ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԼՌԵԼ. Օրագրային գրառումներ հեռավոր, ոչ շատ հեռավոր և այսօրվա Նախիջևանի մասին / Զորի ԲԱԼԱՅԱՆ

«1985 թ. ապրիլի 23-ին Մ. Գորբաչովը ԽՄԿԿ ԿԿ պլենումում հանդես եկավ ծավալուն զեկուցումով, որը շուտով ծնունդ տվեց չարաբաստիկ վերակառուցմանը: Սկզբում մենք այնքան էլ չհասկացանք, թե որն է երկար սպասված այդ վերակառուցման իմաստն ու էությունը՝ իր հրապարակայնությամբ, խոսքի ազատությամբ, ժողովրդավարացմամբ և ԽՍՀՄ-ի տակ դրված դանդաղ գործողության ռումբի այլ ատրիբուտներով: Համենայն դեպս, Ադրբեջանն այդ նույն ազատությունն անմիջապես ընկալեց յուրովի: Դեռ այն ժամանակ մենք տվյալներ էինք ստանում հայկական ինքնավար մարզի Նախիջևան քաղաքից, Զնաբերդ, Կզնուտ, Աստապատ, Նորս, Վերին Ազա, Դեր, Մեսրոպավան, Ազնաբերդ, Թանակերտ, Առինջ գյուղերից և այլ բնակավայրերից՝ այն մասին, թե ինչպես են առանց վախի ու բացեիբաց հայերի պատմական հայրենիքը զրկում ամեն հայկականից՝ այդ նպատակի համար օգտագործելով վերակառուցման հենց այդ նույն ատրիբուտները: Ողջ Ադրբեջանը կատաղի կերպով ձեռնամուխ եղավ իր պատմության հնացմանը: Օրինակ՝ «Սովետսկի Նախիջևան» թերթում (1986 թ., փետր. 6) ազերական ոմն բան. գիտ. թեկնածու գրում է, թե իբր՝ «համաձայն բազմաթիվ պատմական վկայությունների՝ թրքալեզու ժողովուրդների նախահայր Նուխը (Նոյը) աստղագետ էր, որը նախապես իմանալով գալիք ջրհեղեղի մասին, նավ կառուցեց»: Եվ ապա նկարագրվում է, թե ինչպես Նուխը և իր ուղևորները «օթևանեցին «Ալգարակ» (այսինքն՝ Արարատ-Զ.Բ.) լեռան ամենագագաթին, որը դուրս էր մնացել ջրից»: Այդ «բանասերը», պարզվում է, հորինել էր ծանրակշիռ փաստարկներ, որոնք իբր հաստատում են Նոյի ադրբեջանցի լինելը: «Եթե ուշադրություն դարձնենք աշխարհի քարտեզին,- գրում է նա,- ապա ոչ այլուր, քան Ադրբեջանում, առանձնապես Նախիջևանում որքան հաճախ են հանդիպում տեղանուններ՝ կապված «Նուխ» անվան հետ»: Եվ որպես օրինակ բերվում են երեքը. «Նուխրամ», «Նուխբատան» և «Նուխաջիր»: Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ ես արձագանքեցի ազերական «բանասերի» օպուսին, «Սովետսկի Նախիջևանի» խմբագրություն ուղարկելով նամակ, որում ընդգծվում էր. «Ես կարող եմ ընդունել ձեր հեղինակի գաղափարը, բայց միայն մեկ պայմանով. եթե դուք համաձայնվեք, որ, ասենք, Հոմերոսը հայ է: Առավել ևս, որ գիտնականները մինչև հիմա վիճում են, թե որն է մեծ կույրի իսկական հայրենիքը: Քանզի եթե ուշադրություն դարձնենք աշխարհի քարտեզին, ապա Հայաստանից և մանավանդ Ղարաբաղից բացի, ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում այդքան շատ տեղանուններ, կապված «Հոմերոս» (ռուսերեն՝ Гомер) անվան հետ: Օրինակ, «Հարությունագոմեր», «Ալեքսանգոմեր», «Անդրանիկագոմեր», «Չաուշագոմեր», «Նժդեհագոմեր» և այլն, և այլն: Ես համոզված էի, որ իմ հասցեատերերը չէին կռահելու, որ ծաղրս կարող էր հնչեցվել միայն ռուսերեն: Սակայն գաղտնիք չէ, որ ցանկության դեպքում կարելի է գտնել այլ անվիճելի փաստարկներ՝ ուրիշի արժեքների յուրացման ճանապարհով «սեփական» պատմությունը հնացնելու համար: Թուղթն ամեն ստի կդիմանա:
Այն օրերին ՀԳՄ-ն խելք արեց Նախիջևան գործուղել հայտնի գրող և հեռուստալրագրող Բակուր Կարապետյանին, նա շուտով ընթերցողներին պատմեց հայկական հողում ազերիների վանդալիզմի մասին, որի ականատեսն էր եղել այդ ոչ հասարակ գործուղման ընթացքում: «Ճիշտ նախիջևանյան «Թեբրիզ» հյուրանոցի դիմաց,- գրում էր Բակուրը,- գետնին ընկած էին հինավուրց Ջուղայից բերված հայկական ազգային ճարտարապետական մշակույթի անկրկնելի օրինակներ: Հայերեն փորագրությունները ջնջված էին: Երկրագիտական թանգարանում չկար ոչ մի հայկական ցուցանմուշ: Թեև ես տեսա, թե ինչպես են Նախիջևանի շրջակայքում աչքի առաջ ոչնչանում պատմության ու մշակույթի հարյուրավոր հայկական հուշարձաններ: Ագուլիս քաղաքում հրաշքով պահպանված 12 եկեղեցիներն այլանդակված են և առանց գմբեթների: Մի մասի մեջ թունաքիմիկատներ են պահում, մյուսների մեջ՝ անասուններ: Մի խոսքով, քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև կործանվում են համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության հիրավի անգին գլուխգործոցներ: Ուրեմն պետք էր ոչնչացնել ճարտարապետությունը՝ մեծ և փոքր ձևերի: Եվ քաղաքակիրթ աշխարհը լռում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին» («Գրական թերթ»):
Օրերս «Գոլոս Արմենիի» թերթը գրեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը բացորոշ և լկտիորեն հայտարարեց, թե և՛ Սիրիան, և՛ Լիբիան, և՛ Իրաքը, և՛ Լիբանանը պատկանում են թուրքերին, հասկացնելով, որ այսօր գործում է Օսմանյան կայսրությունը: Ի դեպ, նա խորամանկորեն լռեց Ղրիմի մասին, հավանաբար վախենալով Պուտինից: Բայց ոչինչ: Հերթական վեճից հետո նորից կխոսի Ղրիմի մասին և ոչ միայն Ղրիմի: Իսկ չէ՞ որ թուրք-ազերիների նոր սերունդը, բնականաբար, արդեն հավատում է, թե այդ ամենը, ինչպես և Նախիջևանը, թուրքերի հայրենիքն է: Այդ իսկ պատճառով նրանք չեն կարող ընկալել Հայ դատի փիլիսոփայությունը, չեն կարող ընդունել ճշմարտության տրամաբանությունն այն մասին, որ վրիժառությունն ու հատուցումը հայ ժողովրդի համար հանդիսանում են արդարության փաստարկներ:
Միամտություն է ենթադրել, թե բռնի կերպով հողը մաքրելով իր տերերից, կարելի է նրանց զրկել պատմական հիշողությունից: 1978 թ. առաջին անգամ Նախիջևանում այցելեցի «Ոսկե կիրճ» (այդպես էին հնում անվանում Ագուլիս քաղաքը) և նրա շրջակայքը: Այն ժամանակ «Օջախ» գրքում գրեցի. «Որսում էի ինձ այն մտքի վրա, որ լարելով գենետիկ հիշողությունս, հինավուրց քաղաքի ավերակների միջով տեսնում եմ բոլոր տասներկու եկեղեցիների հոյակերտությունը՝ երկինք ուղղված սրածայր գմբեթներով, զարդարված հայկական ձևավոր խաչերով, և ութ հազար քարաշեն հայկական տներ: Ես հոգով էի տեսնում, թե ինչպես է թեք սարալանջով վեր ձգվում դրախտ-քաղաքը, թաղված մրգատու ծառերի կանաչի մեջ: Հաշվեցի ավելի քան հարյուր հիսուն արհեստանոց, որտեղ աշխատում էին հազարավոր վարպետներ: Տեսնում էի հարուստ խանութներ, բազմաթիվ դպրոցներ, առևտրի ուսումնարան, մշակույթի տուն, դեղատներ, բաղնիքներ, շուկաներ, գրադարաններ, հյուրանոցներ: Տեսնում էի, կրկնում եմ, տասներկու տաճար ու եկեղեցի, որոնցից յուրաքանչյուրը համաշխարհային եկեղեցաշինության ճանաչված գլուխգործոց է: Լսում էի հայկական լեգենդներ, ասքեր ու երգեր, պատանիների և աղջիկների զրնգուն ծիծաղ, նորածինների ճիչեր, տասնյոթ աղբյուրների կարկաչ: Ամեն ինչ կործանեցին վանդալները: Իսկ վերջերս իմացա, որ Ագուլիսում, մեռած ծառերի պես, կանգուն է մնացել ընդամենը հինգ եկեղեցի»:
Այդ նույն՝ 1978 թ. Բեյրութի «Զարթօնք», «Ազդակ», «Արարատ» և «Կայծ» թերթերում գրեցի. «Կգա ժամը, և Ագուլիսը կվերականգնվի, կվերածնվի, եթե նույնիսկ նրանից հայկական հողում չմնա ոչ մի հետք, ոչ մի քար: Քանզի երբեք ժողովրդի հիշողությունից չի անհետանա այն ամենը, ինչ կապված է ոչ հողի, ոչ տարածքի ու քարի, այլ հայրենիքի հետ, որտեղ միշտ լսելի է մեր նախնիների կանչը: Գլխավորը, որ հավատաս. գալո՛ւ է այդ ժամը: Անպայման գալու է»: Եվ չէ՞ որ մի քանի տարի անց մենք տեսանք, թե ինչպես հանգստացան մեր նախնիների հոգիները, երբ Շուշիի և Քելբաջարի, Լաչինի ու Կուբաթլիի, Զանգելանի և Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Աղդամի հինավուրց հայկական գերեզմանոցներում մենք ծաղիկներ դրեցինք:
«Ղարաբաղյան շարժումը, մեր միջից կաթիլ առ կաթիլ դուրս մղելով ստրուկի սինդրոմը, վերադարձնելով մեզ պատմական հպարտությունն ու պատմական արիությունը, պարտավորեցնում է հիշել Նախիջևանի մասին, առանց որի Հայաստանն ապագա չունի: Կարելի՞ է արդյոք մոռանալ, որ Նախիջևանն է հանդիսանում հայկական քաղաքակրթության բնօրրանը, համաշխարհային հայկական գաղութների, առանձնապես Դոնի հայության նախահայրենիքը և հայրենիքը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների, որոնք հարստացրել են համաշխարհային մշակույթը: Բերեմ մեր հիրավի մեծ հայրենակիցների միայն մի բուռ անուններ՝ հարյուր հազարավորների ահռելի սարից. Լազարյաններ, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Մանուկ Աբեղյան, Ռոստոմ (Ստեփան Զորյան), Դավիթ Մալյան, Սերգո Համբարձումյան, Դաշնակցություն կուսակցության հիմնադիրներ Միքայելյան, Զորյան, Զավարյան, լեգենդար զորահրամանատարներ, հայ ազգային ոգու կրողներ Դրո և Նժդեհ, որոնց անուններով Արցախում մարտի էին նետվում մեր տղաները՝ հանուն հայրենիքի ազատագրության: Չեն ների մեզ մեր նախնիներն ու ժառանգները, եթե մոռանանք այդ անունները, եթե մանկուրտի անընկալությամբ վերաբերվենք Նախիջևանի հեծեծանքներին: Եվ դժվար է պատկերացնել, թե ինչ կանեինք առանց Նախիջևանի սխրագործ պատմաբան Արգամ Այվազյանի, ով իր անգին գրքերով և հետազոտական աշխատանքներով մեզ հիշեցնում է իր հայրենիքի ցավի ու տագնապի մասին» («Նովոյե վրեմյա»):
«…Ղարաբաղյան շարժման արշալույսին մենք հարց բարձրացրինք այն մասին, որ Սադարայում մեր աչքի առաջ Արաքսի վրայով կամուրջ են գցում, որը Թուրքիային կմիացնի «Նախիջևանի թուրքական հանրապետության» հետ, և որ շուտով անպայման այդ կամրջով թուրքերը զենք կտեղափոխեն առայժմ դեռ ոչ թե ղարաբաղյան ճակատ, այլ Արարատի շրջանի մարտադաշտեր: Հավանաբար ներկայիս սերնդից (նաև նախորդից նույնպես) շատերը չգիտեն, որ իրական պատերազմը, որքան էլ դա տարօրինակ հնչի, սկսվեց սկզբում Հայաստանում, ոչ թե Արցախում: Օգտագործելով հապշտապ կցմցած Սադարայի կամրջով Թուրքիայից մատակարարվող զենքն ու հրետանին՝ հրանոթային հարվածներ էին ուղղվում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և ոչ միայն սահմանամերձ բնակավայրերին՝ Ելփին, Չիվա Ռինդ, Արենի, Նորավանք (վանքը), Շախաթ, Մուծի, Խաչիկ, Գնիշիկ, Խնձորուտ, Գորոյք, Սառնանուշ, Մեղրի և էլի շատ գյուղերի Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Եղան զոհեր և ավերածություններ: Սակայն հաջողվեց դիմադրել և պատասխան հարվածով կասեցնել սադրանքները:
Այդ օրերին ես հաճախ էի Նախիջևանի կողմը տանում իմ բարեկամներին ԿՌԻԿ-ից (Ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտե) և Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի երկրորդ խոսնակ լեդի Քերոլայն Քոքսի խմբերին: Եվ շուտով ողջ աշխարհն իմացավ, որ Ադրբեջանը պատերազմում է Հայաստանի հետ: Հիշում եմ, Անգլիայի Լորդերի պալատում լեդի Քոքսն իր ելույթներում բազմիցս ընդգծում էր. «Ադրբեջանցիները հրետանային հարվածներ են հասցնում Հայաստանին… Հայաստանից», նկատի ունենալով, որ Նախիջևանը պատմական Հայաստանն է: Ես չեմ կարող չընդգծել և այն, որ այդ օրերին փրկիչ հակահարվածներով ահռելի դեր կատարեց Վազգեն Սարգսյանը իր քաջարի տղաների հետ: Իմ հուշատետրերում մեկ անգամ չէ, որ կրկնվել են Բաբկեն Արարքցյանի և Հովիկ Աբրահամյանի անունները: Վերջինս այն ժամանակ ղեկավարում էր Արարատի շրջանը: Ցավալի է, որ այսօր այդ ամենը մոռացվել է: Բաբկեն Արարքցյանը, օրինակ, մեր շատ հայրենակիցների է փրկել հայկական Կամո և Ազատ գյուղերում: 1991 թ. օգոստոսի վերջին, ռուսաստանյան պուտչի նախօրեին, նա կարողացավ ԿՌԻԿ խմբի հետ կասեցնել Պոլյանիչկոյի կազմակերպած հրեշավոր սադրանքը: Մի խոսքով, ցավալի է, երբ մոռանում են նրանց, ովքեր ծանր տարիներին գտնվել են առաջին գծում…»: («Գոլոս Արմենիի»):
«Ժամանակն է իմանալ այն մասին, որ Նախիջևանի և Արևմտյան ու Արևելյան Հայաստանի բոլոր այլ պատմական մարզերի մասին գործուն գենետիկ հիշողությամբ մենք անպայման ամրապնդում ենք խաղաղությունը տարածաշրջանում: Քանզի լավ գիտենք թուրքերի գայլային ախորժակի մասին, որոնք դիակապտողների պես, սպասելով հարմար պահի, անմիջապես խցկվում են հենց այնտեղ, որտեղ մարդիկ դժբախտության մեջ են, որտեղ այս կամ այն երկիրը վիրավոր է, ինչպես դա եղավ ԽՍՀՄ փլոզումից անմիջապես հետո: Մի՞թե պարզ չէ, թե ինչու 1917 թ. հոկտեմբերից անմիջապես հետո, երբ Ռուսաստանը վիրավոր որս էր հիշեցնում, արդեն հոգեվարք ապրող Թուրքիան նետվեց հօգուտ իրեն լուծելու Ղարաբաղի և Նախիջևանի մատից ծծած հարցը: Ինչո՞ւ նա իսկույն սկսեց Իրանի հետ սակարկել, Լենինի կողմից իրեն տրված ռուսական ոսկու առյուծի բաժինը ծախսելով նրա վրա, որ սահման ունենա արհեստականորեն ստեղծված Նախիջևանի ինքնավար կազմավորման հետ: Այդ ինչո՞ւ Թուրքիայի ղեկավար Դեմիրելը դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներում Մեղրիի շրջանը անվանեց «անիծյալ սեպ», որը բաժանում է «Թուրքական Նախիջևանը» (Դեմիրելի տերմինն է) «Թուրքական Ադրբեջանից» (Էջևիթի տերմինը): Ինչո՞ւ երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո ՆԱՏՕ-ի ստեղծման նախօրեին ԱՄՆ նախագահ Թրումենը Թուրքիան անվանեց «ԱՄՆ-ի ամենաարևելյան սահման» և հավելեց՝ «ԱՄՆ-ի հիսունմեկերորդ նահանգ»: Ինչո՞ւ հենց որ փլուզվեց ԽՍՀՄ-ը, ոչ թե Իրանը, այլ Թուրքիան սկսեց ամերիկյան փողերով տնտեսական ու քաղաքական օգնություն ցուցաբերել միութենական մահմեդական հանրապետություններին, որոնք անջատվել էին Խորհրդային Միությունից: Այդ ինչո՞ւ է Բաքվում ԱՄՆ դեսպանը բացորոշ և լկտիաբար ողջ աշխարհով մեկ հայտարարում, թե Թուրքիան, որը պատասխանատու է հայերի ցեղասպանության համար, Թուրքիան, որի վզին այսօր կախված է կիպրոսյան չլուծված խնդիրը, մի խոսքով, այդ նույն բարբարոսական երկիրը, տեսեք-տեսեք, «պետք է ակտիվ դեր խաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Այս բոլոր և այլ հրատապ «ինչուներին» մենք պարտավոր ենք պատասխանել հիմա» («Ազգ»):
