Գրիգոր Նարեկացին «Մատեան ողբերգութեան» երկում պարբերաբար անդրադառնում է դրա ստեղծման ընթացքին, դերին, նպատակին` արտահայտելով իր պատկերացումը քրիստոնեական մեկնակերպով ընդհանրապես գրքի վերաբերմամբ:
«Մատեան ողբերգութեան» երկի ստեղծման ընթացքի դերի, նպատակի հեղինակային մեկնությունները գրքի բովանդակության կարևոր մասն են կազմում` միանալով կրոնատեսական բարդ համակարգումին: Գրքի վերաբերյալ մեկնությունները անբաժան են դավանաբանական խնդիրներից, քանզի բանաստեղծի միստիկական աշխարհայացքում Խոսքը, Գիրը աստվածային սկզբնավորումով իրենց գերակա դերակատարությունն ունեն նոր ժամանակաշրջան թևակոխած կրոնատեսական համակարգում:
Չմոռանանք, որ կրոնագիտության մեջ քրիստոնեությունը համարվում է գրի կրոն: Գրիգոր Նարեկացին գրքի վերաբերյալ պատկերացումները բարձրացնում է քրիստոնեության` գրի կրոնի պահանջած աստիճանի: Ագաթանգեղոսի գրքում զետեղված «Վարդապետութիւն»-ում ասված է. «Տէր պատմեսցէ գրովք ժողովրդոց»1:
Բյուզանդագետը գրում է. «Յուրաքանչյուր քրիստոնյայի համար հիմնական հեղինակությունը Սուրբ Գիրքն էր2»: Դիմելով բյուզանդական գրականության փաստերին` նկատի ենք ունենում, որ հայ գրականության հետ նույնաբնույթ զուգահեռները արդյունք են քրիստոնյա ժողովուրդների մշակույթների ընդհանրությունների:
Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ում Աստվածաշունչը ընդունվում է որպես Աստծո խոսք: Նոր կտակարանները բանաստեղծի համար կենարար գրքեր են («Զի քրիստոսեան Աւետարանն կեանս է ամենեւին…», ԼԳ, դ):
Աստվածաշունչը համարվել է «աստվածային սկզբի մասնակցության թանկարժեք գրավ»3:
Նարեկացու պատասխանատվությունն իր իսկ երկի հանդեպ մեծ է, քանի որ այն ևս դիտում է Աստծուց փոխանցվող խոսք:
– Քո միայնոյ են այսոքիկ, Տէր,//Ի քէն ազդեցաւ գրել ինձ զսոսին… (ՀԴ, գ)
Նա Աստծուց իր ստեղծաբանման վրա ազդեցություն է ակնկալում.
– Արդ, մատո, խնամակալ, հզաւր, երկնաւոր, բարի,//Ամենից հաստիչ յոչէից,//Զբանիդ զաւրութեան իմաստից կայծակն//Ի գործի ազդման լեզուիս շարժութեան… (Իբ,ե)
Իր վրա ներգործելու խնդրանքը կրկնվում է:
Ըստ բանաստեղծի, Աստծուն ընծայված իր փառաբանությունը Աստված ինքն է արարել և իր աջով հաստատել.
– Փառաբանութիւն քեզ վերընծայեմ, անմահ թագաւոր, զոր արարեր եւ հաստատեցեր աջովդ քո հզաւր, աղաչեմ զքեզ, կրկին ներգործեա՜ (ՂԲ, զ):
Իր ստեղծագործությունների շտկում-լրացումը բանաստեղծն ակնկալում է Քրիստոսից:
Նարեկացին, որպես միստիկ, իր երկը դիտում է «հաճելի աղերս» երկնավոր հոր հետ (ՂԳ, ա): Ընդհանրապես աղոթքն է Աստծո հետ կապի միջոցը: Բանաստեղծը ընթերցողներին է կտակում իր երկը, որպեսզի իր խոսքերով նրանք դիմեն Աստծուն` ի նորոգություն և փրկություն իրենց հոգիների (ՀԲ, ա):
Երկը կտակ կոչելը այսպես է բացատրում Գաբրիել Ավետիքյանը. «Կտակ կոչել յայտ առն է` թե զայս մատեան ողբոց գրելով վասն իմ և վասն ինձ նման մեղավորաց, կամ իմ յայտնել ի սմա իբրև ի կտակի` թէ ով եմ ես, զինչ էի, զինչ եղէ և զի՞նչ կարեմ լինել այժմ և զկնի մահու, և ցանկամ զի որպէս կտակ` հաստատուն և հավատարիմ մնայցէ»4:
Տիրոջ իմաստությամբ ձեռնարկած «Մատեան»-ը, ըստ բանաստեղծի, ճգնավորական գործ է, որի հաջողությունը պայմանավորված է Տիրոջ զորությամբ:
Բան ՁԵ, ա-ում հանդիպում ենք «Ճգնավորական» գործի սկիզբը, ընթացքը Տիրոջ հոգու իմաստությամբ ուղղելու, զորացնելու, արագացնելու, ավարտին «դիւորավորս» հասցնելու աղերսանքի.
– Զորացո՜, տէր, ի հանդես բարի//Ճգնաւորական արի վաստակոյ,// Կցորդ լեր կարեացս տկարութեան,// Թեթեւս կացո զաշխատութեանս այս սկիզբն,// Արագեա՜, միշտ կարող, զյառաջադրեալ ձեռակերտս,// Դիւրաւոր ընթացո ի յաւելումն լրմանն,
Ի վախճան իրին բերկրութեան զիս հասո…
«…Աստվածային ազդեցության գործն էր մերթ ուղղել և արթնացնել մատենագիրը և մերթ լոկ հսկել անոր վրա»,- նշված է «Բառարան սուրբ գրոց»-ում:
Համաձայն «Մատեան»-ի, Գրիգոր Նարեկացին ամեն պահ զգում է իր ստեղծագործության վրա Աստծո հսկողությունը:
Աստված պետք է ուղեկից լինի ստեղծագործության ողջ ընթացքին և հեղինակին հասցնի իր նպատակին:
«Ձեռնարկումը», հաջողությամբ ավարտվելով, պետք է ընդունվի Հիսուսի կողմից.
– Արդ, ընկալ, Յիսուս//Զպաղատանացս ձեռնարկութիւն` քեզ ի հաճութիւն…(ՁԵ, բ)
Աստծո ներշնչանքով սկսված ու ավարտված, նրանից ընդունված ու հաստատված լինելն է ահա երկի հեղինակային ընկալման ամբողջական ծիրը:
Բանաստեղծը հին ու նոր կտակարաններում տեսնում է Աստծո «հրաշք գիտությունը».
– Լուսաւորեա՜ ի յիս վերստին զծագումն անստուէր հրաշից գիտութեան աստուածութեանդ քո… (ԼԴ, բ):
Հեղինակն ակնկալում է, որ իրեն փոխանցված աստվածային գիտությունը ինքն արժանի կլինի ուսուցանել «աստվածասէր լսողաց» (ԼԴ, բ): Այսպիսով «Մատեան»-ի նպատակն է` աստվածային գիտությունը և՛ ստանալ, և՛ ուսուցանել: Նա ձգտում է, որ «Մատեան»-ը, իր հերթին, կրկնակ զորությամբ ազդի, ներգործի շատերի վրա, Աստծո ներազդումը տարածի «ի բազումս»:
Նարեկացին կարևոր դեր է հատկացնում գեղարվեստական երկի ներգործմանը` այն դիտելով հոգևոր գրականության պարտադիր պայման: Ներգործման զորությամբ նա պետք է չափի իր երկի բուն արժեքը: Իսկ ներգործության պայմանը թե՛ հեղինակի և թե՛ ընթերցողի հավատն է: Ահա թե ինչու գիրքը նրան պատկերանում է որպես հավատքի շենք («Զհաւատոցն շինուած կառուցից», Ժ, բ): Հավատն է, որ գրավոր խոսքի պատճառ է դառնում:
– Զի հավատացի, ուստի խոսեցի… (ԺԱ, ա):
Նարեկացին իր ստեղծագործությունը ճանաչում է որպես կյանքի փրկության դեղ և խոստովանության ճանապարհի ուղեցույց, կյանքի կանոնների պատգամ-մատյան: Հասկանալի է դառնում, որ քրիստոնեական այս երկը բանաստեղծի աչքում մարդու փրկության վեմն է: Նա շնորհ է հայցում «Խաւսել համարձակութեամբ զկենդանարար խորհուրդ աւետեաց Աւետարանիդ»:
Բանաստեղծը հենց սկզբից հռչակում է երկի վերընծայումը Տիրոջը («Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց» (Ա, ա): Իրեն դիտարկելով որպես բանական զոհ, երկը համարում է իր կամավորական նվերը, այն էլ «ողջակիզեալ»: «Ողջակիզեալ»-ը պետք է ընդունել մարդկային հանցավորության քավության նշան: «Մատեան»-ում ձևավորում է ստացել իր իսկ նշանակության խորհուրդը: Այն անբաժան է պատմության աստվածաբանական կառուցվածքի ընկալումից: Իսկ այդ կառուցվածքը միջնադարագետն այսպես է բնութագրել. «Մեղքով, թողությամբ ու փրկությամբ ռիթմավորված ընթացքը ձևավորում է պատմության աստվածաբանական կատուցվածքը»: Երկի խորհուրդը պարփակված է պատմության աստվածաբանական այդ նույն կառուցվածքում (մեղք, թողություն, փրկություն):
Անտարակույս, Գր. Նարեկացու ստեղծագործության գլխավոր նպատակը մարդկության փրկությունն է: Հարկ է նկատի ունենալ, որ քրիստոնեությունը Որդու` Փրկչի պաշտամունքի կրոն է («Միայն հնարաւորդ առ ի փրկութիւն…» (ԺԸ, զ): «Մատեան»-ը փրկության ուղիների որոնման, փրկության հավատի ստեղծագործություն է: Բանաստեղծը մարդու փրկությունը տեսնում է մաքրագործման և Աստծո հետ վերամիավորման մեջ («Բանիդ առակաւ, ի քեզ, տէր, անկայյց// Միացեալ իսպառ անբաժանելի» (ԼԵ, բ):
Երկի նպատակը Փրկչի շարժումն է դեպի փրկվողները: Բանաստեղծը այդ ընթացքին հետևելու համար գործի է դնում քրիստոնեական միստիկական ողջ զինանոցը:
«Մատեան»-ը ողջ բովանդակությամբ ուղղված է Քրիստոսին` ներքնապես հետևելով փրկության ուղեգծում մարդու գոյաբանական խնդիրներին:
Այժմ անդրադառնանք «Մատեան»-ի «Դրութիւնք»-ին, որը գաղափար է տալիս երկի բովանդակության ու հեղինակի նպատակների մասին և որտեղ սեղմ ցուցանված են ստեղծագործության մարմնավորած միստիկական սկզբունքները: Գրքի բովանդակության և նրա ներգործուն դերի մասին հեղինակը գրում է նաև ՁԸ գլխում, շատ հարազատ «Դրութիւնք»-ին:
Ներկայացված սկզբունքները Նարեկացու կողմից ընկալվել են պարտադիր ու անփոխարինելի: Նա միստիցիզմով է պայմանավորում իր երկի ներգործուն դերը: Այդ դերը բանաստեղծը կապում է երկի պարունակած «օգտակար խոսքերի», «հոգեշահ խրատների», «կյանքի զղջական կանոնների» «աներեւոյթի հայտնութեան», «մեղքերի խոստովանութեան», «գաղտնիքի ցուցմունքների», «ծածկեալների տարածման», «թաքնվածների հանդիմանութեան», «վերքերի բժշկութեան», աղոթքի հետ:
Այս ամենը միստիցիզմի, երկի գաղտնածիսական բովանդակության ուղենիշներ են:
Սուրբ Երրորդությունը գաղտնիք և հրաշք է: Գաղտնի խորհուրդը բնորոշ է եկեղեցու ծիսակատարություններին: Ահա և Նարեկացին գնում է դեպի հրաշքի ու գաղտնիքի խորհուրդը:
Ավելորդ չի լինի նշել, որ գաղտնածիսությունը եգիպտական կրոնի առանձնահատկություններից է, ինչը ազդել է քրիստոնեության և նրա ծիսակարգի ձևավորման վրա: Հայտնի է նաև, որ բաբելական կրոնն ու քրմական գիտությունը գաղտնածիսության առումով ազդեցություն են թողել հրեական կրոնի, նորպլատոնականության և վաղ քրիստոնեության վրա:
Հարկ է նշել, որ միստիկական բանաձևերը` «տարածեսցէ զծածկեալսն, հռչակեսցէ զգաղտնիսն, յայտնեսցէ զաներեւոյթսն» և այլն, երկում ունեն հարասական բնույթ և դառնում են ստեղծագործության բովանդակային հենակետերը:
Ահա օրինակներ տարբեր գլուխներից.
– Եւ զորքան ծածկեալս մերկացուցից… (ԻԸ, ա)
– Զանտեսիցն իբրեւ զյայտնեցելոց… (ԽԵ, ա)
– Մերկացուսցէ զանտեսիցն, ցուցցէ զկերպարանս թաքուցելոցն… (ՁԸ, գ)
– Զգաղտնիսն հրապարակեցի,//Զծածուկսն յայտնեցի,//Զթաքուցեալսն ցուցի,//Զամփոփեալսն տարածեցի… (ԿԵ, ա)
– Բժշկութիւն հոգւոյս աղերսեմ… (ԺԸ, ե)
– Եթէ բժշկես` զաւրաւոր ես,//Եթէ զծածկեալսն երեւեցուսցես` լոյս ես… (ԻԶ, բ)
– Զի դու, ողորմած, սկզբնահայրդ խոստովանութեան անյայտ ծածկոյթից… (ԼԱ, ա)
– Ասա բանիւդ` եւ բժշկեցայց (ԺԷ, գ)
– Ակն ունիմ զուրեղ քո բանիդ առ իմ բժշկութիւն (ԺԷ, գ)
– Զգաղտնածածուկն` յայտնաբարբառ… (ԻԷ, ա)
– Բժշկեա՜ ի հիւանդութեանցս ախտից, ողորմած… (ԽԲ, բ)
– Որում ոչ անխայեցեր զբժշկութեանն ձեռնտուութիւն… (ԾԸ, ա)
Օրինակները շատ են, ինչպես ասել ենք, հարակրկնական:
Տեղին կլինի հիշատակել վաղբյուզանդական ժամանակաշրջանում գրքի նշանակությանը տված գնահատականը, ինչը ընդհանուր էր հոգևոր գրքերի համար. «Գիրքը «հայտնության» սիմվոլ է. այն հեշտությամբ վերածվում է ծածուկ, անդրանցականության գաղտնիքի խորհրդանիշի»5»:
Ս. Ավերինցևը նաև գրում է. «Գրքերի կլանումը վերածվում է անդրանցական գաղտնիքին հաղորդակցման խորհրդանիշի»6:
Հիշենք, որ դեռևս հին Եգիպտոսում գիրքն ընդունվել է որպես սրբություն և ծածուկ ուժերի նյութականացում7:
Գր. Նարեկացին հետևել է դեռևս հին Եգիպտոսում սկիզբ առած և վաղբյուզանդական ժամանակներում շարունակվող` գրքի, որպես անդրանցական գաղտնիքի շտեմարանի միստիկական խորհրդին: Ի դեպ, հին հրեական ժամանակներում այբուբենն է դիտվել որպես գաղտնիքների զետեղարան: Յուրաքանչյուր տառի վերագրվել է գաղտնի նշանակություն:
«Հրեական միստիկական «Ռաբբի Ակիբայի տառերը» տրակտատում խոսք է գնում հրեական այբուբենի յուրաքանչյուր տառի ծածուկ իմաստի մասին»8:
Գրիգոր Նարեկացին հետևյալ տողում ակնարկում է տառի գաղտնի իմաստի մասին.
– Եւ աւրհնեալ սրբեա՜ զտառ մատենի այսր ողբերգութեան…. (ՁԸ, բ)
«Մատեան ողբերգութեան» երկի վրա մեծ է խոսքի գաղտնի նշանակության և հրաշագործության նորկտակարանյան համակարգի ազդեցությունը: Հեղինակի կողմից երկին վերագրվել է հրաշքի զորություն և բժշկող հատկություն (քրիստոնեության մեջ հրաշքը նորմա է): «Վարդապետութիւն»-ում ասված է, որ աստվածորդին «քննիչ է սրտից և ծածկագետ և ամենայն գաղտնեաց յայտնիչ…»:
Բանաստեղծն ակնկալում է «սքանչելահրաշ» դպրության միջոցով բացահայտել երկրավոր մտքի իմացության դեմ փակ խորությունները:
– Յորժամ դպրութիւնք հրաշիցն զարմանալեաց,//Որ են ծածկեալքն յայժմուցս հասարակաց վարուց տեսակք//Մարդկային բնութեանն գործոց,//Հաղագս որոյ եղեն գոյութիւնք ամենայն էից,//Յիւրաքանչիւր մարմինս անպակաս գրութեամբ իսկոյն երեւին,//Եվ խորութիւնք անճաոիցն կնքելոցն յիմաստից աստեացս//Առաջի աչաց մերոց կերպարանին (ՀԹ, դ):
Հեղինակը հրաշքներ պարունակող գրքից սպասում է մարդկային ամբողջ վարք ու բարքի, բնության, երկրում կատարված բոլոր գործերի արտացոլումը: Նրա նպատակն է երկրավոր մտքի և իմացության հաղթահարումը, թափանցումը անդրանցական սահմաններ, հայտնատեսությունը և հրաշատեսությունը:
– Այլ տարածումն հրաշից ամենայն ուրեք զաւրացեալ (ԺԸ, դ):
«Մատեան»-ը, ըստ հեղինակի, կենաց դեղ է, որը բժշկում է հոգիները, հույս ու փրկություն տալիս: Ժողովրդի մեջ մնացել է «Մատեան»-ի բժշկող դերի հավատը:
Նորակերտ մատյանը հանձնարարվում է երկրի վրա հաստատված բոլոր բանականներին, քրիստոնյաների «տիեզերակույտ» ամբողջ բազմությանը, ինչը վկայում է երկի բովանդակության բացառիկ կարևորությունը հեղինակի դիտանկյունով: Բանաստեղծը ՀԲ, ա-ում դիմում է մենակյացներին, վանատների աշակերտներին` երկը համարելով մահվանից հետո կատարյալ կյանքի գրավական («Առ մահացեալս ես կյանք» ԾԸ, բ): Նա սպասում է Տիրոջը հասնելու վերելքի ճամփան գտնելուն («Կարգեա ինձ սահման հետոց բարութեան առ ելս կենացդ» (ՀԱ, ե):
«Մատեան»-ում քրիստոնեական ուսմունքը ներկայացվում է գոյաբանական խնդիրների հետ մեկտեղ: Վերջիններս երբեմն առանձնակի շեշտված դիրք են գրավում, որը և ծնում է «Մատեան»-ում առկա ողբերգությունը` բացահայտելով հոգեկան անկման աներևակայելի ծիրեր:
Գրքում առկա է նաև աստվածապատկեր, բանական հրեշտակաձև մարդու գոյության ու փրկության արժանավորության գաղափարը, որը շրջանակված է պատմության քրիստոնեական կառուցվածքի փիլիսոփայությամբ:
Իսկ ի՞նչ գիրք է «Մատեան»-ը` ըստ բանաստեղծի: Այն խոստովանության, փրկության և նորոգության, բժշկող, Աստծո ներշնչանքով գրված, Աստծո հետ հոգին միավորման տանող, միևնույն ժամանակ` ողբամատյան, ողբաձայն, ողբերգության հյուսվածք հանդիսացող գիրք է: Այն վերնագրով ողբերգության գիրք է: Այսպիսով «Մատեան»-ը միաժամանակ հայտնության և ողբի գիրք է` ձգտելով Աստվածաշնչի նմանության:
– Քանզի կարգ բանիս բերէ ինձ խառնել//Ընդ ձայն աւետեացս բողոք գուժիս… (ԼԸ, գ)
Իսկ ինչպիսի՞ ստեղծագործական եղանակներ է կիրառել հեղինակը: Դա ներկայացված է «Յիշատակարան»-ում. «Ստացեալ հիմնեցի, կառուցի, կարգեցի, կուտեցի, արձանացուցի, դիզի, բարդեցի, կացուցի, ցուցի, հաստատելով ի հրաշակերտութիւն միագոյ իրի բազմաստեղնեան դրուագս դրութեան այսմ սոփերի արգասաւորի»: Հոմանիշները խոսում են երկի բազմաճյուղ, բազմակարգ կառուցվածքի և համադրականության մասին, որը ծնում է, սակայն, «միագոյ հրաշակերտութիւն»:
Նարեկացու ընկալմամբ գիրքը «միագոյ հրաշակերտութիւն» է:
Այժմ անդրադառնանք գրքի և հեղինակի անմահության խնդրին: «Հրաշակերտութիւնն» անմահ կմնա` համոզված է բանաստեղծը: Այն ավանդվում է որպես կտակ` «Մշտնջենաւոր ձայնարկու» Աստծո առջև:
– Իմովս բանիւ առ աստուած կարդալ հանապազորդութեամբ… (ԾԴ, ե)
Սա գրքի դերի բացահայտումն է, իսկ նրա հարակայության հիմքը հավատն է: Հավատով է ծնունդ առել երկը («Զի հաւատացի, ուստի խոսեցի» (ԺԱ, ա), գրվել «աստվածաշունչ պատգամներով» և ամբողջական խոսք է Աստծո հետ («Արդ քանզի խոսել սկսեցի քեզ հետ…» (Դ,ա):
ՁԸ, բ-ում հեղինակը Աստծուն է դիմում իր երկը` «բանական նվիրաբերումը», վավերագրելու, հաստատելու, կնքելու որպես արձան հավիտենության: Ուրեմն երկի հավիտենության շնորհը Աստծո կամքով է:
– Եւ գրեալ դրոշմեսցես յարձան յաւիտեան… (ՁԸ,բ)
Հայտնի է, որ հին Արևելքում հավատացել են գրքում գրված բառի ու տառի անմահությանը: Ըստ այդմ, գիրքն ինքն իրեն արդեն անմահ է: Նարեկացին «Մատեան»-ի «յարակայութիւնը» այդպես գիտի (ինքնին անմահ): Եվ ինքը նրանով կմնա «կենդանի»:
– Եւ թէպետ վախճան ընկալայց իբր մահացու,//Այլ յարակայութեամբ բանի այսր սոփերի//Գրելայց կենդանի (ՁԸ, բ):
«Մատեան»-ի ստեղծմանն առնչվում է մի խնդիր, որը մշտապես հետաքրքրել է հետազոտողներին: Նարեկացին հիշատակարանում գրում է «Մատեան»-ին իր եղբայր Հովհաննեսի մասնակցության մասին, ինչը ուսումնասիրողներին հանգեցրել է տարբեր ենթադրությունների: Հիշատակարանում ասվում է, որ ինքը` հեղինակը և եղբայրը` Հովհաննեսը, «ի քառից աչաց առ մի եւ նոյն շաւիղ խորհրդոյ տեսեալք»:
Նարեկացիագետներն իրավամբ Հովհաննեսին առաջին հերթին ճանաչել են որպես «Մատեան»-ի խմբագիր, սակայն փորձեր են արվել նրան վերագրել ստեղծագործական տեղիներ: Գիտաքննական նոր բնագրի ծանոթագրություններում ճիշտ կերպով նշված է, որ «Հովհաննես Նարեկացու աշխատակցությունը «Մատեան»-ի ստեղծմանը կարող էր միայն գործնական բնույթ ունենալ և ոչ թե ստեղծագործական»:
Դ. Լիխաչովի «Տեքստաբանություն» գրքում անուղղակի կերպով կարող ենք ստանալ հարցի պատասխանը: Այնտեղ նշված է. «Հին և Միջին դարերի տեքստի ստեղծողի դերը տարածվել է նաև գրիչ-խմբագրի վրա»9, ասել է, թե արտագրողն ու խմբագիրը դիտվել է համահեղինակ: Այսպիսով վերջնականորեն պետք է ընդունել, որ Հովհաննես Նարեկացին «Մատեան»-ի առաջին արտագրողն է ու խմբագիրը:
———————–
1. Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», Երևան, 1983 թ., էջ 492:
2. А. Каждан, «Византийская культура», М., 1868, ст.105.
3. Անդ, էջ 190:
4. Գ. Ավետիքյան «Նարեկ աղօթից` համառօտ և զգուշաւոր լուծմամբք», ի Վենետիկ, 1859 թ., էջ 43:
5. հ. ԸՉպՐպվՓպՉ «կՏֆՑՌՍՈ ՐՈվվպՉՌջՈվՑՌռրՍՏռ սՌՑպՐՈՑցՐօ» ,Ծ., 1977, րՑՐ. 202.
6. Անդ, էջ 203:
7. Անդ, էջ 189:
8. հ. ԸՉպՐՌվՓպՉ «կՏֆՑՌՍՈ ՐՈվվպՉՌջՈվՑՌռրՍՏռ սՌՑպՐՈՑցՐօ» Ծ., 1977, րՑՐ. 206.
9. Ժ. խՌւՈփպՉ, «ՁպՍրՑՏսՏչՌÿ», խպվՌվչՐՈՊ, րՑՐ.9.