ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԻ՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԽՐԱՆՔԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆԱՐԳԱՆՔԻ ԵՐԿՈՒ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՕՐԵՐԸ (մար­տի 15 և մար­տի 16, 1921 թ.) / Ալ­բերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում՝ Շառլոտենբուրգի Հարդենբերգշտրասե փողոցում, 24-ամյա հայ ուսանող Սողոմոն Թեհլիրյանը ատրճանակի  կրակոցով  վերջ  դրեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, երիտթուրքական կառավարության մեծ վեզիր, երիտթուրքերի պարագլուխ Թալեաթ փաշայի կյանքին: Այս առթիվ 1922 թվականին «Իզվեստիա» ռուսերեն լրագրում դատապարտող ելույթով հանդես եկավ ռուս բոլշևիզմի ներկայացուցիչ Կարլ  Ռադեկը:  Ամբողջովին  թուրքական  ոգով ներծծված նրա ելույթը հայերեն թարգմանությամբ զետեղվեց «Խորհրդային Հայաստան» լրագրում. «Հայ նացիոնալիստի ձեռքով ընկավ երիտասարդ թուրքերի հեղափոխության և երիտասարդ  թուրքերի  կառավարության  իրական  ղեկավար  Թալեաթ փաշան: Նրան հետևեց այժմ Բաղդատի գեներալ, նահանգապետ և երիտասարդ թուրքերի մտավոր ղեկավարներից մեկի, Ջեմալ փաշայի սպանությունը, որ հավանորեն նույնպես  կազմակերպվել  է  դաշնակների  կողմից»:

Ահա թե ինչպես է պատասխանում Ռադեկի այս երկերեսանի վշտակցությանը Հայոց մեծ եղեռնի ականատես, իրավագիտության դոկտոր և մեծ հումանիստ Արմին Թեոֆիլ Վեգները, որը Սողոմոն Թեհլիրյանին անվանում է ոչ թե «հայ նացիոնալիստ»,  այլ «ժողովրդական վրիժառու» և նրա դատավարությունը Բեռլինում  գնահատեց  որպես  համամարդկային  տրիբունալ, իսկ  նրա   նկատմամբ գերմանական դատարանի կայացրած արդարացման վճիռը` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱՎՃԻՌ. «Եվ ահա մի անհայտ հայ ուսանողի ատրճանակի կրակոցը, որ գետնին է տապալում Թուրքիայի ներքին գործոց նախկին նախարարին, և դրանից ծայր առնող դատավարությունը մի անգամ ևս ստիպեց աշխարհին, և առաջին անգամ նաև գերման ժողովրդին, իր հայացքն ուղղել համաշխարհային պատերազմի ամենաարյունոտ էջին. և բացահայտվում է մի իրողություն՝ մի ողջ ժողովրդի հետևողական բնաջնջումը երիտթուրքական  կառավարության ձեռքով: Հանգամանքների անակնկալ շրջադարձով տեղի է ունենում այն, որ ամբաստանյալը՝ մի տառապող ու անմռունչ զոհ, առանց իսկ այդ մասին անձամբ գեթ մի բառ արտասանելու, սոսկ իր հետևում կանգնած փաստերի զորությամբ դառնում է մեղադրող, և որ այլևս ոչ թե Սողոմոն Թեհլիրյանն է կանգնում մեղադրյալի աթոռի մոտ, այլ մի մեռելի արյունոտ ստվերը՝ խորապես բացահայտելով այն խորհրդավոր խոսքը, թե՝ «Ոչ թե սպանողը, այլ սպանվածն  է  մեղավոր» (Ֆրանց Վերֆել): …Ահա թե ինչն է այս դատը դարձնում մեկն այն ամենահիշարժան դատավարություններից, որ երբևէ տեղի են ունեցել Գերմանիայում, քանզի նրանում ի հայտ եկած դեպքերն այնքան խոր ցնցող ուժով են ներգործում, որ չնայած բացահայտ բռնի սպանությանը՝ երդվյալներն արդարացման վճռի  հանգեցին,  որով  այս  դատավարությունը,  հակառակ նրան քաղաքական բնույթ  չտալու  բոլոր  ջանքերին,  փշրում  է  արգելքները և վերաճում համամարդկային տրիբունալի, իսկ նրա վճիռը դառնում է համաշխարհային պատմական նշանակություն  ունեցող  մի  դատավճիռ:  Ինքը՝  Սողոմոն   Թեհլիրյանը,  խորհրդանիշ  է  միայն,  մի  հյուլե, որի  մեջ  կուտակված  է  մի   ողջ  անիրավված   ցեղի տառապանքը, ցեղ, որն  օրհասական  ինքնապաշտպանության  պահին ի կատար  է  ածում  իր  հատուցումը»[1]:

Արմին Թեոֆիլ Վեգների Նախաբանն այսօր էլ պահպանում է իր այժմեականությունը և քաղաքական հնչեղությունը, քանի որ նրանում խստորեն դատապարտվում են ժողովուրդների տեղահանությունն ու բռնագաղթը, անկախ այն բանից` կատարվել է դա Օսմանյան Թուրքիայում թե Խորհրդային երկրում, որը նույնպես  ուներ  ժողովուրդներին  բռնագաղթի  ենթարկելու  մեծ  փորձ:

Կարլ  Ռադեկը  մեկն  էր  Լենինի  ասած այն «իուդուշկաներից», որոնք կազմում էին ռուսական բոլշևիզմի գվարդիան, բայց նրանց մեջ նմուշի համար ազգությամբ ռուս որևէ մեկը չկար: 1908 թ. ապրիլին Լենինը, որ այդ ժամանակ ապրում էր Փարիզում, հյուր եղավ ականավոր ռուս գրող Մաքսիմ Գորկուն, որը առանձնացել էր Իտալիայի Կապրի կղզում՝ «Աստված որոնողների» նեղ շրջանում: Գրողի հոնորարների հաշվին Լենինը մի քանի օր հիանում էր Ադրիատիկայի տեսարժան վայրերով: Գորկու հետ ունեցած զրույցներից մեկում Լենինը անկեղծանում  է  այսպես. «Նայիր ռուս ինտելիգենցիային – նրանք բոլորը հրեաներ են կամ հրեական արյան խառնուրդով»: Ելնելով հենց այս սիոնիստական նկատառումներից՝ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը, բնակվելով Եվրոպայում, այդպես էլ ձևավորում էր իր երկրպագուների շրջանակը և ռուս բոլշևիկյան  գվարդիան,  որոնց  թվում  չկար  ոչ  մի  ռուս:

«Եվ ովքե՞ր էին դրանք, – գրել է Եղիշե Չարենցը, – և ո՞վ էր դրանց ղեկավարը… կամ «վերի գլուխը». – արյունարբու  մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած՝ չին զորքերու և անվարտիք ավարներու օգնությամբ  ներսերում  խլել  էր  արդեն իշխանությունն ու հանձնել այն գերմանացիներին՝  այդպիսով  գլուխ  բերելով  իր  այն  խոստումը, որ տվել էր արյունարբու  Վիլհելմ   կայսեր»:

«Լենինի մասին» իր ակնարկը Մաքսիմ Գորկին հրապարակեց առաջնորդի վախճանից հետո 1924 թվին՝ ռուսական հրեա մտավորականության մասին Լենինի վերոհիշյալ խոստովանությամբ, սակայն հաջորդ բոլոր վերատպություններում Լենինից բերած քաղվածը գրաքննությունը ամենուրեք ջնջել է բարձրագույն ցուցումով, որն  իմ  կարծիքով  պետք  է  վերականգնել ի պատիվ մեծանուն ռուս գրողի:

Ուստի և Ռադեկը այդ ոգով էլ գրում է իր ցեղակից Թալեաթի և նրա հայակեր գործակիցների մասին. «Տաճկաստանի կալվածատիրական դասակարգի և նրան ծառայող խավերի մեջ կենդանի մնացած մտավոր ու եռանդուն կարողությունների մի փորձ էր երիտասարդ թուրքերի հեղափոխությունը, որի նպատակն էր դիմադրել անգլիական իմպերիալիզմի ու ռուսական ցարիզմի միջև Տաճկաստանը անդամահատելու  մասին  Ռևելում  կայացած համաձայնությանը:  …Բայց Անգլիայի ու Ռուսաստանի իմպերիալիստական քաղաքականությունը սպառնում էր տաճիկ ժողովրդի գոյությանը իրենց հայրերի հողի վրա – այն հողի, որ երկար տարիների  ընթացքում  տաճիկ  գյուղացին ոռոգել է իր քրտինքով»: Այստեղ Կարլ  Ռադեկի քաղաքական դեմագոգիան հասնում է իր բարձրակետին: Նա չէր կարող չիմանալ, որ ամբողջ Օտտոմանյան կայսրությունը հիմնված էր Բյուզանդական կայսրության տարածքի և հինավուրց հայկական հողերի վրա, որոնց տերը և սնուցողը մինչև 1915 թիվը իրենք՝ աշխատասեր հայ գյուղացիներն էին: Ռադեկի ամբողջ համակրանքը, որ նա անամոթաբար ի ցույց էր դնում «Իզվեստիա» լրագրի հազարավոր ռուս ընթերցողների առաջ, Ռուսաստանին հակառակորդ Կայզերյան Գերմանիային դաշնակցած Թուրքիայի կողմն էր: Եվ հաշվի չառնելով Առաջին աշխարհամարտում ռուս ժողովրդի կրած միլիոնավոր կորուստներն ու զրկանքները, Ռադեկը «ողբում է», թե «տաճկական գյուղացիական մասսաներըայս տարիների ընթացքում այնպիսի տանջանքներ կրեցին, որպիսին չի կրել համաշխարհային  պատերազմին  մասնակցող  ոչ  մի  ժողովուրդ»:

Ռադեկի այս կեղծ-սրտաճմլիկ, ցավաքաշ խոսքերին ուզում եմ պատասխանել Արմին Վեգների «Ճիչ Արարատից» պամֆլետի դիպուկ խոսքերով՝ իմ թարգմանությամբ. «Եթե կա մի ազգ, որ այս պատերազմից հետո արժանացել է համայն աշխարհի կարեկցանքին, ապա դա հայությունն է ու նրա ճակատագիրը: Արևելքի ու Արևմուտքի սահմանագծում, Կովկասյան այն լեռների ստորոտում, որ պատմությունն անվանել է ժողովուրդների կամուրջ, այս ժողովրդին վաղուց հետե հերոսական խնդիր էր վիճակված՝ միջնորդ դառնալ երկու մշակույթների միջև, մի խնդիր, հատկապես ճակատագրական այն պատճառով, որ այս ժողովուրդը, արևելյան բարբարոս հորդաներով շրջապատված, վաղ դարերից ի վեր հակված էր Արևմուտքի մշակույթների կողմը: Եվրոպայի խորը անկման ողբալի ու ամոթալի նշանն է դա, որ մենք թույլ տվեցինք անապատի պես ամայացնել հենց այդ երկիրը, և որ նրա բնակիչները, իրենց հարազատ տուն ու տեղից քշված, ողբալի գոյություն են քարշ տալիս  օտար  երկնքի  տակ»[2]:

Եվ այնուհետև, ռուսական բոլշևիզմի ազգային հարցերի գծով խեղված այս տեսաբանը ոչ թե Թալեաթի գլխավորած երիտթուրքերի ուլտրանացիոնալիստական բանդային,  այլ  տաճկական  տեղական բյուրոկրատիային էր վերագրում հայ ժողովրդի ստեղծած ամբողջ ազգային հարստությունը և երկիրը կողոպտելու հանցագործությունը և մեկուկես միլիոն հայերի ոչնչացման համար միանգամայն բավարար  պատճառ  է  համարում Թալեաթի ցինիկ հիմնավորումը, իբր հայերին իրենց բնօրրանից դեպի խորշակահար անապատները քշելը և այնտեղ տապից ու ծարավից մեռցնելը պատերազմական և պետական անհրաժեշտությամբ էր թելադրված. «Տեղական բյուրոկրատիան իր ձեռքն էր ձգում կոտորված և անապատ ուղարկված հայերի հողն ու ունեցվածքը: Բայց նույնպես կասկածից դուրս է, որ երիտասարդ թուրքերի Կոստանդնուպոլսում նստած ղեկավարները – Թալեադ փաշան և Էնվեր փաշան իրենց վճիռների ժամանակ ղեկավարվում էին պետական անհրաժեշտության  նկատառումներով»:

Արմին Վեգները 1921 թ. լիովին բացահայտել է Թալեաթի և նրա քաղաքական հովանավոր Կարլ Ռադեկի առաջ քաշած՝ հայերի տեղահանությունը արդարացնող փաստարկների սնանկությունը. «Ոմանք փորձում են կատարված անիրավությունն արդարացնել նրանով, թե հայ ժողովրդի տեղահանումը զուտ ռազմական անհրաժեշտության  հետևանք  էր,  որի  իրագործման համար ղեկավար մարմիններն այլևս պատասխանատու չէին: Բայց մոռացե՞լ են արդյոք, որ Փոքր Ասիան մի աշխարհամաս է, որ տարածքով անհամեմատ գերազանցում է Գերմանական կայսրությանը: Իսկ ինչո՞վ պիտի պատճառաբանեն, որ հայ բնակչությանը ստիպեցին գաղթել նաև Արևմտյան Անատոլիայի վիլայեթներից, որոնցում  նրանց  թիվը չափազանց   փոքր  էր  որևէ  վտանգ  ներկայացնելու  համար, և որտեղ  նրանք  խաղաղ ու անբասիր լծված էին իրենց աշխատանքին՝ պատերազմական թատերաբեմերից հարյուրավոր մղոններ հեռու: Եվ մի՞թե ամերիկյան դեսպան Մորգենթաուն վեհանձնաբար չէր առաջարկում Թուրքիայից արտաքսված  ժողովրդին  փոխադրել Ամերիկա: Թուրքական կառավարության կողմից նրա առաջարկը մերժելու այս մի փաստն արդեն բավական չէ՞ ցույց տալու համար, որ ռազմական միջոցառումների շինծու անհրաժեշտությունը, ըստ էության, սոսկ մի պատրվակ էր, «անապատում վերաբնակեցնելը»՝ մի դատարկ արտահայտություն ներկա դարի ամենաարյունոտ եղեռնը սքողելու համար, որի նպատակը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի ժրաջան ու բարձր կանգնած ռասայի իսպառ ոչնչացումը»[3]:

Ձայնակցելով իր ցեղակից, սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլին, որը XIX դարի  սկզբին  բանակցում  էր  Սուլթան  Համիդի  հետ՝   Արարատի ստորոտում ապրող հայ ժողովրդին վերացնելու մասին (նրանց նամակագրությունը հրապարակել և նոր բացահայտումներ  է  արել  հրեա  անաչառ  ցեղասպանագետ  և հումանիստ գրող Յաիր Աուրոնը), Ռադեկը 1922 թ.  ռուսական «Իզվեստիա» լրագրում առանց խղճի  խայթի  մեղադրում  է  արդեն 1915-16 թթ. ոչնչացված մեկուկես միլիոն հայերին. «Եվրոպական իմպերիալիզմի պետությունները հայերին իբր վառոդ են գործադրում տաճկական ֆրոնտը պայթեցնելու համար: Մարտնչող Տաճկաստանի ղեկավարների առաջ հարցը սուր կերպով էր դրված – ապրել կամ մեռնել: Եվ խեղճ հայերի արյունով ներկած երիտասարդ թուրքերի ձեռքերի մեղքը ոչ նվազ չափով ընկնում   է  նաև  անգլիական  ազնվացեղ  լորդերի  և  ռուս  ցարական  դիպլոմատիայի  վրա»:

Երկու  հրեշավոր  մարդակերներին՝ Թալեաթին ու Ջեմալին, Ռադեկը փորձում է ներկայացնել բոլշևիկյան ոգով՝ որպես համաշխարհային հեղափոխության համար նահատակված թուրքական պրոլետարիատի զավակներ. «Եվ պիտի արդարություն տալ Թալեադ  փաշային, որ կարողացավ Խորհրդային իշխանության նշանակությունը հասկանալ նրա համար ամենածանր վտանգների ժամին: 19 թ. սեպտեմբերին, երբ Դենիկինը մոտենում էր Օրյոլին, Թալեադ փաշան արտասահմանում  բանակցություններ է վարում խորհրդային ներկայացուցիչների հետ և պաշտպանում է ռուս-տաճկական մոտեցման գաղափարը: …Հին Տաճկաստանը  կործանվել  է:  Այն, որ կոչվում էր Երիտասարդ Թուրքիա, չկարողացավ Տաճկաստանին երիտասարդացնել: …Կա՛մ Տաճկաստանը ժողովրդական  կլինի,  կա՛մ նա  ամենևին  չի լինի: Մեզ թվում է, որ այս բանը հասկացել  է  ոչ  միայն  երկաթուղային  բանվորի  որդի  Թալեադ  փաշան, այլ և հին սեղանավոր Ջեմալը: Այս բանը ավելի լավ պիտի հասկանան նրանք, որոնք հունական  ճակատում  տարել  են  տաճկական  զինվորի   դժվարին   տանջանքները»:

Իր ամբողջ հոդվածում Կարլ Ռադեկը երդվյալ ոճրագործի նման լռության է մատնում Մեծ եղեռնի զոհ դարձած հայ ժողովրդի նկատմամբ գործած ռուսական բոլշևիզմի վրեժխնդրությունը՝ մարտի 15-ին Թալեաթ փաշայի սպանության առթիվ: Հաջորդ իսկ օրը՝ մարտի 16-ին, մի ամբողջ ցեղասպանված ժողովրդի դեմ գործած հրեշավոր վրեժխնդրությամբ Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Հայաստանի պատմական տարածքներից ավելի քան 40 հազար քառակուսի կիլոմետր՝ գրեթե ամբողջ Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, որը նախկինում երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում և Հայաստանի խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը՝ իր հարակից  տարածքներով,  Ադրբեջանին`  Նախիջևանի  շրջանը, իսկ նույն թվի հուլիսի  5-ին`  նաև  Արցախը:

1921 թ. մարտի 16-ի պայմանագրի ստորագրումը Ռուսաստանի կողմից կատարյալ դավաճանություն էր ցեղասպանությունից արյունաքամ եղած հայ ժողովրդի դեմ, որի զորավար զավակները և զինվորները` Ալեքսանդր Սուվորովից սկսած, բազում պանծալի հաղթանակներ են պարգևել Ռուսական կայսրությանը վերջին  250 տարում  թուրքերի   դեմ   մղած պատերազմներում: Դա դավաճանություն էր նաև հենց ռուս ժողովրդին, որի հոգևոր հայրերը և փիլիսոփա-մտածողները` հավատալով Արարատի փրկագործ ուժին, ասում էին. «Наше спасенье в горах Араратских» – «Մեր փրկությունը Արարատյան լեռներում  է»:

Այդ պայմանագիրը մի բացարձակ հակահայկական գործարք էր` կնքված հայ ժողովրդի և նույնիսկ հայ կոմունիստների թիկունքում` Խորհրդային Ռուսաստանի բոլշևիկ ղեկավարության կողմից: Այդ գործարքը ցասումով դատապարտեց Խորհրդային  Հայաստանի  արտաքին  գործոց  մինիստր Ալեքսանդր Բեգզադյանը, որը  ծնունդով  Շուշեցի էր և 1920-1921 թթ. եղել է Խորհրդային Հայաստանի հեղկոմի նախագահի տեղակալ: 1937 թ. նոյեմբերի 21-ին Ալեքսանդր Բեգզադյանը ձերբակալվեց հակահեղափոխական գործունեության մեղադրանքով և դատապարտվեց գնդակահարության, որը ի կատար ածվեց 1938 թ. օգոստոսի 1-ին «Կոմունարկա»  գնդակահարման  պոլիգոնում, Մոսկվայից 16 կիլոմետրի վրա, որտեղ գնդակահարվել  և  թաղվել է բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Արեգ որդին 1938 թ. հունիսի 14-ին՝ դատավճիռը կայացնելու հենց նույն օրը: Ետմահու ճանաչվել է անմեղ և արդարացվել 1955 թ. մայիսի 28-ին[4], իսկ Ալեքսանդր Բեգզադյանը  ետմահու  արդարացված  է  1956  թվականին:

2011 թ.  լրացավ, այսպես կոչված, «Կարսի պայմանագրի» 90-ամյակը: Դրանից մի քանի ամիս առաջ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 25 տարով կնքված պայմանագիրը՝ ժամկետը լրանալուց դեռ մի քանի տարի առաջ, անբացատրելի պատրաստակամությամբ երկարաձգեց  մինչև  49  տարի,  որի  դիմաց  թվում էր, թե Մոսկվան ի չիք է համարելու  հիշյալ «Կարսի պայմանագիրը»: Մինչդեռ 2011 թ. մարտի 15-ին Կրեմլում  ընդունելով  Թուրքիայի  վարչապետ Էրդողանին՝ Ռուսաստանի Դաշնության պրեզիդենտ Դմիտրի Մեդվեդևը նրան նվիրեց արխիվից հանած այն լուսանկարը, որտեղ պատկերված է երբեմնի արտգործնախարար Չիչերինի և Մոսկվայի թուրք դեսպանի կողմից պայմանագրի ստորագրման պահը: Այս լուսանկարով պրեզիդենտ Դմիտրի Մեդվեդևը կատարեց մի աննախադեպ բացահայտում,  որը  մինչ  այդ չէր կարող կռահել նույնիսկ ամենահմուտ դիվանագետը:  Լուսանկարը  այն  անբեկանելի  վավերագիրն  է,  որով հաստատվում է,  որ  իրականում  ոչ  մի  «Կարսի պայմանագիր»  էլ  գոյություն  չի  ունեցել:

«Կարսի պայմանագիր»  կեղծ արտահայտությունը սոսկ հետագայում է մուծվել ռուս-թուրքական դիվանագիտության մեջ՝ կոծկելու համար 1921 թ. մարտի 16-ին հապճեպ կնքված հակահայկական խայտառակ գործարքը, որը իրականում բացահայտ վրեժխնդրություն էր՝ թելադրված բոլշևիզմի և սպանված Թալեաթի ցեղակցությամբ – Թալեաթը իրագործեց հայերի ցեղասպանությունը, իսկ բոլշևիզմը՝ հայերի հայրենազրկությունը, որի արդյունքում պետք է ի կատար ածվեր «Հայոց Արարատյան լեռները Սիոն դարձնելու» Հերցլի ցնորքը: 1921 թ. հոկտեմբերի 13-ին երկաթգծի  մի վագոնում, Ռուսաստանի և Թուրքիայի  միջև  կնքվեց,  այսպես  կոչված,  «Կարսի պայմանագիրը»,  որի  կեղծիքը  բացահայտվում  է  հենց նրանով, որ դա  իմիտացիա  (նմանակում)  էր Գերմանիայի և Ֆրանսիայի միջև կնքված վերսալյան «հաշտության պայմանագրի», որը ստորագրվել էր 1919 թ. հունիսի 28-ին՝  նույնպես  երկաթգծի  վագոնում:

1921 թ. մարտի 16-ի մոսկովյան նենգադրուժ դավադրությունը, որը հետագայում  կոչվեց «Կարսի պայմանագիր» կեղծ անունով, չարանենգ պատասխանն էր մարտի 15-ի բեռլինյան անձնազոհ այն սխրանքի, որը լիովին արդարացվեց՝ Սողոմոն Թեհլիրյանի վերաբերյալ գերմանական Երդվյալների դատարանի կայացրած պատմական որոշմամբ – դրանք հայոց պատմության օրացույցի այն հաջորդական տարեթվերն են, որ սերունդներն իրավունք չունեն մոռանալու:  Բոլշևիկյան  այդ  ստոր  գործարքը  հավիտյանս   չի  ջնջվելու հայ ժողովրդի հիշողությունից և մշտապես հիշեցնելու է մեզ, թե մեր ռազմական դաշնակիցը  իր  ժամանակավոր  չնչին  շահերի  համար  ինչպիսի  ծանր հարված կարող  է  հասցնել  ամենապատասխանատու  պահին:

Ֆրանսիացի  խոշոր  վիպասան  Անատոլ Ֆրանսը այսպիսի պատմվածք ունի. մի խնջույքի ժամանակ հռոմեացի պատրիկները ահաբեկված խոսում են Հռոմում տարածված Քրիստոսի վարդապետության և նրա հետևորդների մասին: Նրանցից մեկը,  որ  ծերունի  Պիղատոսն  էր,  հարցնում  է.

– Ո՞վ  է  այդ  Քրիստոսը,  և  ի՞նչ  վարդապետություն  է  դա:

– Դա  այն  հրեան  է,  որին  դու  խաչեցիր  17  տարի  առաջ:

Պիղատոսը զարմացած դեմք է ընդունում և լարում հիշողությունը. «Ինչ-որ այդպիսի  բան  չեմ  հիշում»,- պատասխանում  է  նա:

Այսպես ահա այսօրվա Թուրքիան էլ Պիղատոսի նման զարմանում է և ուրանում հայ ժողովրդի դեմ իրագործած ցեղասպանությունը` ինչ-որ նման բան չի հիշում: Մյուս կողմից էլ` Ռուսաստանի ղեկավարությունը մոռանում է, որ հայերի տեղահանությունն ու բռնագաղթը դեպի Միջագետքի անապատներ տեղի ունեցան հենց Ռուսաստանի պատճառով, քանի որ երիտթուքերը հայտարարում էին, թե հայերը` ռուսներին սահմանակից լինելով, մեծ վտանգ են ներկայացնում իրենց համար:

Հայաստանում և Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը գին ունի, և այդ գինը Հայաստանին պատճառած պատմական տարածքների կորստի գիտակցումն է ու Հայրենական պատերազմում գերմանական ֆաշիզմի լծից Ռուսաստանի ազատագրումը, որը ձեռք բերվեց նաև 650 հազար հայերի անձնազոհության և աներևակայելի սխրանքների գնով, որից 300 հազարը իրենց կյանքը զոհեցին հանուն ընդհանուր՝ Խորհրդային պետության հաղթանակի – շեշտում  եմ՝ 650 հազար հայերի մասնակցությունը, այլ ոչ թե ադրբեջանցիների, որոնք ռազմաճակատի իրենց պլանը կատարելով Բաքվում և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում ապրող ավելի քան 550 հազար բնիկ հայերի հաշվին, հինգ տարի շարունակ  զբաղված  էին  իրենց  ցեղը բուծելով ու բազմացնելով: Ժողովուրդները, եթե  ոչ  նրանց  երախտամոռ  ղեկավարները, պետք է ունենան երախտիքը հատուցելու  պարտավորություն:

Ֆաշիստական Թուրքիան Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի սերտ դաշնակիցն էր և կատարյալ սպառնալիք Խորհրդային Հայաստանի համար՝ Խորհրդային Միություն ներխուժելու մշտական նենգ  ծրագրով:

2003 թվականին Երևան էր եկել մի թուրք հայտնի լրագրող, որն Արարատը տեսել  էր  միայն  Դողու-Բայազեդից,  իսկ  այն  կողմից  լեռն ընդամենը թեք սարալանջ  է  ներկայացնում:  Եվ  ահա, Երևանում տեսնելով իր առջև, ինչպես Մովսես Խորենացին  է  ասում` ուղիղ  գետնից  բուսած, դեպի վեր խոյացող վեհատեսիլ Արարատը,  թուրք  լրագրողը  հիացած  բացականչեց.  «Ժողովուրդն  է՞լ  այս  լեռը կտա ուրիշի»: Թուրք լրագրողի այս զարմանքի մեջ կար և արդարացի նախատինք: Այդ օրերին  ես  ելույթ  ունեցա  «Հ 1» հեռուստաալիքով ու Հանրային ռադիոյով, հիշեցի  այդ  դեպքը  և  թուրք  լրագրողին  պատասխանեցի մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի  էքսպրոմտի  պես  կարճ  ու  դիպուկ  բանաստեղծությամբ.

Արարատի ծեր կատարին դար է եկել, վայրկյանի պես, ու անցել:

Անհուն թվով կայծակների սուրն է բեկվել ադամանդին, ու անցել:

Մահախուճապ սերունդների աչքն է դիպել լույս գագաթին, ու անցել:

Հերթը հիմա քոնն է, ով թուրք, դո՜ւ էլ նայիր սեգ ճակատին, ու անցիր…

 

Հետգրույք. գալով Կարլ Ռադեկին, որը Խորհրդային Միության և անգամ Ստալինի վերաբերյալ բազմաթիվ կծու անեկդոտների հեղինակ էր, 1937 թ. դատապարտվեց 10 տարվա բանտարկության, և այդքան մեղմ պատիժը՝ սպասվող մահապատժի  փոխարեն,  բացատրվում   է նրանով, որ հետաքննությունը անհրաժեշտ ցուցմունքներ էր ստանում նրանից մյուս «տրոցկիստների» և Բուխարինի  առաջիկա  դատապարտման  համար:  Նա սպանվեց  այլ  բանտակիցների  ձեռքով  Վերին-Ուրալյան  բանտում  1939  թվականի  մայիսի 19-ին:

 

[1]Արմին Թ. ՎեգներՃանապարհ  առանց  տունդարձի,  թարգմ. և հրատ.՝ Ռիմա և Ալբերտ   Մուշեղյանների, Երևան, 2000, էջ 77-78:

[2]Արմին Թ. Վեգներ, Ճանապարհ առանց տունդարձի, էջ 93:

[3]Արմին Թ. Վեգներ, Ճանապարհ առանց տունդարձի, էջ 82-83:

[4]Ա.Մուշեղյան. Հովհաննես Թումանյանի չորս որդիների եղերական ճակատագիրը, «Գրականագիտական հանդես»,  № 2,  2019,  էջ 199–216։

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։