«…Ստացվել է այնպես, որ ժամանակի հրամայականով մեր սերնդից է կախված ապագայի լինել-չլինելը: Ղարաբաղյան շարժումն իր ծարավը հագեցրեց Սիամանթոյի «Հույսի գավաթից», որի կարիքն այսօր ունի տառապյալ Նախիջևանը: Նախիջևանի համար սարսափելի չէր դառնալ ստալին-աթաթուրքյան նենգության զոհ: Դա շտկելի գործ էր: Շատ ավելի սարսափելի է, երբ հայրենիքը դառնում է սեփական զավակների մոռացության զոհը» («Նովոյե վրեմյա»):
«Մի բան հաստատ գիտեմ: Նույնիսկ եթե սրբազան Ջուղայում վերջին խաչքարն էլ բարբարոսաբար և լկտիաբար ջարդուփշուր արվի, մենք կշարունակենք պայքարը և կհաղթենք» (1995թ.)
* * *
Հ.Գ. – Այսօր, առավել քան երբևէ, մենք պարզապես պարտավոր ենք գործուն կերպով օգտագործել բոլոր արխիվային նյութերը, որոնք իրենց իսկ հայրենիքում՝ Նախիջևանում հայերի ցեղասպանության ենթարկվելու անվիճելի փաստը հաստատող հիմնարար և իրական փաստարկներ են: Հայ բնակչության նկատմամբ կիրառված ահռելի թվով «գործողությունները» (ՄԱԿ-ի համաձայնագրի պաշտոնական տերմինն է) վերաբերում են ցեղասպանության մասին Գլխավոր Ասամբլեայի համապատասխան հոդվածներին: Անհրաժեշտ է հստակ ըմբռնել, որ յուրաքանչյուր տվյալ կոնկրետ դեպքում ցեղասպանություն ասելով նկատի են առնվում հետևյալ գործողությունները, որոնք կատարվում են՝ մտադրություն ունենալով ոչնչացնել, և ոչ միայն լիովին, այլև մասամբ, որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբ՝ որպես այդպիսին: Ընդ որում խոսքը ոչ միայն այդպիսի խմբի զանգվածային սպանության, այլ նաև «խմբի անդամներին լուրջ մարմնական վնասվածքներ հասցնելու» կամ «կանխամտածված կերպով որևէ խմբի համար կենսական այնպիսի անտանելի պայմանների ստեղծման» մասին է, որոնց առկայությունը ստիպում է բնիկ բնակչությանը տեղահանվել:
Նախիջևանի դեպքում տեղի ունեցավ հայերի տիպիկ թուրքական ցեղասպանություն, որի արդյունքում հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ կորցրեց իր ավելի քան հիսուն հազար հայրենակիցների: Հայ ժողովուրդը նաև վերապրեց իր ազգային մշակույթի ցեղասպանություն, որը պաշտոնական փաստաթղթերում անվանվում է Հայրենասպանություն՝ պատմական հայրենիքի ցեղասպանություն: Օրինաչափ է, որ հայ ժողովրդի համար ստեղծված ողբերգական իրավիճակում անհետաձգելի անհրաժեշտություն է ծագել ինչպես «Միավորված Ազգերի Կազմակերպության», այնպես էլ «Ցեղասպանության և դրա համար պատիժ կրելու մասին համաձայնագրի» դրույթներին համապատասխան, Միջազգային դատարանի տրամադրությանը հանձնել բոլոր անհրաժեշտ նյութերը Նախիջևանում հայերի ցեղասպանության մասին, միաժամանակ գիտակցելով, որ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի համաձայնագրի IX հոդվածի, ընդունվում է որոշում այն մասին, «թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկվեն նման խնդրանքի կապակցությամբ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։