Ձիերը, արագիլները,
երգերը աննկատ հեռացան.
գարունը չէր գալիս,
պատերազմները չէին ավարտվում:
Բոլոր երգերը դնդնոց էին դարձել
դագաղագործի շուրթերին,
ով քիթ սրբելու ժամանակ չուներ:
Ո՞վ չէր երգի՝ ծաղկող բիզնեսի
սև լույսերից գայթակղված:
Հալե՜պ, ինչպե՜ս մոռանամ
իմ ժամանակները
և իմ նախահոր շվարած հայացքը
քո գրկաբաց պատերին:
Հիմա դու ես քայլում
դեպի անորոշություն.
հիմա ես եմ գրկաբաց,
բայց հատուցման պարտքը
ծանրանում է վզիս, ու անկարողությունից
ծունկի եմ իջնում:
Ես մինչև հիմա գաղթական եմ, Հալե՜պ:
Հանի՛ր այդ խարանը քո մարմնից,
ես դարձյալ գալիս եմ դեպի քեզ: