ԷԼԵԳԻԱ
Փաթիլվում է այստեղ,
Փաթիլվում է այնտեղ,
Ձյունածածկ են դառնում
Լեռներ ու հանդեր։
Մի տեղ այն բարիք է,
Մի տեղ` մահ ու չարիք,
Հավասար չի բաշխվում,
Ո՞վ է հարցնում կարիք…
Երբ սարերն են ձյունում,
Սիրտս է հետը խնդում,
Երբ շիրիմներն են ձյունում,
Սիրտս է լաց լինում…
Մերոնք մնացին հեռվում
(Խիղճս է հետս կռվում),
Օրն է այնտեղ մեռնո՞ւմ,
Թե՞ նոր հույս է ծնվում…
Մեծ բան չեմ խնդրում,
Երկի՛նք, արդարամիտ եղիր,
Թե ձյուն ես մաղում հանգով,
Մի քիչ գթասիրտ եղիր…
***
Մանկության ընկերս,
Ում հետ Արցախում
Հարազատ եղբոր պես
Հաց ու դառնություն ենք կիսել
Ու երկար ճամփա կտրել,
Միամիտ երեխայի պես
Մի օր ինձ հարցրեց.
– Գիշերները
Կարողանո՞ւմ ես գոնե
Մի քիչ աչք փակել,
Թե՞ դու էլ ինձ նման
Մշտարթուն ես մնում։
Պատասխանն ուշացավ,
Եվ ընկերս հասկացավ,
Որ ես էլ գիշեր չունեմ…
***
Զարկում են աջից,
Զարկում են ձախից,
Դավեր են նյութում,
Ավերում տունս…
Մեկը չի հարցնում
Իմ թշվառ կյանքից,
Ցավից տնքում եմ,
Չունեմ կարեկից։
Գոնե լիներ մեկը,
Հասկանար դարդս,
Ներխուժեր սիրտս,
Փրկեր աշխարհս։
Ինչի՞ նման է
Նվաստիս բախտը,
Հպարտությունս խեղվեց,
Դառնացավ կյանքս…
Որպես մոլոր թռչնակ՝
Փնտրում եմ բույնս,
Սատանան տանի,
Կորցրել եմ քունս…
ՎԵՐԱԴԱՐՁ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ
Մանկության հուշերս մնացին հեռվում,
Սուզվեցին Մեղրագետիս զուլալ ջրերում,
Ուր ամռան տապին կոհակներն են խայտում,
Եվ կարմրախայտն է այնտեղ զվարթ խաղում…
Բարձունքից ժայթքող ջրվեժը զնգուն
Հեքիաթներ էր պատմում հին ու նոր,
Ու մամռոտ ափին մանուկներն էին քնում,
Քամին էր պար բռնում օրոր-շորոր…
Գետափին տղերքը անուշ թութ էին թափում,
Աղջիկները շալ էին բռնում խինդով,
Այնպես անհոգ էին օրերը անցնում,
Ի՜նչ թթափ, հանդես էր երգի, սիրո…
Ավաղ, մոլորված ու զարկված սրտով
Դեգերում եմ այսօր՝ լույս որոնելով,
Աշխարհն ինձ համար խավար է թվում,
Վախենում եմ`հանկարծ խլագարվեմ…
Ա՜խ, ո՞ւր է, թե մի օր երազիս թևով
Ետ դառնամ մանկությանս արահետով,
Գնամ ու հազարամյա կարոտս առնեմ,
Հայրենի տուն հասնեմ ու վերածնվեմ…
Ո՞Վ Է ԱՄԵՆԱՏԱՐԵՑԸ
Գյուղիս պատկերը,
Որ դարերի կնճիռներն է
Իր մեջ ամփոփում,
Ինձ հետ Արցախից բերել,
Որպես թանկ մասունք՝
Օրհնել,
Կախել եմ կացարանիս պատին,
Իմ գլխավերև…
Աջ կողմում՝ հորս,
Իսկ ձախում մորս
Փառահեղ նկարներն են ծիածան կապել…
Ու ամեն առավոտ,
Լույսը ծագելուն պես
Առաջին զրույցս միշտ նրանց հետ է,
Ու այն չի սպառվում…
Երբ կեսգիշերին
Հոգնած գլուխս բարձին եմ դնում,
Մինչև լուսաբաց
Դարձյալ նրանք են սրտիս հետ խոսում,
Երազիս ճամփով ինձ տուն ուղեկցում…
Ունկնդրում եմ լուռ
Իմ իմաստախոս մեծերին բարի
Ու դժվարանում գաղտնիքն հասկանալ.
Ո՞վ է նրանցից ամենատարեցը,
Պապերից սերված իմ ծնողնե՞րը,
Ովքեր ննջում են
Մեր հազարամյա գերեզմանոցում,
Թե՞ լանջին թիկնած
Գյուղս հայրենի,
Որ նույն տարիքն ունի…
«ՄԻԱՑՈՒՄ» ԿԱՆԵՄ
Գարունն աչք բացեց, թե չէ,
Այգետունկը սկսելու եմ
Թթենու դալար շիվից,
Որ հողի մեջ խոր արմատ ձգի,
Զորանա, ձգվի մինչև Արցախ…
Մայրաբար տիրություն անի մյուս տնկիներին,
Թևերի տակ առնի
Ու «միացում» անի,
Սեր ու քնքշանք հաղորդի
Այնտեղ որբ մնացած այգուս ծառերին։
Իսկ երբ կգա պահը,
Եվ կվայելեմ քաղցրահամ պտուղները,
Ամեն անգամ
Մեր բակի տարեց թթենին կհիշեմ,
Իմ հայրական տունը,
Որ մնաց Մեղրագետի ափին,
«Շան բերանում»…
Ի՞նչ իմանաս,
Գուցե մի օր էլ
Ճերմակ հավքը
Հայաստան բերի խինդով,
Ու իմ նորատունկ այգին էլ ծաղկունքվի,
Ցավի միջից ժպտա, ժպտա՜,
Չարտասվի…
ՆԶՈՎԻՐ ԻՆՁ, ՄԱՄ
Երազիս մեջ
Ճամփորդում էի մեն-մենակ
Օտար երկրներ հեռավոր,
Ու Արցախն էր դարձյալ
Շրթիս, մտքիս, սրտիս մեջ…
Երբ տեղ հասա,
Լույսը դեռ նոր էր խայտում,
Աքաղաղն էր բակում խրոխտ ղողանջում…
Հուշիկ քայլերով
Մայրս տան դուռը բացեց
Եվ վստահաբար իրենը պնդեց.
«Որ այսքան զիլ կանչում է,
Ազիզ եկվոր ունենք հաստատ,
Ելնեմ, արագ թոնիր վառեմ,
Մութը ցրեմ մի քիչ»…
Մինչև ոտքս հասցրի դնել
Հայրական տանս շեմին,
Մայրս թոնրատանն էր արդեն,
Ու թոնրահացն էր բուրում անուշ
(Ասես նրա տաք համբույրն էր
Որպես օրհնանք իջել դեմքիս)…
Գիրկս առա կարոտով,
Ամուր սեղմեցի կրծքիս,
Ու նրա բույրից արբած
Մանկությունս խոսեց իմ մեջ…
– Եկել եմ, որ մնամ, մամ,- ասացի,-
Թե խոսքիս տեր չեղա,
Հեռանամ օտար ափեր
Ու էլ տուն չդառնամ,
Անիծիր ինձ, մայրի՛կ,
Նզովիր ինձ ընդմիշտ…
ՄԵՂԱՅԱԿԱՆ
Չմտածես,
Թե վայրկյան անգամ
Մոռացել եմ քեզ, Արցա՛խ,
Ու անառակ որդու պես
Թողել, հեռացել եմ,
Կաթդ ուրացել…
Անհուն վշտի մեջ
Մենակ եմ թողել քեզ,
Լույսդ մարելով`
Տառապած սրտիդ
Նոր վերք եմ բացել
Ու ցավացրել
(Ինձ երբեք չեմ ներում
Արարքիս համար)։
Ինչպես մոլոր թռչնակ,
Հայացքս անվերջ
Որոնում է քեզ,
Եվ կարոտից քո
Անունդ է հալվում
Իմ տաք շուրթերին…
Հորդորդ միայն
Կփրկի ինձ մահից
(Եթե դիմանամ)։
Երկիր իմ,
Ե՞րբ է այդ օրը գալու…
ԱՐՑԱԽՑՈՒ ՁՄԵՌԸ
Սիրտս ձյունել է,
Սիրտս մրսում է,
Տաքացնող չկա։
Սիրտս վառվում է,
Սիրտս մխում է,
Կրակը մարող չկա։
Սիրտս հալվում է,
Սիրտս մարում է,
Գթացող չկա։
Սիրտս մռնչում,
Լուռ հառաչում է,
Ցավս կիսող չկա։
Օրս չի մթնում,
Օրս չի բացվում,
Այս ի՞նչ աղետ է։
Ձմեռս երկարում,
Գարունն ուշանում է,
Չի դիմանում սիրտս․․․
ՈՐ ԹԵԹԵՎԱՆԱ ՍԻՐՏՍ ՈՐԲԱՑԱԾ
Ընկերոջս՝
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ
Ծաղկած դեղձենուն մեղու է իջել,
Ու մեղրի համ եմ զգում շուրթերիս,
Ասես մայրիկս հրաշքով հայտնվել
Ու մեղրահաց է դրել սեղանիս…
Ուր որ է՝ հուշիկ քայլերով կելնի,
Լույսը չծագած` թոնիր կվառի,
Հետո սփռոցը կփռի թախտին,
Որ թաժա հացը հովանա կարգին…
Եվ թոնրահացի բույրից ես արբած
Քնից կարթնանամ, կսթափվեմ հանկարծ,
Մոլոր մանկան պես կարտասվեմ խաբված,
Որ թեթևանա սիրտս որբացած…
ԹԵ ԶԱՐԿՎԵՄ ՄԻ ՕՐ
Այգիս գարունքվել, ծաղկել է կրկին,
Թողեք նեկտարի իմ բաժինն առնեմ,
Մեղվի պես բույրից արբենամ կարգին,
Երազներիս հետ փնջեմ ու տանեմ…
Գնամ Մռավի փեշերին փարվեմ,
Կարոտս առնեմ իմ Մեղրագետից,
Ելնեմ աղոթքի հունդերս ցանեմ,
Որ հեռու մնանք փորձանքից, վշտից…
Փույթ չէ, թե մի օր կզարկվեմ ցավից
(Ինչ էլ որ լինի՝ նորից կհառնեմ),
Միայն թե հողն իմ ազատվի դավից,
Միայն Արցախիս տաք գրկում մեռնեմ…
ԱՂԵՐՍ
Սիրտ իմ,
Զրույցդ չթողնես կիսատ,
Չփորձես երազս թողնել անկատար
(Ես տուն պիտի գնամ)։
Խնդրում եմ, չանես այնպես,
Որ ես ինձ միայնակ զգամ
Քո շվաքի տակ
Ու մտատանջվեմ։
Հոռատեսության գիրկը
Ինձ չուղարկես հանկարծ,
Ուր փոշիանալը վայրկյանների խնդիր է,
Եվ հրդեհվելուց
Մոխիր անգամ ինձնից չի մնա…
Իսկ երբ կգա պահը,
Ու գլխի կընկնեմ,
Որ լքում ես ինձ,
Ձեռքերս անզորությունից կտարածեմ
Եվ Աստծո
Ողորմությունը կխնդրեմ ծնկաչոք։
Նա ինձ լավ կհասկանա…
ՎԱՐԴԵՐՍ ՄՆԱՑԻՆ ՀԵՌՎՈՒՄ
Վարդերս մնացին ձյան տակ,
Շրշում են հիմա անտեր, անօգնական,
Ո՛չ գթացող ունեն, ո՛չ խնամող,
Վախենում եմ՝ մի օր անշնչանան…
Բուք է այնտեղ, սաստիկ սառնամանիք,
Մարդասպանն ի՞նչ իմանա վարդի լեզուն,
Ո՞վ է տալիս նրան սեր, ջերմություն,
Որբ մնաց պարտեզը իմ լեցուն…
Վարդերս մնացին հեռուներում,
Կարոտից կթոշնեն նրանք հաստատ,
Վստահ եմ, սակայն, չեն մեռնի,
Չեն մնա թշնամուն հպատակ…
