Սոնա ՎԱՆ

Զինադադար Արցախում
Բախտս չի բերում ոչնչի մեջ
(թեպետ հաջողակ եմ թվում կողքից)
այդպես էլ չհաջողվեց ինձ երբևէ
լինել ճիշտ տեղում
ճիշտ ժամանակին
միշտ պակասում է ինձ
ինչ որ մի բան.
ես շատ ջահել եմ աստված լինելու համար
ու չափազանց ծեր`
կռվելու համար պատերազմում

դե ուրեմն – Տեր իմ
տուր ինձ ատելություն անանձնական
որ ճզմեմ միանգամից կոշիկիս տակ
պատերազմը` ինչպես խավարասեր բլոճ
ցայտեցնելով միջուկը նրա զզվելի
կազմված ջահելության նյութից
ճերմակ
փայլուն
ու պինդ

զինադադա՞րը
սոսկ նրանց համար է
որ ընկած են արդեն խրամատներում
և մայրերի համար նրանց
ովքեր կռացած` արևի տակ
շրջում են դիակները տղաների
գլխիկոր
ինչպես արտերի մեջ
չարչարվող սևամորթներ
աֆրիկական

տե՛ս – հեռանում է դաշտից մի կին
ինչպես ծննդկան մեռելածին
ազդրերի միջով գողի նման
քարշ տալով մարմինն իր մինուճարի
ինչպես ընկերք

դե՛ – տուր ինձ Աստված ուրեմն
ատելությունն այն անանձնական
որ ծնվում է նողկանքից միայն
տառապանքի դեմքից պատերազմի
սատկացրու ճանճը աղքատության
Քո ցուցամատով անպատմելի
որբացած երեխայի կոպի վրա
կամ ուրիշ մի բան – Քո ճաշակով
(ես չէ որ Քեզ պետք է հուշեմ)
կամ ի՛նձ տուր չափն այն ատելության
ատելությունը այն անանձնական
տուր ինձ այսօր
կամ գոնե ծածկի՛ր դեմքը
բաց աչքերով մեռած այն պատանու
սիրուն այն տղայի` բերանում հող

ասենք ինչո՞ւ գնամ – մնամ պիտի
թեկուզ աննպատակ –
կամ էլ ինչո՞ւ աննպատակ
կջրեմ ծաղիկն այն ամեն օր
որ ծլում է արդեն հողի միջից
այլապես գնամ… որ ի՞նչ
միևնույն է չի ստացվում ինձ մոտ ոչինչ

ես շատ ջահել եմ աստված լինելու համար
ու չափազանց ծեր`
կռվելու համար պատերազմում

հ. գ. երանի թե լինեի աստված` ի զորու հրաշքին Ղազարոսի

Իրական հեքիաթ ամենամեծ գայլի` պատերազմի մասին
(Արցախյան քառօրյա պատերազմի վերհուշ)

Արցա՛խ իմ- դարպասներդ
մանկական գրքի նախշազարդ կազմ
բացում եմ ու ներս մտնում հեքիաթի մեջ
Արցա՛խ իմ
ափ հանդիպակաց
որ առավել կանաչ է երևում միշտ
կրակոցն իսկ այդտեղից
ինձ հասնում է բաղձալի կրակոցի պես
այն որսորդի
որ պիտի ազատի գայլի փորից
բոլոր հերոսներին- միանգամից

Արցա՛խ իմ – սև անտառ
քո մեջ եմ ես
մյուս ափն է հետևաբար կանաչ հիմա
քո հողը կարմիր է- ամբողջովին
վառոդի հոտով անտանելի
պատերազմը սողում է գողեգող
սպանելով բոլոր թիթեռներին
ճզմելով սերմերը ապագայի
տանկի ծանրաշարժ թրթուրի տակ

Արցա՛խ իմ- սև դրախտ
ես նույն մանուկն եմ դեռ
որ չի կարող քնել առանց հեքիաթ
երազումս անտառդ էր հետևաբար
կչկչոց
ծաղիկներ
գաթայի հոտ
ու ես ավելի մանրամասն
բացատրում եմ գայլին թռվռալով
տատիկիս տան տեղը` գյուղի վերջում
աչքս չկտրելով թիթեռներից
ավելի վստահ ու թեթևամիտ
քան Կարմիր գլխարկը` հեքիաթի մեջ

հ.գ. երբ լռում են ռումբերն ու խոսում են
ընկած զինվորները արնաշաղախ
մայր հողի միջից` ինչպես փորի

ես կոչում եմ պատերազմը իր ճիշտ անվամբ

Պատերազմը` զզվելի երաժշտություն
(Արցախյան քառօրյայի հիշողությամբ)

Դո՛ւ չես մեղավորը- սեր իմ
տխրությանս պատճառը պատերազմն է
որ այրեց ջութակները բոլոր
հալեցրեց մեկ-մեկ կրակի մեջ
փողային գործիքները մոլորակի
սա պար չէ
մենք հիմա շարժվում ենք
մեր մրսող սրտերի հիշողությամբ
մրոտած մեր հիմար դեմքերը
քսքսելով միմյանց ուսի վրա

անջատի՛ր պատերազմը- ինչպես
խելագարի գրած երաժշտություն
որի տակ չափահաս տղամարդիկ
շեշտակի բարձրացնում են անամոթ
կաշվեպատ ոտքերը միանգամից
կաբարեի կանանց ճշգրտությամբ
աջ-ձախ
աջ-ձախ
աջ-ձախ

ինչ լավ է որ ես ծնվել եմ կին

(սա ինձ միշտ թվացել է ծիծաղելի
և ոչ ոք չէր կարող համոզել ինձ
խեղկատակ ենթարկվել հրամանի
կամ սպանել անծանոթ ինչ որ մեկին)

ամո՛թ է
անջատի՛ր պատերազմը
այդ անկիրթ ռիթմերը անճաշակ
ու եկ պտտվենք առաջվա պես
սեփական սրտերի զարկերի տակ
Շտրաուս միացրո՛ւ
կամ Բիզե
և կամ Խաչատրյան

զզվում եմ`
անջատի՛ր պատերազմը

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։