(անտիպ)
ԾՂՈՏՆԵՐ
Կյանքից հեռացողներս հիմա
Մեզ հետ բան չենք տանում.
Ինչպես որ եղել է մի ժամանակ
(Ուտելիք ու շորեր,
Ծառաներ ու ձիեր,
Նաև սիրելիներին…):
Չէ՛, մենք բան չենք տանում.
Նույնիսկ` թթվածին էլ
Գոնե մի-մի սրվակ:
Բայց որ վերջնականապես,
Անհույս, անհիշատակ,
Չխեղդվենք-կորչենք մենք հողի տակ,
Որոշ սուզորդների նման`
Ջրից դուրս ենք թողնում
Խողովականման ինչ-որ մի բան,
Թեկուզ` ծղոտ,
Որ իրականում այլ բան չեն, քան
Ծիծաղաշարժ մի պատմություն,
Իր իսկ ձեռքով արած գիր կամ նկար,
Անգամ լուսանկար,
Սեր ու երեխաներ
Եվ մինչև իսկ հետքեր ամեն կարգի,
Նաև` անմաքուր ու վանող հետքեր…
Դե, մի խոսքով, այդպես,
Ամեն մեկը ինչ-որ մի հիշատակ`
Ըստ իր ճաշակի կամ կարողության,
Որ կարող են տևել
(կյանքից հեռանալուց հետո)
Մեկին` ևս մի կյանքի չափ ու ավելի,
Մեկին` ևս մի պահ (հազիվ մի պահ),
Մեկն էլ ինքս եմ, ահա:
Խոստովանեմ,
Չհեռացած ես դեռ
Վեր եմ պարզել արդեն դրոշի պես
Ծղոտը իմ`
Գրքերս`
Ուղղված մեծ ու փոքրին,
Եվ հակառակ երբեմն
կայծկլտող կասկածներին,
Ուրախությամբ
Կարող եմ ասել նույն այդ փոքր ու մեծին.
Սիրելիներ,
Քանի դեռ խոսքերս կթրթռան
Ձեր շուրթերին,
Դուք ինձ
Ապրողների շարքից դուրս չգրեք,
Սահյանի ասածի պես`
Բացակա չդնեք,
Եվ ավելին,
Ուրախություններին ձեր,
Տխրություններին նույնպես
Սրտացավորեն մասնակից դուք համարեք
(Եվ դա` առանց ջանք թափելու,
Նույնիսկ` առանց իմ հուշելու,
Այլ բնա-կա-նո-րեն…):
ԽԱՉՔԱՐԵՐ
1.
Ո՞վ առաջինը միտք հղացավ
Խաչը քանդակել մի օր քարին:
Քարն ինչպե՞ս քիչ-քիչ խաչքար դարձավ,
Լույս` մեր հավատի ճանապարհին:
Այդ ի՜նչ հավատ էր` այդպես հորդեց…
Այդ ի՜նչ ոգի էր, այդ ի՜նչ մեծ սեր,
Որ համր քարին շունչ հաղորդեց,
Ներշնչեց մարդու ցավը կիսել:
Երկունքի պահ էր, արարման պահ,
Պահ էր Աստծու հետ հաղորդակցման…
Օրհնա՜նք այդ պահին, պահին անմահ,
Օրհնա՜նք հավատին մեր արթնացած:
2.
Աշխարհում այնքա՜ն հավատացյալ…
Աշխարհում այնքա՜ն ժայռեր ու քար…
Բայց դուռն հավատի շռայլ բացած,
Մենք ենք քարերը դարձրել խաչքար:
Աղոթքի խաչքար, խաչքար հույսի`
Ասեղնագործված ասես թելով.
Քո մեջ ամբարված վերին լույսի
Շնորհն ենք տենչում աղոթելով:
Ինքնամոռացմամբ մոմեր վառում,
Խոնարհվում խաչիդ մեռոնաբույր,
Ինքներս էլ մոմ ենք քո դեմ դառնում,
Փարվում քեզ` իբրև սեր ու համբույր:
Խոստովանահայր դու մեր շիտակ,
Դու մեր քավարան մաքրագործող,
Մեզանով ծնված հավատ մեր թանկ,
Մեր զավակ` դու մեզ վերածնող:
Վախվորած ու խեղճ ու կողքից չէ՜…
Հպարտությամբ ենք քեզ աղոթում
Եվ աղոթելով քեզ այդպես ջերմ`
Մեր թուլությանն ենք մեր մեջ հաղթում:
***
Եթե կանգնած ենք մենք,
չենք երերում, ընկնում,
Եթե քայլ ենք փոխում ու դեռ ելնում ենք վեր,
Մեզ ոչ այնքան պինդ մեր
ոսկորներն են օգնում,
Որքան աննյութեղեն
կամքն ու հավատը մեր:
Եվ երբ ծերանում ենք և մեզ ուժն է լքում,
Մեղքը զուր ենք բարդում մեր
խեղճ ոսկորներին,
Ուժը հավատն է մեր, որ երես է թեքում,
Երբ էլ չենք բորբոքում մեր պայքարի ոգին:
Ապրենք հավատալով: Բայց և չմոռանանք,
Հավատամքն է պահում միշտ մեր
հավատը վառ:
Թե հավատամք չունենք, մեկ չէ՞` կա՞նք,
թե՞ չկանք,
Մեկ չէ՞ ` վեր ենք ելնում
թե ընկնում ենք մենք վար:
ՀԵՔԻԱԹ
Արևը մայր մտավ, և լեռ ու դաշտ
Քիչ-քիչ պարուրվեցին մթի քողով,
Երկնքի մեջ մնաց մի լույս գագաթ,
Որ ներքև էր նայում խորին դողով:
Արմատներից պոկվել նա չէր կարող,
Իսկ արմատներն արդեն մութն էր գրկել,
Մութը ջրհեղեղ էր, նա մի խեղդվող,
Եվ ելնում էր ջրհեղեղն ավելի վեր:
Բայց մինչ ամբողջովին կուլ կգնար,
Գագաթն հանկարծ ահով հայտնաբերեց,
Որ երբ արև չկա ու լույս չկա,
Չեն տարբերվում արդեն փոքր ու մեծ:
…Եվ այն օրից ահա գագաթները
Խոր կարոտով այսպես վիզը ձգած,
Աղոթում են անվերջ, որ աշխարհում
Ընդմիշտ արև լինի ու լուսաբաց: