ԵՐԿՈՒՍԸ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ / Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ

Բանաստեղծ ընկերոջս՝
Արմեն Մարտիրոսյանի հիշատակին

– էս որտեղի՞ց հայտնվեց:
Ջուլիան շրջվեց ու տեսավ պատուհանից ներս թռած հարսանեկան ծաղկեփունջը:
– Տիկի՛ն ջան, ետ գցեք,- եկեղեցու բակից կանչում էին հարսանքավորները,- հարսը շատ բարձր նետեց ծաղկեփունջը:
Շվարած Ջուլիան, ծաղկեփունջը ձեռքին, մոտեցավ պատուհանին:
– Բռնե՛ք, ջահելնե՛ր, թող նորից գցի:
– Ես քո փոխարեն չէի տա:
Ժանետը սիգարետի բարալիկ շնչառությունը մարեց մոխրամանի սրտում:
Փարիզից, իր ետևից կպած, մի քանի օրով եկել էր Հայաստանը տեսնելու: Որդին՝ Ժանը, Հայաստանում բարեգործական հիմնադրամ ուներ: Ժանետն առաջին անգամ էր Հայաստանում:
– Հա՞, ամեն ինչ քեզ ուրախություն կարող է պատճառել, ախր դա ջահելների համար է: Ինձ ապրեցնողը պոեզիան է, որ ինձ կհերիքի ողջ կյանքում,- ֆրանսերեն սեթևեթեց Ջուլիան:
– Դու գիտես:
Ժանետը գլխին քաշեց մանուշակներով զարդարված հյուսածո գլխարկը, սև ուլունքանախշ շրջազգեստի գոտկատեղը ձգեց կաշվե թանկարժեք կարմիր գոտիով: Վառ կարմիր շրթներկից ու կիսամերկ ուսերից դժվար էր գուշակել նրա առաջացած տարիքը: Նրա խոսքերին այլևս նշանակություն չտալով՝ Ջուլիան ներկում էր եղունգները:
– Իմ իտալացի սկեսուրը հայազգի բոյֆրենդ ուներ, ոչ մի լավ օր չտեսավ:
Ջուլիան մատները պահեց օդում՝ չորանալու: Օդի մեջ հայտնվեցին ծաղկաթերթիկներ, որ, ասես, ուր որ է՝ ճախրելու էին: Հայ տղամարդիկ կարգին սիրեկան չեն լինում, նրանք միշտ ամուսնու պարտականություն են կատարում, իսկ քո սկեսուրը մինչև վերջ դա չհասկացավ: Լավ հիշում եմ՝ միշտ բողոքում էր:
– Լավ, գրողի ծոցը իրենք:
Ժանետը, փակելով սև, խոշոր ճամպրուկները, բանալիների խուրձը նետեց պայուսակի մեջ:
Ջուլիան հագավ ամառային ծաղկանախշ շրջազգեստը և փարթամ մազերը հավաքեց մեկ փնջի մեջ, ամրացրեց ծոծրակին: Մի քանի խոպոպիկներ ճակատին իջան, դրանց ձեռք չտվեց:
Եկեղեցու բակում ուրախ աղմուկ էր: Պսակադրությունն ավարտվել էր, և հարս ու փեսայի վրա վարդաթերթեր էին շաղ տալիս:
Աստիճաններով իջնելիս Ջուլիայի ճամփան փակեց միջին տարիքի մի սմքած կին:
– Քույրի՛կ ջան, հիվանդ էրեխուս համար մատաղի փող եմ հավաքում:
Ջուլիան քրքրեց պայուսակը, կոկորդին մի բան դեմ առավ:
– Էսքանը հերի՞ք է,- հազիվ կարողացավ խոսել՝ կնոջը մեկնելով պատկառելի գումարը:
Կինը շփոթվեց, օրհնանքի մի քանի խոսք մրմնջաց: Ժանետը, կատարվածից ապշահար, սկսեց քրքրել իր պայուսակը.
– Էդ կինն ի՞նչ էր վաճառում:
– Բան էլ չէր վաճառում,- ասա քո ի՞նչ խելքի բանն է,- իր ցավն ու դարդն էր բաժանում, մեզ էլ բաժին հասավ, որ հեշտ ապրենք, որ խղճի մասին չմոռանանք:
– Ես էլ կառնեի,- գումարն ափերի մեջ սեղմած` ժանետը չէր հանգստանում:
– Իր ցավն ու դարդը կառնեի՞ր,- դառնացավ Ջուլիան:
– Ուրիշի ցավն ինչո՞ւ պիտի առնեմ,- Ժանետը փողը դրեց տեղը:
Եկեղեցու բակով անցնելիս մի մանուկ ջրի շիթն ուղղեց նրանց վրա: Ջուլիան ուրախ քրքջաց, Ժանետը փախավ մի կողմ:
Բաց սրճարանում Ջուլիան տեսավ իր բանաստեղծ ընկերներին: Դեռ հեռվից ձեռքով իրար ողջունեցին:
Վաղուց էր հեռացել հայրենիքից: Ամուսնու մահից հետո որոշեց եկեղեցու հարևանությամբ բնակարան գնել: Այժմ Զանգվի ափին մի գողտրիկ օջախ է ստեղծել, որտեղ հյուսում է իր երգը: Նստեցին սեղանի մոտ: Հարցուփորձից հետո մի փոքր գինովցած պոետ Արմենը մատը տնկեց Ժանետի վրա:
– Էս կինն ո՞վ է:
– Ժանետն է՝ Փարիզի իմ հարևանուհին: Տղան այստեղ հիմնադրամ ունի, եկել է Հայաստանը տեսնելու:
Արմենի ագրեսիվ տոնից Ժանետը վատ բան գուշակեց:
– Այո՛, այո՛, բարեգործություն: Որդիս՝ Ժանը, դրանով է զբաղվում,- ասաց նա ֆրանսերեն:
– Արա՛, էս հայերեն էլ չես խոսո՞ւմ, բա էդ ի՞նչ լեզվով եք բարեգործություն անում:
– Հանգստացի՛ր, Արմե՛ն, մարդ հազար ու մի գործով կարող է Հայաստան գալ,- փորձեց նրան զսպել Գոհարը:
– Արա՛, խո Հայաստանը հիվանդ մամաս չէ, որ գալիս են տեսության: Հայաստանին տեսության գալ պետք չէ, առողջությունը լավ է, ո՛չ ջերմություն ունի, ո՛չ էլ՝ դեղի կարիք: Հայաստան գալ ու ապրել է պետք: Թե՞ մեզ են ուզում տեսնել, խո վանդակի մեջ փակված գազաններ չենք, որ էս օտարները գան ու տեսնեն:
– Օտար չէ, Արմե՛ն ջան, որբ է եղել, օտարները որդեգրել են, բայց հայերեն չեն սովորեցրել: Սկեսուրն իտալացի է, ամուսինը՝ խառնածին:
– Հա՛, հա՛, սկեսուրս իտալացի էր, բայց բոյֆրենդը հայ էր, նրանից քիչ ու միչ հայերեն եմ սովորել,- ֆրանսերեն պարզաբանեց Ժանետը,- օրինակ՝ «ցավդ տանեմ, ո՞նց ես»:
– Արյունս պղտորվում է, ցավդ տանեմ, Ջուլիա՛, ախր ո՞վ է էս կինը:
– Հայ է, Արմե՛ն ջան, պոեզիա էլ շատ է սիրում:
– Հա,- աշխուժացավ Արմենը,- դե թող ասի, թե ո՞վ է էս պոետ ընկերս:
– Արան է, Արթյան Արան,- վրա տվեց Ջուլիան, բայց Ժանետը նրան դեռ չի ճանաչում: Ինձ էլ չի կարդացել, բայց իմ պոեզիան հավանում է: Ֆրանսերեն է կարդում:
– էլ ո՞ւմ համար է եկել Հայաստան: Շիրազ ու Չարենց կարդացե՞լ է, դե թող ասի:
Ջուլիան կարկամեց: Ժանետը հարցական նրանց էր նայում:
– Չէ՛, Արմե՛ն ջան, սա մեր դասականներին որտեղի՞ց իմանա:
– Վարուժան, Մեծարենց, Սիամանթո, դե թող ասի՝ կարդացե՞լ է:
