Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են քսաներորդ դարասկզբի հայ և համաշխարհային բանաստեղծությամբ և հասարակական ու անձնական կյանքի գեղարվեստական հետազոտությամբ, Ազատ Եղիազարյանի «Հայ բանաստեղծության ոսկեդարը» հատորյակը (Երևան, 2019) հետաքրքրական, թարմացնող գիրք է: Մենք համարյա անմիջապես ընկալում ենք, թե ինչու է հեղինակը ընտրել այս վերնագիրը մի գրքի համար, որի ենթավերնագիրն է «Դիտողություններ 20-րդ դարասկզբի հայ բանաստեղծության մասին»: Ի հակադրություն անցյալի բանաստեղծության նեղ մոտեցումների, որոնք ևս գեղարվեստական բարձր նվաճումներ ունեին, 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ բանաստեղծության ընդգրկումները և բազմազանությունը աննախադեպ էին: Այն հավասար խորությամբ շոշափում է սոցիալական և անհատական կյանքի բոլոր կողմերը՝ սերն անկասկած, բայց նաև ըմբոստությունը ազգային ճնշման դեմ, դասակարգային խնդիրները և պայքարը հանուն ազատության, հասարակությունից օտարացած և նրան հակադրված անհատի դառնությունը քաղաքային անտարբերության մթնոլորտում, համամարդկային արժեքների բացահայտումը գյուղացիական Հայաստանի հասարակ մարդու ողբերգություններում, բնությունը, տիեզերքը, կյանքի և մահվան գլխավոր գոյաբանական հարցերը: Ազատ Եղիազարյանը բազմաթիվ մեջբերումների օգնությամբ ցույց է տալիս, թե ինչպես են դրանք արտացոլվում ճշգրիտ, կենդանի ձևերով, նրբերանգներով ու բարդությամբ՝ ծնված իրական կյանքի անվերջորեն բազմազան, հակասական փորձից:
Ընդգրկուն հայացքը, որն իր մեջ ներառում է հարուստ ինտուիցիան, դիպուկ անհատական և համեմատական մեկնաբանությունը, մեզ ցույց է տալիս 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի մեծերին՝ Հովհաննես Թումանյան, Դանիել Վարուժան, Պետրոս Դուրյան, Ավետիք Իսահակյան, Ռուբեն Սևակ, Վահան Թեքեյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Սիամանթո և Միսաք Մեծարենց:
Հայկական պոեզիայի ոսկեդարի այս ճարտարապետներից ամեն մեկն ուներ իր անհատական դեմքը, իր ինքնատիպ ոճը և իր սեփական փիլիսոփայական հայացքը, որը հաճախ խորապես և անհաշտելիորեն տարբեր էր մյուսներից: Բայց նրանք, մյուս կողմից, հանդես են գալիս իբրև մի աչքի ընկնող ամբողջություն: Քննարկելով նրանց բանաստեղծական ընդգրկումների լայնությունը, հաստատելով ազգային գրականության իրականությունը, որը ներառում է արևմտահայ և արևելահայ գրականությունները, Ազատ Եղիազարյանը միաժամանակ ներկայացնում է նրանց ստեղծագործությունը իբրև կենսական դրամաների մի ամբողջական արտացոլում: Նրա մեկնաբանությունը ընդգծում է ոչ միայն բանաստեղծական մտքի ընդգրկման չափերը, այլև դրա ազգային և համամարդկային հնչողությունը, որը նրանց դարձնում է իսկապես միջազգային բանաստեղծներ: Մեր չարագույժ 21-րդ դարի կոպիտ իրողությունների լույսի ներքո արժե ուշադրություն դարձնել 20-րդ դարասկզբի պոեզիայի սոցիալ-քննադատական չափումին, որը վերահաստատում է Ազատ Եղիազարյանը արևմտահայ Դանիել Վարուժանի և արևելահայ Եղիշե Չարենցի ստեղծագործությունների քննությամբ: Անկախ իրենց աշխարհագրական, սոցիալական և կրթական հեռավորությունից, նրանց պոեզիան ցուցադրում է աչքի ընկնող ընդհանրություններ հարուստների, ընտրյալների և ապահովվածների զայրացկոտ մերժման մեջ: Նրանք խոր համակրանք ունեն աղքատների, ունեզուրկների, անտունների հանդեպ: Նրանց պոեզիան տպավորիչ արտահայտությունն է մարդկության ազատագրության համար աշխատավոր դասակարգի մղած պայքարի: Այս քննադատության հետ միասին, որը ազդված էր դարի սոցիալիստական միտումներից, երկու հեղինակները հարվածում էին անհատի ապամարդկայնացման միտումներին, քաղաքային կյանքի օտարացման սպառնալից ընթացքին: Երկու բանաստեղծների ստեղծագործության սոցիալական և անհատական չափումները տարածվում էին հայկական կյանքից և իրենց ժամանակից անդին:
Անարդար սոցիալական կարգերի մերժումը իբրև ժամանակի բանաստեղծական դեմքի որոշիչ գիծ հաստատվում է Թումանյանի և Ռուբեն Սևակի ստեղծագործությամբ: Երկուսն էլ հիանում էին եվրոպական մշակույթով: Բայց նրանք Արևելքի ժողովրդական մշակույթում տեսնում էին մարդկային համերաշխություն, որն ակնհայտ էր հասարակ մարդկանց կյանքում, իբրև հակաթույն ապականված, մարդկային կապերը կորցրած, թալանչիական Արևմուտքի: Եղիազարյանը շոշափում է շատ այլ խնդիրներ, բանավիճական կայծեր է նետում ասպարեզ: Նա խոսում է Թումանյանի՝ բնության անկրկնելի ընկալման, հասարակ մարդու կյանքի և հոգու՝ նրա այնքան խորը ճանաչողության մասին: Նա քննում է Վահան Տերյանի պոեզիայի տրտում, կենտրոնացած հայացքը մարդու մենակության, օտարացածության մասին, որն առաջացնում էր փախուստ ժամանակակից քաղաքային թունավոր կյանքից: Նա նշում է Իսահակյանի մերժումը և հեռացումը նրանից, ինչ ինքն զգացել է իբրև դաժան աշխարհ: Հակադրվում են Թումանյանի և Իսահակյանի հայացքները և զգացողությունները մահվան և շատ այլ խնդիրների հանդեպ:
Իր իմացական, զգայուն և հումանիստական մոտեցումներով Ազատ Եղիազարյանը մեզ ընդունակ է դարձնում գնահատել 20-րդ դարասկզբի հայկական բանաստեղծությունը մեր այս դժվարին 21-րդ դարում: Մենք զգում ենք, որ այդ բանաստեղծները մեզ հետ են մեր անհանգիստ ժամանակի հետ մեր բախումներում:
Կարդացե՛ք այս գիրքը: Այն անգնահատելի դուռ է բացում դեպի իսկապես մեծ մի բանաստեղծական աշխարհ:
Հոդվածը հրապարակվել է ինտերնետային անգլիալեզու “Grung”պարբերականում ս/թ փետրվարի սկզբին: