ԳԱՐՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ / ԻԴԵԱ ՖԻՔՍ

ԳԱՐՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Կեսգիշերն անց է. այս ժամերին լավ եմ զգում: Ներսիս հսկիչ-ստուգիչը անջատվում է, և կյանքը թվում է ոչ էնքան վաղանցիկ, ոչ էնքան ունայն: Իմ նեղլիկ ննջարանում լուսամփոփի լույսի տակ սեղանին հակված, գծում-գծմծում եմ հատակագիծն այն տան, որը կուզենայի ունենալ, որը պիտի ունեցած լինեի արդեն, բայց ով գիտե, թերևս ունենամ հետո, երբևէ: Ինչ ինձ հիշում եմ՝ միշտ գծել եմ բազում տների հատակագծեր: Չգիտեմ դրա իմաստը որն է: Գուցե մեդիտացիայի պես բան է: Բայց գծելիս հավատում եմ, որ անպայման կիրականանա, թեև ինչ-որ հանգամանք միշտ խանգարում է, որ դա իրոք երազանքներիս տունը լինի:
Հատակագիծը կազմելուց հետո սովորաբար սկսում եմ կահավորել, ընդ որում, ամեն մանրամասներով աչքիս առաջ այդ ամենը տեսնելով: Հետո արդեն այգին եմ նախագծում, ծաղկաթմբերը, ծառերը, այգու տնակը, շան բունը… Ասում են, եթե մի բան մտքումդ հանգամանորեն պատկերացնես, սրտանց ուզես՝ հավատալով, անպայման կկատարվի: Բայց այստեղ մի վերապահում կա. այդ ձգտումը ներքին պահանջից պիտի բխի, ոչ շրջապատից թելադըրված: Գուցե իմը կարոտախտ է, մեր սեփական տան կարոտն է, որը քանդեցին, երբ դեռ դպրոցական էի: Ողջ թաղը քանդեցին. տեղը շենքեր են, հիմա այնտեղ Լենինգրադյան փողոցն է: Դեռ չէինք տեղափոխվել, բուլդոզերն արդեն հռնդյունով աշխատում էր այգում, հիմք էր փորում ապագա շենքի համար, և խաղողի արմատախիլ արված վազեր, ջարդված ծառեր էին կախված այդ հսկա փոսի եզրից: Այո՛, ենթագիտակցորեն հա ձգտում ենք վերադարձնել կորցրածը, ետ բերել, մանավանդ մանկության հետ կապվածը՝ թեկուզ դրվագներով, հոտերով, ձայներով, մաս-մաս: Թվում է՝ անիմաստ է, բայց երևի դա հենց կյանքի խթանիչն է, ինչ իմանաս: Մեր քանդված տունն ու այգին կարոտ ու ցավ են իմ հոգում, ցանկապատի վարդենիները, բակի թթենին՝ ճլորթիով, այգու դռնակը, իշոտնուկներով նարդու սեղանը՝ սաղարթի խշշոցի տակ, գիշերային մուգ երկինքը՝ աստղերով, հորս երգելը…
Երկինքն ու երկիրը միասին իմ մեջ էին: Ժամանակն անվերջ էր ու իմ ընկերը: Ամեն ինչ առջևում էր, և կյանքը սահման չուներ:
Բայց արդյո՞ք ճիշտ է այդ ամենը շարունակ հիշել, մտաբերել, սիրել, կարոտել: Պատահում է. հուշագրություններ ես կարդում և ապշում՝ այնքան պարզունակ է շարադրանքը: Ըստ հեղինակի, ժամանակին իր ապրած նվիրական սերն ու կարոտը պիտի փոխանցվի ընթերցողին, բայց նա ինչ գրում է, ընդամենը հուշ է, իսկ հուշի մեջ սեր չկա, կա ափսոսանք ու դառնություն:
Ես մի առավոտ արթնացա այն հստակ ըմբռնումով, որ եթե մեր տունը մնալիս լիներ, թերևս հիասթափված լինեի այն ամենից, ինչից սիրտս ճմլվում է, այսպես սիրելի ու կարոտալի չէր լինի հաստատապես: Որ հիմա պատկերացնում եմ, խեղճ ու դըժվար կյանք է եղել. ի՞նչը ետ բերես, լավ է, որ չկա, հանգիստ կարելի է հովվերգություն սարքել: Եվ մտովի հրաժեշտ տվի իմ մանկության տանը, դարպասի կողքի ճղակոտոր փշատենուն… ու նոր ըղձանքով շարունակեցի նախագծել իմ երազանքների տունը, քանզի եթե այն անցյալում չէր, ապագայում է վստահաբար:
Հետո հասկացա, որ այդ իդեա-ֆիքսը իմ առանձնահատկությունը չէ, գուցե համամարդկային կամ ազգային հատկանիշ է և գալիս է գեներով: Ամեն դեպքում, ես այնպիսի հայի չեմ հանդիպել, որը լավ տան կամ բնակարանի մասին չերազի, սովորաբար երազում են և՛ տան, և՛ բնակարանի, նաև ամառանոցի, այլևայլ շինությունների մասին ևս: Մի բան էլ. ստացվում է, որ տների հաշվով չսխալվելն ու չվրիպելը գրեթե անհնար է, քանզի այդ հիվանդագին ձըգտման մեջ հիմարացնող, ճակատագրական ինչ-որ բան կա:
Ովքեր մեզ հետ էին, կհիշեն խնջույքը Սերոբի ամառանոցում: Կաշառակեր խաբեբա էր, բայց ի՜նչ ապարանք էր կառուցել այդ բարձունքի վրա, ո՜նց էր կահավորել-զարդարել ծայրից ծայր:
Հարց է առաջանում. ո՞ւմ համար: Ժառանգ չուներ, ազգականների հետ չուներ, ինքն էր ու խոշոր, տգեղ կինը, չես հասկանում՝ դրան ոնց էր առել: Մեր քեֆը, որ երկարեց, նրանք՝ մարդ ու կին, նստած տեղը ննջում էին. երևի ուշ էին քնել, չարչարվել էին պատրաստության վրա: Մտածում եմ. էդ մարդը՝ դոկտոր Սերոբը, նպատակ է դրել հարուստ լինել, պալատ կառուցել և այլն ու հասել է իր նպատակին, անպայման ինչ-որ մեկի՞ համար պիտի աներ: Ի՞նչ նշանակություն ունի, թե ում կմնա, նա բավարարել է իր բնազդային նկրտումները, ինքնահաստատվել է:
Արդյո՞ք բնազդայինը: Իդեա ֆիքսը գերարժեքականության ինքնուրույն ծրագիր է, կարող է անգամ բնազդին դեմ գնալ: Խնդրեմ, օրինակ, մի պառավ կին կար մեր թաղում, աղքատ էր ու խեղճ, երբեմն հացի փող չէր ունենում, հարևաններն օգնում էին ով ինչպես կարողանում էր: Սևազգեստ, նիհար, իր համար ապրում էր: Որ մահացավ, և ազգականները եկան թաղելու, պարզվեց՝ խնայբանկում ահագին փող ունի կուտակած, ետ էր գցել ողջ կյանքում՝ սեփական բերնից կտրելով: Ինչե՜ր ասացին այդ կնոջ հասցեին. չի կերել, չի վայելել, խնայել է չգիտես ում և ինչի համար, շան ու գելի փայ դառավ, և այլն:
Այնինչ պառավը յուրովի ճիշտ է եղել: Նա վայելել է, այն էլ ինչպե՛ս է վայելել: Փողը նրա համար եղել է գերարժեք, և նա ունեցել է դա: Ողջ կյանքում, քնած թե արթուն, պրիմուսի վրա սուրճ պատրաստելիս թե պատի տակի նստարանին թառած, պառավը ամեն պահ փառավորվել է այն մտքով, թե ինչեր կարելի է անել այդ փողերով, մտովի վայելել է այդ փողերի ընձեռնելիք հնարավորությունները՝ որ բազում են ու անսահմանափակ, գործնականում անսպառ, քանզի կուտակված փողը հավերժորեն պոտենցիալ ուժ է, եթե չծախսես:
Ինչ եմ մանրամասնում, շատերն այդպես են ապրում՝ կուտակելու սևեռուն մտայնությամբ, պարզապես տատիկի օրինակն է շատ արտահայտիչ: Ուրեմն իդեա ֆիքսը միայն հեռվից նայելիս է թվում բացարձակ հիմարություն, իրականում մեդալի երկրորդ երեսն էլ կա, որը ոչ միշտ է ընկալվում կամ երևում: Այդպես է եղբորս դեպքում:
Եղբայրս նկարիչ է, համենայն դեպս, կերպարվեստի բաժինն է ավարտել: Ինքն էլ է սիրում տների հազարումի նախագծեր քըննարկել, բաղդատել, գնահատել. այդ առումով բավականին տեղյակ մարդ է, ընկերների շրջանում՝ հայտնի որպես շինարարական ոճերի գիտակ և խորհրդատու: Դու մի ասի, բոլորից, անգամ կնոջից գաղտնի, էդ եղբայրս քառահարկ շենքի շինարարություն է սկսել Խարբերդում, թե ինչո՞ւ ամայի տեղում, մոծակների ու շոգի մեջ, իրոք մնաց անհասկանալի, քանի որ համալիրի հետևի բաղերում էլ երկու կտոր հող ուներ: Մենք եղանք այնտեղ, երբ շենքը գրեթե ավարտված էր, երկու-երեք բանվոր ներսում աշխատում էին: Եղբայրս, իմաստակի ժպիտը դեմքին (խիստ անսպասելի էինք գնացել), մեզ ուղեկցում էր, ցույց տալիս: Ուրեմն՝ ամբողջ վերին հարկը նախատեսված էր արվեստանոցի համար, դա նշանակում էր, որ Ռոբը դեռ հույս ունի ձեռքը վրձին վերցնել, միջին հարկերում բազմաթիվ ննջարան-սենյակներ էին, հավանաբար ապագա թոռների, ծոռների համար, իսկ գետնահարկի դռները բացվում էին դեպի այգի, այնտեղ խոհանոցն էր, մառանը, խորդանոցը, էլի մի սրահ՝ վարժասարքերի համար, թե՝ բիլիարդի, լավ չհասկացա: Ներողություն հեգնական տոնիս համար, ուրիշի սխալը հեշտ է տեսնել, ինքս էլ տասնյակ սխալներ եմ անում՝ առանց նկատելու, բայց կենդանի տունը առջևս էր, պարզապես նշեմ մի անհամաչափություն. միջանցք կամ նախասրահ հասկացությունը բացակայում էր, միայն աստիճանավանդակներ էին, ինչպես հսկա մի մարդ տեսնես՝ փոքրիկ ձեռքերով: Իսկ ոլորապտույտ ասիճաններն այնպես զառիվեր էին ու անհարմար, որ ետ գալիս չպիտի կանգ առնեիր մինչև ներքևում հայտնվելը: Դա դեռ ոչինչ, եղբայրս հետո իմացավ, որ այդ տեղերում սողանք կա: Նախ ներքնահարկը մետրուկես ճաք տվեց, հետո՝ պարիսպը, իսկ լողավազանը հենց սկզբից ջուր չէր պահում: Սակայն եղբայրս կոտր ընկնողներից չէր. սվաղեց, ցեմենտեց հատուկ ձևերով, դեռ կողքի հողակտորն էլ գնեց, կցեց իրենին: Երեխաներին, քանի դեռ փոքր էին, շաբաթ-կիրակի հետը տանում էր «դաչա», որ մեծացան, չեն գնում, նրանց հետաքրքիր չէ:
Բայց մեր ավագի՝ քրոջս պատմությունը գուցե ամենազավեշտականն է վրիպումի առումով: Քույրս, ոնց ասեմ, մենք մի հորից ենք, տարբեր մայրերից, ինքը մեզնից շատ ավելի շուտ է ծնվել և բնավորությամբ էլ ուրիշ մարդ է: Ուրեմն, զրկանքների գնով, սեփական ձեռքերով, ինքն ու իր ամուսինը այդ տունը կառուցեցին քանի՜ տարի: Շաղախը դույլերով էր վեր հանում՝ տախտակե ինքնաշեն աստիճանների վրա երերալով կամ կապած պարանով վեր ձգելով: Ես իմ տեսածն եմ ասում: Այն ժամանակ երևի ութ-տասը տարեկան եմ եղել կամ ավելի փոքր. տունը շատ երկար կառուցեցին: Դա նրանց կյանքի գերագույն նպատակն էր, մարդահաշիվ լինելու գրավականն ու վկայականը: Երեխաներն էլ հազիվ ոտքի ելած, մրջյունների պես օգնում էին շինարարությանը: Արդյունքում ստացվեց կոպիտ մի շինություն՝ հաստ պատերով, ընդարձակ, մեջ-մեջ սենյակներով, բարձր առաստաղով: Բայց մի հասարակ, թվում է՝ տարրական բան, չէին նախատեսել. հարևանը երկրորդ հարկ կդնի՝ դրեց: Հարավ նայող պատուհանները փակվեցին, տան աջ թևը հայտնըվեց խավարում, օրը ցերեկով շոշափելով էին գտնում անջատիչը, որ լույսը վառեն: Քույրս մղկտում էր. «Ի՜նչ տանջանքներով սարքեցինք, էս աշխարհում արդարություն չկա»: Հարցնում էր՝ չկա՞: Որտեղից:
Ուշադիր ընթերցողը կնկատի. այստեղ մի բան կա, որ չեն ասում: Այո՛, կա, երկրորդ հարկ դնողը ամուսնու եղբայրն էր՝ Ռաֆոն, որին գյուղից բերել, իրենց տանը պահել էին, ոտի հանել, տնավորել…
Տարօրինակ է, բայց մութ սենյակների պատմությունը կրկնվեց: Քրոջս որդիները մեծացել, իրենց ընտանիքներն ունեին, տանը նեղվածք էր, հողի մյուս ծայրում կառույց ձեռնարկեցին՝ երկհարկանի, որ բոլորին տեղավորի: Այս անգամ՝ դրացիներին նայող երեք պատերը խուլ շարեցին, դիրքն այդպես էր ընտրված, և բետոնե հսկա շինության ներսում ամռանն էլ քարանձավային զովություն էր, բակ պիտի դուրս գային տաքանալու համար: Բայց դա խնդիր չէր, պրոբլեմն այլ էր՝ քինոտ նախանձախնդրությունը, բացահայտ մրցակցությունը, չկամությունը, թշնամությունը ոչ միայն որդիների, այլև հարսների ու երեխաների միջև:
Հորեղբոր օրինակը աչքի առաջ էր, հարաբերությունների տմարդի ֆոն ընտանիքում արդեն կար վաղուց, և հիրավի փորձություն էր էդպես իրար գլխի հավաքված ապրելը, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնում գնալ ուրիշ տեղ բնավորվել: Մեծը կարող էր պետական բնակարան ստանալ, բայց այդքան վաստակ, որ նա ուներ շենքի վրա, ոնց թողներ գնար: Բոլորը վաստակ ունեին և՛ այդ, և՛ հին շենքի վրա, մեջքով էին պարկերը կրել, թևահան լինելով ավազ մաղել, շաղախ արել, դա մոռանալո՞ւ բան է: Ամենախեղճը քույրս էր՝ ծերացած ու բոլորի աչքից ընկած, մտքով չէր էլ անցնում, որ այդ ամենի պատճառը տունը գերագույն արժեք դարձնելն էր, այդ գաղափարով երեխաներին մեծացնելը, երբ անշարժ գույքի դեմ մարդը, մարդու կյանքը դառնում են երկրորդական: Նաև սխալ է զոռով, կաշվից դուրս գալով ինչ-որ բանի հասնելը, միևնույն է, խերը չես տեսնի: Ես սա իմ փորձից եմ ասում: Ճիշտը հեշտ ու հանգիստ է ստացվում, ինքնաբերաբար:
Այսպես դատողություններ եմ անում ու խորհուրդներ եմ տալիս, այնինչ ինքս էլ նրանցից մեկն եմ, սխալական: Նրանք գոնե ձեռնարկել, կառուցել են իրենց ուզածը, ես չէ, ես միայն գծում եմ:
Սխալվեցի, երբ ասացի՝ ամենազավեշտականը քրոջս պատմությունն է, իսկ քեռիների՜ս տուն սարքելը հայրենի գյուղում: Տարիներ շարունակ նրանք աղմկոտ քըննարկում էին այդ հարցը: Հայրս, որպես հեղինակություն, ծրագրին հավանություն չէր տալիս, բայց քեռիներիս որոշածը որոշած էր: Մեծ տարաձայնություններով, ի վերջո, նրանք գործը գլուխ բերին, այնուհետև չոփ գցեցին, որ պարզեն, թե որին ինչ է հասնում, թեև լավուվատ չկար, միատիպ սենյակներ էին: Դրանից հետո կրքերը միանգամից հանդարտվեցին, «տան» հանդեպ հետաքրքրությունը կորավ. ամռանը գնացող լիներ, չլիներ: Մի քանի տարի առաջ եղա գյուղում: Գրեթե անբնակ էր: Երիտասարդները քոչել էին Ռուսաստան կամ արտասահման, տնպահ ծերեր էին մնացել, որ լոբի ու կարտոֆիլ էին մշակում տնամերձում: Քեռիներիս սարքած տունը մի կողմի վրա թեքված, ծռված էր: Դիմացի պահող սյուներն էլ խրվել էին լանջի մեջ, թե հողն էր լվացվել-փախել տակից: Տունն ասես կքանստել, պատրաստվում էր թռչել, ընկնել ձորը: Ցանկապատի շուրջը՝ փիփերթների ու եղինջների մեջ հավեր էին քուջուջ անում: Մի քիչ կանգնեցի արևի տակ: Ոլորանից դանդաղ դուրս եկավ զբոսաշրջիկների ավտոբուսը, մոտեցավ վանքին, կիսաշրջան արեց բակում, կանգնեց: Մարդիկ սկսեցին իջնել ինչպես տարիներ առաջ, երբ ամեն ինչ ուրիշ էր… Ասեմ՝ ինչ էի զգում: Իսկ հնարավո՞ր է ասել: Մայրս այստեղ է ծնվել: Նրա ուշքը գնում էր էստեղի ամեն ինչի համար: Հիսուն տարի ապրեց քաղաքում, միևնույն է, չհարմարվեց: Հիմա, երբ մայրս չկա, կարոտը փոխանցվել է ինձ: Ժառանգել եմ: Իմ անձնական կարոտներից ինչ-որ ձևով հաջողացնում եմ գլուխ հանել, բայց այ, մորիցս ժառանգածի հանդեպ անպաշտպան եմ: Մի խոսքով, երեխայի պես, էդտեղ կանգնած երկար լաց եղա՝ մորս, աշխարհի, կյանքի համար, էդ բնության համար: Ասես մորս առաջ ես մեղավոր էի:
Բերված օրինակներից կարող է թվալ, թե իդեա ֆիքսը իմ գերդաստանին է հատուկ: Քավ լիցի: Իրականում ժողովրդի մեջ ում վրա մատդ դնես՝ նման խնդիր ունի: Ահա, աշխատում էի հրատարակչությունում, կողքիս նստող ջահել կինը վարձով էր ապրում ամուսնու և երեխայի հետ: Ամասիայից էին, էնտեղի գյուղերից: Նրանց տնատեղ էին առաջարկել, կարծեմ՝ Օշականում, մի ժամանակ էլ հնարավորություն են ունեցել մի բան գնել ծայրամասում՝ չեն ուզել: Այդ կնոջ գլխում վերջնականապես կոդավորված-ծրագրավորված է, որ առաջին սորտի հասարակությունը, սերուցքը քաղաքի կենտրոնական, շքեղ թաղամասերում է: Ինքն էլ քսան տարի այդտեղ է ապրում, ճիշտ է, վարձով:
Մեզ հետ աշխատող սևուկ Նարեի պատմությունը երկու բառով ասելու բան չէ, բայց փորձեմ: Առանձնահատուկ գեշ ու ման եկող, մեկից հղիացել է ու պարտադրվել: Տղան էլ՝ ակադեմիկոսի որդի, ճանաչված ընտանիքից: Հղի աղջկան ընդունել են, բայց ո՛չ զագս են տարել, ո՛չ էլ ամուսնու մտքով է անցել այդուհետ նրան դիպչել. անտեսել-արհամարհել են: Այդպես՝ երկար տարիներ: Նարեն հարմարվել, ապրում է: Դիմանում է զինաթափ անող պնդերեսությամբ, համոզված է, որ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում և պետք է արմունկներով ճամփա բացել: Եվ ժամանակն էլ, ի վերջո, իր օգտին է, ծերերը հո հավերժական չեն, կմեռնեն: Ինքն է դառնալու տիրուհի: Բայց ե՞րբ… Նյարդեր չեն մնացել:
Իսկ հիմա եկեք նայենք մեդալի մյուս երեսը: Սա կարծես տատիկի պատմությունն է՝ հայելու մեջ, երբ աջն ու ձախը փոխում են տեղերը, բայց պատկերը նույնն է: Այսինքն՝ տատիկը արհամարհել է այն, ինչը Նարեի համար եղել է գերարժեք՝ իմիջը, կարգավիճակը հասարակության մեջ: Աղջիկը ձեռք է բերել ամենը, ինչի մասին միայն երազել կարող էր. բարձրաշխարհիկ շրջապատ, գիտնական ամուսին, զավակ, տուն Սարյանի վրա և այլն: Թե ինչ գնով՝ կարևոր չէ, թեկուզ ինքը իրեն գրավ դնելով (տատիկի ինքնահրաժարումը): Նույնիսկ նշանակություն չունի, որ նրա կարգավիճակը իրականում չի փոխվել, այլ միայն հասարակության աչքին (տատիկի վիրտուալ վայելքները): Այ թե ինչ խաղեր է խաղում գերարժեքը: Նայած թե կյանքի ինչն ես տեսնում, ինչ ես ուզում:
Լավ, Աստված իրենց հետ… արի շարունակեմ գծագիրս: Տեսնենք՝ ինչ է ստացվելու: Այստեղ լուսային հետաքրքիր լուծումներ կան. օդն է շատ, արևը: Տարիների հետ ջերմության պակաս ես զգում, իսկ փակ տարածքներն սկսում են ճնշել: Այնպես որ, սիրողական նախագծերով կարելի է որոշել հեղինակի տարիքը, սեռը, առողջական վիճակը: Նաև հասկացել եմ, թե ինչն է ինձ միշտ խանգարել՝ գծագրելիս ապագայի մասին մտածելը: Երբ փորձում եմ կանխատեսել և նկատի ունենալ հետագայում կատարվելիքը, ասենք՝ զավակներս ուզենան առանձին ապրել. տունը բաժանեն երկու մասի կամ, մարդ ես, կարիք լինի առաջին հարկի սենյակները վարձով տալ: Հենց սկսում եմ այդպես մտածել, նախագծիս մեջքը կոտըրվում է: Ախր տունը ամբողջական, միասնական օրգանիզմ է, ամեն ինչը փոխկապակցված:
Պատահական չէ, որ ճիշտ կառուցված տունը, ինչպես անհատականություն, իր ես-ն ունի, անունը, ճակատագիրը, պատմությունը, իր դեմքն ու բնավորությունը, որ շատ դեպքերում համընկնում է տիրոջ կերպին, ի վերջո՝ տունը ծերանում է…
Իսկ որդիս եկել, կանգնել էր կողքիս, չէի նկատել:
– Մայրիկը շարունակ գծում է: Արդեն ուշ է, մա՛մ, ինչո՞ւ չես քնում,- ասաց ու համբուրեց քունքս:
Դե նա արդեն տղամարդ է, թիկնեղ, խելացի: Նրան շատ եմ սիրում:
– Թառլա՛նս,- ասում եմ,- գլխի եմ ընկել, թե ինչ եմ ուզում. տունը պիտի ներդաշնակի մարդուն, շըրջապատին: Իրար պիտի շարունակեն, լրացնեն…
Տղաս մի պահ նայեց գծագրին, ժպտաց.
– Մի քիչ համեստ ուզեք, մամա, իմ գործն եք դժվարացնում:
Անակնկալի եկա. նա այս ամենը լուրջ է ընդունում: Ա՜յ քեզ բան, ով կմտածեր: Հա, էլի, կառուցելու է, ուրիշ ո՞վ: Չէ՞ որ կարոտներն ու իղձերը փոխանցվում են ժառանգաբար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։