– Վարուժա՞ն,- հանկարծ մեջ ընկավ Ժանետը, որ Արմենի սպառնագին կեցվածքից վախեցած` գլխարկը հանել ու պինդ սեղմել էր կրծքին:- Աh, Վարուժան, Վարուժան, գիտեմ, գիտեմ, դիմացիս հարևանն էր, անցյալ տարի մահացավ: Ես էլ մի փունջ շքեղ քրիզանթեմներ տարա:
Ջուլիան ակամա թարգմանեց:
– Արա, ես չեմ դիմանա:
Արմենը գլուխն առավ ձեռքերի մեջ ու դառնորեն հեկեկաց:
– Ես ալ շատ արտասվեցա, հարկավ, պարոնը կճանչնար Վարուժանը:
– Հանգստացի՛ր, Արմե՛ն ջան,- Գոհարը փորձում էր մխիթարել Արմենին,- ախր էս կինը ձեզ կարդալու համար չի եկել: Նա Հայաստանը տեսնելու է եկել:
– Էս կինը Մաշտոցին էլ չգիտի, Շիրազին էլ, ինձ ու քեզ էլ, Սևակին էլ:
– Սևա՞կը, հա՜, Սևակը, մի փողոց այն կողմ է ապրում, լավ ծերուկ է, միշտ իրար բարևում ենք,- ֆրանսերեն բլբլում էր Ժանետը:
Քամին հատուկենտ տերևներ էր պոկում ու թափում մեր սեղանին:
– Սևակը չկա, Սևակը չի ծերացել,- արդեն միայն իր համար ողբում էր Արմենը:
Ջուլիան հատուկենտ բառեր թարգմանեց:
– Ինչպե՞ս, մահացե՞լ է, ափսո՜ս, չգիտեի, թե չէ հուղարկավորությանը անպայման կմասնակցեի,- Ժանետը թաշկինակը տարավ աչքերին,- ախր երկու շաբաթ առաջ տեսա նրան. այնպես առույգ էր, ո՞վ կսպասեր: Հաստատ ավտովթարից կլինի, ինչո՞ւ իմաց չարեցիր,- ֆրանսերենով դիմեց Ջուլիային:
– Հայե՛ր, ձեր ցավը տանեմ, ասեք, որ Իսահակյան ու Տերյան էլ ունենք, ասեք՝ թող գեթ մի հատիկ հայերեն բանաստեղծություն ասի, ախր հայ է, իմ հայ քույրն է,- մորմոքում էր Արմենը:
– Չգիտի, Արմե՛ն ջան, ախր ինքը Հայաստանում չի ապրել: Ես հենց հիմա բոլոր մեծերին անգիր կասեմ,- ասում էր Ջուլիան:
– Չէ, թող ինքն ասի, թող իր Ժան անունով որդին ասի, իր եսիմինչ անունով թոռն ասի: Ջուլիա՛ ջան, էսքան հայ մարդ ո՞նց կորցրինք: Էլ Հայաստան ինչո՞ւ է եկել, ի՞նչ է անելու:
– Կսովորի, Արմե՛ն ջան:
Ջուլիան փորձում էր փրկել դրությունը:
– Դե ռա՛դ էղեք, ինձ մենակ թողեք:
Արմենը գլուխը բարձրացրեց ու հուզված նայեց նրանց:
Կինը կարծես հասկացավ նրան ու աթոռը ետ-ետ տարավ: Հետևում հաստաբուն կաղնին էր, աթոռի ոտքն ընկավ ծառի փոսի մեջ: Ժանետն աթոռի հետ ետ գլորվեց: Արմենը, անակնկալից խայթված, վեր թռավ:
– Վա՜յ, արա՛, էս ի՞նչ եղավ:
Նա ապշահար եղած կնոջը զգուշորեն բարձրացրեց, նստեցրեց, գլխարկը խնամքով թափ տվեց ու դրեց գլխին:
– Նստի՛ր, հանգի՛ստ նստիր, քեզ էստեղ բան ասող չկա: Արա, էս կինն էլ մեր արյունն է, էս էլ եղեռնի զոհ է, հետո ի՞նչ, որ կենդանի է մնացել,- Արմենը նորից գլուխը դրել էր սեղմած բռունցներին ու հեկեկում էր:- Իրան բան չասեք, իրան բան ասողի…
Արմենի հետ անարգել լալիս էր Ժանետը: Նրանց ոչ ոք չէր խանգարում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։