Հարգալից՝ բարև՛, բարի՛ լույս, լա՞վ եք, ոչի՛նչ, փա՛ռք Աստծո։ Այսքանը կամ մի քիչ ավելի՝ շուկա՞, չէ՛, գնամ տեսնեմ աշխարհում ո՞վ կա։ Ծերուկը՝ խաղաղ, ինքնամփոփ, մտերմության առիթ չի տալիս։ Նոր մարդ է մեր բազմահարկ շենքում, չգիտեմ՝ որտեղից է եկել։ Հաճախ չէ, որ հանդիպում ենք։ Ես ութերորդ հարկում եմ, ինքը՝ երկրորդ, վերելակից չի օգտվում։ Թագավարակն էլ համը հանեց, տանից քիչ ենք դուրս գալիս։
Անցած ուրբաթ օրը (փետրվարյան տաք, գրեթե գարնանային եղանակ հիշեցնող օր էր), թերևս մեկ ամիս հետո վերջին հանդիպումից, հենց շենքի մուտքի մոտ նա մոտեցավ ինձ։
- Բարի օր, ինչպե՞ս եք։
– Ոչինչ, սատանայի ականջը խուլ, դեռ կարողանում եմ խուսափել վարակից, հուսամ՝ դուք էլ…
Աչքիս՝ ծերուկը փոխվել էր։ Ասես, մտերմության, զրույցի կարիք ուներ։ Թվաց՝ մի քիչ էլ խռովված է, զրուցակից է փնտրում։
– Ոնց որ թե շտապո՞ւմ եք,- հարցը ստուգողական էր՝ պատմե՞լ, թե՞ չպատմել։
- Չէ՛, այսօր ազատված եմ տան հոգսերից, գնում եմ մյուս փողոց՝ կրպակից թերթեր գնելու։
– Լավ է, դեռ թերթեր էլ եք կարդում,- ասաց։
- Միայն այսօր՝ ուրբաթ օրը։ Միայն այսօր են լույս տեսնում «Գրական թերթն» ու «Ազգը»։
– Իմը միայն հեռուստացույցն է… Ես էլ եմ այդ կողմ գնում…
Մինչև հասնելը երկու փողոց պիտի կտրեինք և զբոսայգին։ Օրը տաք էր, քայլներս ակամա դանդաղում էին, երբեմն կանգնում էինք, զրույցը… կարելի է ասել, որ այն ավելի շատ մենախոսություն էր, ես լսողն էի, պատասխաններս՝ այո կամ ոչ, հանգստացնող, համոզող կարճ արձագանքներ։
Իր հուզումի, բարկության պատճառը իր հետ կատարված պատմությունն էր։ Եվ ուզում էր կիսվել մեկի հետ, ուզում էր ճշտել՝ ինչում է ինքը սխալ, արդարամիտ ու բանական մի տարեց մա՞րդ է, թե՞ «ցնդած ծերուկ», ինչպես որակել էին իրեն հենց իր ներկայությամբ։ Ուզում էր հասկանալ, թե ինչու էին քմծիծաղ տալիս իր խոսքերի վրա, ինչու էին իրեն խաբում։ Ու իրեն առավել անհանգստացնողը իր սևեռումն էր՝ «գուցե իսկապե՞ս ցնդել է»։
– Ես կարիք ունեմ մի լուրջ, սթափ մարդու խորհրդի։ Մի քանի անգամ Ձեր ելույթները լսել եմ հեռուստացույցով։ Մտածեցի՝ հարևաններ ենք, բարև, բարլուս ունենք, կարող եմ Ձեզ հետ կիսվել, ուրիշներին չեմ ճանաչում, նոր եմ գյուղից եկել։ Ասացիք՝ միայն «Ազգ» ու «Գրական թերթ» եք կարդում…
– Հարևա՛ն,- ասացի,- ինձ հետ դուք-ով մի՛ խոսիր,- մենք գրեթե տարեկիցներ ենք, պատմիր մանրամասն, ո՞վ է քեզ հունից հանել։ Հեռվից էլ նկատել եմ, որ դու հանգիստ մարդ ես։ Մեր շենքի առաջին հարկի հագուստեղենի խանութում մի երկու անգամ տեսել եմ, թե որքան բարեկիրթ, հանդարտիկ ու ժպտերես զրուցում ես վաճառողուհիների հետ։ Ասեմ՝ մինչև խանութ մտնելդ գրավեցիր իմ ուշադրությունը. դրսում, դռան երկու կողքերին կանգնած սիրունիկ աղջիկների մանեկեններին էիր նայում հմայված, մի պահ թվաց՝ ուզում ես զրուցել։ Երևի ջահելության օրերդ էիր հիշել,- կատակեցի։
– Հա՛,- ասաց,- սովորույթ է, վաղուց, երբ քաղաք էի գալիս, խանութների ցուցափեղկերում կամ հենց սրահում կանգնած մանեկենները ինձ մի պահ թվում էին, թե խանութի աշխատողներն են, ուշադիր զննում էի, աստված իմ, այս որքան բնական են, երբեմն ավելի, քան աշխատողները։ Երկար նայում էի, զարմանում, թե ինչպես են պատրաստում։ Կամ թեկուզ արհեստական ծաղիկները, թփերը։ Երբեմն թաքուն շոշափում էի՝ գուցե բնակա՞ն են։ Երբեմն ինձ թվում էր, թե մանեկենները կենդանի մարդիկ են ու կարող են խոսել։
– Հա՛,- ասացի,- երբեմն ինձ էլ է թվացել։ Բայց հիմա դու ինձ ասա՝ ո՞վ է քեզ նեղացրել և ինչո՞ւ։
– Գուցե և հենց այդ սովորությունն էր պատճառը…,- հարց էր թե պատասխան՝ ինքն իրեն էր ստուգում, ապա,- չէ՛, իմ խիղճը… չգիտեմ… չեմ հասկանում… Մինչև հիմա էլ, սովորություն է դարձել, փողոցներով անցնելիս, տրանսպորտով թե ոտքով, ակամա խանութների առջև դրված մանեկեններին եմ նայում, մտքում բարևում ու անցնում։ Մեկ ամիս առաջ անցնում էի այն փողոցով,- կանգ առավ,- ետ նայիր, չէ՛, մյուս, ետևի փողոցով։ Զինվորական համազգեստների մի մեծ խանութ կա։ Դռների մոտ, դրսում, ինչպես հարկն է, կանգնած են «հերթապահ» երկու զինվոր։ Առաջին տպավորությամբ ինձ թվաց, թե իսկական զինվորներ են։ Կանգ առա։ Զինվորական համազգեստներով երկու մանեկեն։ Հասակը, հագուստը, կեցվածքը՝ հպարտ զինվորի։ Ու մեկի դեմքը մի պահ ասես ծանոթ թվաց՝ քրոջս թոռնիկի, որ հիմա ծառայում է բանակում։ Կազմվածքն էլ։ Սիրտս ճմլվեց, վերից վար հայացքով չափեցի հասակը… Աստված իմ… նա ոտաբոբիկ էր։ Առանց կոշիկների, առանց գուլպաների։ Ոտքերը (տաբատը մի քիչ կարճ էր՝ կոճերից վեր) մարմնագույն, այնքան բնական։ Հենց այդպես՝ բոբիկ, նա կանգնած էր սալահատակին։ Հունվարին էր։ Տաք օր։ Գիշերը եկած ձյունը կիսով չափ հալվել էր, տանիքից թափվող ջուրը հոսում էր զինվորի մի ոտքի կողքով, մյուս ոտքը դեռ ձյունի մեջ էր (կողքի շենքի անկյունում էր, արև չէր առնում)։ Այդպես, ձյան ու ջրի մեջ իմ թոռնիկը կանգնած էր ոտաբոբիկ։ Շնչառությունս արագացավ։ Հասկացի՛ր, սա մանեկեն է, ասացի ինքս ինձ, թեքեցի հայացքս ու հեռացա։ Քայլերս արագացրի։ Ասացի՝ ուշքի՛ արի… Բայց դպրոցի առջև կանգ առա։ Գիտես, այնտեղ, հենց շենքի առջև դպրոցի՝ պատերազմում զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված պուրակ կա։ Նստեցի նստարանին, շունչ առա։ Հայացքս մեկ զոհված տղաների անունների վահանակին էր, մեկ՝ դպրոցի դռանը, աշակերտների ելումուտին։ Որոշումս վճռական էր։ Ետ դարձա։ Խանութի դռան մոտ մի պահ կանգ առա, հավաքեցի մտքերս ու ներս մտա։ Հենց դռան ետևում՝ ելարանի վրա մի աղջիկ էր կանգնած, մի տղա ներքևից զինվորական զգեստների կապուկներ էր տալիս, և նա դասավորում էր վերևի թարեքներին։
– Աղջի՛կ ջան,- ասացի շփոթված,- ձեր այս մի զինվորը այս ձնին ու անձրևին ոտաբոբիկ է, հնարավոր չէ՞ կոշիկներ հագցնել։
Նրանք մի պահ շփոթված իրար նայեցին, ապա ժպտացին, հետո լրջացան։
– Հա՛, մանեկե՞նը, հիմա կոշիկ չունենք, բայց մի բան կանենք, հանգիստ եղեք։
Ավելին չկարողացա ասել։ Դուրս եկա։ Բայց դեռ հուզված էի։ Զինվորի կողմը չնայեցի։ Տուն գնացի։ Պատմեցի կնոջս։ Ծիծաղեց՝ «Քեզանից սպասելի էր»։
– Բայց չէ՞ որ…
– Հա՛, հա՛, նրանք խոստացան, իսկ դու խելքդ թռցնում ես… Ասենք, միշտ էլ այսպիսին ես եղել…
Մի քանի օր անընդհատ իմ մտապատկերում ոտաբոբիկ զինվորն էր, իմ արարքը, կնոջս խոսքերը, ծիծաղը, բայց գոհ էի իմ արարքից՝ զինվորս կոշիկ կունենա։ Երբեմն էլ ինքս ինձ հետ վիճում էի՝ «Բայց նա ընդամենը մանեկեն է», «Բայց նա զինվոր է», «Նրա ոտքերը հո միս ու ոսկոր չեն», «Բայց դրանք այնքա՛ն բնական էին, տղայի մերկ ոտքեր էին»….
Երևի մի տասն օր տանից դուրս չեկա… Չէ՛, չէի վարակվել, մրսածություն էր, հարբուխ։ Հեռախոսով հայտնեցին, որ փոստային բաժանմունք գնամ՝ ջրի վարձի մուծման հետ կապված թյուրիմացություններ կան։ Գնացի։ Իսկ երբ տուն էի վերադառնում, ոտքերս ակամա ինձ այն խանութի կողմը տարան։ Մայթով անցնում էին մարդիկ, խանութ մտնող չկար, միայն երկու տարեց կին կանգնած ուշադիր նայում էին զինվորին։ Մոտեցա։ Լսեցի՝ «Աղջի՛, լրիվ բոբիկ է… քոռանան քո մոր աչքերը… Անխիղճներ…»։ Ու դարձյալ անձրևաջրի ու կիսահալ ձյան մեջ էր իմ թոռնիկ զինվորը՝ ոտաբոբիկ… Բայց ինչո՞ւ ինձ խաբեցին, թե մի բան կանեն, ստեցի՞ն, թե՞ մոռացան… Բարկացած ներս մտա։ Սրահի կենտրոնում հենց գետնի վրա լցված զգեստների ու կոշիկների կույտերն էին խմբավորում երկու տղա ու մի աղջիկ, հաշվում էին, թվերը հայտնում սեղանի ետևում նստած իրենց ակնոցավոր գլխավորին (չգիտեմ՝ վարիչն էր թե տերը)։ Նայում էի ու չգիտեի ինչպես սկսել։ Նրանցից մեկը կռացած, թեքվեց ու սիրալիր՝ ձեզ ի՞նչ է հարկավոր, պապի՛կ, ասաց։ Չգիտեմ՝ ինչու՝ շփոթվեցի ու մի քիչ կակազելով ասացի.
– Չգիտեմ՝ ձեզանից ովքեր էին այն աղջիկն ու տղան, որ ինձ խոստացան, թե զինվորին կոշիկներ կհագցնեն, խաբեցի՞ք, թե՞ մոռացաք։
Նա զարմացած կանգնեց նայեց նախ՝ ինձ, ապա՝ մյուսներին, իսկ մյուսը (երևի ինքն էր) ասաց.
– Չէ՛, չենք մոռացել, իր ոտքին հարմարը չգտանք…
– Այսքա՛ն կոշիկների մեջ չգտա՞ք… Տղա՛ ջան, մի քիչ մեծն էլ չկա՞ր…
– Ինչի՞ մասին է խոսքը,- հարցրեց շեֆը։
Պատմեցի, բացատրեցի։ Իսկ նա՝
– Հայրի՛կ ջան, մենք հագցնում ենք, կոշիկ չի դիմանում, շուտ են մաշվում։
– Ոնց թե,- թվաց՝ ինձ ծաղրում է,- կարող է գիշերները քայլո՞ւմ է սարերում…
– Անձրևից ու արևից են քայքայվում։
– Իսկ դուք նորը հագցրեք։ Չունե՞ք, թե՞ ափսոսում եք։- Բարկացա։- Դուք խիղճ չունե՞ք։ Մտածեք, թե ինչ կզգան ձեր խանութի մոտով անցնող այն ծնողները, որ զինվոր որդիներ ունեն։ Նրանք չեն մտածելու, թե նա մանեկեն է։ Հա՛, ասենք թե մանեկեն է, բայց նա ձեր խանութի պահապանն է, ձեր ապրանքը գովազդողը, նրան նայելով են մարդիկ ձեր խանութ մտնում, գոնե ձեր բիզնեսի մասին մտածեք…
– Դուք ճիշտ եք, հայրի՛կ, մի՛ անհանգստացեք, մենք այդ հարցը կլուծենք,- ասաց շեֆը, ապա թեքվելով՝ հրահանգեց,- տղանե՛ր, չմոռանա՛ք։
Հեռացա ինքս ինձանից գոհ և հավատով, թե հարցը լուծված է, քանի որ ասողը ինքը՝ շեֆն էր։ Դռանը չհասած՝ նկատեցի, որ մի քանի գնորդներ ուշադիր ինձ են նայում։ Երևի լսել էին մեր խոսակցությունը։ Իսկ երբ արդեն ծածկում էի դուռը, «Ծերուկը երևի թե ցնդել է»՝ հասավ ականջիս։ Խուլ ձայն էր, ուշ հասավ գիտակցությանս, և չհասկացա էլ, թե ում ձայնն էր՝ գնորդի՞, վաճառողի՞, շեֆի՞, չէ՛, երևի կնոջս խոսքերի արձագանքներն էին։
Հասանք թերթերի կրպակին։ Գնեցի երկու թերթն էլ։
– Իսկ դրանք հետաքրքի՞ր են։
– Կարծում եմ։
– Հիմա ինձ ասա, ճի՞շտ էի, որ շեֆին կոպիտ պատասխանեցի։
– Չեմ կարծում, թե կոպիտ էիր։ Լսիր,- փորձեցի սրամտել,- գուցե ճիշտ են անում, որ ոտաբոբիկ են թողնում, գուցե ուզում են ցույց տալ, թե որքա՛ն կոփված ու տոկուն է հպարտ հայ զինվորը և չի տրտնջում, չի բողոքում….
Մի պահ կանգնեց, նայեց զարմացած, ապա ժպտաց.
– Հասկացա, կատակում ես… Չէ՛, սրանք հայ չեն, սրանք մարդ էլ չեն, շահամոլ սրիկաներ են, հանուն փողի դրանք մեզ ամեն ինչի էլ կվարժեցնեն… Չհարցրի՝ սրանք՝ ովքե՞ր…
– Թե իմ կարծիքն ես ուզում իմանալ, դու իրավացի ես, դու ճիշտ ես արել, որ հենց շեֆին ես ասել, մնացածները հնազանդ կատարողներ են, կարծում եմ՝ արդեն կատարել են հրամանը։
– Բա՛, իհարկե՛, ինչպե՞ս չէ… Երկու շաբաթ ինքս ինձանից գոհ ապրում էի… Երեկ նորից անցա այնտեղով… Իմ ու քո հպարտ հայ զինվորը ոտաբոբիկ ու նույն տոկունությամբ հսկում էր նրանց անդորրը և ապրանքը։ Մի պահ մտածեցի՝ մտնեմ մի քանի կոշտ խոսք ասեմ, իրենց ստերը իրենց ականջին հասցնեմ, բայց անկեղծ ասած՝ վախեցա երիտասարդ օրերիս մեր գյուղի էն արամատով հայհոյանքները վերհիշեմ… հիմա գիտես, չէ՞, այսօրվա նոր օրենքներով դրանք քրեական ի՛նչ արժեքավոր ապացույցներ են ոստիկանների համար։ Չէ՛, զգաստացա… Թքա՛ծ… Օր ծերության՝ դատարան… Երևի նրանք ճիշտ էին, ամենայն հավանականությամբ ես իրոք մի «ցնդած ծերուկ» եմ։ Հիմա, եղբա՛յր, քո մոտ եմ եկել, ուզում եմ քո կարծիքն իմանալ, հասկանո՞ւմ ես, մի լուրջ, մի ուրիշ մարդու կարծիք՝ ես մա՞րդ եմ, թե՞ արդեն մի «ցնդած ծերուկ» եմ…
Նա արդեն անցել էր դու-ի, նա ուզում էր անկեղծ խոսք լսել։
– Լսիր, եղբա՛յր, երիտասա՛րդ,- ծիծաղելով ասացի ես,- դու ամենաճիշտն ես, և հավատա՝ զինվորդ անկոշիկ չի մնա, մի քիչ էլ սպասիր։ Համ էլ հրես՝ գարուն է գալիս, ամառ, իսկի կոշիկի կարիք էլ չի լինի։
Հեռախոսով ինձ շտապ կանչեցին։ Ծերունուց բաժանվեցի։
Երկու օր մտքումս ծերունու խոսքերն էի հոլովում։ Երրորդ օրը ակամա ոտքերս ինձ այն փողոցը տարան՝ իմ աչքով տեսնելու։ Ոչինչ չէր փոխվել, հաստատ բանի տեղ չեն դրել։ Չհամբերելով՝ ներս մտա և… Հարյուրավոր զինվորական կոշիկներից գնեցի ամենադիմացկունը, իսկ ուշ երեկոյան, երբ գրեթե արդեն մութ էր, եղբորս տղայի հետ այդ կոշիկները՝ հետն էլ մի զույգ գուլպա, հագցրինք զինվորի մերկ ոտքերին։ Աստվա՛ծ իմ, երբ բռնել էի նրա մերկ ոտքը, մի պահ ինձ թվաց, որ այն տաք է, և երակը տրոփում է, սարսռացի…
Գուցե ծերուկը վաղը նորից կանցնի այդ փողոցով։