Երբեմն, երբ հարցնում են, թե երբ է լույս տեսել իմ առաջին գիրքը, քիչ է մնում բացականչեմ՝ նոր-նոր ուսանող էի: Բայց լռում եմ, որովհետև այդ գեղեցիկ, հաստափոր «Հրեղեն ձին» (1981) բանահյուսական ժողովածուում, հետագայում՝ նաև «Թագավորի երազներում» (2003) իմ բաժինը մի քանի էջ էր: Էջեր, որոնք առ այսօր հոգիս լցնում են սիրով ու խանդաղատանքով: Եթե անկեղծ, ապա այդ պահին չէի էլ հասկանում ո՛չ «Հրեղեն ձին» ժողովածուի, ո՛չ «Պատանի բանահավաք» մրցույթի արժեքը, ո՛չ էլ մրցույթի նախաձեռնող Սերգեյ Վարդանյանի խիզախությունը: Այն պարզապես գիրք էր, որտեղ կային իմ հավաքած հեքիաթներից, ի՛մ անունը կար:
1970-ականներին, հատկապես ամառային արձակուրդներին, երբ գնում էինք Սևանի ափին փռված մեր գյուղը, ես մանկությունս համարում էի հիմնահատակ խորտակված, որովհետև բոլորը վազում էին լիճ ու անտառ, խաղում էին, թրև գալիս, իսկ ինձ մայրս ստիպելով, բոթելով, համոզելով, կոնֆետ տալով ուղարկում էր հայժողպատմության ֆակուլտատիվի՝ գյուղի պառավների մոտ: «Գնա խոսեցրու,- ասում էր,- իրենք կմեռնեն-կգնան, ոչինչ, բայց ափսոս է, իրենց տեսածն ու լսածը հետները անհետ տանեն»: Բողոքում էի՝ բոլորը արձակուրդներին խաղում են, ես էդ խռխռացող պառավների կողքը ի՞նչ անեմ:
Բայց դա մինչ Սերգեյ Վարդանյանի նախաձեռնությամբ «Պիոներ կանչի» հայտարարած «Պատանի բանահավաք» մրցույթն էր: Այդ ժամանակ ես «Պիոներ կանչի» «Շավիղ» մանկապատանեկան խմբագրության անդամ էի: Մայրս ոգևորվեց. «Տեսա՞ր՝ ինչ լավ էր, որ ինձ լսեցիր, մինչև մյուսները գցեն-բռնեն, դու արդեն ահագին բան ունես հավաքած»,- ու գործին կցեց նաև հորեղբորս՝ կոնկրետ պառավների հասցեներով ու անուններով: Սկսեցինք գյուղի ամենահեռու տներից՝ սարի թաղի պառավներից: Նրանց պատմածներից ոչ մեկը տեղ չգտավ ո՛չ «Հրեղեն ձին», ո՛չ էլ «Թագավորի երազները» ժողովածուներում, բայց նրանցից շատերին առ այսօր հիշում եմ: Առաջինը մի հարբեցող պառավ էր: Երբ ասացինք խոսելու համար ենք եկել, սա պառկած տեղից գլուխը տնկեց ու փնթփնթաց.
– Բա ես կարա՞մ խոսամ, հիվանդ եմ,- գլուխը դրեց բարձին ու հորեղբորս հրամայեց,- երիտասա՛րդ, հլա մի հատ ոտներս ծածկի:
Հորեղբայրս մաշված ծածկոցը խելոք-խելոք փաթաթեց նրա ոտքերին ու ձեռքը տարավ իր ծոցը, օղու շիշը հանեց՝ պառավը վեր կացավ, նստեց:
– Անդրանիկի մասին պատմե՞մ:
– Բայց դու Անդրանիկին տեսած կա՞ս,- զարմացավ հորեղբայրս:
– Վա՛յ, տնաշե՛ն, մարդիկ որ օրը հազար անգամ Ասսու անունը տալիս ու նրա անունից բաներ են ասում, Ասսուն տեսած կա՞ն: Անդրանիկն Աստված է, նրա մասին պատմելու համար տեսնելը պարտադիր չէ:
Սկզբում իմ գրառած առավել հաջող նյութերը լույս էին տեսնում «Պիոներ կանչում»: Այն ժամանակ թերթը հասնում էր բոլոր դպրոցները, և ես արդեն զգուշորեն էի փողոց ելնում, որովհետև ասացողներին անխտիր խոստացել էի, որ իրենց անունը կհայտնվի թերթում, և նրանք անհամբեր սպասում էին: Գրքի մասին առհասարակ վախեցա ձայն հանել, որովհետև այնտեղ հայտնվեցին մի քանիսի անունները միայն: Բայց նրանցից շատերը հետագայում դարձան իմ պատմվածքների, վեպերի, նաև այս տարի հրատարակված «Անդրանիկի վերջին ձին» վեպի հերոսները, ապրում, խոսում ու շարժվում են մինչև հիմա: Եվ եթե չլիներ այդ մրցույթը, դժվար թե ես հատուկ ուսումնասիրեի ծերերի նիստուկացը:
Այդ օրերին և՛ գրքի, և՛ նախաձեռնության մասին շատերն էին խոսում: Ինչպես բոլոր նվիրյալները, Սերգեյ Վարդանյանն էլ խորհրդային տարիների խոչընդոտները, բարբառների հանդեպ բացասական վերաբերմունքը հաղթահարելով գնում էր դեպի իր բուն նպատակը՝ կորստից փրկել ժողովրդական հեքիաթներն ու պատումները, տարածել, քարոզել, զարգացնել… Եվ ահա, «Հրեղեն ձին» և «Թագավորի երազները» ոչ միայն գերագույն ջանքերով հրատարակվել են, այլև արդեն թարգմանվել են անգլերեն ու գերմաներեն:
Ս. Վարդանյանի դստեր և որդու՝ Գոհար և Գագիկ Վարդանյանների՝ երկու գրքերից 95 հեքիաթների ու ժողովրդական երգիծապատումների անգլերեն թարգմանությունները «The salvaged tales» (Փրկված հեքիաթներ, Երևան) վերնագրով հրատարակվել են դեռևս 2007 թ., իսկ Արփինե Ստեփանյանի և Հասմիկ Հովհաննիսյանի գերմաներեն թարգմանությամբ 36 հեքիաթների ու զավեշտապատումների «Gerettete Marchen» (Փրկված հեքիաթներ, Երևան) ժողովածուն՝ 2009 թ.: Սակայն գերմաներեն գրքի ոչ մեծ ծավալը և այն, որ տեխնիկական պատճառներով չէին տպագրվել ասացողների և գրառողների անուններն ու տվյալները, հանգիստ չէին տալիս Ս. Վարդանյանին: Եվ նա, թարգմանչուհի Նարինե Հովեսյանի և գերմաներենի խմբագիր Դորոթե Շմիդի (Շվեյցարիա) հետ տարիների դժվարին աշխատանքով ի վերջո այս տարի կարողացավ լույս ընծայել «Sergej Wardanjan, Vor dem Vergessen gerettete armenische Marchen, Jerewan, Lusakn, 2023, 208 Seiten» (Սերգեյ Վարդանյան, Մոռացությունից փրկված հայկական հեքիաթներ, Երևան, Լուսակն, 2023, 208 էջ) գիրքը, որն ընդգրկում է 82 հեքիաթ և ժողովրդական զվարճալի պատմություններ, որոնք 1978-1982 թթ. իրենց պապիկներից ու տատիկներից, գյուղերի մեծահասակներից տարբեր բարբառներով գրի են առել Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Արցախի, Նախիջևանի, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների ինձ նման աշակերտները։ Գրքի 32 էջ նկարազարդումների հեղինակները Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջի (տնօրեն՝ Աննա Մնացականյան) և Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղի դպրոցի սաներն են: Ի դեպ, Գեղաշենի դպրոցի տնօրենը՝ Նաիրա Բաբայանը, այն օրերի պատանի բանահավաքներից է, որի գրառած 9 հեքիաթները նույնպես թարգմանվել են գերմաներեն: