Երկնաբնակների կռիվն ու հաղթանակը / Սուրեն ԴԱՎԹՅԱՆ

 

 

Ինքնանպատակ չէ այս հղացումը, այս պարտքը առ ընկերներս, այն մարդկանց, որոնք Արցախյան առաջին ազատամարտի սկզբից մինչև վերջ կյանք ու արյուն դրեցին

Արցախ աշխարհի ազատագրման ու կայացման փառահեղ կռվում:

Հավերժ փառք պատմություն կերտած նահատակներին ու ողջերին՝ անուն առ անուն:

 

—-

Թող այսպես լինի, թող ընկնեն նորերն ու նորերը, եթե ազատագրյալ մեր Հայրենիքում դեռ կա մի բուռ հող, որը ներկված չէ արյունով…

 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

ԱԲՈՆ

Մարտը վերջացել էր: Ունեին մեկ վիրավոր: Աբոն անտրամադիր էր:

Տղերքը, մի կողմ քաշված, օրվա դեպքերն էին վերլուծում, փորձելով հասկանալ՝ հաջողել էին մարտը, թե ընդամենը կարողացել էին թշնամու խաժամուժի առջև ամուր պահել այնքան դժվարությամբ գրաված դիրքերը:

Հրամանատարի փոքրիկ, հողաշեն դիտակետից պայթեց Աբոյի առնական երգը.

Կուզիմ երթանք սարն իմ Սասուն,

 Ճամփա չկա, դուռն է փակ,

 Ա՜խ, ինչ ըսիմ ըդ օսմանցուն,

 Մեր հող թողեց լծի տակ:

Զինվորները գիտեին՝ հրամանատարը վրդովված էր, ինքն իրեն ուտում էր, ելք էր փնտրում արդարացի որոշում կայացնելու համար, որ չկոտրեր շարքերի ոգին ու կարգապահությունը:

– Գևորգյա՛ն, ինձ մոտ կանչիր Արտակին:

– Լսո՛ւմ եմ,- ասաց զինվորն ու վազեց:

– Ընկե՛ր Ալավերդյան, շարքային Աթոյանը ձեր հրամանով ներկայացել է,- ձգվելով ամբողջ մարմնով՝ զեկուցեց զինվորը:

– Ազատ,- ասաց Աբոն ու շրջվելով նրա կողմը՝ խիստ տոնով հարցրեց,- դու կարո՞ղ ես ասել, ինչի՞ համար ես խախտել հրամանը և մտել գրաված գյուղի տները: Թալանի համար ե՞ս եկել այստեղ, թե՞ դաշնակցականի քո երդման՝ հայրենիքին պարտքդ տալու համար:

Զինվորը լռում էր:

– Քեզ եմ ասում,- ձայնը բարձրացրեց հրամանատարը,- խոսի՛ր:

– Ես չգիտեմ…- կմկմաց զինվորը,- ո՛չ, ընկե՛ր Աբո:

Աբոն քաշեց ատրճանակի ձգանը:

– Դու քանի՞ գլխանի ես, որ խախտում ես հրամանը ու գետնով ես տալիս մեր սուրբ պայքարը, ընկերներիդ անունն ու արյունը՝ հայ զինվորի պատիվը: Դու շահի համար ե՞ս այստեղ եկել, ասա՛:

Պահը դառնում էր անկառավարելի: Ջոկի զինվորները փրկության հույսով նայեցին Ֆրունզին: Զինվորը ամոթից թե վախից կարկամեց: Նա գիտեր՝ Աբոն խփող էր: Ընդունում էր, որ սխալ էր վարվել, բայց ամաչում էր բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել: Արածն էլ ինչ էր, թուրքի լքված տուն էր մտել: Հասկանում էր հրամանատարի վրդովմունքի իրավացիությունը, կարող էր պատահական ռումբից զոհվել, իսկ տղերքի շարքերը նոսրացնելը դավաճանություն էր՝ չհաշված ներքին կարգապահական հրամանը:

– Մեղավոր եմ, ընկե՛ր Աբո, էլ չի կրկնվի,- զգաստ կանգնելով հրամանատարի առաջ ու նրա աչքերին նայելով՝ արտաբերեց զինվորը:

Աբոն կրակեց:

Բարկությունը կարմրած գնդակի հետ օդ բարձրացավ, լուսավորեց երկինքն ու լուծվելով խավարում՝ գրկեց զինվորի վտիտ ուսերը:

Տղերքը իրար նայեցին ու ժպտացին: Աբոն ներել գիտեր, ու նա հրամանատար էր, ում համար զինվորը մարդ էր: Աբոն վառեց ծխախոտը, հայացքն ուղղեց հորիզոնին: Շերտ-շերտ գորշության միջից վախվորած ծիկրակում էին արևի առաջին ճառագայթները՝ վաղը հաղթելու են…

