ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋՈՎ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղևորություն երկար, ձեռնունայն

«ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ», Բան ԻԴ,Գ

Ճշմարիտ ու անկեղծ պոեզիա կարդալիս անմիջապես զգում ես՝ այն բանաստեղծուհի է գրել, թե բանաստեղծ: Ալիսա Բաղդասարյանի՝ վերջերս լույս տեսած «Տունդարձի ճանապարհին» գրքի պարագայում էլ այդպես է, բանաստեղծությունները ողողված են կնոջ գոլ շնչառությամբ, և ամենևին պատահական չէ, որ հեղինակի կողմից հաճախակի է գործածվում «գիրկ» բառը, որն արցախցի բանաստեղծուհու համար թերևս առաջին հերթին խորհրդանշում է օջախի ջերմություն, և «Նա ամենուր նկարում է ձեռքեր,», երբ «ձեռքերը գիրկ չեն դառնում», այնժամ «ճչում է սերը» անանց ձգտումով յուր սրբություն սրբոց սկիզբը՝ տունը՝ հայրենիքը: Բանաստեղծական տեքստերում հայուհու գիրկը՝ որպես սիրով, հույսով ու հավատով տաքուկ բանաստեղծություն, խորհրդանշում է նաև սպասում ու համբերություն, որոնք միասնաբար դառնում են կարոտ՝ տուն – հայրենիքով իմաստավորվող. «Կարոտը հեռուն տեսնելու ճշգրիտ ճանապարհ է.// զգացմունքը դեմք է ունենում,// դիմակներն անզորությունից ընկնում են,// և խորշոմների տակ բաբախում է սիրտը: // Կարոտը զգացմունքների տարափում// գտնվելու կամ կորչելու ուղիղ ճանապարհ է, // կա՛նգ առ, շո՜ւնչ քաշիր// և զգա թոքերիդ ներսում եռացող արյան շարժը: // Բոլոր ճանապարհները // Տուն են տանում. // Երբ բաց են հոգու դռները»: Առարկայական և հոգևոր զգացողությունների համադրմամբ է բանաստեղծուհին որոշակիացնում ժամանակի ու տարածության հարաբերական վայրիվերումները, այստեղ է, որ կնոջ գիրկը տիեզերքվում է սովորական զգացմունքների առօրեական ծիրում, մի անսովորությամբ, ինչը ո՛չ լիքն է, ո՛չ դատարկը, այն պարզապես օրրանն է կենսունակության: Բանաստեղծուհու համար, անկախ ճանապարհների գայթակղությունից, «Բոլոր հրաժեշտները // Վերադարձի // Ակնկալիք ունեն», և նա իր աղոթքի էավորումը տեսնում է «Գրկիր ինձ» փափագում ու խոստովանում է. «Գրկեցիր, //և մինչ քեզ// ու քեզնից հետո// տարածությունը //կոչեցի սպասում», ահա այս պարզ ու շիտակ նվիրվածությունն է, որ երանելի է դարձնում իրականությունը. «Արցախն այն երկիրն է, // որի յուրաքանչյուր բնակիչ // քնում և արթնանում է // «Հայր մեր»-ը շուրթերին, // Իսկ նրա բանաստեղծը համոզված է, // որ Աստված էլ է ղարաբաղցի: // Արցախն այն երկիրն է, // որի դժբախտությունների ծանրակշիռ մասն // Իր չճանաչված լինելու պատճառով է, // Իսկ նրա բանաստեղծը // Հայտարարում է՝ // Երանություն է // չճանաչված երկրի քաղաքացի,// առավել ևս բանաստեղծ լինելը: // Արցախն իմ երկիրն է, // որտեղ// ինձպես հազարավոր // հայուհիներ, // մահն աչքերի առաջ, // շարունակում են ապրել // և լույս աշխարհ բերել // Արու զավակներ»: Բնականաբար, այսօր տեղին և ինքնաբուխ անհրաժեշտություն էր «Տունդարձի ճանապարհին» գրքի ծնունդը ներկա ծանր ժամանակներում, երբ երկինքները լեռներից ծանր են թվում, ու «Երազանքները // Մոլորված թռչուններ են» ու գետնամած և անշարժացած օդում, թվում է, ինչքան էլ «Մտքերի // Ներսն ու դուրսը // Սիրով են լիքը», միևնույն է, «Սերը, // Որ շնչում են // Մեր օրերը, // Օդի պես // Լցնում է // Մեզ բաժանող // Տարածությունը», ուր զարմանալիորեն բանաստեղծուհու զգացումներն ու կամքը հակադարձ համեմատական են. «Քեզ հետ լինելու // Խելահեղությունը՝ // Քոնը լինելու // Համարձակություն չունի», ու ասես կյանքի անցողիկությունը բանաստեղծուհու համար անհասկանալի բան է, որովհետև նա չի պատկերացնում. «Ժամանակին// Սիրո չհամտեսած պահը //Կրկնվելու հատկություն չունի»։ Ալիսա Բաղդասարյանի «Տունդարձի ճանապարհին» գիրքը չունի բաժիններ, այն ամբողջական մեկ տեքստ է՝ բանաստեղծություն, ու այդ գիրք – տեքստ – բանաստեղծությունը ունի դասական կատարյալ բանաստեղծության սոնետային եռաբաժին կառուցվածք՝ թեզ, անտիթեզ, սինթեզ: Թեզը խաղաղությունն է, որը, ըստ «Տունդարձի ճանապարհին» գրքի խմբագիր Սլավի-Ավիկ Հարությունյանի նախախոսքում գրված ձևակերպմամբ, սերն է («Պարզապես գրկիր ինձ,// Եվ աշխարհն Այլևս չի տխրի, //Ծառերն Այլևս չորացած տերևներ //Չեն ունենա, //Անձրևները// Ռոմանտիկ ելևէջներ կդառնան, //Եվ կհնչեն Արևի շնչառության տակ, //Լուսինն ու աստղերը// Քո շնչառության միջով //Կտեղափոխվեն հոգուս մեջ»), անտիթեզը՝ պատերազմը, Ս.-Ա. Հարությունյանի մեկնաբանությամբ, վիշտն ու անհայտությունը («Հենակներով քայլող զինվորը //Պայուսակներն // Արմունկներին ամրացրած է տանում, // Տեսողությունից զրկված // Երիտասարդը // Ուրիշների աչքերով է նայում // Զուգընկերուհուն։ // Ծնունդները // Նշվում են հիշողության արցունքներով։ // Հայրենասիրությունը //Պաստառվել է Հայրենիքիս փողոցներում»), իսկ սինթեզը գոյաբանական ընդհանրացումն է՝ կյանքը, որը տունդարձի ճանապարհ է. «Մարդը ճանապարհը գրկած //Մոտենում է իր տանը»: Ալիսա Բաղդասարյանի համար ճանապարհը կենսագրություն է, դարձ ի շրջանս յուր։

Ընդունված է համարել, որ դասական սոնետներին հատուկ են ու բնորոշ թագադիր տողերը, որոնք դրամատիկական լարվածություն են հաղորդում ստեղծագործությանը, նրա կանոնիկ կառուցվածքը պահելով դինամիկ, բայց կայուն մտազգայական շարժման մեջ: Բանաստեղծուհի Ալիսա Բաղդասարյանի «Տունդարձի ճանապարհին» գրքի պարագայում թագադիր տողը անկանոնիկ է ու որոշակիորեն պայմանական։ Հեղինակը ակամայից իր նուրբ ներհայեցողությամբ ու խոհաթափանցությամբ բաց տեքստով ասես «գաղտնագրել» է մի նախադասություն գրքում առկա վերնագրերով. ՏՈՒՆԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ՝ ՀԱՄԲՈՒՅՐ ՈՒ ՇՈՒՇԻ (Հեղինակին «Տունդարձի ճանապարհին» գրքում ընդամենը երկու բանաստեղծություն է վերնագրված՝ «Համբույր» և «Շուշի», և դրանցում արտահայտված հոգեապրումի շարադրմամբ էլ ծնվում է վերոնշյալ թագադիր տողը, որում շեշտավորված է հայկական ժամանակի նորօրյա ողբերգական ընթացքը): Բանաստեղծուհին կարողացել է ինքնատիպ պատկերային մտածողությամբ ու կոնցեպտուալ դիտողականությամբ գրքում ներկայացնել իրականության դեմքը որպես հակադրամիասնության հոգեվիճակներով պայմանավորված ճշմարտություն. «Շտապելիս// Ժամացույցի սլաքները // Կանգ են առնում։ //Վնգստոցները դառնում են պահանջմունք,// Ոռնում են մտքերը.// Շարժն անշարժ է։ // Հետքերն // Օդի պակասից խեղդվում են:// Հաղթանակի ծաղիկը դարձել է սգո զարդ»։ Բավականին ճանապարհ անցած բանաստեղծուհու մորմոքում «Մահը չափազանց անմեղ է՝ // Ապրելու մեղքի դիմաց», ահա ինչու նա ամենուր տեսնում է, որ «Դառնությունն առաջին հացի նման սմքաչոր կպել է մարդու դեմքին», քանզի այս խեղաթյուրված ժամանակներում. «…մեզնից // և ոչ մեկը // իր մեջ չհաղթահարեց // ուրիշներին մեղադրելու // վատ սովորությունը»: Այս ճնշող իրավիճակում. «Աստված ամեն օր // Հայացքն ուղղում է դեպի մեզ, // Նայում է մտամոլոր,// Ձեռքով շոյում մորուքը, // Ժպտում, //Հետո շարունակում է իր ճանապարհը»։ Եվ բանաստեղծուհին հետևում է նրան, քանի որ նա լավ գիտի այդ ճանապարհը, որով գնում է. Աստված տանում է դեպի իր կացարանը՝ Արցախ, ուր Ալիսա Բաղդասարյանի հայրենի տունն է, որտեղ «Մանկան նման// Կառչել ենք հայրենիքի փեշից //և չենք գիտակցում, //Որ մեծացել ենք, //Եվ փեշի տակ թաքնվելու //Փոխարեն պետք է// Այդ փեշը մեր մարմնով պաշտպանենք»: Ասելիքս եզրափակեմ բանաստեղծուհու տողերով. «Ամեն ինչ պարզ է// Եվ անհասկանելի», քանի որ նրա նորընծա գրքում բովանդակված է այսօրվա կապույտ գույնը սպառած կյանքը, ինչպես որ կա. «Երկրիս ապագան// եղբոր անունը կրող տղայի //մատնաչափ բռունցքի մեջ է», որը թելադրված է ժամանակի տրամաբանությունից ածանցված հանգամանքներով: «Ձեռքերս գրկում են, // Իսկ միտքս բաց է թողնում. // Մտքերիս գիրկը դատարկ է»։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։