ՅՈ՞ ԵՐԹԱՍ… / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

 

Դասական արտահայտություն է՝ ո՞ւր ես գնում կամ ո՞ւր ենք գնում։ Փորձում ենք ամրապնդել մեր նորանկախ պետությո՞ւնը, թե՞ գիտակցաբար գործում ենք ընդդեմ նրա, որ ազգային դավաճանություն է։ Իհարկե առաջինը, բայց երկրորդն էլ գոյություն ունի ներկայիս հասարակական կյանքում, և այս անհամաչափ զուգահեռը խիստ մտահոգում է մեր ամբողջ ժողովրդին։ Արդարացիորեն մեղավորներ ու չար ոգի տեսնելով մեզանից դուրս` մենք հաճախ անտեսում ենք մեր ներսի թշնամուն, մեր մեջ ապրող մարդու ինքնակործան ներկայությունը։ Դրսից ոչ ոք քեզ հիմնովին չի օգնի արժանապատիվ կյանք ու երկիր կառուցել, եթե դու քեզ չօգնես։ Սա թերևս ոչ բացարձակ, սակայն անվիճելի մի ճշմարտություն է։ Տեսնենք մեզ՝ նայելով մեր աչքերի հայելուն։ Չներկայացնենք մեզ իբրև անթերի հայ։ (Կարդա Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեն, Նժդեհի «Հայը», Վիլյամ Սարոյանի «Հայը և հայը» ու «Հայ Մուկը» պատումները, հազար անգամ կարդա, ամեն օր կարդա և անգիր արա Խորենացու «Ողբը», որը ներկայումս էլ գերարդիական դիտարկում է)։
Հայ գրականությունն ունի կաթողիկոս, իմա՝ լուսավորիչ, ազգանվեր, ճշմարտության խաչ կրող գրողներ, որոնցից մեկն էլ Վահան Տերյանն է։ 1914 թվականին նա շատ կարևոր հարց ուղղեց բոլորիս. «Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին և սիրտն են նրա»։ Ցավալից ամոթանքով պատասխանեմ. որոնում ենք մի նյութական Հայաստան, հայր իմ անուշ, անգին ու իմաստուն, ո՛չ քո և Թումանյանի հոգևոր Հայաստանը։
Այսօր ունենք բազմաթիվ հիվանդություններ, դրանցից առանձնացնեմ հետևյալը՝ ամեն մեղավորություն գցում ենք մեկ մարդու վրա, եթե ես լինեի վարչապետ, կապրեինք արդար և օրինակելի երկրում։ Մի քանի ժամով ջուր-լույս են կտրում՝ մեղավոր է վարչապետը։ Աղբից խեղդվում ենք՝ նա է մեղավոր։ Բալը թանկ է՝ մեղավոր է միայն նա։ Ծնող, պապ ու տատ են մեռնում՝ նա է մեղավոր։ Ոչ, բարեկամներ, մեղավոր ենք շատերս, որ զգալապես նրանով ենք պայմանավորում մեր կյանքի կան ու չկան։ Անցյալ շաբաթ փողոցի ծանոթս ասաց. «Ադալյան, քանի տարի ամուսնացած եմ, բայց կինս չի հղիանում»։ Շփոթվեցի ու փորձեցի արդարանալ. «Ես մեղք չունեմ, հավատա»։ «Գիտեմ, ընկեր ջան, գիտեմ, վարչապետն է մեղավոր»։ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կառավարչի մեղք ու թերություններից բնավ զերծ չէ, ինչպես շատ ղեկավարներ ամբողջ աշխարհում։ Ով աշխատում է, չի կարող մեծ-փոքր սխալներ չգործել, օրինակ, ի՞նչ գնահատական տալ, միայն դատապարտող, այդ ղեկավարների կողմից (տիկին Մերկել և այլք) տասնյակ միլիոնավոր մահմեդականների Եվրոպա մուտքի օրինականացմանը, որ արդեն ջրհեղեղ աղետ է դարձել Հին աշխարհամասի համար։ Արդարացի՞ է արդյոք քաղաքացիներիս մեղքերը ևս հագցնել իշխանություններին՝ մեր հասարակական վախերն ու անտարբերությունը, կեղծիքներ, քծնանք, անհավատին հավատացյալ հռչակելը, սրբազանցին՝ սրբազան, մարդասպանին՝ մարդասեր և փրկիչ։ Շատ քաղաքական կուսակցություններ, խմբակներ ու ընդամենը կին-ամուսին ընտանիքներ, որոնք իշխանությանն ընդդիմադիր են ներկայանում, երազում են Հայաստան երկիրը դարձյալ տեսնել օտարի լծի տակ, իմա՝ Ռուսաստանի, թեկուզ թագավորենք անդեմ, անանուն, անհայտ ավերակների վրա։ Երեկ ու ներկայումս պարզ հնչող այս նպատակն ազգային աղետի ահազանգ է։
Մեզանում ծանր հիվանդություն է նաև ոչ թե քննադատորեն, այլ՝ թշնամաբար հնչող ժխտողականությունը։ Մեր թշնամիներն անգամ այսքան թունոտ չեն արտահայտվում։ Կրկնում են անվերջ՝ բանակ ու զենք չունենք, երկրի սահմաններն՝ անտեր, տնտեսություն չկա, կառավարման համակարգը՝ փլուզված, արտաքին քաղաքականությունը՝ զրո, կադրայինը՝ խայտառակություն։ Վերջինիս հետ համաձայն եմ, բայց ոչ թե խայտառակություն ասեմ, այլ՝ մոլորանք, որ տարբեր ասպարեզներում հանգեցրել է խիստ բացասական հետևանքների։ Բանակը եղել է ու կա, երկու տասնամյակ ու ավելի՝ անդավաճան գեներալներն են բացակայել։ Ժամանակակից զենք-զինամթերք էլ ունենք, ինչո՞ւ եք ժողովրդին ստորաբար խաբում ու վախեցնում։ Այսօր մեր սահմաններն անտեր չեն, դուք եք ժողովրդից լքված ու անտեր։ Կառավարման համակարգը բազում թերություններ ունի, բայց փլուզված չէ, գործում է՝ ի հեճուկս ձեզ։ Ոչ թե կույր, այլ՝ քոռ պետք է լինել չտեսնելու ներկա իշխանությունների արտաքին քաղաքականության բովանդակությունը, որը էկզիստենցիալ հույս է ներշնչում ազգի առողջ հավաքականությանը։ Ինչո՞ւ եք ժողովրդին հուսահատեցնում։ Ասեմ. որ նրա դժգոհությունն ուղղեք իշխանության դեմ, նաև նրա ձեռամբ իշխաններ դառնաք։ Գոնե մեկդ մի կես բերան ասի՝ «ռամիկ եմ, իշխան դառնալ չեմ ուզում», որ հավատամ ձեր անկեղծությանը։
Վարչապետը գտնվում է ոչ թե երկու քարի, այլ՝ շատ քարերի ու կարծր ժայռերի արանքում, ինչպես և մեր ժողովուրդը։ Ըմբռնումով վերաբվերենք նրան, ինչպես և նա մեզ։ Ես բավարարված չեմ այդ փոխադարձ ըմբռնումից, բազմաթիվ դեպքերում այն գտնվում է ոչ թե մակարդակի, այլ՝ մակերեսի վրա, երբեմն էլ՝ իսպառ բացակայում։
Ես սույն հոդվածն այս կառուցվածքով հավանաբար չէի գրի, եթե առիթ չլիներ։ Շարժում է սկսվել, արդեն դատական գործեր կան՝ պետականացնելու Հայաստանի գրողների միության, նկարիչների, կոմպոզիտորների, ճարտարապետների և այլ ստեղծագործական միությունների շենքերն ու ունեցվածքը, որոնք շատ տասնամյակներ պատկանում են նրանց։ Զավեշտալի է ու ողբերգական, որ մեր իշխանությունները ստեղծագործ համայնքին ամբողջովին տեղավորել են մուկակրծողների շքեղ առանձնատները պետականացնելու օրենքի տակ՝ հավասարման նշան դնելով նրանց ու մտածող-հոգևոր մարդկանց միջև։ Այս վերաբերմունքն անուն չունի։ Չեմ հավատում պետական այրերի այն խոստմանը, թե, սիրելի գրողներ ու նկարիչներ, ձեզ կթույլատրվի ձեր տունն ու տեղն օգտագործել այնքան ժամանակ, որքան կպահանջվի ու կկամենաք։ Հարց. վարձակալությա՞ն հիմունքով… Այս իշխանությունը, ինչպես ամեն իշխանություն, հավերժական չէ, հնարավոր է՝ վաղն իսկ գա մի այնպիսին, որը գլխիվայր անի իր նախորդի խոստումը։ Չբացառենք՝ այս ասպարեզում ինչ է հնարավոր մեր երկրում։ Սակավաթիվ մնացած թանգարանների, գրախանութների ու գրադարանների, համերգասրահների, թատրոնների և այլ մշակութային օջախների տարածության պետականացում հանուն… Երևանի բանուկ խաչմերուկներում մի մեծադիր պաստառ է ցուցադրվում՝ «Ավելի շատ ռեստորան»։ Շատ ունենք, բայց թող ավելի շատ լինի։ Հետևաբար, հանուն շատ ու շատ ռեստորանների, հյուրատների, սուպերմարկետների, երկնաքեր շենքերի… հանուն ոչ թե հոգեղենության, այլ՝ նյութական Հայաստանի, որը ժողովրդին չի բերում և ոչ մի նյութական բարիք, այլ՝ ավելի է խորացնում անջրպետն աղքատների ու հարուստների միջև, որոնցից ոմանք արդեն օգտվում են ոսկեզօծ զուգարաններից։
Այո, յո՞ երթանք։
Արդեն ձիգ տարիներ մենք մի զգալի չափով գտնվում ենք հոգևոր աղքատի կարգավիճակում։ Հիմնականում ու ավելի հաճախ խոսում ենք բնական գիտությունների կարևորության մասին, իհարկե, դրանք շատ կարևոր են։ Նորայր Առաքելյանը լուծեց աշխարհում անլուծելի համարվող մաթեմատիկական մի քանի խնդիրներից մեկը։ Վիկտոր Համբարձումյանն ու Գուրզադյանը բացահայտումներ արեցին իրենց ասպարեզում։ Հայ ժողովուրդը, սակայն, գոյատևել է առավելապես հասարակագիտության շնորհիվ Խորենացուց ի վեր։ Ըստ էության՝ մենք հասարակագիտական ազգ ենք՝ փիլիսոփայության, լեզվի, պատմության, արվեստների, իրավագիտության… Մեր էկզիստենցիալ գիտակցությունը բաղկացած է այս շերտերից՝ երեկ, այսօր և ընդմիշտ։ Բայց… Նայենք գլխապտույտից արդեն ճոճվող մեր ակադեմիային, որը շուտով կդառնա Աշտարակի շրջանի Պռոշյան սովխոզի տարածքում ապրող ակադեմիական քաղաքասովխոզ։ Այնտեղ ի՞նչ է անելու՝ լավագույն դեպքում աճեցնելու է պտուղ-բանջարեղեն, կով ու ոչխար, վատագույն՝ պիտի վերջնականապես լռի՝ մեզ հավատացնելով, թե լռությունը ոսկի է, այնինչ՝ մահ ու անհետացում։ Նրա պրեզիդենտները, Վիկտոր Համբարձումյանից սկսած, տարեկան հաշվետվություն են տալիս, այդ ընդարձակ զեկուցումներում հասարակագիտության վերաբերյալ, և ոչ մի էական խոսք, միայն ամենավերջում մեկ-երկու ձևական նախադասություն։ Սա կլիներ ծիծաղելի, եթե տխուր չլիներ։ Չմոռանանք, ակադեմիայի առաջին ու հիմնադիր նախագահը երևելի արևելագետ Հովսեփ Օրբելին էր, մենք հեռացել ենք այս մեծ մարդու գծած լայնահուն ճանապարհից և, գիտակցախեղվելով, օտարացել նրան։ Չեմ ցանկանում ականավոր տիեզերագետ Վիկտոր Համբարձումյանի հասցեին թթու խոսք ասել, որի գլխավոր գյուտերից մեկը տիեզերքի մշտակա ընդարձակման գաղափարն է, ես ո՞վ եմ որ, բայց ինչպե՞ս չասեմ, թե աստղագուշակությունը մեզ փրկություն չէ, նայենք մեր ժողովրդի մայր ու հայր լեռներին և փրկություն որոնենք այստեղ, մեր հարազատ տանը։
Եթե ակադեմիան է պարզ-թափանցիկ-հանցագործ անտարբերություն ցուցադրում հոգևոր Հայաստանի հանդեպ, էլ ի՞նչ գնահատական տամ այս հարցում ներկայիս իշխանությունների անտարբերությանը։ Ասված է՝ մի վախեցիր մարդասպաններից, որոնք կարող են քեզ սպանել, վախեցիր անտարբերներից, որոնց ներկայությամբ է տեղի ունենում ամեն սպանություն։
Հայաստանի գրողների միությունը գոյություն ունի գրեթե մեկ հարյուրամյակ՝ 1934 թվականից։ Նրա ակունքում էին Ալեքսանդր Շիրվանզադեն, Չարենցը, Բակունցը, Դեմիրճյանը, Զորյանը, Թոթովենցը, Մահարին։ 1946-ին նախագահ ընտրվեց Ավետիք Իսահակյանը։ Ինչպիսի գրական-ազգանվեր դեմքեր։ Այնուհետև Պարույր Սևակ, Վիգեն Խեչումյան, Համո Սահյան, Դաշտենց, Մուշեղ Գալշոյան, գրականագետ Սուրեն Աղաբաբյան, ազնվազարմ հոգիներ, որոնք, հակառակ ոմանց, «չպղծեցին իրենց շուրթերն անեծքով» (Թումանյան)։ Այս շենքը մի պարզ կառույց չէ, գիտակցենք վերջապես՝ գրողներն են այն կառուցել և նվեր արել պետությանը, աշխարհում չկա մի օրինակելի պետություն առանց գրականության և մշակույթի։ Իմաստուն վարչապետ Չերչիլը երկրորդ աշխարհամարտի ժամանակ, կառավարության նիստում առաջարկեց բյուջեից ամենաշատ փող հատկացնել մշակույթին։ Մի գեներալ փորձեց հակաճառել՝ «սըր, ախր պատերազմի մեջ ենք…»։ Չերչիլը նրան պատասխանեց՝ «մենք կռվում ենք հանուն մեր մշակույթի ու հոգևոր արժեքների պահպանման, ոչ նյութական Անգլիայի»։ Մեր վարչապետը իր «Երկրի հակառակ կողմը» գրքում հիշել է Չերչիլին, բայց արդյո՞ք դաս է առել նրա ազգօգուտ քաղաքականությունից… Ամեն հարցի մեջ կասկած կա։ Տեսել եմ ու հիշում եմ, նշածս վարպետներն այս շենքի շքամուտքին մոտենալիս մշտապես հանում էին իրենց լայնեզր գլխարկը և հետո միայն ներս մտնում։ Դա բարձր գիտակցություն էր, հարգանք շենքի բուն բովանդակության հանդեպ, ո՛չ նրա վարդակարմիր քարերի, սեր ու պատկառանք առ հայոց լեզուն, բազմադարյան հայ գրականությունը, հայոց հոգին։ Այս շենքը հարուստ իրադարձություններով է իմաստավորված, ինչպես արժանապատիվ, այնպես էլ ողբերգական, պատմություն է, հասկացե՛ք, շենք-շինություն չէ, մեր ժողովրդի ճակատագրի մի կարևոր պատկերն է։ Փորձում եք պատմությո՞ւն սեփականացնել։ Ժամանակին մի կարգախոս կար՝ «ձեռքներդ հեռու Վիետնամից»։ Կողմ դնելով սրա աշխարհաքաղաքական աստառն ու Վիետնամին, որոնք ոչ մի կապ չունեն իմ խնդրի հետ, վերցնեմ այս խոսույթի միայն լեզվական շարահյուսությունը։ Եվ այսպես՝ ձեռքներդ հեռու, խնդրում եմ, հեռու մնացեք գրողներից և այլ ստեղծագործական միություններ ու պատմություն սեփականացնելու ձեր ծրագրից, մանավանդ մեր հայրենիքի այս վտանգավոր օրերին, հարգելի (այս դեպքում՝ ոչ հարգելի) օրենսդիրներ, յո՞ երթաք, կանգ առեք, խնդրում եմ, դա բնավ չի զարդարում մեր հռչակած դեմոկրատիան և ազատությունները, այլասերում է լոկ։ «Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է… Հայաստանը չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել»,- ասաց մեծն ազգասեր կաթողիկոս բանաստեղծ Վահան Տերյանը նաև ապագայի համար՝ ողջերիս ու գալիք սերունդներին։
Պարո՛ն վարչապետ, դուք հրապարակավ հաճախ ասում եք ու կրկնում, թե իրավունք չունեք միջամտելու որոշ գերատեսչությունների, հատկապես՝ դատական համակարգի ներքին գործերին, ասում եք՝ մեր երկրում դրանք անկախ են ու որոշումներ են կայացնում իրենց խղճի մտոք։ Շատ լավ։ Եթե ձեր այս խոստովանությունը ճշմարիտ է թեկուզ կիսով չափ, նույնիսկ ավելի պակաս, դա ևս մի դրական զարգացում է վերջին տասնամյակների մեր ժողովրդյան կյանքում։ Սակայն լինում են հանգամանքներ՝ ընդդեմ մարդու և հասարակական բարիքի, որոնք պետք է վճռականապես արգելափակվեն։ Ստեղծագործական միությունների շենք-շինությունների պետականացման գործընթացը դրանցից մեկն է։ Դա կարող է տեղի ունենալ միայն ձեր միջամտությամբ, չմիջամտելու ձեր երդման խախտումով։ Հավատացեք, դա կլինի վարչապետի ու նախկին խմբագրի (իսկ խմբագիրները երբեք նախկին չեն լինում, վարչապետներն են լինում նախկին, անգամ Չերչիլը) ոչ թե հակապետական, այլ՝ պետականամետ որոշում։
Սպասում ենք։ Հույսը չի մեռնում նույնիսկ մեռնելուց հետո…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։