Անառարկելին և անըմբռնելին / Մովսես ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հանկարծահաս աղետի նման պայթեց բոթը, թե ՀՀ Դատախազությունը ՀՀ Վարչական դատարանում վիճարկում է Հայաստանի գրողների միության տիրապետության տակ գտնվող շենք-շինությունների սեփականության իրավասությունը։ Պատասխանող կողմը ՀՀ Կադաստրի կոմիտեն է, որը 1990-ական թթ. ամենայն բծախնդրությամբ պահանջել, ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և գործող օրենքի տառին համապատասխան՝ գրանցել Ծաղկաձորի, Սևանի ստեղծագործական տների, ինչպես նաև Բաղրամյան 3 հասցեում գտնվող շինության նկատմամբ ՀԳՄ սեփականության իրավունքը։ Տարիներ անց, արդեն 2000 թ., Արդարադատության նախարարությունը նախարարի հրամանով (№190) վերագրանցված ՀԳՄ կանոնադրության 3.8 կետով անառարկելիորեն վերահաստատել է. «Հայաստանի գրողների միությունը ունի առանձնացված գույք, տնտեսական ընկերություններ, այդ թվում՝ գրական ֆոնդ, Սևանի և Ծաղկաձորի ստեղծագործական տներ…»։
Այսպիսով՝ Արդարադատության նախարարությունն է ամրագրել այն իրողությունը, որ վերոնշյալ անշարժ գույքերն իրավմամբ համարվում են Հայաստանի գրողների միության սեփականությունը և որևէ առնչություն չունեն 1990 թ. սեպտեմբերի 10-ի ՀՀ օրենքի 1 կետի դրույթների հետ։
Փաստորեն, Դատախազությունը, Կադաստրի կոմիտեից զատ, որպես «օրինազանց», պետք է մեղադրանք առաջադրի նաև ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ ՀԳՄ սեփականության գրանցման փաստը օրինական ճանաչելու համար։
Իրականությունն այն է, որ Հայաստանի գրողների միությունն անգամ խորհրդային շրջանում երբեք ներառված չի եղել պետական կառույցների մեջ. այն, որպես կարևոր մշակութային օղակ, բացի սեփական միջոցներից, մշտապես ունեցել է որոշակի պետական աջակցություն։ Խորհրդային տարիներին Գրողների միության բոլոր կառույցների լինելիության և գործունեության ֆինանսական հիմնական աղբյուրը եղել է ԽՍՀՄ գրական ֆոնդը, որի միջոցները գոյանում էին ԽՍՀՄ ողջ տարածքում տպագրված գրքերի ու գրական ամսագրերի գնանշված արժեքների որոշակի տոկոսադրույքներից։ Ուղղակի փաստենք, որ թե՛ Հայաստանում, թե՛ ԽՍՀՄ ողջ տարածքում գրքեր տպագրվում էին հարյուր հազարավոր տպաքանակներով (հայ, ռուս, համաշխարհային դասականների և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, գրական ամսագրեր ու թերթեր)։ Արդյունքում՝ ԽՍՀՄ գրական ֆոնդում կուտակվում էր միլիոնավոր ռուբլիների գումար։ Հայաստանի գրական ֆոնդը՝ որպես Հայաստանի գրողների միության տնտեսական բաղադրիչ և ԽՍՀՄ գրական ֆոնդի բաժանմունք, հետևողական և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ կարողանում էր ավելի շատ միջոցներ գեներացնել ԽՍՀՄ գրական ֆոնդից, քան մյուս հանրապետությունները։ Այդ միջոցներով կառուցվել և բարենորոգվել են ՀԳՄ շենքը, ստեղծագործական տները, ձեռք է բերվել տնտեսական և շարժական գույք, հանդերձանք։ Որպես վերը ասվածի ապացույց՝ գրական ֆոնդի արխիվը թեթևակի պտպտելիս, ի թիվս այլ փաստաթղթերի, գտնվեց 1982 թ. ԽՍՀՄ գրական ֆոնդի հրավերք-գրությունը, որով Հայաստանի գրական ֆոնդի տնօրենն ու Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրենը հրավիրվել են Մոսկվա՝ Ծաղկաձորի գրողների տան հիմնանորոգման ու տնտեսական մասնաշենքի կառուցման նախահաշիվները հաստատելու համար:
Այսուհանդերձ, հաշվի առնելով առկա իրողությունները՝ անըմբռնելի են այսօր նմանօրինակ հարցադրման դրդապատճառները։ Օրինակ, խնդիրը Ծաղկաձորի համատեքստում դիտարկելիս ակնհայտ աչքի է զարնում հետևյալ իրողությունը. 1980-ական թթ. վերջերին Ծաղկաձորում գործում էին պետական գերատեսչություններին ու նախարարություններին պատկանող առնվազն 25 պիոներական ճամբարներ (մասնավորապես՝ «Մեսրոպ Մաշտոց», «Նաիրի», «Սևան», «Արշալույս», «Գարուն», «Զվարթնոց»), ինչպես նաև ՀԽՍՀ կառավարական հանգստյան տունը, բազմաթիվ այլ պետական հանգստյան տներ ու հյուրանոցներ։ Սույն գործընթացը նախաձեռնողները ուսումնասիրե՞լ են արդյոք, թե անառարկելիորեն պետության սեփականություն հանդիսացող նշված կառույցները ինչպես վերածվեցին ավերակի կամ դարձան «Վիարդո», «Սպլենդեր», «Մուլտի Ռեստ», «Ալպինա», «Ռոսիա», «Ալյասկա», «Ոսկու աշխարհ» հյուրանոցներ կամ հյուրատներ, ինչի արդյունքում այսօր ոչ մի մանկական ճամբար կամ պետական որևէ հանգստյան տուն Ծաղկաձորում այլևս գոյություն չունի։
Սակայն ի հեճուկս հետխորհրդային մարտահրավերների՝ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տունը ոչ միայն պահպանեց իր հիմնական գործառույթը, որն է՝ ծառայել Հայաստանի մշակույթի, ի մասնավորի հայ գրականության զարգացմանն ու հանրահռչակմանը, այլև տարեցտարի բարենորոգելով ու զարգացնելով մատուցվող ծառայությունների որակն ու տեսականին՝ անգամ մեր երկրի համար ամենածանր տարիներին առանց ընդհատումների շարունակեց գործունեությունը՝ նպաստելով մեր շատ գրողների ստեղծագործական ընթացքին։ Գրողներ, որոնցից շատերի գործերը դասական արժեքներ են այլևս։ Գրողների տունը նաև հանգրվան ու դեպի Հայաստան պատուհան դարձավ օտարազգի բազմաթիվ գրողների և արվեստագետների համար՝ Վասիլի Գրոսման, Ալեքսանդր Կարենսկի, Անդրեյ Բիտով, Կիմ Բախշի և ուրիշներ, որոնք Հայաստանի մասին գրված գրքերով աշխարհում ավելի ճանաչելի ու ընկալելի դարձրին մեր երկիրը։
Փաստենք նաև, որ դժվարին իրավիճակներում Ծաղկաձորի գրողների տունը աներկբա ու անշահախնդիր կանգնած է եղել պետության կողքին՝ 1988 թ.-ից օթևանելով, խնամքով ու հոգատարությամբ շրջապատելով աղետալի երկրաշարժից ծնողազուրկ և հաշմանդամ դարձած երեխաներին, արցախյան առաջին պատերազմի ընթացքում տարհանված բազմաթիվ ընտանիքներին, 2020 թ. ծանր համաճարակի ընթացքում մեկուսացվածներին, 44-օրյա դաժան պատերազմի օրերին հայրենի տունը կորցրած մեր հայրենակիցներին։
Այդուհանդերձ, բարեխիղճ և օրինապահ աշխատանքի արդյունքում Ծաղկաձորի գրողների տունը սեփական միջոցներով պարբերաբար իրականացրել է հիմնական և ընթացիկ վերանորոգման աշխատանքներ. հիմնովին փոխվել է շինության հարթ տանիքի մաշված ծածկը՝ մոտ 2000 քմ., կառուցվել է նոր կաթսայատուն, արդիականացվել են կապը և ինտերնետային ցանցերը, կառուցվել են բաց և փակ լողավազաններ, անտառամերձ տաղավարներ, մանկական խաղահրապարակ, տեղադրվել են բացօթյա վարժասարքեր։ Շինության ներսում կառուցվել է բար-դիսկոտեկը, փոխարինվել են միջանցքների և սրահների ալյումինե պատուհանները, երեսպատվել է ճաշասրահի և խոհանոցի բետոնե հատակը։ Կառույցի ստեղծագործական բնույթին համահունչ՝ տարածքում վեր է խոյանում Լևոն Թոքմաջյանի կերտած Եղինե Չարենցի պղնձաձույլ արձանը, իսկ մուտքի դիմաց տեղադրված է Երվանդ Գոջաբաշյանի «Հյուրընկալություն» տուֆակերտ քանդակը: Հենապատերին հայ անվանի գրողների հարթաքանդակ կիսանդրիներն են, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների մոտիվներով քանդակախումբը, բակի տարբեր հատվածներում տեղադրված են Գևորգ Մշեցու մի քանի բարձրարժեք քանդակագործական աշխատանքները: Ստեղծագործական տան սրահներում ու սենյակներում առկա են ժամանակակից հայ նկարիչների բազմաթիվ բնօրինակ աշխատանքներ: Այս ամենից զատ, պարբերաբար ձեռք է բերվում ժամանակակից պահանջներին համապատասխան գույք և հանդերձանք՝ ծառայությունների մատուցման բարձր մակարդակը պահպանելու համար։
Փաստենք նաև, որ իր գործունեության միայն վերջին 15 տարիների ընթացքում տարբեր հարկատեսակների գծով գեներացրել և պետական բյուջե է վճարել առնվազն 1 300 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչն անգամներով ավելին է այդ տարիներին չնչին գումարներով վաճառած կամ սեփականաշնորհած պետական նմանատիպ շատ կառույցների օտարումից ստացված գումարները միասին վերցրած։
Պարոնա՛յք նախաձեռնողներ, Հայաստանի գրողների միության շենք-շինությունների սեփականության իրավունքի առնչությամբ վերը նշված մեր հիմնավորումներն անառարկելի են, ուստի հորդորում ենք կասեցնել այս անըմբռնելի գործընթացը, քանզի դա որևէ աղերս չունի պետության և պետականության հիմքերի ամրապնդման մեր և իշխանությունների ձգտումների հետ, այլ՝ ընդամենը որոշակի շրջանակների կողմից ուղղորդված պատվեր է՝ շարունակելու և ավարտին հասցնելու Հայաստանում գիտական ու ստեղծագործ միտքն ու ներուժը զրոյացնելու՝ տարիներ ի վեր գործի դրված ապազգային ծրագիրը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։