Լավ, հաշվենք՝ ձեր գործերից ոչինչ էլ չենք հասկանում, այսինքն՝ լինում է, չի լինում… և ձեզ ոչ մեկն էլ ոչինչ չի ասում, օրինակի համար՝ ձեր աչքից մի քիչ, մի քանի միլիմետր վերև հոնքի նման մի բան կա, կամ՝ տեղդ մի քիչ ծուխ է, վեր կաց, էն անծուխ, փափուկ տեղը բազմիր, նաև՝ ինչ լինի, թող ինձ հետ լինի, ձեր մատը մի սովորական փուշ էլ չմտնի… Էն վերևինն էլ, եթե մեկին ցանկանա, չէ, բարեհաճի պահել, էդ մեկն էլ դուք լինեք, էն մյուսն էլ… Մենք բոլորս, ազգովի, տնով-տեղով, բարեկամ-հարազատներով ձեր ցավը տանենք, և իմացած լինեք՝ մեր գլխին էլ տեղ ունեք, կարող եք, երբ ցանկանաք, երբ ձեր սիրտը թռչկոտել ուզի, հանգիստ նստել ու… մնացածն արդեն դուք գերազանց գիտեք… Դժվար չէ, փորձեք հիշել, մի ժամանակ էլ ձեր գլխին էին այդպես առոք-փառոք նստում… Հո չեք ուշաթափվել-փռվել գետնին, դիմացե՞լ եք, չէ՞, տղամարդավարի, երկիր պաշտողի, թագավոր սիրողի համբերություն ու քաջություն եք ունեցե՞լ, չէ՞… խոնարհվել-պաչպչե՞լ եք, չէ՞… երկիր եք պահել, չէ՞… հերթո՜վ, անհերթ, մատուցվե՞լ եք, չէ՞… Դե, հիմա էլ ձեր հերթն է, հանգիտ նստեք ու… կեցցե՜… չասեմ ինչը, դուք դա էլ, հաստատ, ինձնից լավ գիտեք…
Չեմ կասկածում, գիտեմ, որ ձեր ամեն մի ժամը լեփ-լեցուն է երկրաշեն գաղափարներով ու քրտինքի հազարավոր կաթիլներով, որ վաղուց մոռացել եք, կներեք, ձեր քթի տեղը, որ չեք հիշում ձեր տան ճանապարհը, և որ ձեզ բավականին երկար, լա՜վ ծրագրավորված ու խաղաղ հանգիստ է պետք, այն էլ՝ մեծ-մե՜ծ երկրներում, տաք-տա՜ք ծովերի ափին, բայց, օրինակի համար, եթե կարելի է, փոքրիկ, ընդամենը մի քանի խեղճ ու կրակ բառից կազմված հարց, կարող եք նաև չպատասխանել, եթե, իհարկե, դրա համար չունեք հարմար ժամանակ կամ տրամադրություն: Չեմ նեղանա: Տեսեք, չեմ ասում՝ հորս արև, որովհետև մի գրամ անգամ չեմ կասկածում, որ հավատում եք: Լավ, չերկարացնեմ, ահա հարցս՝ ի՞նչ եք մեզնից ուզում, ավելի ճիշտ այսպես՝ էդ ի՞նչ եք մեզ տվել, որ չեք կարողանում վերցնել: Ասեք, էլի, ասեք, իմանանք: Ինչքան հիշողությանս նկուղներն ու դարակները տակն ու վրա եմ անում, ոչինչ չեմ գտնում, չեմ տեսնում մի բան, որի վրա գոնե ձեր մատնահետքը լինի: Դրա համար էլ ասում եմ՝ ասեք, իմանանք, մենք, նկարիչները, արվեստագետ մարդիկ, մշակույթի գործիչները… Բայց այնքան էլ միամիտ մարդ չեմ, որ սպասեմ պատասխանի: Ի՞նչ պիտի ասեք: Հո չե՞ք ասելու, որ սիրահարվել եք Գրողների միության մեր շենքին, մեր ձեռքով ու կարողություններով կառուցած, որ ամեն անգամ մեր այդ շենքի կողքով անցնելիս, մեղմ ասած, ձեզ այնքան էլ լավ չեք զգում, օրինակի համար, առողջության հետ կապված խնդիրներ եք ունենում՝ անհասկանալի-անբացատրելի սրտխփոց, զարկերակային ճնշման վտանգավոր տատանումներ, սրտխառնոց, ոտքերի՝ պարտադիր ծնկների կողմից, թուլացում, լսողության ու տեսողության որոշակի կորուստ և այլն, և այլն, և այլն… Բա՜…
Գիտեմ, շա՜տ դժվար է, համարյա՝ անտանելի, անկառավարելի վիճակ: Եվ այդ առումով մեզնից ոչ մեկը ձեզ չի նախանձում, ավելին՝ ցանկություն է ունենում ցավակցել, նստել ձեր կողքին ու մխիթարող ինչ-որ բան փսփսալ ձեր ականջին: Նաև գեղեցիկ, պոետիկ լեզվով բացատրել, որ այս երկրում ամեն ինչ չէ, որ պատկանում է ձեզ, ամեն բան չէ, որ կարելի է վաճառքի հանել, դարձնել սրճարան ու ռեստորան, քանդել-վերացնել… խժռել…
Ոչ ոք ձեզ չի խանգարում և նման մտադրություն էլ չունի: Կարող եք հանգիստ ժամանել, նստել մեր այգում, վայելել մեր տան գեղեցկությունը, ցանկության դեպքում սուրճ էլ կմատուցենք ու մեկ անգամ ևս կներկայացնենք այդ ճարտարապետական կոթողի ամբողջ պատմությունը, օրինակի համար՝ երբ է կառուցվել, ում համար է կառուցվել և ինչու է կառուցվել: Ամենագլխավորը՝ ում միջոցներով և ֆինանսական աջակցությամբ: Կարևորը՝ էլի էդ գայթակղություն կոչվածը չմթագնի ձեր միտքը, չմոլորեցնի ու չհեռացնի բանականության սահմաններից, չվերացնի հիշողության բոլոր պաշարները: Չեք դիմանա, լուրջ բան եմ ասում, կանիծեք ինքներդ ձեզ, կմնաք ժամանակի փլատակների տակ, և ոչ մեկը չի լսի ձեր ճիչը, ոչ մեկը չի աճապարի օգնության…
Եվ եթե, իհարկե, ի վիճակի եք, ուզում եմ ասել, եթե դեռ ամբողջությամբ չեք կորցրել լսելու կարողությունը, մի խորհուրդ. գոնե մի քիչ բանաստեղծություն փրկեք-պահեք, մի քիչ մշակույթ` մաքուր հայերեն-ազգային, և մտածողություն, որպեսզի, երբ մի օր փորձեք բացատրել, թե ով եք և որտեղից եք գալիս… անձնագիր ունենաք… հասկանո՞ւմ եք, անձ-նա-գիր…