ տեսնում եմ մի բզեզ: Այ, հենց այդ բզեզի մասին էլ ուզում եմ պատմել:
Նա հասարակ բզեզ չէ, տարբերվում է իր ցեղակիցներից: Այդ բզեզը երազկոտ է:
Ճիշտ է, ապրում է խոտերի ու թփերի մեջ, երբեմն էլ մտնում է խեցիների մեջ, ոչնչացնում վնասատու միջատներին, բայց ամենից շատ սիրում է ժամերով ու անթարթ նայել լուսնին:
Հիանում է լուսնի արձակած վառ լույսով: Այնքան է նայում լուսնին, որ չի նկատում, թե ինչպես է լույսը բացվում: Այդ ժամանակ նա գնում է իր թուփ-տնակում քնելու:
Գիշերը, հերթական անգամ, անթարթ նայում է լուսնին, մեկ էլ տեսնում է՝ լուսնից մի մասնիկ պոկվում և գալիս է դեպի երկիր, դեպի այն թուփը, որի վրա նստած է ինքը: Գալիս է, զգուշորեն հպվում բզեզի տոտիկներին և պոչիկին:
Այդ պահին հրաշք է տեղի ունենում. բզեզի տոտիկներն ու պոչը սկսում են լապտերիկի նման լույս արձակել:
Բզեզը, հիացած իր լույսով, ուրախ-ուրախ սկսում է թռչկոտել թփից թուփ, խոտերի մեջ՝ լուսավորելով շուրջբոլորը: Գիշերային մթության մեջ մյուս բզեզները տեսնում են, թե ինչպես է մի փոքրիկ լուսավոր լապտերիկ թռչկոտում այս ու այն կողմ: Նրանք, հետաքրքրությունից դրդված, հավաքվում են նրա շուրջը, բզզում են ու զարմանում, բզզում են ու պտտվում՝ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել իրենց ընկեր բզեզի հետ:
Մեկ էլ լուսնից պոկված մասնիկը մրրիկի նման պտտվում է բզեզների գլխավերևում և լուսնի մանրահատիկներ շաղ տալիս նրանց վրա: Մի ակնթարթում բզեզներից ասես կախվում են հարյուրավոր լապտերիկներ:
Նրանք հրճվանքից բզզում են ու անկախ իրենցից՝ լուսավորում գիշերային մթությունը:
Այդ օրվանից լուսնի լույսով վառվող փոքրիկ լապտերիկներին մարդիկ անվանեցին լուսատտիկներ:
Պատկերացրեք լուսատտիկների խումբը՝ խոտերի վրա, ասես բոցկլտացող խարույկ լինի, կամ էլ երբ միասին թռչում են գետակի վրայով, նրանց արձակած լույսն արտացոլվում է ջրի վրա՝ կրկնապատկելով հեքիաթ պատկերը: Նրանց նաև անվանում են գիշերային լապտերներ:
Ահա այսպիսի պատմություն: Այնպես որ, հրաշքներ միշտ էլ լինում են, պարզապես պետք է հրաշքին հավատալ:
«ԳԹ»-ի նախորդ (թիվ 9-ը) համարում
թույլ տրված վրիպակի համար հայցում ենք
հեղինակի ներողամտությունը