Այսօր շատ քչերն են գրաբարով ընթերցում Նարեկացու Մատյանը, ուստի վերջինիս հաղորդակցվելու հիմնական միջոցն աշխարհաբար թարգմանությունն է: Իսկ եթե նկատի ունենանք, որ Մատյանն այլ լեզուներով թարգմանողները կամա թե ակամա ստիպված են դիմելու աշխարհաբար թարգմանություններին, ապա հասկանալի կդառնա, թե որքա՜ն կարևոր է Մատյանի՝ եթե ոչ բնագրին համարժեք, ապա հնարավորինս համահունչ թարգմանությունը:
Մատյանն սկսել են աշխարհաբարի վերածել 20-րդ դարասկզբին և մինչ օրս իրականացվել է հինգ ամբողջական թարգմանություն, որոնցից երկուսը (Մ. Գոչունյան, Կ. Պոլիս, 1902 և Թ. Գուշակյան, Կահիրե, 1926)՝ արձակ, իսկ երեքը (Գ. Խաչատուրյան, Կ. Պոլիս, 1926, Մ. Խերանյան, Երևան, 1960 և Վ. Գևորգյան, Երևան, 1979)՝ չափածո:
Քանի որ Նարեկացու գլուխգործոցի բոլոր թարգմանությունները կատարվել են քննական բնագրի հրատարակությունից (Երևան, 1985)* առաջ, որի վրա կազմողները (Պ. Խաչատրյան և Ա. Ղազինյան) աշխատել են ավելի քան 15 տարի՝ կատարելով բազմաթիվ ու բազմապիսի ճշտումներ ու ճշգրտումներ, որոնց հիման վրա անցած երեսուն տարում նոր խոսք է ասվել նարեկացիագիտության մեջ, որը, չհաշված առանձին բացառություններ (օրինակ՝ Մ. Խերանյանի թարգմանության 2003 թ. վերահրատարակության մեջ Ա. Մադոյանի թարգմանությամբ ներառվել են նախորդ հրատարակությունից պակասող 75, 92 և 93 գլուխները և 23, 33 և 34 գլուխների որոշ հատվածներ), անշուշտ հաշվի չի առնվել թարգմանիչների կողմից: Այստեղից հետևում է, որ Նարեկացու Մատյանի շրջանառող աշխարհաբար թարգմանությունները բնականաբար չեն բավարարում նարեկացիագիտության արդի պահանջները: Որպեսզի ասվածը չհնչի որպես մերկապարանոց հայտարարություն ու մերժում եղած թարգմանությունների, որոնց արժեքն անգնահատելի է, կփորձեմ հիմնավորել Մատյանի 15-րդ գլխի երկրորդ ենթագլխի համեմատական-քննական վերլուծությամբ: Ինչպես ամբողջ Մատյանում, այնպես էլ այս գլխում, բանաստեղծը, Աստծուն դիմելով ի խորոց սրտի, նրա դիմաց իրեն զգում է հաղթված, ամոթահար, ուխտակորույս ու ավանդամոռաց: Այնուհետև 12-րդ տողում ասելով՝ «Իսկ կրկին առակն, որ առ իս», հիշեցնում է հոտից բաժանված ու հեռավոր սարերում մոլոր թափառող ոչխարի օրինակը (տե՛ս Մատթ. 18.12-14, Ղուկ. 15.4-7) և հավելում.
Ո՛չ բան ունէի, որով եւ ցաւոցն աղէտ պատմէի,//Ո՛չ ձեռն ձգողական, որ համերցն է ազդողական:
Բարեբախտաբար, հոտից բաժանված ոչխարը սարերում չի կորել, այլ, ինչպես բանաստեղծն է ասում, Աստված ոչ միայն գտել է նրան, այլև հոգատար հովվի նման ուսին դրած՝ վերադարձրել է:
2-րդ ենթագլխում հիշեցնելով ավազակների կողմից խոշտանգված վիրավորին և մոլորված ոչխարին Աստծու ցուցաբերած փրկարար օգնությունը՝ խնդրում է նույնպիսի օգնություն ցուցաբերել նաև իրեն.
Յայտնեա՛ց վերստին եւ արդ գթութեանցդ խորք//Եւ բարերարութեանցդ հոսանք՝//Առ անաւրիենալս առաւելութեամբ վերագրեցելոցդ աւրինակութեամբ,//Առ բազմաւրինակ մահու պարտապանս,//Առ որ ի բարութեանց խառնից քաղցրութեանց յատուկ համս չար,//Առ անդամս մարմնոյ արժանաւորս հատման,//Առ համաճարակ ամենաբոլոր ախտացեալ հոգիս վիրաւոր,//Առ հաւասարեալս անզգայութեանց անասնոց,//Առ աւտարացեալս յընտանութենէ իմաստնոց,//Առ աննմանս հանգունակից բանաւորութեանց://Որ եթէ տարացոյց գոյր՝ ես ասէի,//Թէ նմանակից գոյր իմ՝ պատմէի,//Թէ հանգունակից գոյր՝ ես ճառէի,//Թէ հաւասար գոյր՝ ես գրէի,//Թէ զուգագործ գոյր՝ ցուցանէի,//Թէ աւրինակ գոյր՝ ես ազդէի,//Թէ յանցեալսն՝ հայթայթէի,//Թէ ի ներկայումս աստ՝ ես յուսայի://Բայց քանզի անցեալ է ըստ աւրինակ//Եւ հրաժարեալ ըստ նմանութեան,//Զոր միայն քո է քաւել, բժշկել եւ հրաշագործել,//Կենդանարար համայն մեռելոց, նորոգութիւնդ տիեզերաց:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ բանաստեղծն այստեղ ծածկագրել է ինքնակենսագրական շա՜տ կարևոր իրողություն (այդ մասին տե՛ս իմ «Նարեկացիագիտական հետազոտություններ» գրքում, Եր., 2010, էջ 37-39), կարող ենք ասել, որ ամբողջ հատվածը հասկանալով ներկա ժամանակով՝ բոլորը թարգմանել են գրեթե նույն ձևով՝ չնկատելով, որ այդ դեպքում անտրամաբանական ու հակասական է ստացվում բանաստեղծի խոսքը, որը միանգամայն անհարիր է Նարեկացու մտածողությանը: Բանն այն է, որ բերված հատվածի առ նախդիրով սկսվող տողերից առաջին չորսում արտահայտում է ինքնապարսավական վերացական ու ընդհանրական մտքեր, իսկ հաջորդ չորս տողում ներկայացնում է տվյալ պահի իր հոգեմտավոր վիճակը, որից պարզվում է, որ բանաստեղծի՝ համաճարակ ախտով վարակված հոգին այնուամենայնիվ վիրավոր է, որ բանաստեղծը հավասարված է անզգա անասունների, օտարացած է իմաստունների ընտանությունից և նման չէ հանգունակից բանավորներին: Բայց հանկարծ բանաստեղծը փոխում է խոսքի բնույթը և հաջորդ ութ տողում ասում բաներ, որոնք վերաբերում են ըստ էության անցյալին: Ցավոք, թարգմանիչները դրանք նույնպես ընկալել են որպես ներկային վերաբերող խոսք և այդպես էլ թարգմանել: Ասելիքս ավելի պարզ դարձնելու համար հարկ եմ համարում բերել թարգմանություններից յուրաքանչյուրի՝ այդ հատվածի առաջին կեսը:
Մ. Գոչունյան- «որ եթէ օրինակ մ’ ունենայի, կ’ ըսէի. նման մը ունենայի, կը պատմէի. ընկեր մ’ ունենայի, կը ճառէի. հաւասար մ’ ունենայի, կը գրէի»,
Թ. Գուշակյան- «Եթէ ինծի համանման մը գտնուէր՝ կ’ ըսէի. եթէ հանգունակից մը ըլլար՝ կը խօսէի. եթէ ինծի հետ համեմատուելիք մը ըլլար՝ կը պատմէի. եթէ հաւասար մը ըլլար՝ կը գրէի»,
Գ. Խաչատուրյան- «Թէ օրինակ մ’ ունենայի՝ ես կ’ ըսէի. // Թէ նմանակից ունենայի՝ կը պատմէի. // Հանգունակից ունենայի՝ կը խօսէի.// Թէ հաւասար ունենայի՝ ես կը գրէի»,//Մ. Խերանյան- «Եթե մի օրինակ ունենայի, ես կասեի.//Թե նմանակից ունենայի՝ կպատմեի.//Թե հանգունակից ունենայի՝ կխոսեի.//Թե ինձ հավասարն ունենայի՝ կգրեի»,//Վ. Գևորգյան- «Եթե համատիպ մեկն ունենայի, կասեի անշուշտ,//Եթե լիներ գեթ մի նմանակից, կծանուցեի,//Կիրազեկեի, եթե հանդիպեր մեկն ինձ հավասար,//Եթե պատահեր զուգագործ մի մարդ գեթ, ցույց կտայի»:
Գրեթե նույնն ենք տեսնում նաև ռուսերեն տողացի թարգմանության մեջ (թարգմանիչներ՝ Մ. Հ. Դարբինյան-Մելիքյան և Լ. Ա. Խանլարյան)՝ տեղի սղության պատճառով, ցավոք, չեմ կարող բերել:
Փաստորեն խնդրո առարկա հատվածն ընկալելով որպես ներկային վերաբերող խոսք՝ թարգմանիչները չեն նկատել ակնհայտ հակասությունը. մի՞թե Նարեկացին կարող էր տվյալ պահի իր հոգեմտավոր վիճակը գնահատել որպես անասնական անզգայության հավասարված, իմաստունների ընտանությունից օտարացած, բնությամբ իր նման բանականներին աննման, իսկ ապա հարյուր ութսուն աստիճանով փոխել խոսքը և ասել, որ եթե իրեն հավասար, նմանակից, հանգունակից և այլն մեկն ունենար, ապա ինքը կասեր, կպատմեր, կգրեր, կճառեր և այլն, և այլն: Չէ՞ որ տվյալ պահին նրան հավասարը կամ հանգունակիցը նույնպես պետք է լիներ նույն վիճակում, ուստի հազիվ թե բանաստեղծը կարողանար անել այն ամենը, ինչ թվարկում է՝ ասեր, պատմեր, գրեր, ճառեր և այլն: Թերևս մեկ ուրիշը (օրինակ՝ Քաջ Նազարի պես մեկը) կարող էր նման բան թույլ տալ իրեն, բայց չմոռանանք, որ տվյալ դեպքում գործ ունենք լեզվի, խոսքի, բառի ու հնչյունի աներևակայելի նուրբ զգացողություն ունեցող և անհակասական մտածողության տեր Նարեկացու հետ: Դրանում համոզվելու համար բավական է ուշադրություն դարձնել հենց խնդրո առարկա հատվածին, որտեղ բանաստեղծն իր թվարկելիքն սկսել է «որ եթէ» բառակապակցությամբ, բայց հաջորդ յոթ տողում գործածել է միայն «թէ» շաղկապը: Սա նշանակում է, որ տվյալ համատեքստում «եթէ» և «թէ» շաղկապները իմաստով տարբեր են, ինչը, ցավոք, վրիպել է թարգմանիչների ուշադրությունից. ոմանք անտեսել են «թէ»-երի գոյությունը, ոմանք համատարած գործածել են «եթէ» և այլն: Քանի որ ըստ Հայկազյան նոր բառագրքի «եթէ» շաղկապը կարող է գործածվել նաև ժամանակային առումով և ունենալ «զզօրութիւն բառիցս՝ երբ, յորժամ», ապա բավական է «որ եթէ»-ն աշխարհաբարում գործածել «երբ որ» իմաստով, կտրուկ կփոխվի խոսքի ուղղվածությունը: Իսկ եթե նկատի ունենանք, որ բոլոր բայերը, այդ թվում և «գոլ»* պակասավոր բայը, գործածված են անցյալ անկատար ժամանակով, ապա ինքնըստինքյան պարզ կդառնա, որ աշխարհաբարում ևս պետք է ունենան հենց այդ ժամանակաձևը, ուստի կստանանք մոտավորապես հետևյալ պատկերը.
Երբ որ օրինակ էր լինում, ես էի ասում,//Թէ ինձ նմանակից էր լինում, պատմում էի,// Թէ հանգունակից էր լինում, ես էի ճառում,//Թէ հավասար էր լինում, ես էի գրում:
Սա նշանակում է, որ բանաստեղծի ասածը վերաբերում է ոչ թե Մատյանը գրելու պահին, այլ անցած-գնացած ինչ-որ ժամանակահատվածի, երբ ինքը ծավալել է գրական-ստեղծագործական ու եկեղեցական եռանդուն գործունեություն, երբ չուներ իրեն հավասարը, երբ նմանների մեջ իսկապես առաջինն էր ու փնտրված, երբ, իր իսկ հավաստմամբ, գրական-ստեղծագործական պատվերներ էր ստանում աշխարհիկ տերերից (վկա՝ Երգ երգոցի մեկնությունը), հոգևոր առաջնորդներից (ապացույց՝ Ապարանից խաչի պատմությունն ու նրան կից ներբողները) ու արյունակից-հարազատներից (նկատի ունենք «Համառաւտիւք բան խրատու» աշխատությունը): Հիշենք նաև, որ հենց այդ տարիների մասին Մատյանի 72-րդ գլխում բանաստեղծը պարզ ու մեկին գրելու է. «Պետ վարժից կոչեցայ՝ հանձինս դատախազ, Ռաբբի ռաբբի անուանեցայ… Սուրբ վկայեցայ ի մարդկանէ» և այլն: Որ բանաստեղծը իրոք նկատի ունի հենց անցյալը, ակնհայտ է դառնում շարունակության մեջ բանաստեղծի աներկմիտ խոստովանությունից.
Բայց քանզի անցեալ է ըստ աւրինակ // Եւ հրաժարեալ ըստ նմանութեան:
Այս տողերը թարգմանելիս բարեբախտաբար թարգմանիչները դրսևորել են տարբեր, եթե չասենք՝ տրամագծորեն հակադիր ըմբռնում: Համեմատության համար բերում ենք դրանք՝ բաժանելով երկու խմբի. I խումբ՝ Մ. Գոչունյան՝ «Արդ, քանի որ ոչ նման ունիմ և ոչ ալ հաւասար», Գ. Խաչատուրյան՝ «Բայց որովհետեւ ոչ նըմանս ունիմ, ոչ ալ աւրինակ», Մ. Խերանյան՝ «Սակայն, քանի որ ոչ նմանս ունեմ, ոչ էլ օրինակ», II խումբ՝ Թ. Գուշակյան՝ «Բայց որովհետեւ իմս ա՛լ անցած է օրինակի պայմանէն եւ կորսնցուցած՝ նմանութեան ամէն հանգամանք», Վ. Գևորգյան՝ «Սակայն քանի որ անցել եմ ամեն մի օրինակից/ Եվ նմանության ամեն սահմանից մնացել եմ դուրս»*, ռուսերեն տողացի՝ «Но поелику я [по греховности] превзошел все примеры/ И далек от сходства [с кем бы то ни было]»:
Ինչպես տեսնում ենք, առաջին խումբը այս միտքը թարգմանել է ներկայի, իսկ երկրորդը՝ անցյալի ժամանակաձևով: Ինչ վերաբերում է ռուսերեն տողացիին, ապա, իմ կարծիքով, միանգամայն անտեղի է ավելացված «[по греховности]» բառակապակցությունը, իսկ ընդհանուր առմամբ նման է առաջին խմբի թարգմանությանը:
Անշուշտ ճիշտ են վարվել Թ. Գուշակյանը և Վ. Գևորգյանը, որ թարգմանել են որպես անցյալին վերաբերող խոսք, այսինքն՝ որպես նախորդ գործողություններն ու գործելակերպը անդառնալիորեն անցած-գնացած իրողություն արձանագրող միտք, որի համար, ինչպես ընդհանրապես հատուկ է մարդ արարածին, բանաստեղծը ևս խորապես ցավում ու ափսոսում է: Մինչդեռ Մ. Գոչունյանի, Գ. Խաչատուրյանի և Մ. Խերանյանի թարգմանությամբ այն հնչում է որպես տխուր ներկայի սոսկական արձանագրում: Ավելին, թեև այս տարբերակը ժամանակային առումով համահունչ է նախընթաց հատվածի թարգմանությանը, բայց և այնպես բովանդակությամբ հակասում է «Զոր միայն քո է քաւել, բժշկել և հրաշագործել/ Կենդանարար համայն մեռելոց, նորոգութիւնդ տիեզերաց» մտքին, որովհետև ստացվում է, որ իր նմանը կամ հավասարը չունենալու պատճառով բանաստեղծը ճարահատյալ համաձայնում է, որ այդ դեպքում միայն Աստված կարող է բժշկել, քավել և կենագործել: Այսինքն՝ եթե ունենար իր նմանը կամ հավասարը, ապա, փաստորեն, Աստծուց օգնություն հուսալու կարիք չէր զգա, մի բան, որ խստիվ հակասում է ամբողջ Մատյանի ոգուն ու տառին:
Թեև Թ. Գուշակյանի և Վ. Գևորգյանի թարգմանությունն անհամեմատ ավելի ճիշտ է, բայց և այնպես հակասում է նախորդ տողերի թարգմանության բովանդակությանը, որովհետև ստացվում է, որ բանաստեղծն այդ տողերում թվարկում է ներկայում իր համար կարելի, ցանկալի, ըղձալի ու հնարավոր վիճակներ, բայց հետո դառնությամբ փաստում, որ, ավա՜ղ, նման ձևով գործելն ու գործելակերպն իր համար դարձել են անցյալ: Առերևույթ կարող է տարօրինակ թվալ, որ սույն երկու տողի թե՛ ճիշտ, թե՛ սխալ թարգմանությունը հակասում է բանաստեղծի խոսքի տրամաբանությանը, բայց դա միայն առաջին հայացքից, մինչդեռ իրականում հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև ճիշտ չթարգմանելով խնդրո առարկա ութ տողը՝ թարգմանիչները փաստորեն հիմնավորապես խախտել են նարեկյան ամրակուռ տրամաբանության կառուցիկությունը:
Հնարավոր է՝ վերն ասվածի հիման վրա առաջին հայացքից հակասություն տեսնել բանաստեղծի խոսքում, քանզի մի կողմից ասում է, որ Տերը իրեն փնտրել ու գտել է հեռավոր սարերում մոլորված ոչխարի պես թափառելիս և հոգատար հովվի նման ուսին դրած՝ վերադարձրել է, իսկ մյուս կողմից ասում է, որ ինքը դեռ գտնվում է անասնական անզգայության, իմաստունների դասից օտարացած, նմանակից բանականներին ոչ նման վիճակում: Իրականում այստեղ ոչ մի հակասություն չկա, որովհետև, ճիշտ է, Տիրոջ շնորհիվ սարերից վերադարձել է, բայց դեռ չի բուժվել, քանզի մնում է հոգեպես խորապես վիրավորված, ուստի այդ վիճակից դուրս գալու համար էլ հենց գրում է Մատյանը, որպեսզի արժանանա Աստծո օգնությանն ու բժշկությանը:
Որ խնդրո առարկա հատվածին նախորդող առ նախդիրով սկսվող չորս տողերով նկարագրված վիճակում գտնվող բանաստեղծը իսկապես չէր կարող մտածել ծավալելիք բուռն գործունեության մասին, այլ դա միանշանակ վերաբերում է նրա անցյալին, կարող ենք հավաստել նաև առօրյա կյանքից և համաշխարհային մշակույթի պատմությունից օրինակներ բերելով, բայց տեղի սղության պատճառով բավարարվենք միայն երկրորդով:
Այս տեսակետից անչափ խոսուն է 18-րդ դարի ֆրանսիական ականավոր լուսավորիչ Անրի Ֆրանսուա Վոլտերի պատմությունը: Վստահ եմ՝ ով երբևէ Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի կենտրոնական ցուցասրահներից մեկում տեսել է նրա մարմարե արձանը կամ դիտել դրա լուսանկարը, անպայման զարմացել է, թե ինչպես է Ժան Անտուան Գուդոնը կարողացել զառամյալ ծերունու դողդոջուն մարմնի մեջ բոցաշունչ հեղափոխականի ոգի ու շունչ մարմնավորել: Պատմում են, որ 20-ամյա բացակայությունից հետո Փարիզ վերադարձած 84-ամյա Վոլտերին քանդակելու բազմաթիվ ապարդյուն փորձերից գրեթե հուսահատված՝ քանդակագործը զրույցի ընթացքում պատահաբար, գուցեև գիտակցված, հարցրել է. «Վարպե՛տ, հիշո՞ւմ եք Կալասի դատապաշտպանությունը»: Հարցը լսելուն պես Վոլտերը միանգամից համակվում է երիտասարդական-հեղափոխական խանդավառությամբ և մեծ ոգևորությամբ պատմում իր տարած փայլուն հաղթանակի մանրամասները: Հենց այդ պահն էլ որսացել ու անշունչ մարմարին է փոխանցել հանճարեղ քանդակագործը: Ասում են՝ այդ հանդիպումից կարճ ժամանակ անց Վոլտերը մահացել է, իսկ Գուդոնն իր աշխատանքն ավարտել է երեք տարի հետո՝ 1781 թ.:
Հնարավոր է՝ Նարեկացու պարագայում «կյանքի մայրամուտ» կամ համանման արտահայտությունը փոքր-ինչ անհարիր թվա, որովհետև Մատյանն ավարտելիս նա պետք է լիներ 57-58 տարեկան, քանի որ ծնվել է ոչ թե 951 թ., ինչպես սխալմամբ արմատավորվել է գրականության մեջ, այլ 945 թ., բացի դրանից՝ ստուգապես հայտնի չէ նրա մահվան թվականը: Համենայնդեպս, եթե ընդունենք, որ հավանաբար մահացել է 1010-1011 թթ., ինչպես կարծել են որոշ նարեկացիագետներ, ապա կստացվի, որ բանաստեղծը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 65-66 տարեկանում, որը, հաշվի առնելով միջնադարում մարդու կյանքի կարճատևությունը, պայմանականորեն կարելի է ասել, որ Մատյանը գրելիս Նարեկացին իրոք մոտեցել էր կյանքի մայրամուտին: Իսկապես, բանաստեղծը Մատյանի ԻԹ գլխի Դ ենթագլխում իր ֆիզիկական վիճակը գեղանկարչական պատկերավորությամբ նկարագրել է որպես հենց կյանքի մայրամուտին մոտեցածի.
Տխուր դէմք, քաղեալ ճաճանչ, ցամաքեալ խոնաւութիւն, երիթացեալ շուրթն,
Անշքեալ տիպ, տրտմեցեալ ոգի, այլայլեալ ձայն, կրկնեալ պարանոց:
Ինչ խոսք, որ ինքն իրեն այսպես բնութագրող բանաստեղծը ոչ մի դեպքում չէր կարող ասել, որ եթե ինձ նման հավասար, հանգունակից ու նմանակից լիներ, ես կասեի, կգրեի, կճառեի և այլն, բայց միանգամայն իրավունք ուներ անթաքույց հպարտությամբ, նաև ցավով ու ափսոսանքով թվարկելու երիտասարդական տարիների իր գործունեության ու գործելակերպի ինչ-ինչ կողմեր: Կարծում եմ՝ վերը կատարված քննությունից ինքնըստինքյան հետևում է, որ նարեկացիագիտության նորագույն նվաճումները օրախնդիր են դարձնում Մատյանի նոր թարգմանությունը:
———————–
* Նարեկացու Մատյանից բնագրային մեջբերումները կատարելու եմ միայն այս հրատարակությունից:
* Ի դեպ՝ գոլ պակասավոր բայը, որ նշանակում է գոյություն ունենալ, լինել, գրաբարում «ունի միայն ներկա, անցյալ անկատար և առաջին ապառնի ժամանակաձևերը, ըստ որում՝ վերջին երկուսը սովորաբար գործածվում են 3-րդ դեմքում» (Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, չորրորդ հրատ., Եր., 1976, էջ 209): Բերված հատվածում գոլ բայի գոյր ձևը ցույց է տալիս հենց անցյալ անկատար ժամանակի եզակի թվի երրորդ դեմքով կատարվող գործողություն, որը աշխարհաբարում կլինի գոյություն էր ունենում կամ ավելի ճիշտ՝ լինում էր:
* Ի դեպ՝ սկզբնապես որոշել էի օգտագործել նաև 2008 թ. «Լեգալ Պլիւս» հրատարակչությամբ Ա. Պետրոսյանի իրականացրած տպագրությունը, բայց երբ պարզվեց, որ այս մտքի «թարգմանությունը» գրեթե տառացի կրկնությունն է Վ. Գևորգյանի թարգմանության, մտադրությունս փոխեցի (հմմտ. «Բայց քանզի անցել եմ ամեն օրինակից եւ նմանութեան ամեն սահմանից մնացել եմ դուրս»):