Աղմկում է իմ հոգում ամեն
գիշեր մի կարոտ.
Աղմկում է որպես խուլ ու
հեռավոր մի մորմոք…
Ե. Չարենց
Հովհաննես Զատիկյանի առաջին գիրքը՝ «Անծուխ կրակները» եկավ հաստատելու մի յուրօրինակ ճշմարտություն. պատմաբանը, ինչպես քննադատը, երբեք ու ոչ մի դեպքում չի խանգարում գրողին: Հաճախ հակառակն է, նույն պատմաբանը օգնում է գրողին՝ անսխալ թարգմանելու պատմությամբ ստուգաբանված կենսական բազում ճշմարտություններ: «Անծուխ կրակները» լույս տեսավ 1989-ին: Ժամանակները խառն էին, հայրենասեր երևալու ձգտման պակաս չէր զգացվում, մոդայիկ էր գրող երևալու ձգտումը, արտասովոր և խիզախ երևալու ձգտումն ակներև էր: Գրում էին շատերը: Սովետական գրաքննության աստիճանաբար թուլացող դիրքը ստեղծել էր «ինչի մասին ուզում ես և ինչպես կարող ես» գրելու հնարավորություն: Եվ դրանով պայմանավորված է՝ Հովհաննես Զատիկյանի նշյալ գիրքը պատշաճ ուշադրության չարժանացավ գրադատության կողմից: Եվ իզուր: Բանն այն է, որ այս ժողովածուն տարբեր էր ավանդական գրականության ճշմարիտ արժեքայնությունը խաթարող և կեղծ համարձակության քողի տակ սեփական ապիկարությունը թաքցնող «նոր» գրականության դրսևորումներց: Զատիկյանի գիրը հեռու էր սեռի և սիրո, ցինիզմի և համարձակության սահմանները ոտնահարող, արևմուտքի կեղծ արժեքների ջատագովության նվիրյալ ձևացողների գրից:
Մի տեսակ հանդարտ, մեղմ, ձայնի միջին տոնայնությամբ ինքնաբացահայտվող նրա հերոսները նոր օրերի հախուռն իրադարձություններից «սայթաքած» մեր կողքին ապրող այն մարդիկ էին, որոնք կորցրել են ապրելու իրենց ավանդական ճամփաները, իսկ նորի դրսևորումներում «պասիվ» էի, անտարբեր: Դրանք այն մարդիկ են, որոնք, ճիշտ է, զգուշավոր են թվում, բայց այդպիսին չեն: Նրանք ժամանակի մեջ են և իրենց մեջ կրում են այդ նույն ժամանակը: Եվ այդ պատճառով զգուշավոր չեն, այլ՝ զարմացած: Այդ մարդիկ՝ գրող (ոչ պատմաբան) Զատիկյանի հերոսները, կա՛մ ցեղասպանությունից մազապուրծ, կորցրած հայրենիքի անհատնելի ցավն ու կարոտը իրենց հոգում կրողներն են, կա՛մ Երկրորդ աշխարհամարտում այդ հայրենիքը գտնելու, վերադարձնելու հույսով ու հավատով իրենց հայացքը ապագային հառած մարդիկ: Նրանք ամենասովորական, առօրեական, կենցաղում անգամ չեն ազատվում այդ մորմոքուն կարոտից: Եվ «Անծուխ կրակներ» խորագիրը այդ անդադրում մորմոքների խոսուն վկայագրությունն էր: Այդ կարոտն իրենց սրտում ապրողները իրենց անցյալն իրենց մեջ են կրում, բայց ապրում են ներկայով, կենսանյութը ներկայից առնում և նրան էլ տալիս են՝ հայացքներն ապագային հառած, որովհետև դրանով հարատևելու նրանց փիլիսոփայությունն այդ է՝ մահին, վերացումին հաղթելով ապրելն է: Այդպես է իմաստավորվում պարզ, կենցաղային իրը («Մոխրաման»), սիրո և պտղավորման ձգտումը («Երազահան»), բարու, ճշմարտի ու մաքրության հանդեպ հավատի անսասան հիմքը («Չճեղքվող հավատ» ,«Անծուխ կրակներ») և այլն: Մեղքի, մեղսաշատ մտորումների ու անմեղության արանքում տառապող հոգիներն անգամ անաղարտ են մնում, չեն կորցնում նախաստեղծ իրենց անմեղությունը («Գյուղում տղամարդ կա», «Կապույտ ծաղիկներ») և այլն:
Հովհ. Զատիկյանի պատմվածքների հաջորդ՝ «Ապրող կարոտներ» գիրքը ասպարեզ իջավ 2006-ին և եկավ ապացուցելու, որ գրող Զատիկյանը, հավատարիմ իր ներքին ձայնին, շարունակում է մնալ անթեղված կարոտների անխարդախ մեկնիչը: Նոր գրքում ավելի շատ նոր ժամանակներն են, քան անցյալի հուշերը և ըստ դրա՝ նաև նոր մարդն ու նրա կարոտները: Բայց այդ կարոտները նրանց համար արդեն գենետիկայի վերածվող ուղեկիցներ են՝ անկախ այն բանից, դրանք սիրո՞, մեղքի՞, առօրեակա՞ն, թե՞ մի այլ հարթության մեջ են դրսևորվում: Կարոտը նորերի ինքնության բաղադրիչն է այլևս, մի տեսակ բնավորություն: Ահա, օրինակ, «Ապրող կարոտներ»-ը: Կորցրած սիրո և հույսի մղող արթնացումի թելադրանքով ծնված կարոտը հերոսի՝ Մամիկոնի հոգում անծանոթ շարժում է սկսում՝ «Ամենի կարոտը, որ տարիներ շարունակ քնած էր, այնքան էր ահագնացել, որ Մամիկոնի անսովոր հոգին սահմռվում էր» (Էջ 30): Եվ սա սեռի և կրքի, առօրյա տենչի արթնացում չէ: Սա նիրհած բնավորության շնչառությունն է, քանի որ կրքի ձգտումը մեռնում է հենց արթնացումի պահին՝ տեղ բացելով թեև մշուշոտ, բայց լուսավոր ու անկեղծ մի զգացումի համար, որ խաթարված էր դեռ իր հայրենակորույս նախնիների մեջ. «Հեռացող դալկադեմ կինը լուսաչյա կարոտները տանելով, մերկ մաքրություն ցանեց, որը լուսաբացի վառվող շիկնանքին ներգաղթելով, երկնքի բոլոր գանգատների լեզվով աղոթք կարդաց (նույն տեղում՝ էջ 31…»»:
Առհասարակ Հովհաննես Զատիկյանի տեքստը ինչ-որ տեղ և չափով մշուշոտ է, մի տեսակ կոնկրետությունից հեռու թվացող: Երբեմն հերոսների կամ հենց իր՝ հեղինակի խոսքի փոխարեն բնության կամ, որ ավելի տպավորիչ է, ժամանակի խոհերն են: Եվ այս հնարքը ոչ միայն չի խանգարում առավել տեսանելի և ընկալելի դարձնել գեղարվեստական պատկերը, այլ ավելի հստակ և իմաստալից է դարձնում այն, մանավանդ որ հեղինակը իր պատկերների տեսանելիությունը ներկայացնում է խոսուն խորագրերի ներքո: Ահա դրանցից մի քանիսը՝ «Արթնացած հույզեր», «Արթնացած գիշերներ», «Ապրող բարություն», «Ապրող կարոտներ», «Լցված դատարկություն», «Լցված մենակություն», «Շարունակվող հեքիաթ» և այլն: Ես այնպես եմ կարծում, թե ընդհանուր առմամբ հաջողված «Ապրող կարոտներ» գրքի լավագույն գործը «Մի օրվա մանկություն» գործն է: Դա սերնդեսերունդ փոխանցվող մշուշոտ ու աղոտ կյանքի կարոտների տարեգրություն է՝ համեմված նուրբ ու ժպիտ կորզող հումորով: Վարդան պապից Սուրեն թոռանը փոխանցվող ավանդապաշտ կյանքի պատմությանը նրբորեն հյուսվում է Երկան Գալոյի և կոշկակարի աշակերտ Սեթի փոխհարաբերության մի դրվագ՝ կոշիկ կարելու համար մարդուն պառկեցնելով ոտքի չափերը վերցնելու մասին, որն ի վերջո ավարտվում է ողբերգությամբ՝ Գալոյի մահով: Սակայն կորուստն այստեղ չէ և ոչ էլ կարոտի առեղծվածը: Վերևում ասվեց, որ Հովհ. Զատիկյանի ոճի յուրահատկությունը խոսքը մշուշոտ, հաճախ հուշաշխարհի աղոտության մեջ ներկայացնելն է: Նաև այն, որ դրանից ասելիքի պարզությունն ու կոնկրետությունը չի տուժում: Ահա այս դեպքում էլ շուրջ 40 տարի Վարդանուշի՝ մեղքի ու քմայքոտ որոնումների պատճառով միայնակ ապրած Սուրենի հոգում էլ խուլ ու անտեսանելի աղմուկ կա, որ տևում է անվերջ, ու հեղինակի հղացքում դա կարոտն է: «Կարոտը կապույտ թախծին ընկերակցած, քերում էր մաքուր հույզերի զգայուն թելերը», կամ՝ «Կծծի հավատը կարոտի հրախանդ նժույգին նստած, թեև ուզում էր թռչել, բայց նկունացած հույսին նայելով, ամեհի տնքում էր» (էջ 156): Կարոտն, ուրեմն, հույսի ակունքն ու անմահ պահապանն է՝ համեմված մանկության օրերին հորից տրված մեկ համբույրի չմարող հիշողությամբ, որ հերոսուհին ձևակերպում է բանաձևի հստակությամբ. «Արդեն հասուն կին եմ, երեխաների մայր, բայց կյանքս կտամ մի օրվա երջանիկ մանկություն ապրելու համար» (էջ157): Եվ արդեն կարևոր չէ՝ այդ մանկությունը խաթարվել է առօրեականությա՞ն, թե՞ տարերային կամ քաղաքական աղետների արդյունքում: Այն պարզապես ապրող և չմարող կարոտ է, և վերջ: Հովհ. Զատիկյանը, հավատարիմ իր դավանած մտածողությանն ու սկզբունքներին, շարունակում էր ստեղծագործել, և 2011-ին ընթերցողի դատին հանձնեց «Կնճռոտված գարնան ծիլերը» գիրքը: Սա եկավ վկայելու, որ գրողն արդեն իր իսկ գտած աշխարհի տերն ու տարեգիրն է, և գեղարվեստական խոսքի գաղտնիքներին տիրապետելու հմտություններում զգալի առաջընթաց ունի: Դրա վկայությունը 2015-ին հրատարակված «Պատմվածքներ» ժողովածուն է՝ իմ կարծիքով՝ լավագույնը նրա ստեղծագործությունների շարքում: Եվ դա այն պատճառով, որ նախկինում զատ-զատ ներկայացվող կորցրած Հայրենիքի, Ցեղասպանության զոհերի մազապուրծ սերունդների, ազատագրական շարժման մեր հերոսների ճակատագրերի և մաքառող հայի տեսակի, պարզապես իր հույզերով ու խոհերով ապրող մարդու թեմաները այստեղ հանդես են բերվում միաձույլ, կարելի է ասել՝ նույն համատեքստում:
Այստեղ, կարծում եմ, հեղինակը լուրջ շփոթության մեջ է իր ստեղծագործությունների ժանրային բնութագիրը ներկայացնելիս: Նա իր գործերն անվանում է պատմվածքներ, մինչդեռ, իմ խորին համոզմամբ՝ դրանք նորավեպեր են՝ ժանրին բնորոշ բոլոր առանձնահատկություններով: Խնդիրը թողնելով մի այլ՝ պատեհ առիթով քննելու, նշեմ, որ Զատիկյանն այս գործերում «խախտում» է ժամանակն «ընկալելու» հայտնի բոլոր չափորոշիչները՝ այն ներկայացնելով իբրև անտրոհելի հասկացություն, կամ որ ավելի ճիշտ է՝ եռաչափ ժամանակը՝ անցյալ-ներկա-ապագա հարափոփոխ ընթացքով, այստեղ մեկ միասնություն է: Օրինակ՝ «Մենամարտ» նովելը: Հեղինակը իրադարձությունները ներկայացնում է առաջին դեմքով, ինչը նրա մոտ շատ քիչ հանդիպող գրական հնարանքներից է: Այդպես ավելի ազդեցիկ և համոզիչ են ընկալվում ներքին հույզերն ու ապրումները: Գրքի ընծայականը՝ «Նվիրվում է 17-20-րդ դարերում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին», դասական ըմբռնմամբ ընծայական չէ, կամ ավելին է, քան սոսկ նվիրաբերումը: Հեղինակը, կարծում եմ, դրանով նաև հուշում է ընթերցողին՝ թե՛ նյութի մեջ և թե՛ ասելիքում որոնել-գտնել դարերի ընթացքը և հոգեբանական ընդհանրությունները նախորդների և հետևորդների միջև: Վերոնշյալ նորավեպում բանտարկյալն իր ընկալումներով, պատվազրկման դատապարտված կանայք՝ իրենց հուսահատ ընդվզումներով, նույնքան բնորոշ են ցեղասպանվող օրերի պատմությանը, ինչպես նաև մեր օրերին: Բնորոշ ու հոգեհարազատ է, որովհետև բոլոր ժամանակներում էլ նույնն էին լինելու փրկված լինելու և ազատություն վերստանալու հաճույքից ծնված այն անբեկանելի եզրահանգմամբ՝ թե «Երբևէ այդքան նորոգված երեկո չէի տեսել: Դեպի կյանք տանող բարակ արահետը կարոտի՝ ինձ համար փակված հովիտ հասցնելով, կծկված դասը ոտնատակ տալով, ամպի անտեսանելի սրտից իմ եռամսյա տառապանքի քրմուհուն էր դարձրել ինձ ուղեկցող և կույր հուզմունք պարգևելով, սիրահարված թռչունի պարային մեներգն էր նկարում անդունդում խեղդվող ջրվեժի դեմքին» («Պատմվածքներ, 2015, էջ 19): Եվ ինչ էլ լինի ասելիքը՝ երկրորդ համաշխարհայինի ընթացքում անտղամարդ մնացած գյուղերում «գործած» մեղքի («Սավառնող երազների կանչով», «Կաթկթացող լուսնի խիղճը»), թե Ցեղասպանության օրերին բնավեր դարձած կին ու երեխային («Խսիրը»), անզորությունից սեփական միտքն ու հոգին բզկտող տղամարդու («Ցավի հնչող շեփորը») մասին պատմող ցանկացած պատկերում կարմիր թելի պես անցնում է ապրելու զարմացնող, անսպառ տենչն ու սեփական եսի նկատմամբ անկողմնակալ վերաբերմունքը, ու դրանից հետո՝ այրող չմարող կարմիր կարոտը: Հիմանավորում է գրողը այդ կարոտը, և այնպես համոզիչ, որ ընթերցողը նրա հերոսների արանքում ոչինչ անբնական չի տեսնում, ավելին՝ ինքն էլ դառնում է նրանցից մեկը: Ահա թե ինչու համոզիչ է թվում Լևոնի կերպարը, որ գտել է տարիներ շարունակ կորած համարված պապի բանալին և այդ գտածոն տակնուվրա է անում նրան. «Լևոնը, երբ մայրամուտը ուտում է լույսը, վազեվազ հասավ տուն, մաշած շեմը համբուրեց, դուռը բաց թողեց, պապի խփած մեխը ազատեց պարանից, մեխը կարոտից բարակել էր, Լևոնը չփոխեց մեխը, մեխը անսովոր ծանրություն չէր կրելու, իրար մտերիմ փայլեր կփոխանակեին և լույս արարելով ետ գնալու ճամփան կփայփայեին…»: Եվ ընթերցողը չի կասկածում, այլ հավատում է, որ «…բանալին, խենթ կարոտը սրտում, ամեն վրձնահարվածի հետ նոր երազներով էր լցվում» (էջ 39):
Բացի նովելներից, Հովհաննես Զատիկյանը ստեղծել է նաև պատմավեպ: Այն ներկայացնում է 16-րդ դարի Մոլդավիայի ազատագրական պայքարը, որի ոգեշնչողն ու գլխավորողը հայազգի ռազմական և քաղաքական գործիչ, Մոլդավիայի թագավոր դարձած և Ռուսիայի Իվան Ահեղ Կայսեր բարեկամ Հովհաննես Անեցի Նալբանդյան է եղել: Հայազգի այս գործչի մասին, խոստովանենք, քիչ բան է հայտնի: Եվ որքան էլ որ վեպը ունի խոցելի կողմեր՝ դիպաշարի կտրտվածություն, հակադրությունների թույլ պատճառաբանվածություն, գաղափարի ակնհայտ պարզություն, այնուամենայնիվ, արժեքավոր ստեղծագործություն է: Միայն այն, որ գեղարվեստական տիրույթ է բերվում մեկ ուրիշ ժողովրդի պատմության մեջ մեծ հետագիծ թողած, բայց մշտապես սեփական Երկիր կորուսյալի շահերով առաջնորդվող անձնավորություն, որը հորինվածք չէ, այլ՝ պատմական ճշմարիտ, բայց մշուշով պատված, որոշակիորեն անհայտ իրողություն, արդեն արժեքավոր է դարձնում վեպը: Կարելի էր, անշուշտ, ավելի մանրամասնորեն խոսել Հովհաննես Զատիկյանի գրականության մասին, ի մասնավորի՝ նաև հիշյալ պատմավեպի: Սակայն հոդվածի խիստ նեղ սահմանները այդպիսի հնարավորություն չեն տալիս: Ավելի մանրամասն քննությունը թողնելով գալիք ավելի հարմար ժամանակների՝ նշեմ, որ գործ ունենք հետաքրքիր մտածողության և դասական գրականության ավանդույթներին հավատարիմ մի գրողի հետ, որ շահեկանորեն տարբեր է հրապարակի վրա գործող շատերից, որոնց հիմնական ձգտումը յուրօրինակ երևալու համար նույն դասական գրականության կենսունակության ժխտումն է և սեռախտաբանական գարշանքի տարածումը: