ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂՄՈՒԿԸ / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը առաջացրեց երևի ամենաաղմկալից քննարկումները: Եթե չլիներ այդ աղմուկը, ապա քննարկումներն ան­հրաժեշտ էին: Մանավանդ հայոց լեզվի բուհական դասավանդման խնդիրը: Արդեն երեսուն տարի է` մենք խնդիրներ ունենք հայոց լեզվի և գրականության դասավանդման հարցում: Ովքեր առիթ են ունենում շփվելու մեր դպրոցների շրջանավարտների հետ, չեն կարող չտեսնել, թե ինչքան վատ են սովորեցնում հայոց լեզուն դպրոցում, և ինչքան վատ գիտեն հայ գրականությունը դպրոցների և տարբեր քոլեջների շրջանավարտները: Կան, կան լավ ուսուցիչներ, որոնք կարողանում են սեր առաջացնել հայոց լեզվի և գրականության նկատմամբ: Բայց ընդհանուր պատկերը տխուր է:
Անկախության վերականգնումից հետո շատ խիստ օրենք ընդունվեց, որը հայոց լեզվի ուսուցումը բուհերում պարտադիր էր դարձնում: Դա, անշուշտ, քաղաքական որոշում էր` պայմանավորված ժամանակի թելադրանքով: Հիմա մտածում եմ, որ օրենքն ընդունելիս ոչ ոք հայոց լեզվի դասավանդման բարելավման մասին չէր մտածում: Պարզապես պետք էր ամեն կերպ ցուցադրել, որ մենք անկախ ենք: Բայց հենց 1990-ականներից սկսած` հայոց լեզվի ուսուցման մակարդակն սկսեց ընկնել: Ես տասը տարի ղեկավարել եմ Երևանի լավագույն բուհերից մեկի հայոց լեզվի և հայ գրականության ամբիոնը: Դասերի ժամանակ ամբիոնի դասախոսները ուղղագրության կանոններ էին սովորեցնում, շարահյուսություն և այլն, այսինքն` բաներ, որոնք դպրոցում արդեն պետք է սովորած լինեին: Իմ դիտողությունները բախվում էին իրականությանը` տասներկու տարի դպրոցում սովորած ուսանողները ամենապարզ տեքստերը գրում էին մեծաթիվ սխալներով: Գոնե հիմա պետք էր ինչ-որ բաներ ուղղել: Իհարկե, դասախոսները ընդլայնում էին ուսուցման շրջանակները, ներառում կյանքին ու մշակույթին վերաբերող ամենատարբեր թեմաներ: Բայց մեկ, նույնիսկ երկու տարում հնարավոր չէ սովորեցնել այն, ինչի համար դպրոցներին տրվում է տասներկու տարի: Օրենքի նախագծի հեղինակները տեսականորեն ճիշտ գաղափար են դրել նախագծի մեջ` դպրոցական ծրագրի համառոտված կրկնությունը հայ ուսանողների համար հայկական բուհում անիմաստ է: Նրանք դպրոցում արդեն տասներկու տարի սովորել են հայերեն: Բայց նախ և առաջ պետք էր ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ վիճակ է դպրոցներում հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում, ուղիներ մտածել դրա մակարդակը բարձրացնելու համար: Ի վերջո, ցանկացած դպրոցի հիմքը մայրենի լեզվի (և գրականության) ուսուցումն է, որովհետև առանց դրա կրթել երեխաներին հնարավոր չէ: Երկրորդ` բուհում հայոց լեզվի ուսուցումը չպետք է լինի դպրոցական դասընթացի համառոտ կրկնությունը: Դա իսկապես անիմաստ է: Բայց եթե բուհին առաջարկվում է հայոց լեզվի մի նոր մակարդակ, որն իսկապես խորացնի մայրենի լեզվի իմացությունը, սովորեցնի գրավոր և բանավոր արտահայտվել հասարակական կյանքի, սոցիալական խնդիրների, մասնագիտության, մշակութային և այլ բազմազան հարցերի շուրջ, ապա այդպիսի առարկան երևի տեղին կլինի Հայաստանի բուհերի ծրագրում, իհարկե, չմոռանալով, որը բուհը մասնագիտություն սովորեցնելու և ոչ թե մարդու կուլտուրան բարձրացնելու համար է: Այս վերջինը պետք է ուղեկցի մարդուն ամբողջ կյանքում, բոլոր պարագաներում: Բայց այդ բեռը չպետք է դրվի բարձրագույն կրթության վրա:
Քննարկման (ավելի շուտ` աղմուկի) բովանդակությունը տհաճորեն զարմացրեց հենց սկզբից: Գիտենք, չէ՞, որ չկա չարիք առանց բարիքի: Ինչքան էլ նախագիծը վատն էր (իսկ այն իսկապես անհաջող է, ես դեռ այդ մասին կասեմ), լավ առիթ էր խոսելու, քննարկելու կրթության, մասնավորապես` հումանիտար կրթության խնդիրները: Բայց բովանդակային քննարկման փոխարեն սկսվեց այս տհաճ աղմուկը: Ակնհայտ էր, որ աղմուկն սկսողները ավելի շատ մտածում էին քաղաքական հակառակորդներին մի հարված ևս հասցնելու մասին: Ամեն ինչ խառնվեց իրար, և, իհարկե, առաջին հերթին ասպարեզ բերվեց ազգային ավանդներին դավաճանելու մեղադրանքը, որը մեզանում գործում է անվրեպ: Եվ, պետք է ասեմ, նախարարությունը կրակի վրա հսկայական քանակութամբ բենզին լցրեց` ինչ-որ անհասկանալի բացատրություններ տալով մարզիկ Դալուզյանի մասին ֆիլմը և ֆուտուրիզմին նվիրված հրապարակային ներկայացումը ֆինանսավորելուն, դրան միացավ և ստամբուլյան կոնվենցիայի խնդիրը, և հայոց լեզվի ուսուցումը, ըստ էության, դարձավ երկրորդական հարց:
Մինչև առաջ անցնելը կուզենայի հարց տալ նախարարության աշխատողներին` իսկապես, ինչո՞ւ պետությունը պետք է ֆինանսավորեր Դալուզյանի մասին ֆիլմը կամ ֆուտուրիստական պերֆորմանսը: Դրանք պետք չէր արգելել, նույնիսկ ֆուտուրիստական ներկայացումը կարելի էր խրախուսել (մեկ անգամ ևս հիշեինք մոռացված ֆուտուրիստական տողերը): Բայց մի՞թե մեր մշակույթի օրակարգում չկան ավելի հրատապ առաջարկություններ, որոնք պետական հովանավորության կարիք են զգում: Նախարարության աշխատողները մի՞թե չեն տեսնում, որ ո՛չ ֆուտուրիզմը, ո՛չ տրանսգենդերի ճակատագիրը մեր այսօրվա իրականության մեջ չեն կարող առաջնակարգ թեմաներ լինել: Դրանք, ինչպես հիմա ընդունված է ասել, արհեստական օրակարգ են մեր երկրի համար: Եվրոպացիները գուցե արդեն լուծել են մնացած բոլոր խնդիրները և առաջնահերթ են դարձրել ազատության, երբեմն տարօրինակ ըմբռնումները, բայց մենք շատ ավելի ծանր խնդիրներ ունենք լուծելու, և նոր ուժերը, որոնք օրինաչափորեն եկան իշխանության, առաջին հերթին ա՛յդ խնդիրները պետք է լուծեն: Բայց, ինչպես տեսնում ենք, նոր ուժերն էլ են վրիպումներ թույլ տալիս:
Հիմա վերադառնանք լեզվի խնդրին: Ես չեմ հիշում, ԿԳՄՍ նախարարությունը խորհրդակցե՞լ է ուսուցիչների, դասախոսների, լեզվաբանների, գրողների հետ, քննարկվե՞լ են լեզվի դասավանդման և ընդհանրապես հայոց լեզվի զարգացման խնդիրները: Լավ է, դեռ հանրային քննարկումներ նախատեսվում են: Բայց դրանից առաջ պետք էր լսել մասնագետների կարծիքները, հետո միայն նախագիծ մշակել և ներկայացնել հանրային քննարկման: Չէ՞ որ այսօր մեր լեզվի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, և վատ է, որ մենք կենտրոնանում ենք միայն բուհերում լեզվի ուսուցման վրա: Դուք առիթ չե՞ք ունեցել մտածելու, թե այս ինչ համաճարակ է տարածվել քաղաքական գործիչների և բարձրաստիճան պաշտոնյաների խոսքում` է՛լ ֆիքսել ու ֆիքսվել, է՛լ մանիպուլացնել ու մանիպուլացվել և այլն, և այլն: Էլ չեմ խոսում օժանդակ բայի տարօրինակ օգտագործման մասին` էի փոխարեն` ա (գրում ա), դարձյալ պաշտոնյաների և պատգամավորների կողմից, և այլն: Ես լեզվական մաքրամոլ չեմ, և ամեն ինչ թարգմանելու ձգտումը նույնքան վնասակար է լեզվի համար, ինչքան օտար բառերի, ժարգոնային ձևերի անհարկի օգտագործումը: Ես խոսում եմ ընդամենը սեփական լեզվի հանդեպ տարրական հարգանքի բացակայության մասին: Այո՛, լեզուն ինքը գտնում է իր զարգացման ուղիները, դրա համար պետք չէ բռնանալ նրա վրա զանազան մերսի շատ և այլ անիմաստ փոխառություններով: Մենք ընդամենը պետք է փորձենք հարգանք դաստիարակել մեր լեզվի հանդեպ: Այստեղ շատ բան կախված է հեռուստատեսությունից: Բոլորը կարծես հասկանում են, որ մեր ժամանակներում լեզվի զարգացման վրա այն մեծ ազդեցություն է գործում: Բայց առայժմ այդ ազդեցությունը ավելի շատ բացասական է:
Այս թռուցիկ դիտողությունները, անշուշտ, չեն ընդգրկում այն մեծ խնդիրները, որ կապված են հայոց լեզվի զարգացման հետ: ԿԳՄՍ նախարարությունը և համապատասխան գիտական կառույցները պետք մտահոգվեն սրանով և ոչ թե ձգտեն հեղափոխական փառք վաստակել մինչև վերջ չմտածված փոփոխություններով: Ընդդիմությունը միայն վատ դեր է կատարում` մակերեսային հայրենասիության քարոզով, սորոսներով, սատանիզմով և այլևայլ պիտակներով ուշադրությունը շեղելով իրական խնդիրներից: Փոխանակ լրջորեն քննարկելու լեզվի ուսուցման, ընդհանրապես հումանիտար և հայագիտական կրթության հարցերը, նրանք հերթական մահակն են փնտրում` հարվածելու իշխանություններին, և հնարավորինս ուժեղ ու ցավագին հարվածելու: Նրանք գրեթե երեք տասնամյակ իշխանություն են եղել և երբեք չեն մտահոգվել հայոց լեզվով ու հայկական դպրոցով: Սահմանադրության մեջ հայոց լեզվի ուսուցումը հայտարարելով պարտադիր` ոչ մի իրական քայլ չարեցին գոնե մինչ այդ նվաճված մակարդակը պահելու: Քանի՞ ժամ կրճատվեց այդ տարիներին հայոց լեզվին և հայ գրականությանը հատկացված ժամերից: Իսկ հիմա երկինք-գետին խառնել են իրար, թե հայ-հարայ, հայոց լեզուն հանում են բուհերից: Իշխանություններն էլ, առանց մինչև վերջ հասկանալու իրողությունները, հասկանալու այն ժողովրդի հոգեբանությունը, որի անունից իրենք խոսում են, պատրաստակամորեն իրենց թիկունքը դեմ են անում ընդդիմության հարվածներին:
Իբրև ավարտ` ասենք, որ օրենքի` այսօր մատչելի նախագիծը մինչև վերջ մտածված ու մասնագետների հետ քննարկված չէ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։