 

ՇՈԿՈԼԱԴ ՍԻՐՈՂ ԳՈՄԵՇԸ

Աբոյի խնդրանքով Էրքեջ գյուղի գյուղացիները ծանր զինտեխնիկան տեղափոխելու համար կենդանական ուժ էին տրամադրել՝ ձի, ավանակ ու մատակ: Անհրաժեշտ էր ամրացնել Բուզլուխ-Էրքեջ գյուղերի սահմանագիծը, որը շրջափակված էր բարձր սարերով ու ձորերով: Տղաները խրամատ փորելուց, ամրացնելուց անասելի հոգնել էին ու չգիտեին՝ ինչ հրաշքով կարելի էր ծանր հրետանին քարշ տալ սարի գագաթը: Այդ օրը սնունդի հավելում ստացան, որտեղ հացից ու ծխախոտից բացի կար նաև մի մեծ տուփ՝ լցված շոկոլադե սալիկներով: Տղաները մեկ-մեկ մոտեցան, ստացան օրապահիկն ու քաշվելով մի կողմ՝ սկսեցին տեղավորել ուսապարկերը: Ֆրունզը շոկոլադի մեծ մասը լցրեց իր դատարկ ուսապարկն ու անխոս քայլեց դեպի գյուղամեջ: Չանցած մի քանի րոպե՝ ճանապարհից լսվեց գոմեշի անհասկանալի բառաչ:

Շրջվելով՝ զինվորները տեսան՝ հրամանատար Ֆրունզը գոմեշի գլուխը շոյելով, հետը խոսելով գալիս է, իսկ երբ տեսան, որ ամեն քաղցր խոսքից հետո կենդանու բերանը շոկոլադի սալիկ է խցկում՝ ծիծաղի աղմուկ բարձրացավ:

– Տղե՛րք, հլա շուտ վազեք ու հրանոթը այս պարաններով կապեք սայլին: Մեկ էլ մի քանի արկղ փամփուշտ բարձեք: Ես ախպորս հետ կհանեմ դիրքերը: Դուք թեթև բարձրացեք ձեր զենքերով:

Տղաներին դուր եկավ Ֆրունզի հնարամտությունը, ով կարող էր անլեզու գոմեշին համոզել, որ սար բարձրանա, այն էլ ծանրություն քարշ տալով:

– Արի, մոշո՛ ջան, արի, խելո՛ք ջան: Առ, տես՝ ինչ ֆիրմա շակալադ եմ քեզ տալիս, կեր, որ ուժդ չպակասի,- գլուխը շոյելով կողքից քայլում էր Ֆրունզը:

– Կամանդի՛ր, որ մեզ էլ էդքան շակալադ կերցնես, մենք էլ կարող էինք թնդանոթը քաշել,- ծիծաղելով ասաց Իշխանը:

– Արդեն ուշա, ես մոշոյի հալալ քրտինքը ուրիշի չեմ տա,- ժպտաց Ֆրունզը:

Մի քանի ժամում պաշտպանական գիծ հանվեց ներքևում կուտակված ամբողջ զրահատեխնիկան ու զինամթերքը:

Արդեն մթնում էր: Դիրքերում ամեն մեկը իր տեղը կարգավորել ու հանգիստ նստել էր: Երևանից առավոտյան համալրում էին ստացել, կռիվ չտեսած մի երիտասարդ կար նրանց մեջ: Երեկոները սովորություն կար ազգային, ազատագրական պայքարի երգեր էին երգում: Այդ օրը Ֆրունզը մոտեցավ նորելուկին ու ասաց.

– Ապե՛ր, մի բան երգի լսենք:

– Ես երգել չգիտեմ, բառերը չեմ հիշում,- ամաչելով ասաց զինվորը:

– Էդ չեղավ: Մի բան պիտի երգես, որ զինվորական կյանքի առաջին պայմանը հասկանաս:

Զինվորը գլուխը կախեց ու ասաց.

– Բայուշկին երգեմ:

– Երգի, եթե կարաս:

Մեկ էլ մթնաշաղի լռության մեջ թաթախված սարագագաթ դիրքերից լսվեց անփորձ զինվորի անկեղծ երգը. «Բայու, բայուշկի, բայու, Նե լաժիսյա նա կրայու, Պրիդյոտ սերենկիյ վոլչոկ Ի ուխվատիտ զա բոչոկ»…

Պայթեց ծիծաղը դիրքերից, ու նրա ղողանջներով լցվեցին մոտակա ձորերն ու արձագանքելով՝ հասան մինչև թշնամու դիրքերը: Նորից ահ ու սարսափ տարածելով նրանց շարքերում: Հայերն ուրախ են, ուրեմն էլի գլխներին մի սև բերելու են:

– Ապրես, ապրես, զինվո՛ր բալա,- երգչի ուսին թփթփացնելով, ծիծաղից խեղդվելով ասաց Ֆրունզը:

Նրա միամիտ հումորը, անկեղծ խոսքը, հասեհաս անձնազոհությունը վարակիչ էր: Առանց երգի, առանց հումորի ինչ կռիվ, ինչ հաղթանակ: Հենց կռիվը հայրենի հողի, տուն-տեղի, ընտանիքի համար արդեն հերոսական քայլերգ է ու նահատակների սուրբ պատգամը՝ դաջված նրանց կռիվը շարունակողների ճակատներին:

 ՖՐՈՒՆԶԸ

Վերջին պատգամդ խենթի խենթ ցանկությունն էր պատվաբեր թաղվել հրամանատարի՝ Աբոյի հուշաքարի դիմացի թմբին: Դու մի ուրիշ սիրով ու ակնածանքով էիր այցելում նրա գերեզմանին. դա սրբավայրին մոտենալու, մաքրվելու ծես էր, աղոթք և կամ անցյալը վերապրելու, չմոռանալու պահանջ:

Ո՞վ էր քեզ համար Աբոն. հրամանատա՞ր, մարտական ընկե՞ր, ուսուցի՞չ, թե՞ դաշնակցականի տիպար: Չգիտեմ, Ֆրո՛ւնզ, չգիտեմ՝ դա ներքին կա՞պ էր, զգայական զեղո՞ւմ, թե՞ ոգու միաձուլման ծես՝ աչքերիդ կապույտ լռությամբ ներփակված: Ձեր կապը ֆիդայապետ հերոս Քեռու ու նրա անբաժանելի ընկեր Խեչոյի՝ դեպի հերոսություն ու փառք տանող ընկերությունն էր վերածնված:

Դու սովորական հրազդանցի շարքային դաշնակցական էիր, երբ զինվորագրվեցիր: Մորդ հորդորները, որ տան միակ ճրագն ես, կնոջդ, երեխաներիդ տխրությունը քեզ չընկճեցին. Հայրենիքն էր կանչում, նվիրյալ գաղափարներն ու խենթ արյունն էին խմորվում ի զեն, ի կռիվ, ի հաղթանակ:

Քո նմանները չեն խոնարհվում, քո եկեղեցին ու աղոթքը լուռ է, քո մաքրամաքուր էությունը ոգու կանչն է ազատատենչ հայ զինվորի, ֆիդայու: Քո կեցվածքը զգաստացնող էր, իսկ ներկայությունդ՝ դրական լիցքեր հաղորդող, անմիջականության մթնոլորտ ստեղծող:

Քո տեսակը միշտ էլ քիչ է ու կռվի դաշտում է: Պատերազմները տանում են այդ սերուցքը, և ժամանակ է պետք վերածննդի համար: Դու սակավախոս, ազնիվ, ամոթխած, չէիր սիրում կռիվներից խոսել, ասում էիր՝ պետք էր, մեր ժամանակն էր. գնացինք, պարտք էինք. տվեցինք, ի՞նչ ասեմ: Իսկ զինվորներդ, մարտական ընկերներդ հիշում էին ու պատմում այդ օրերից՝ հերոսացման, մաքառման ու հաղթանակի:

Կռվից հետո ինքնամփոփ դարձար, լռության մեջ փորձեցիր թաղել ներքին խռովքդ, արյունը, ընկերներիդ մահերը, հարցականները՝ բզի պես սրված, իսկ երկրում ինչ-որ ուժեր թալանում ու քանդում էին ինքնասեփականաշնորված երկիրը, և քեզ համար թանկ, ազատ, արդար հայրենիքի միասնականությունը: Կռվի դաշտը հայրենի երկիրն էր արդեն, երբ շատերը զենքներն ուղղեցին սեփական ժողովրդի դեմ ու սկսեցին որպես արյան հատուցում պաշտոններ պահանջել ու ստանալ՝ ի ցույց դնելով իրենց իսկական նպատակները:

Նրանցից շատերին էիր ճանաչում, տեսել էիր արածները, դրա համար քեզանից խուսափում էին, գիտեին՝ ճակատներին ասելու ես բերանիդ եկածը, իսկ դա ճշմարտությունն էր, որը նրանց սրտով չէր, դու ողջերի մեջ էիր, ոչ քարարձանների, քեզ դիմակայելը դժվար էր: Նրանք լսել էին քո կարծիքը. «Մենք զինվորներ ենք, մեր գործն ենք արել, երկիր ղեկավարելը ուրիշների գործն է»:

Երբ ընդվզեցիր մի օր այդ ամենի դեմ, ուրիշներին չվնասելու համար մարտական դանակդ սեփական ոտքդ խրեցիր, որ խեղդես ատելության մռունչդ, ինչպես մարտադաշտում քեզ վրա վերցրեցիր հարվածը, իմ խե՛նթ զինվոր, եղբա՛յր, ընկե՛ր սիրելի: Հետո Ամենափրկիչ մատուռում մոմեր վառեցիր ու հանգստացար մենության մեջ՝ լուսավորված ապաշխարումով:

Չգիտեմ՝ ինչո՞ւ հիմա եմ քեզ հիշել, հիմա, երբ համատարած անոգեղենության, շահամոլության տենդով են վարակված օրերը: Ինչ-որ մի ներքին պահանջ կա՝ հասկանալու վեհությանդ ու մեծությանդ առեղծվածը:

Եվ հասկացա, որ գաղտնիքը բաց պարզությունդ էր, անմնացորդ նվիրվելու, զոհաբերվելու ներքին պատգամը առ հայրենիք, որտեղ մայրդ էր, կինդ, երեխաներդ, Ամենափրկիչ մատուռը, հորդ շիրիմը, որտեղ որդիական պարտքն էր անձնազոհության ու անսակարկելի սիրո:

Աբոյի, Պետոյի, Կարոտի ֆիզիկական բացակայությունը ցավ էր տալիս, բայց նրանք քեզ հետ էին, ու ձեր կռիվը դեռ շարունակվում էր հերոսական այն բարձունքներում, ուր ընկան տղերքը: Երբ հիվանդացար, սկսեցիր հաճախակի հիշել նրանց, զրուցել հեռվից՝ հույսով, որ գտնելու ես նրանց: Կյանքը բաժանեց ձեզ, իսկ մահը պիտի միացներ:

– Արայի՛կ, զենքս տո՛ւր, խփե՛մ, պրծնե՜մ: Էս իմ կռիվը չի, էլ չեմ դիմանում: Կամ էլ դու խփի՛, ընկերս չե՜ս, ես քո հոգին անիծեմ… Թուրքի գնդակը ինձ չէր գտնում, իմ մահն ինձ հետ էր կռվում այնտեղ, իսկ տանս մեջ ինձ դավաճանեց. ինքն է ժամանակի տերն ու ճակատագրիս: Ներքին ձայնը նվում էր. ինչո՞ւ ես… բա էլ ո՞վ, լավ է՝ ե՛ս՝. հաղթում էր կամքը…

Մահվան մահճում քանի խոսում էր, հումորը չէր կորցրել:

– Արայի՛կ ջան,- մի կերպ ընկերոջ օգնությամբ նստելով անկողնում՝ ասաց,- որ մեռնեմ, վրաս կլացես, չէ՞, արա անխի՛ղճ, դե հիմա լացի, ես տենամ վրաս ոնց ես լացելու, տնազդ անեմ: Ար, հիշո՞ւմ ես, Օմարի լեռնանցքում մարտից հետո, երբ պատահական իրար գտանք, քեզ շան մսով խորոված պատվեցի, լավն էր, չէ՞…

Արջ Արայիկը գրկեց ընկերոջ մաշված, ոսկրացից ուսերը, ու երկուսով անձրևեցին լռությանը՝ մաքրվելով հիշողության մաղձից:

– Դու գիտեիր, որ վերջն է, բայց հույս էիր տալիս բոլորի պես: Ես միամիտի պես, ինչպես կռվի դաշտում, արհամարհեցի մահին, բայց էս անգամ անտերը հաղթեց, ապե՜ր: Ես գնում եմ, մեր տղերքին քաղցր կբարևես, ինձ էլ, լսո՞ւմ ես, Արո՜, հրամանատարիս՝ Աբոյի դիմացի թմբին կթաղե՛ս. խոսելու բան ունեմ հետը…,- Ֆրունզը հանգավ Արայիկի գրկում:

Հանգիստ, հպարտ, լուռ գնաց, միացավ Աբոյին, Պետոյին, Արթուրին, Կարոտին, Շահենին, Անվերջին… Անմահության ճանապարհդ հենց սկզբից էր, երբ շարժման ժամանակ մտար դաշնակցություն՝ համալրելով խոնարհ հերոսների շարքերը:

Այսօր Աբոյի հուշաքարի դիմացի բլրին Ֆրունզն է հասակով կանգնել՝ անթարթ հայացքով նայելով ընկերոջը, իսկ հորիզոնը, կապույտի մեջ թաթախված, ժպտում է սիրո ու եղբայրության հուշարձանին՝ ավետելով նրանց գործի անմահությունը՝ առ շարունակվող կյանք ու հայրենիք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։