ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ «ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ» / Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ես ինձ հիշում եմ, երբ 4-ամյա աղջնակ էի, նստած փարթամ կանաչի մեջ, քչքչացող առվի կողքին և ամենակարևորը՝ մորս տաք գրկում:
Հետագայում մորս պատմածից իմացա, որ դա մոր և մանկան պանսիոնն էր, որը գտնվում էր Ղափանում: Մինչ հիմա պարզ հիշում եմ թունդ կանաչ, թավշյա գորգը և առատ ջուրը, որը քաղաքի քար ու փոշուց հետո դրախտ էր թվում:
Ինչպես հասկացաք, ծնվել եմ Երևանում, ամենաաղմկոտ բանվորական թաղամասում: Մեր թաղի կենտրոնը երկու կինոթատրոններ էին, մեկը առատորեն ցուցադրում էր հնդկական ֆիլմեր, որի պատճառով թաղի մականունը Դելի էր: Երկրորդը Պիոներ պալատն էր, որը մասնագիտացել էր ինտելեկտուալ ֆիլմերի ցուցադրությամբ: Մանկությանս տարիների զարդը «Պարոն 420», «Պոեմ քարի մեջ», «Փոշու մեջ ընկած ծաղիկը»… հնդկական էժանագին ֆիլմերն էին, որոնք սիրով գնում էր Խորհրդային Միությունը բարեկամ Հնդկաստանից: Տանը ինձ միշտ սպասում էր սիրով եփած ճաշը և մի քիչ քաղցր՝ պատառ փոքր աղջկա համար: Մենք երեք քույր էինք, իհարկե, ոչնչով չհիշեցնելով Չեխովի հրաշալի «Երեք քույր» ստեղծագործությունը:
Իմ անունը Աստղիկ է, քույրերս, որոնք ինձնից բավականին մեծ էին, առաջին մայրական զգացումները սպառեցին իմ բարուրաշորերը լվանալով, քանի որ մայրս աշխատում էր երեք հերթով և ծանր արտադրությունում, իսկ հայրս մի քիչ խմիչքի հետ սեր ուներ և աշխատում էր փայտի արտադրամասում: Ես վերջին փորձն էի, հորս երազանքը մարմնավորելու, ինչպես հասկացաք, անհաջող փորձը, քանի որ երկու քույրերիս ավելացավ և մեկ «դրսիպատ», կներեք կոպիտ արտահայտությանս համար: Այդպես ասել է հայրս և անցել իր սիրած խմիչքային թեքումին:
Ասեմ, որ հայրս ինձ շատ-շատ էր սիրում և երես էր տալիս, ասելով՝ դու իմ տղան ես: Նա ինձ հետ ֆուտբոլ էր պարապում, հետո մաթեմով զբաղվում և ծածուկ հույսեր փայփայում, որ ես չեմ ամուսնանա, այլ միշտ կլինեմ մեր տան զարդը: Երկու քույրերիս շատ արագ ամուսնացնելուց հետո ծնողներս իրենց ողջ սերն ու ուշադրությունը կենտրոնացրին ինձ վրա: Ես շատ էի սիրում երազել, ֆիլմեր դիտել և իմ տեսած գունավոր առաջին երազներում արդեն հանդես էի գալիս «Անժելիկան և թագավորը» սերիալի հերոսուհու պես, անհասկանալի դղյակի շքեղ տիրուհի, որի ծառայության համար կան բազմաթիվ մարդիկ, բայց ինքը ոչ մեկին ենթակա չէ: Այսինքն՝ ես ինձ պատկերացնում էի տարբեր գեղեցիկ դերերում, բայց ոչ երբեք ամուսնացած կնոջ կամ երեխա կերակրող մոր դերում: Ինձ թվում էր, որ ես պիտի լինեմ ինչ-որ մի երկրի թագուհի կամ, վատագույն դեպքում, այդ երկրի արքայազնի կինը, բայց երբեք երեխա չեմ ունենա:
Երբ քսաներեք տարեկանում ամուսնացա և շատ արագ հղիացա, մայրս երջանկությունից արտասվեց: Պարզվեց, որ իմ հիմար պատմություններից ամենաշատը տառապել է խեղճ մայրս: Զգալով իմ գուշակելու ձիրքը, որ պարբերաբար ստուգվում էր առօրյա կյանքում, նա իրեն համոզել էր, որ ես չբեր եմ: Բայց… առաջ չանցնենք:
Իմ և նուրբ եթերի հետ կապը զգացել եմ, երբ 3-4 տարեկան աղջնակ էի: Մի օր, երբ պահմտոցի էինք խաղում, թաքնվեցի մեր շենքի վերևի հարկում և անմիջապես իմ կողքին տեսա անհասկանալի լույսից կազմված մի մարդակերպ ստվեր, որից բոլորովին չվախեցա, ինձ թվաց, որ իմ մահացած մորաքույրն է, որի ստվերը այդ օրից մինչ հիմա ապրում է իմ կողքին: Ես լսել եմ նրա կանչը` Աստղիկ, շրջվելով տեսել եմ իմ սիրած տղային:
Երբ արդեն հղի էի և հուզական մի վիճակի մեջ ուզում էի վերջ տալ կյանքիս, էլի լսեցի նրա կանչը` Աստղի՛կ: Եվ պատկերացրի, որ ինձնից բացի կզոհվի իմ մեջ խլրտացող աղջիկս և ետ քաշվեցի փոսից:
Ինքնասպանությունը, ասեմ ձեզ, կամ էլ նրա գաղափարը միշտ հետապնդել է ինձ: Առաջին փորձը արել եմ, երբ 9-10 տարեկան հասակում վերցրի գրադարանից Ջեկ Լոնդոնի «Ծովագայլը» և շատ արագ կուլ տվեցի այն: «Գայլ Լարսենի» սոփեստական դատողությունները կյանքի և մահվան մասին ցնցեցին իմ մանկական երևակայությունը: Մի օր էլ, երբ հայրս խմած եկավ տուն և անտեղի բարկացավ ինձ վրա, թափով վազեցի փողոց և միայն մորս հուսահատ ճիչը կանգնեցրեց ինքնաթափը, որի վարորդը իջնելով՝ հուզված բարկացավ մորս վրա.
– Ինձնից մարդասպան եք սարքում…
Ասեմ ձեզ, որ շատ հմայիչ աղջնակ էի, մի քիչ թմբլիկ, շեկ, խուճուճ վարսերով: Մեծանալով շատ երկարեցի, նիհարեցի և երբեք չչաղացա, իսկ մազերս մգվեցին, փոխարենը աչքերս մնացին կանաչ գույնի, որը փոխվում է օրվա տարբեր ժամերի` երբեմն դառնալով մեղրագույն, երբեմն` կանաչ: Ինչպես հասկացաք, ես մի քիչ ինքնասիրահարված եմ, անգամ մինչև հիմա, երբ 45-ամյա կին եմ, կասեմ, որ ոչ սովորական…
Բայց ամեն ինչ հերթով:
9-րդ դասարանում, մեկ օրում (24 ժամում) կուլ տվեցի Հենրիկ Սենկևիչի «Հո երթաս»-ը և վերջապես գտա ինքնասպանություն կատարելու կատարյալ ձևը` պառկել տաք ջրակոնքում և կտրել երակները, ինչպես Պետրոնիուսը…
Ասեմ ձեզ, որ ինքնասպանության կպչուն մտքից ի վերջո ազատվեցի 39-տարեկանում, երբ ինձ մոտ սկսվեց սուր նևրոզ և բուժումից հետո վերափոխվեցին պատկերացումներս կյանքի մասին և հասկացա, որ դա միակ մեղքն է, որ չի ներվում Աստծո կողմից, քանի որ ինքնասպանություն կատարելով այրվում են բոլոր կամուրջները՝ ապաշխարելու:
Տեսնում եք, ինչքան էլ փորձում եմ պատմել հերթով, միևնույն է, միտքս խենթ ճանճի պես անտրամաբանական, կտրուկ թռիչքներ է գործում…
(Դուք գիտե՞ք, թե ինչքան է մարդկային մազի ամրությունը):
Ասեմ, որ մինչև 10-րդ դասարան անհագուրդ կլանել եմ դպրոցական գրադարանում եղած բոլոր գեղարվեստական գրքերը, որոնք գտել եմ:
Շեշտեմ, որ արտասահմանյան գրականության դասականներին` Բալզակի 10 հատորը, Թեոդոր Դրայզերի հատորները, Ջեկ Լոնդոնի 12 հատորը, անգամ Ժյուլ Վեռնի 10 հատորյակը, Հեմինգուեյ, Ջոն Գոլսուորսի 4 հատորը` «Ֆորսայթների պատմությունը», Չեխովի 5-6 հատորները և այլն, և այլն…
Ասեմ, որ թվարկված հեղինակներին շատ սիրել եմ, բայց պետք է նշեմ, որ ուղենիշային էր ինձ համար Դոստոևսկու «Ապուշը», «Ոճիր և պատիժը»…
Ռասկոլնիկովը, որպես մտածող էակ-նահատակ, ինձ համար դեմոն-իդեալի կերպար դարձավ:
Ես միշտ մտածել եմ, որ հանցագործ ապաշխարողը, անառակ որդին ավելի է սիրված հայր Աստծո կողմից: Չէ՞ որ նա ապրել է, սիրել, մեղք գործել` պատժվել, ապաշխարել և վերադարձել իր հոր գիրկը: Իսկ կանոնիկ, առանց մեղք գործելու ապրող փարիսեցին, դեռ հայտնի չէ, թե ինչպես իրեն կպահի, երբ սայթաքի գայթակղության քարի վրա:
(Մարդկային մազը կարող է պահել 3 կգ ծանրություն):
Ինչպես հասկացաք, հայ գրականությունը ոչ մի դեր չի խաղացել իմ գրական ճաշակի ձևավորման վրա: Ավելի ճիշտ՝ դպրոցը, մաքսիմալ ձևով, ատելություն է սերմանել դեպի հայ գրականությունը: Թող ների մեծ գյուղագիր Պերճ Պռոշյանը, բայց նրա «Հացի խնդրի» Միկիտան Սաքոն, Նաիրի Զարյանի «Հացավան» վեպի գաղափարական բովանդակությունը, Րաֆֆու «Սամվելի» հայրենասիրական պաթոսը… Եվ նման բազմապիսի սոցռեալիստական ձևակերպումները տհաճությունից բացի ոչինչ չէին կարող արթնացնել իմ հոգում:
Հայ գրականությունը հայտնաբերեցի և սիրեցի միայն ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում ուսանելու տարիներին: Սկսեցի Վահան Տերյանի քնքշանվագ բանաստեղծությունները անգիր անելուց: Մեր սիրելի դասախոս Ռաֆայել Իշխանյանը, չնայած լեզու էր դասավանդում, բայց Տերյանի հանդեպ իր անսահման սերով վարակեց նաև մեզ` ուսանողներիս: Հրանտ Թամրազյան գրակ. դասախոսի շնորհիվ վառվեցի Եղիշե Չարենցի գուշակ-տեսանողի հզոր գրականությամբ`
Թող ոչ մի զոհ չպահանջվի
ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին
թող մոտ չգան…
Սիրահարվեցի Խաչատուր Աբովյանի Աղասուն` «Վերք Հայաստանի» հրաշալի զգայական-հոսք վեպի գլխավոր հերոսին: Էլ չեմ խոսում Նահապետ Քուչակի սքանչելի սիրային-էրոտիկ քառյակների մասին:
Բայց հայ գրականության երկու մեծագույն գրքերը մնացին գլխավոր հրապուրանքներ` Մովսես Խորենացու «Պատմություն հայոցը» և Գրիգոր Նարեկացու Տաղերն ու «Մատյան ողբերգությանը»:
«Պատմություն հայոցը» այնպիսի հափշտակությամբ եմ կարդացել, ինչպես ամենալավ գեղարվեստական ստեղծագործությունը: Միայն ինչ արժի Երվանդաշատ քաղաքի նկարագրությունը. «…մայրաքաղաքի շուրջ խիտ անտառ տնկվեց, որն ասես լիներ աչքի արտևանունքները, իսկ ներսի կառույցները բիբի նման կառուցիկ էին»….
Էլ չեմ խոսում գողթան երգերի հատվածների, Արշակ թագավորի հաղթանակի և պարտության նկարագրությունները:
Իսկ Նարեկացու տաղ Վարդավառին`
Գոհար վարդն էր վառ առեալ
Ի վերից վարսիցն արփենից…
Ասես գրել է այսօրվա պոետը և նույնչափ հուզում է ընթերցողին…
Այժմ էլ խոսեմ… մատեանի մասին….
Ասեմ, որ ես հայ քրիստոնյա եմ, և տարբերությունը մյուս քրիստոնեական եկեղեցիներից Քրիստոսի կերպարի մեկնաբանման մեջ է:
Հայ եկեղեցին ասում է, որ Քրիստոս երկբնակ է՝ մարդ և Աստված միաժամանակ և հայկական խաչի վրա երբեք չի պատկերվում խաչված Հիսուսը:

ՆՈՒՅՆԱՑՈՒՄ
Ասեմ, որ փոքր հասակում իմ սիրած զբաղմունքը պատուհանագոգին նստած՝ անցորդների դեմքերն ուսումնասիրելն էր, մեծ տարիքում էլ միշտ ինձ հետաքրքրել են ծանոթ-անծանոթ դեմքերը: Այս մարդը քայլում է` խոսելով ինքն իր հետ: Ուրեմն նա չի իմանում՝ ում հետ կիսի իր խոհերը. նա մենակ է բազմաթիվ մարդկանց մեջ:
Իսկ այս աղջիկը անընդհատ ժպտում է` կա՛մ սիրահարված է, կա՛մ ուրախ մտքերը խլվլում են նրա սիրունիկ գլխում: Ինձ միշտ հուզում են երեխաների դեմքերը, նրանք երբեք չեն կեղծում: Ես համաձայն չեմ այն տարածված կարծիքին, թե՝ երեխաները անմեղ են: Նրանք կրում են մեծերի չարության, նախանձի, փողամոլության, անգամ ընչաքաղցության կնիքը:
Լինելով փխրուն արարած` ինձ միշտ հուզել է շրջապատի կարծիքը իմ մասին, և անգամ չար հայացքը դեպի ինձ նետված՝ կարող էր իմ աչքերը լցնել արցունքով:
Այդ «դեֆեկտից» ազատագրվեցի նևրոզ հիվանդությունից հետո և այժմ կարող եմ ինձնից հեռացնել թե՛ չար հայացքը, թե՛ վատ վերաբերմունքը: Ի՞նչ կերպ, իհարկե, հումորով, կատակով և, ի վերջո, սառն անտարբերությամբ: Իսկ ուրիշի վշտին ցավակցել երբեք չեմ դադարի, երբե՛ք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։