«ԵՍ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԵՑԻ» ԿԱՄ «ԵՐԱՆԵԼԻ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԸ» (Հարություն Հովնաթան, Երանելի Մկրտիչ Սարգսյանը, Եր ., 2018թ.) / Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«ԵՍ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԵՑԻ» ԿԱՄ

«ԵՐԱՆԵԼԻ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԸ»

(Հարություն Հովնաթան, Երանելի

Մկրտիչ Սարգսյանը, Եր ., 2018թ.)

Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բան.  գիտ. թեկնածու

 

«Գրողի հիմնական նյութը, եթե մի արտահայտությամբ ուզենանք ասել, մարդագիտությունն է»,-  Հարություն Հովնաթանի հարցազրույցներից մեկում ասում է արձակագիր Մկրտիչ Սարգսյանը:

Այս գիրքը նրա ու առաջին հերթին նրա մարդագիտության մասին է՝ «Երանելի Մկրտիչ Սարգսյանը». գիրք (խմբագրությամբ՝ Վահագն Սարգսյանի և Տիգրան Նիկողոսյանի), որտեղ աչքիդ առջև առաջին իսկ տողերից ամբողջանում է Մկրտիչ Սարգսյան մարդու, քաղաքացու, գրողի ու հասարակական գործչի կերպարը՝ ներքին՝ հոգևոր ներդաշնակությամբ, ով, ինչպես Հարություն Հովնաթանն է ասում, «գրելիս ներս էր նայում և, ինչու չէ, ներսից էլ էր նայում»:

«Ի վերջո, գիրը, գրվածը գրավոր կյանք է, մի ուրի՜շ վիճակ, մի ուրի՜շ պատկեր, բայց փորձանքով, խարդավանքով, խաբեությամբ լցված-լմնցած աշխարհի, այս խելահե՛ղ աշխարհի ճամփեքով անցնող մարդը որքա՜ն կարիք ունի, Թումանյանի ասած, վատը լավ տեսնող, համբերող, ներող, սիրող մարդու»,- սա էլ մտքերի պատառիկներից մեկն է նույն Հարություն Հովնաթանի, նրա, ով նաև ցույց տվեց համբերող, ներող ու սիրող մարդուն:

«Ինչպե՞ս եղավ, որ ես այս բաներն այսպես գրեցի, չեմ կարող ասել, չգիտեմ, միայն մի բան գիտեմ. ոչ թե գրեցի, այլ գրվեց, ձեռքը իմն էր, սակայն Մկրտիչ Սարգսյանի հոգին մասնակից էր գրին, ուրեմն՝ հեղինակակից եմ համարվելու»:

Նախ՝ հարցազրույցներ արձակագիր Մկրտիչ Սարգսյանի հետ, մտքեր, որտեղ հանգամանալից խոսքով, գրողի ու ընդհանրապես մշակութային գործչի ներհուն փիլիսոփայությամբ գրողի պատասխանները և կամ թե երկու զրուցակիցների միջև մտերմիկ-գեղարվեստական խոսք ու զրույցը ակամա վերածվում է ժամանակաշրջանի, իրադարձությունների, երկրում պահի հրատապ իրողությունների քննությանն ու վերլուծությանը: Մտքեր կան, որոնք ասվել են երկու և ավելի տասնամյակ առաջ, սակայն այսօր էլ արդիական են, այսօր էլ պետք է սթափ գնահատել իրավիճակը, ինչպես գրողն է ասում, պարզապես սերունդներին «սովորեցնել հայրենասիրության գիտությունը… որն այնքան անհրաժեշտ է երիտասարդությանը՝ մեր հողմածուփ դարում»:

Ուշագրավն այն է, որ այստեղ ներ­հյուսված է երկու կերպար՝ Մկրտիչ Սարգսյանինն ու նրա հոգեկցի կերպարը՝ իրենց առանձնահատուկ սիրով, ջերմ հոգևոր կապով, նաև հող ու ջրի, միևնույն բնօրրանով միացած լինելու փաստով, ինչը քանիցս շեշտում է Հարություն Հովնաթանը: Գրքի միևնույն էջում կարելի է հանդիպել երկու վառ անհատականությունների միաժամանակ և բացահայտումներ անել երկուսի վերաբերյալ:

Բացի այդ, ժողովածուն հետաքրքիր է նաև պայմանավորված կառուցվածային առանձնահատկություններով. արված է որոշակիորեն համակարգված աշխատանք՝ հնարավորինս ամփոփ և միևնույն ժամանակ լիարժեք դարձնելու ներկայացվող մարդկային ու գրողական կերպարը: Արձակագրի հետ հարցա­զրույցներին հաջորդում են գրողի նամակների մասին էջերը. այստեղ և՛ Մկրտիչ Սարգսյան գրողն է, և՛ նրա զավակը, ընտանիքն ընդհանրապես, ապա և ժողովածուի հեղինակը՝ այս ամենի հանդեպ իր ջերմ վերաբերմունքով:

Եվ ինչպես ժողովածուի հեղինակն է անդադար շոշափում Վերինի անունը, այդպես էլ Մկրտիչ Սարգսյանն է ամեն պահի այդ անունը շուրթին՝ վկայությունն այն բանի, որ գոնե այս երկուսի կապը ակունքվում է Վերևից: Ու եթե փորձենք առանձնացնել Մկրտիչ Սարգսյան մարդու և գրողի կերպարները՝ ըստ Հարություն Հովնաթանի, ապա առաջին հերթին նրա հենց աստվածային էությունն է՝ լցված հոգևոր լույսով, ապա, դրանով պայմանավորված, նրա մարդկային տեսակը՝ հայրենիքի, մարդու, իր նմանի, ընտանիքի, բոլորի և յուրաքանչյուրի հանդեպ իր ուրույն սիրով, ապա համեստությունը, և դրանով հանդերձ՝ նաև համարձակությունը:

«Արյան կարգն ինչպե՞ս են որոշում: Մի կաթիլ վերցնելով և քննելով: Այս նամակները, ահա, իրենց կաթիլային ծավալներով են բացահայտում գրողի մարդ տեսակը»,- բնորոշում է Հարություն Հովնաթանը: Իսկ «ինչպիսի՞ բանաստեղծ է նա, հարց, որին փորձելու եմ պատասխանել: Այնպիսին է, ինչպիսին Մկրտիչ Սարգսյան արձակագիրը, մարդը, հայրենիքի զինվորն ու քաղաքացին… բանաստեղծությունն է, որ գտել, հայտնվել է նրան տեսիլքի պես ու խոսեցրել»,- սկսելով խոսել Մկրտիչ Սարգսյան բանաստեղծի մասին՝ այսպես է ասում Հարություն Հովնաթանը:

Եվ գրողի հայրենասիրությունը, երբ պարզ մի մտքով է տրված. արյան կանչն է այն… պարզապես: «Հայ էր: Իմացա անմիջապես: Դեմքը խիստ էր, երբ քեզ չէր նայում, իսկ երբ աչքերը հառում էր զրուցակցին, դեմքը լուսավորվում էր մի տեսակ մանկական ժպիտով»,- ասում է Մկրտիչ Սարգսյանը: «Մտածում եմ՝ ո՞ւր էր նայում: Կարծում եմ՝ նայում էր իր ներսը, իր ճակատագրին էր նայում, իր կյանքի ճամփին, ինքն իր հետ էր, մռայլ էր…»,- հավելում-ամբողջացնում-լրացնում է Հարություն Հովնաթանը:

Թվում է՝ այս գրքում և այս գրքով արդեն ամեն ինչ ասված է, իսկ իրականում հենց այդպես էլ կա, սակայն մյուս կողմից էլ՝ ճանաչելով նրանց (ստեղծագործություններով, իհարկե), թե՛ Մկրտիչ Սարգսյանը, թե՛ Հարություն Հովնաթանը երկար ու որոշակիորեն խորհելու առիթ են ստեղծում՝ կյանքի մասին՝ անկախ ամեն ինչից, գրողի ու գրողների մասին՝ ընդհանրապես, մարդկային կենսակերպի, հատկապես ընտրյալներին տրվող լուսավոր ներաշխարհի ու ամեն դրականի մասին:

Անդրադառնանք գրքում գրողին ներկայացնելու բնական՝ գրքային հերթականությամբ թե ոչ, միևնույնն է՝ Մկրտիչ Սարգսյան մարդ, գրող, քաղաքացի տեսակի մասին կարելի է գրել առանց ինչ-ինչ տարանջատումների, թեկուզ և բոլոր այս տարանջատումները, բնականաբար, պայմանական են:

Ուրեմն, գրքի ամբողջականության տիրույթներն իրենց ուրույն ափերով ընդգրկում են և՛ Հարություն Հովնաթան, և՛ Մկրտիչ Սարգսյան անհատականություններին: Բաշխվածությունը հավասարաչափ է, այնպես, որ երկուսին էլ կարելի է միաժամանակ զգալ և վայելել, մեկի միջոցով ճանաչել մյուսին և ճանաչելի դարձնել հայ իրականության երկու երանելիներին: Մկրտիչ Սարգսյանը մերթ Հարություն Հովնաթանի ձևակերպմամբ է ներկայանում, մեկ այլ պարագայում՝ սեփական տողերով: Ընդ որում, արձակա­գրի կերպարը միայնակ չէ. նա հայ գրականության մեծերի կողքին, նրանց հոգևոր աշխարհի համապատկերում է (Հ. Շիրազ, Հ. Սահյան, Հովհ. Թումանյան, Վ. Սարոյան, Ե. Չարենց և այլք):

Հետաքրքրական են գրողի ու հուշա­գրողի մտքերի բոլոր զուգորդումները: Ահա սա էլ գալիս է հերթական անգամ հաստատելու վերը նշված խոսքը, թե նրանց միաձուլումը մեկ գրքում առաջին հերթին պայմանավորված է երկուսի հոգեկցության անժխտելի հանգամանքով, և ամենևին էլ պատահական չէ, որ սա Հարություն Հովնաթանն էլ է փաստում. «Նա իրականում իմ ներաշխարհում է, այն է՝ ներս նայելով տեսա այն բարի մարդուն, որ մի ժամանակ դրսում էլ կար, մարմնով էլ…»:

Հետո գալիս է արձակագրի և նրա ստեղծագործությունները քննողի, վերլուծողի գործը, որը, ինչ խոսք, բոլորովին այլ նյութ է, և մեկնաբանություններն էլ յուրօրինակ լինելով՝ նաև ասես անց են կացվում երկուսի միջով, զտվում են, ու այդ բյուրեղացած «խառնուրդը» իր բացառիկությամբ «նստում է» ընթերցողի քիմքին:

Գրքում միայն մեկ կամ մի քանի մտքերի խորությանը չէ, որ հանդիպում ենք՝ այն էլ մեկի ճանապարհը մյուսի միջով, կարելի է ասել՝ դռնով է անցնում. բազմաթիվ են այս խոհ-դռները, մտքերի հոսքի ինքնահատուկ հերթագայությամբ, գրքի հեղինակի, Մկրտիչ Սարգսյանի, ապա այս երկուսի մեջտեղում ինչ-որ մեկ այլ խոհ-մտորում է, անցումային մի տարածք, որտեղ երկուսն էլ կան, և տարբերակիչ սահմանը մե՛րթ ընդգծված է, մե՛րթ երևում է տրամաբանական դաշտում: Իսկ մեկ բանաձևով՝ գուցե թե սա այս երկուսի հոգևոր, էներգետիկ դաշտերի միաձուլումն է՝ արտահայտված նախ՝ զգացականության համակարգում, ապա և՝ գրավոր-գրքային տարբերակով, այն էլ՝ գրեթե շոշափելի:

Նախ՝ Մկրտիչ Սարգսյանը, ապա և՝ Հարություն Հովնաթանը զուլալ, անմիջական ու պարզորեն գեղեցիկ ներկայացնում են իրականությունը: Դրան ավելացրած բնության հրաշալի կտավ-պատկերները, որոնք ընդգրկուն ու թավ վրձնահարվածներով ներկայացնում է նաև արձակագրի ստեղծագործությունները հանգամանորեն, բծախնդրորեն ու նրբանկատորեն քննության առնողը:

«Ներածականից հետո իջնեմ իմ մտքի դաշտը, փորձեմ անցնել այն ճանապարհով, որով անցել է Մկրտիչ Սարգսյան գրողը…»,- նշում է Հարություն Հովնաթանը՝ ճամփա ընկնելով գրողի ոտնահետքերով:

«Ինչպե՞ս եղավ, որ ես այս բաներն այսպես գրեցի…

Երանելի էր այս երկխոսության մեջ հայտնվելը, որ տեղի ունեցավ նաև հոգու հաղորդակցությամբ»…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։