Հռոմում Հունաստանի գլխավոր աստվածություններից մեկին` Աթենասին, նույնացնում են ՄԻՆԵՐՎԱՅԻՆ՝ արհեստների հովանավոր աստվածուհուն: Դիցուհին համարվում էր արհեստների, բժշկության, քանդակագործների, երաժիշտների, բանաստեղծների հովանավոր: Ասույթներ կան, կապված Միներվայի անվան հետ. «Միներվայի բուն թռչում է գիշերը», այսինքն` լավագույն մտքերը գալիս են գիշերը, «Յուպիտերի գլխից դուրս եկած Միներվա», այսինքն՝ միանգամից հայտնվել պատրաստ տեսքով, լիովին սպառազինված (Մ. Ն. Բոտվիննիկ և մյուսներ, «Դիցաբանական բառարան»):
ՀԳՄ հրատարակչությունը 2018 թվականին «20-րդ դար, հայ պոեզիա» մատենաշարով լույս է ընծայել Մանասեի «Միներվայի թռիչքը մթնշաղից առաջ» բանաստեղծությունների ժողովածուն: Արդեն գրքի վերնագրով Մանասեն ակնարկում է իր հավատարմությունը անտիկ աշխարհի մշակութաբանությանը, և նրա բանաստեղծական թռիչքը, հունական դիցաբանության լեզվով ասած, «չհասած Հերակլյան սյուներն է», քանի որ վերջին սահմանը պոետի համար հորիզոնն է, անհաս մահ ոչինչը, իսկ մինչև այդ եզերքը Մանասեի պոետիկ ընթացքը համապատասխանում է Էպիկուրի «Հաճույքն է բարձրագույն բարիքը» կենսակերպին, որը հոգևորի և կենսականի համադրությունն է: Հենց գրքի նախաբանում Մանասեն անկեղծորեն բացախոսում է. «Ինձ չի էլ հուզում, թե ճի՞շտ է դատում Էպիկուրը,//մտքերի ընթացքը նրա այնքան է թեթև-հաճելի,//որ այլ բան չի մնում հասկանամ` այդ ի՞նչ է հոսում նրանից,//երբ նստած եմ լինում մռայլ, պայծառանում է դեմքս.//ինչ որ շողշողուն մի բան, որ իր խոհերից է գալիս,//մաքրում է հայացքիս մութը, ու գոհացնում է դա ինձ»:
Նույն տրամաբանությամբ ու տրամադրությամբ, հենվելով Հերակլիտի, Պարմենիդեսի, Յակոբ Բյոմեի, Գրիգոր Նազիանզացիի խոհափիլիսոփայական ընդհանրացումներին, Մանասեն նրանց անունները, որպես որոշակի մշակույթի խորհրդանիշ, դարձնում է համատեքստ «Միներվայի թռիչքը մթնշաղից առաջ» գրքի «Ֆրանգմենտներ» և «Ստորաբերված ըստ պատերի, որ վերում ասվեց…» բաժինների համապատասխան բանաստեղծություններին, և դրվագ-դրվագ պարունակյալ-պարունակող համըմբռնումով ամբողջացնում ՄՏԱԾՈՒՄԻ ԱՆԻԾՅԱԼԻ ներապրումի ածանցյալը` պոետիկ իմաստասիրության գույներով բանաստեղծական պնակիտը, կենտրոնանալով «հասուն Խոսքի, մարդկային առեղծվածի, աստվածային Բանի, նյութի շարժման և դիմադրության, Գոյի ու Ոչինչի, Գետի ու հոսքի, Ոգու ու տեսիլքի, անէության ու Է-ի», և, ի վերջո, հարցերից հարցի. «Արդյոք ԿԱ՞ ՆՊԱՏԱԿ՝ ԱՇԽԱՐՀԻՆ, որը Մարդ – Միֆ – Ժամանակ տիեզերային երրորդությունն է մի հանգրվանում, երբ որ տիեզերքի հյուլեն որսում և տրոհում են»: Այս ամենը բանաստեղծին բերում, հանգեցնում է մի անբավ, թե՞ ինքնաբավ եզրակացության. «Այլատևությամբ դու այնտեղ եղիր, ուր էլ քոնը չէ քո կեցությունը»:
Մանասեն առանձնակի պատկառանք է տածում անցյալի հանդեպ` իր ներկան համարելով դրա արգասիք և արժևորող շարունակությունը, որպես լեզվամտածողության հանկարծաստեղծում: Այսօրվա իր քայլը ժամանակի անչափության մեջ գիտակցության շարժ է, որպես տիեզերական բանականության անքակտելիություն, ուստի՝ նրա համար օրինաչափ է, որ «Միայն Մտածումի անիծյալներն են փնտրում իրենց ոտնահետքերը կործանված Պոմպեյի մոխիրների տակ», ասել է թե. «Միներվայի թռիչքը մթնշաղից առաջ» բանաստեղծությունների ժողովածուն խարսխված է անցյալի (հունական) և համեմատաբար ժամանակակից (գերմանական) իմացականությանը, առաջին հերթին հելլենական իմաստասիրության ու դիցաբանական մշակույթի: «Երբ հասուն է Խոսքը՝ Քրոնոսի բաց բերան է»,- վկայում է Մանասեն ու շարունակում,- «Մի՜ զարմացեք, եթե փնտրեք ձեզ ու չգտնեք -//բանականության քուն բերեց Հերակլիտ – քուրմը,//որպեսզի խոսենք քնի մեջ», և ինչքան էլ «ամեն մի արմատ կարծի` իրենից է աճում լեզուն», միևնույն է, «Ավելի անողորմ Քրոնո՞ս… քանի որ «ամեն ինչ հոսում է»://Առջևում լողացող ինքնության՝ չես հասնի – քանի//անցյալում գոցված ես – ու մինչ գոյում ես գալիքում՝// ետևում ինքը ապրելն է: Դու չես հանդիպի ինքդ քեզ»: Մանասեն երբեք չի թաքցնում իր պոեզիան շարժող ազդակները, ըստ նրա` իր խոսքը ոչ թե անսկիզբ ու անվերջ քչքչան գետի հոսք է, այլ որոշակի ու հստակ ակունքից ժայթքող աղբյուր այնպես, ինչպես քանդակով պայմանավորված օրնամենտի գիծը: Անվերնագիր բանաստեղծություններից մեկում Մանասեն գրում է. «Օրնամենտ գծերի ծայրով կառչել եմ քանդակին,//ու ինքս խաղի մեջ գեղեցիկ` մաս եմ ունեցել//ֆասադին: Պառակտվելով նյութից ոճ կորզեցի,//մի ծայրին՝ գծեր պարզագույն-մյուսում՝ պերճանքը ճակատիս»:
Բանաստեղծ Մանասեի համար կարևոր չէ արդիական մնալը, քանի որ իրեն անժամանակի մեջ է տեսնում և համոզված է. «Դեռ ինչքա՛ն լուսավոր բաներ կան,//որ կգան, երբ անցած լինեմ ձեզ համար»: Նրա համար արդիականությունը բառի յուրահատուկ նյարդն է, խորքը, որ անթեղում է միտք-երևույթը: Բոլոր ժամանակներն էլ հրդեհներ են, սակայն բոցկլտում են առանձնահատուկ, որոնք ինչքան նման, նույնքան տարբեր են: Այս իմաստով շատ դիպուկ է ասել Վ. Հայդենբերգը. «Եթե կրակ բառը փոխարինենք էներգիա բառով,//արդի ֆիզիկային ամենամոտը Հերակլիտեսն է…»:
Մանասեի բառը շարժմամբ է տառապում, նա ծնունդն է ինքնահայումի ու նրանով էլ գոյում է այնքան ժամանակ, քանի հողում չէ բառ կրողը, ու երբ ամփոփվում է հողում, այնժամ բառն է իր կրողին մտածում: «Բառն այնտեղ չէ, ուր կարծում ենք` որսվա՛ծ է,//իր իմաստն է, հոսում է, ինչպես հոսում ես ինքդ: //// Բառարմատի մեջ ենք նույն ես և Հերակլիտը նիրհում://…//Մնացյալը հնչյունների սփռումն է, որ վայելո՛ւմ ենք://Մենք մեր հերթին նախադրված ենք բառին»: Աշխարհի մեկնումի կռահումներում թանձրացող բանաստեղծը իր բառով նույնականանում է աշխարհի հետ. «Բառն իր մեջ այստեղ այնքան է ԻՐ,//եթե ասում եմ` վարդ – ինձնից կառնեք բույրը», ու որպեսզի Տեսնելու կերպը Հայացք դառնա, ավելի քան կարևոր է դառնում բանաստեղծի ներանձավի բառ ոսպնյակը. «Բազմաբեկված բառիմաստի// բյուրեղ երկփեղկվեց իմ միջից,//որ եղյամ շնչեմ թղթերին:// Ու ըստ գրության` գաղջ մի գոլորշի//բառիմաստներից եղյամի վրա//ինձ կ ա ր տ ա շ ն չ ի՛»: Մանասեն իր տեղն ու չափը զգում է, ուստի և գիտի` երբ է «հավերժով լեցուն ակնթարթը» (Գյոթե, «Պատգամ»). «Բառերն էլ չպետք է անվերջ ձգել Վեր – մուր կքսվի բոցին, քանց պատրույգը»:
Մանասեի քերթվածքների բանախոհական խտացումը, հաճախ, «նյութի» դիմադրությունը հաղթահարելով, հասնում է ասույթի: Ակներև է բանաստեղծի ասելիքն իբրև գեղարվեստական միավոր` ոչ թե վերջնական, այլ վերջին հորդոր- խոսքի. «Երբ չկան ուրիշ ուղիներ, դուք եք ճանապարհը: Զառանցանքն է Ձեզ մարգարե դարձնում»: Մանասեի բանարվեստը ճշտի և սխալի հակադրություններով չի զարգանում, այլ իրականության վիճակային ըմբռնման մեջ գիտակցության շերտագրությամբ, ուր պայքար չկա, կա զգայականի իմաստաբանական ընկալում, որը ժամանակով հղացվող միֆում ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԲԱՆԱՁԵՎԻ ՓՈԽԱՐԻՆԵԼՆ Է, ուստի՝ պարզից էլ պարզ է և տրամաբանական, որ երկրի ձգողականության ուժը աներկբա սիրո արտահայտությունն է մի տիրույթում, որտեղ «Ո՞ղջ ենք, թե՞ մեռած – երկուսն էլ իրական են այնքան,//որ ճշմարիտ են երկուստեք -//իսկ գո՞ւցե նա է ճիշտը՝// ախոյանը Պլատոնի.//-ո՛չ մեռած ենք, ո՛չ` կանք, քանզի ի՞նչ գիտենք` ինչ են դրանք»:
Սրանով հանդերձ, Մանասեի գիրքը որոնումներում դեգերող պոետի խոհերի բանաստեղծական նոթագրում է, և հոգեզգայական որ դիտանկյունից է նայվում անճանաչելիության անընդհատ տրոհումը, համապատասխան էլ ընկալվում է անձնայինն ու վերանձնայինը` համընդհանուր տիեզերականը, իբրև մեկնակետ ճանաչողության. «Դեռ քաոսից է պատահել – տարրերի տրոհանքը լինի`//ամեն քայքայվող մի բան առանց զարմանքի նայեմ://Ու եթե մի բան է ծնվում` դեռ քաոսից է ծավալվել,//որ ես պատահմունք չտեսնեմ` ո՛չ ծննդի մեջ, ո՛չ մահի»: Իհարկե, բանաստեղծ Մանասեի իմաստածեծ ճգնավորի խոսքընթացը երբեմն – երբեմն երանգավորվում է «դերվիշյան» քնարականությամբ ու շունչ առնում իր անվերջ տրոհումից` թողնելով, որ իրերը մեկնաբանեն իրեն. «Զարմանալին այն չէ, որ նյութից ենք միանման//տիեզերքն ու մենք -//ես ապշած եմ, սիրելի՛ս, որ ձուլված մեր ամեն մի//մասնիկում տիեզերքներ են փախչող -//իսկ դու իմ գրկում ես դեռ… ու չենք տրոհվում»: Ամենևին պայծառացում պետք չէ՝ հասկանալու համար. «Մարգարեություն չէ, այլ տափակ մի բան – թե իմ//գեղեցկուհու մի մազի մեջ ինչքան ալիքներ ունի մասնիկը://Դու կարող էիր չկասկածել` կյանքդ վատնելով փորձերի մեջ,//բավական է` ինձ պես վայելեիր գեղեցկուհուդ վարսերի ալիքը»: Ժամանակի ներս ու դրսից անկախ, քվանտային տարերքի անորոշությունում էլ Մանասեն զգում է իր գոյի իմաստը, այն է` բոլորի առջև դռները բաց պահել, որպես տիեզերքի սրտաբաց հյուլե, ու չզարմանալ իր իսկ առեղծվածից, որ յուր սրտի զարկի արձագանքն է. «Ի՛նչ հրաշք է, չէ,՞ սա, իմ փորձարա՛ր Աստված»:
Ըստ Մանասեի՝ բանաստեղծությունը ներսում դոփող տրոփների հարատև շարժում է, որը դժոխք անցնելու պես առօրյա է ու դրախտ ձգտելու պես կենսական, իսկ բանաստեղծն անժամանակի հայելային ծնունդ է, դպիրը` ընթացող այսպահի կյանքի շարունակականությունը իմաստավորող, քանի որ նա այնքան գթոտ է, որ սխալի թիրախ չի կարող լինել: «Մեռած գայլամոր ձագին ամոթ է որս համարեք://Վրիպանքներս գայլաձագե՛րն են: Ինձ հետ եմ նրանց մեծացրել://Եթե նրանց բռնել ու համարում եք` պարտվեցի -//ամաչե՜ք, մա՛յրն էր, որ պիտի դառնար ձեր որսը»:
Գիրս, որ բանաստեղծի մտքի հպումից ծնված էսքիզ է. «…կողքից դիտեք սառը – սևեռուն,//և՛ կարեկցանքից ձեր գրկում պահեք -// միառժամանակ անհնա՛ր մի բան…», որպես Մանասեի հղացման երիզ: