Աշխարհի ամենահիմար մեռելը / Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆ

Աշխարհում ոչ ոք ինձանից լավ չգիտեր, որ մի օր կարող եմ մեռնել: Ինձանից լավ ով պիտի իմանար, թե երբեմն-երբեմն ինչ տվայտանքների մեջ է հայտնվում հարազատ սիրտս: Վերջին շրջանում այդ թեմայի շուրջ նույնիսկ կնոջս հետ չէի կիսվում, քանի որ առանց այդ էլ որոշ բաներ հիշելիս նախատինք էր կարդում գլխիս: Հարցն այն է, որ դեռևս նախորդ աշնանը կնոջս եղբայրը կլորիկ գումար ուղարկեց Ռուսաստանից՝ հատուկ սրտիս վիրահատության համար, իսկ ես այդ գումարին, պարտք արած հավելյալ գումար ավելացնելով, մեքենա գնեցի: Իհարկե այնպես չէ, թե կինս ընդվզում է, երբ ամեն անգամ շեֆի պես կողքիս նստած՝ ուզած տեղն է հասնում, կամ թե ընտանիքի բոլոր անդամներով ինչ-որ տեղ ենք գնում: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ ոչ թե իմ կողմը պիտի բռներ, այլ՝ եղբոր, թեև մեղք չանելով ընդունենք, որ առողջական վիճակս կարող էր նրան անհանգստացնել: Ինչպես հասկացաք, պատճառներ ունեի բոլորից՝ անգամ կնոջիցս, թաքցնելու սրտիցս հնչող ահազանգերը, մինչև որ պատահեց այն, ինչ որ պատահեց:

Դժբախտությունը տեղի ունեցավ հենց երեկ, երբ աշխատանքային կոլեկտիվի ակտիվով հերթական կերուխումի մեջ էինք: Այս միջոցառման առիթը մեր բաժնի պետի, այսինքն՝ անմիջական ղեկավարիս ծննդյան տարեդարձն էր: Քանի որ վերջին շրջանում առնել-տալու հարցով մեջտեղներովս սև կատու էր անցել, ես այդ երեկո կրկնակի եռանդով էի խմում ու պարում, ցույց տալու համար, թե այնքան էլ նեղացած չեմ, երբ իրականում լավ էլ նեղացած էի նրանից: Այն օրերից, ինչ պետիս անբարիպտուղ մեծ տղան խփնվել էր «վիվարոների վրա», շեֆի ագահությունն այնքան էր մեծացել, որ ստուգումների ժամանակ աշխատած ոչ մեծ գումարների մինչև վերջին կոպեկը ցանկանում էր խլել ձեռքներիցս: Այնպիսի տպավորություն էր, կարծես կապը կտրած տղայի վրա չկարողանալով, մեզանից էր վրեժ լուծում:
Ինչևէ, նախորդ երեկոյան ինքնամոռաց քեֆ էի անում, թեև ժամանակ առ ժամանակ սիրտս թակում էր կուրծքս և ցանկանում էր ինչ-որ բան հասկացնել: Բայց ես այդ զգուշացումներն ընկալում էի որպես սովորական մի բան: Եվ ահա քեֆի եռացող պահին, երբ բոլոր կանանց ոտքի հանել ու թևերս տարածած պարում էի նրանց շրջանի մեջ, հանկարծ մի բան հարվածեց ներսիցս, ու օդում խփված թռչունի պես շրմփացի հատակին: Քիչ է թե շրմփացի, լայն պարզած թևերով ընկա սուրճ բերող մատուցողուհու վրա և ամբողջովին կեղտոտեցի երկուշաբթի օրը քիմմաքրման կետից վերցրած, չորս հարյուր դոլարանոց բազմաչարչար կոստյումս, դրա հետ միասին` դեղին փողկապն ու սպիտակ վերնաշապիկը:
Այստեղ ուզում եմ մի փոքր բախտիս մասին խոսել: Որոշակի առումներով, իսկապես, բախտ չունեմ: Մասնավորապես, որ եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան պետք է թափվի, ապա այդ բանը պետք է թափվի ուղիղ ինձ վրա: Մի անգամ դա կարող է պատահել մատուցողուհու ձեռքով, մեկ այլ դեպքում սեղանակից հարևանս կարող է լինել գերակտիվ անձնավորություն, ով հարբած վիճակում` ընդհանուր ափսեից օգտվելիս կա՛մ յուղոտ խաշլաման շուռ կտա վրաս, կա՛մ տապակած ձուկը, կա՛մ գինին, կա՛մ մեկ ուրիշ բան, իսկ այլ դեպքում էլ փորձանքը գլխիս կբերի ոմն երես առած երեխա: Ինչպես որ նույնը տեղի ունեցավ երկու շաբաթ առաջ, հարկայինի մեր մասնաճյուղի հիմնադրման հոբելյանական տարեդարձը նշելու ժամանակ, երբ հաստաքամակ Եվան, չգիտես ինչ հաշվարկով, ուզեց տորթի կեսը սեղանի մի ծայրից մյուսը փոխանցել, ընդ որում, առանց տեղից քայլ անելու՝ կարկինի պես ինքն իր շուրջը պտտվելով և, բնականաբար, տորթն ամբողջովին շուռ տվեց գլխիս: Գլուխս դեռ ոչինչ, ամիսուկես առաջ գնած կոստյումս նոր տեսքը կորցրեց, որի համար դողդողացող ձեռքերով չորս հարյուր դոլար էի վճարել: Ու պատկերացրեք, որ ամեն անգամ պարտավոր ես կնոջդ բացատրել, որ քո կեղտոտվելու հարցում մեղավոր չես: Եվ ամեն անգամ նրա միևնույն երկաթյա հարցը. «Ինչո՞ւ է հենց քեզ հետ նույն բանը պատահում»:
Բնականաբար, թևածելու պահին խփված թռչունի պես տապալվելուցս հետո այլևս տեղյակ չեմ եղել շուրջս տեղի ունեցող խառնաշփոթից ու մնացած իրադարձություններից, որոնք ավարտվել էին դիահերձարանի սեղանին իմ հայտնվելով:
Բնականաբար, նաև անհաղորդ եմ եղել, թե ինչ ողբ է սկսվել մեր տանն ու ողջ գերդաստանում:
Հաջոդ առավոտյան, հենց գլխավերևումս կանգնած հարբեցող երկու պահակները, հավանաբար հարբեցողությունը դեռ կեսգիշերից սկսած, վատ քաշած թթի օղի էին խմում՝ հետն էլ քթիս տակ դրած էժանագին երշիկը, հորած պանիրն ու խանութի լխկած թթուն ուտելով:
Պիտի ենթադրել, որ պահակները խմելու համար ամառային տոթի պատճառով էին դիահերձարանի զովը նախընտրել:
Չավարտվող խոսակցության թեման հարբեցողներից մեկի տրտունջն էր «Անատոմիկի» պետից, ով սպառնացել էր, որ եթե նորից հարբած շվշվացնելով պտտվի սգավոր մարդկանց շուրջը՝ գործից ազատվելու է:
Պատկերացրեք հիմա, թե ինչպես ողջ գիշեր` տնական թունդ օղու բաժակը ձեռքներին, երկու հարբեցողները շորորում են գլխիս վերևում՝ էժանագին ծխախոտի մոխիրը շաղ տալով դեմքիս: Մի պահի էլ, արդեն գոռգոռոցի ու հայհոյանքի անցած դժգոհող պահակը այնպիսի կտրուկ շարժում կատարեց գլխավերևումս, որ բաժակը ձեռքից թռավ ու հարվածեց ուղիղ ճակատիս, իսկ օղին լցվեց քթանցքներս, ինչից այնպես փռշտացի, որ շամպայնի շշից պոկված խցանի նման, երկու պահակները դիվահարի գոռոցով դուրս թռան մեր հանգստարանից:
Փռշտացի երևի տասն անգամ, մինչև ուշքի եկա ու սկսեցի շուրջս նայել: Տեսարանը, մեղմ ասած, հաճելիներից չէր: Լավ է՝ սարսափահար չեղա: Կարծում եմ, սարսափահար չեղա, որովհետև մտածեցի, թե հանդերձյալ կյանքում էի, ուր ամեն տեսակի զգացմունքներն անտեղի են: Պառկեցի կրկին և` հայացքս առաստաղին, փորձեցի հասկանալ՝ հանդերձյալ կյանքո՞ւմ եմ, թե՞ ինձ այնքան հարազատ իրականության մեջ: Շոշափեցի մարմինս, որն ամբողջովին մերկ էր ու սառույցի պես սառը:
Հարցը հստակեցնելու նպատակով ձայնս գլուխս գցած՝ սկսեցի երգել.
Սիրեցի յարս տարան,
Յարա տվին ու տարան:
Նորից շոշափեցի ինձ և պինդ կճմթեցի հետույքս: Կենդանության ոչ մի նշան: Բարձրացա տեղիցս ու թափով հետ պառկեցի: Գլուխս այնպես ուժգին զարնվեց փայտե կամ գուցե քարե մահճակալին, որ մտածեցի, թե հիմա կմեռնեմ, եթե, իհարկե, մեռած չէի: Քիչ հետո, երբ ցավն անցավ, գլուխս շուռ տվեցի, սկսեցի զննել հարևանությամբ պառկած երկար ու ցից բեղով տղամարդուն: Բեղը դեղին էր, ինչը նշանակում էր, որ կարգին ծխող է եղել: Հավանաբար շատ ծխելն էլ դարձել էր մահվան պատճառը: Միշտ զարմացել եմ, որ մարդիկ կարող են ինքնակամ ծխի վերածել փողերն ու փչացնել առողջությունը: Այնինչ նույն գումարը հաջողությամբ կարելի է ծախսել խմիչքի վրա:
Քննադատաբար մեկ անգամ էլ նայեցի բեղավոր ննջեցյալի կողմը, հետո` դաժան իրականությունից կտրվելու համար, որոշեցի մտքերով տարվել, և մտապատկերիս առջևով անցան այն բոլոր ողբերգական իրադարձությունները, որ պետք է տեղի ունեցած լինեին անսպասելի մահվանիցս հետո: Այդ պահին խղճացի ընկերներիս, բարեկամներիս, ծնողներիս, կնոջս, Վիոլետին ու, հատկապես, երեխաներիս՝ պատկերացնելով նրանց բոլորի վիշտը:
Սարսուռ անցավ մարմնովս, և վրաս փաթաթեցի բարակ սավանը: Հետո զննեցի մարմինս՝ սարսափելով անսովոր գույնից: Միտքս եկան կինս ու Վիոլետը, ու սիրտս ճմլվեց: Ինչքան դժվար է կյանքը կապել ինձ պես մեկի հետ:
Թեև, եթե անաչառ լինենք, եսասեր մարդ չէի և հնարավորություններիս գրեթե ներածի չափով նվիրվել էի ինձ համար թանկ մարդկանց: Եթե ընկերական շրջապատը և քեֆերի չպակասող առիթները չլինեին, գուցե ավելի շատ նվիրվեի, բայց դա ուրիշ հարց է: Ինձանից պետք է, որ շատ դժգոհ չլիներ նաև Վիոլետը, ով աշխատանքը կորցնելու հետ կարծես արժանապատվությունն էլ էր կորցրել և ամբողջովին տրվել էր իմ ապավինությանը: Ըստ էության իր երեխայի հետ դարձել էր երկրորդ՝ ընդհատակյա ընտանիքս:
Ընդունում եմ, որ ինձանից ինչ-որ չափով դժգոհելու իրավունք ունեին կինս, երեխաներս, ծնողներս, փոքր եղբայրս, հարևան Հենդոն, չորս նախկին մտերմուհիներ՝ գումարած քավորկնոջս քույրը, պետս և ձեռներեցների մի 20%-ը, ում հիմնարկներում ստուգումներ էի անցկացրել: Այնուամենայնիվ, մահվան ու կյանքի այս սահմանագծում, ինչպես քավարանի առջև, կարող էի անձս պաշտպանելու համար պնդել, թե շատ էլ վատ մարդ չեմ եղել և այն կարգի սրիկայություն չեմ արել, ինչի համար մեղքերի թողության արժանի չլինեի:
Կատարածս ամենամեծ սրիկայությունը կլիներ, իհարկե, անակնկալ մեռնելը, որը ոչ միայն վիշտ կպատճառեր մի շարք մարդկանց, այլև ձեռնունայն կթողներ նրանց բոլորին, ում նկատմամբ պարտականություններ ունեի:
Մյուս կողմից, հանուն ճշմարտության, այդ խորհրդավոր վայրում պետք է ինքնախոստովանեի, որ ամեն պահի հավանական մահվան տանող իմ անփույթ ապրելակերպը ապացույցն էր նրա, որ արժանի չափով չեմ մտածել այն մարդկանց մասին, ում նկատմամբ պատասխանատվություն եմ կրել:
Մտքերս ընդհատեցին դրսից հասնող խառնիճաղանջ ձայներն ու հիստերիկ բացականչությունները: Թվաց՝ կնոջս ճիչն եմ լսում և հորեղբորս տղայի կարգադրությունները, ով ցանկացած իրադրության մեջ ղեկավարի դեր էր ստանձնում:
Ձայներն այնքան հեռվից էին գալիս, որ շոշափելիորեն զգացի իմ և իրական կյանքի միջև եղած հեռավորությունը: Սիրտս կծկվեց և մտածեցի, թե ինչ լավ բան է ապրելը:
Այստեղ արդեն նյարդերս չդիմացան և սկսեցի երեխայի պես լաց լինել: Լացս նվիրված էր բոլոր այն մարդկանց, որոնց հիշել էի մինչ այս և, իհարկե, դժբախտ անձիս: Լալիս էի նաև այն պատճառով, որ կարծես միայն հիմա էի հասկացել, թե ինչ քաղցր է կյանքը: Եվ ինչքան լավ կլիներ, եթե այսքան վատ բաներ չլինեին: Եթե կարողանայինք ուրախանալ և երջանիկ զգալ ամենասովորական թվացող բաների համար: Անդրադառնալով ապրածս տարիներին՝ մտածեցի, թե դրանք մսխել եմ, ինչպես խաղամոլը անփութորեն հարստությունն է ցաք ու ցրիվ տալիս:
Չէ՛, հարկավոր էր վերանայել կյանքը, կարգավորել ու սրբագրել այն: Սրանից հետո հարկ էր, որ ապրեի չափված-ձևված կանոններով, հանուն հստակ նպատակի՝ բացառելով կողմնակի շեղումները: Գուցե հենց այդ հույսով էլ մահը խնայեց այս անգամ:
Եվ հանկարծ կարծես հրաշք տեղի ունեցավ: Առաստաղի տակի նեղլիկ, ցանցապատ պատուհանից արևի շողը ներս թափանցեց, երկարեց սենյակով մեկ, եկավ ծակծկեց աչքերս ու շոյեց ճակատս: Լույսն այնքան տաք ու մեղմ էր, որ համոզված էի՝ Աստված աջն է երկարել ինձ և ուզում է հաղորդել, որ այս անգամ փրկեց, որպեսզի հետևություններ անեմ ու խելքս գլուխս հավաքեմ:
Դրսի աղմուկը շատանում էր: Այս վիճակից պետք է դուրս գայի, քանի դեռ մեռած կամ կենդանի անձիս այցելություններ չէին սկսվել: Այնուհետև անհրաժեշտ էր, որ քայլեր ձեռնարկեի՝ որքան կարելի է շուտ սիրտս վիրահատելու: Իսկ մինչ հերթը դրան կհասներ, ունեի կոնկրետ անելիքներ: Մեռնելուց հետո վերակենդանանալն այնպիսի իրադարձություն է, որ չի կարելի չնշել: Մատաղ պետք է արվեր, և այդ արարողությանը պիտի մասնակցեին ոչ միայն մոտ ու հեռու հարազատները, հարևանները, այլև դասընկերները, ինչպես նաև ուրիշ շատերը: Անհամեստություն չհամարվի, բայց փոքր չէ այն մարդկանց թիվը, ովքեր ցավելու էին կյանքիս ողբերգական ավարտի համար և նույն չափով ուրախանալու են վերակենդանացմանս փաստով: Ուզեմ թե չուզեմ, պարտք պիտի անեմ: Գործընկերներիս հետ առանձին նեղ հանդիպում ևս կպահանջվի՝ որևէ ռեստորանում: Եթե այսօր չէ, վաղն անպայման պիտի Վիոլետին այցելեմ: Աղջիկը հիմա խոր ապրումների մեջ է և սովորականի նման, գործի ընդմիջմանը մոտը վազելով չես սփոփի: Գործել էր անհրաժեշտ: Անիմաստ և այն էլ միայնակ երբեք այսքան չէի պառկել: Ի վերջո, ինձանից հանգուցյալ դուրս չի գա, և չարժե շարունակել խաղալ աշխարհի ամենահիմար մեռելի դերը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։