2. ԱՆԾՈՎՈՒԹՅԱՆ ԹԱԽԻԾ ԿԱՄ ԽՈՐՈՒԹՅԱՆ ԱՆՉԱՓԵԼԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծովը մեծ գրականություն է ծնում` Հոմերոսի «Ոդիսականից» մինչև Ջեյմս Ջոյսի «Ուլիսիսը»: Այսինքն՝ անտիկից մինչև քսաներորդ դար: Ջրերը կապում են մարդկությանը, դնում ուրիշ չափումների մեջ, և համաշխարհային օվկիանոսի հետ ամեն օր հաղորդակցվելու զգացողությունը դառնում է մտավոր տեսողություն:
Իսկ «օվկիանոս» բառը տարածական է, փռվում է քարտեզի վրա: Եվ «քարն» էլ պինդ է ու խիտ, բայց տեղավորվում է ափիդ մեջ: Ու քարի փիլիսոփայականն էլ կա: Ի վերջո նրանք, ովքեր բանահյուսել են «Սասնա ծռերը», ապրել են քարերով շրջապատված:
Այսպիսով, քո բնությունը դառնում է քո լեզուն, և հայերենը, այս իմաստով, քանդակագործական է: Իսկ հունարեն կամ իտալերեն խոսում են… ծովանույշները: Մի տեղ ալիքներ են ծփում, մեկ այլ տեղ` դղրդում ժայռեր:
***
– Հայերը մի առանձին գորովանքով են նայում ջրին: Ձեզ մոտ ջուրը քիչ է:- Այս խոսքերն ասաց լատվիացի բանաստեղծ Մարիս Չակլայսը` իր հմայիչ-բալթիական ռուսերենով, երբ մի հին, չարքաշ գետանավ բերում էր մեզ` տարբեր երկրներից հավաքված գրողներիս, ընդհուպ մինչև ծովախորշ, որտեղ մասնակցելու էինք բացօթյա պոետական ընթերցումների:
Ի՞նչ առարկես, մեր գետերը խորդուբորդ են ու նեղոտ, չես համեմատի Դաուգավայի էպիկականության կամ իր մեջքին նավեր տանող Հռենոսի հետ: Փոխարենը` մեզ երբեք չի պակասում քարը, և հորիզոնը մոտիկ է: Ուր էլ նայես, հայացքդ իսկույն բախվում է լեռնաշղթաներին ու տարածություն գտնելու համար շարժվում դեպի երկինք: Այստեղից էլ` բանաստեղծների նյարդայնացնող առատությունը և հայկական խառնվածքից անբաժան ռոմանտիզմը, որը հարազատ եղբայրն է փորձությունների:
Վա՞տ է սա, թե՞ լավ: Չգիտեմ: Ընդամենը մտածում եմ, որ քարերի մեջ այգիներ գցելու համար ռոմանտիզմի որոշակի պաշարներ են հարկավոր: Բայց քարաշատ հողը ստոիկներ է թրծում: Փորձությունների հաջորդելիությունը` նույնպես: Ստացվում է, որ ստոիցիզմի խորքերում, առանց իր մասին բարձրաձայն հայտարարելու, ապրում է հեգնանքներից չվհատվող ռոմանտիզմը:
***
Բայց այս վերջին դատողությունները միջանկյալ են, որովհետև նախևառաջ ինձ հետաքրքրում է տարածություններ որոնող հայացքը: Եվրոպական ակնարկների ուղեգրքում (քանի` տարի անցավ արդեն, չեմ հաշվի) ես փնտրում էի ինքդ քեզնից դեպի ներս ու նաև` ինքդ քեզնից դուրս և հնարավորինս հեռուն տեսնելու հարաբերությունը: Շարունակ իր կողմն էր ձգում հորիզոնի բացվածքը, որ փոփոխվում էր` ըստ աշխարհագրության, բայց հետն էլ գրում էի գլխից վեր նայելու պարտադրվածության մասին, որը թելադրված է հայկական բարձրավանդակի տրամաբանությամբ:
Ի՞նչ թաքցնեմ, անծովության թախիծը ժամանակ առ ժամանակ հետապնդում էր ինձ,- սեփական «Մոբի Դիկ»-ի կարոտ,- ինչպես Կիլիկիո թագավորության մշտահմա ներկայությունը և արդեն յոթ դար շարունակվող բացակայությունը` հայ մարդու հոգեզգացողության մեջ, մինչև որ Տոնինո Գուերան ասաց.
– Հայաստանն ուղղահայացների երկիր է:
Զրույցը «Ոսկե ծիրան» փառատոնի փակմանն էր, հինգ թե վեց տարի առաջ: Չորսբոլորն աղմուկ էր, բնականաբար` տոնական, ինքը` արդեն իննսունին մոտեցող, աղմուկից հնարավորինս հեռու նստած: Խոսում էինք ազգերի տարբերությունների մասին, ինչի շնորհիվ էլ նրանք հետաքրքիր են դառնում միմյանց, և մարդ լինելու նույնության, որն իրար քիչ թե շատ հասկանալու գրավականն է: Իսկ նա փնտրում էր հայկական գոյամիջավայրի բնութագրությունը: Անպայման իրենը, հեղինակայինը: Եվ առանց չարչարվելու գտավ:
***
Տոնինո Գուերայի «Տաք անձրև» պատմվածքը նվիրված է Սերգեյ Փարաջանովին: Իր մեկ այլ` «Երկինք տանող աստիճանը» պատմվածքում նա դարձյալ ակնարկում է իր համար այդքան սիրելի կինոմոգին` վերհիշելով նրա նկարագրած տեսարանը,- թե ինչպես սևասքեմ վանականները հնձում են մենաստանի տանիքին փարթամորեն աճած խոտը, որի միջից կաս-կարմիր կակաչներ են հուրհրատում, իսկ ընթերցողն անմիջապես պատկերացնում է «Նռան գույնը», որովհետև սա հենց փարաջանովյան կինոձեռագիր է:
Այսպես էր սկսվել Հայաստանը իմ դարի վերջին կինոպոետի համար, իսկ հիմա «հայկական ուղղահայացի» մասին խոսելով՝ նա նկատի ուներ շատ ավելին, քան այդ բառի ֆիզիկական իմաստը կամ նույնն է թե` բոլորիս աչքին տեսանելի աշխարհագրականը: Նրա պատկերացրած ուղղահայացի մեջ առաջին հերթին հասկանում էիր համաժամանակյա առանցք, որն սկիզբ է առնում մեր պատմության նախաքայլերից, ներառում կենսագրություն ու ճակատագիր, հավաքում իր շուրջը մեր ներկան ու ճառագայթի պես լուսավորում վաղվա օրը` ներկայից ավելին երազելով:
Ու հիմա արդեն հասկանալի է, որ դեպի ընդերքներ թափանցող հայացքի մեջ որքան դեպի վար, նույնքան էլ դեպի վերը կա: Այդ մասին մեզ հուշում է… Զվարթնոցի կողքին փորված ջրհորը: Նրա խորությունը տաճարի բարձրությունն է կրկնում` ճիշտ ու ճիշտ 49 մետր: Որևէ մեկը կարո՞ղ է արդյոք համոզել, որ սա ընդամենը պատահականություն է: Իսկ գուցե` դեպի երկինքներ մղվող գմբեթի և հողի մեջ ներսուզված հիմքերի համաձայնությունը: Բաց տիեզերք և ընդերք: Իսկ ընդերքները հանածոներ են կուտակում: Հանածոները հասնում են սերունդներին:
***
Այս երկրի «համաշխարհային օվկիանոսը» իր անցած ճանապարհի մեջ է: Այլ խոսքով ասած` խորության: Իսկ նրա համաշխարհային տեսադաշտը բացվում է Արարատ լեռան գագաթից: Հայացքի համապատասխանության խնդիր: Խորության ու բարձրության հանգուցակետ, որտեղ այդ երկուսը հանճարեղորեն միավորվում են, և որը նախորդ դարում հաջողվել է գտնել Չարենցին: Նաև` Արամ Խաչատրյանին: Նպատակ, որ առաջնորդել է Կոստան Զարյանին, Երվանդ Քոչարին և Արտավազդ Փելեշյանին…
Այդ դարը վերջերս փոխվել է: Բայց նպատակը, ենթադրում եմ, ո՛չ:
3. ԼԵՌԱՆ ՀԵՏ ԱՊՐԵԼՈՎ
Արարատ լեռը իմ առօրյան է: Տեսնում եմ այնքան հաճախ, որ երբեմն անամոթաբար չեմ նկատում: Բայց մեծ մասամբ նա տիրաբար վերցնում է ինձ իր ձգողականության մեջ: Ուր էլ որ շտապելու լինեմ, մի քանի վայրկյան զսպում եմ քայլս ու կախարդված նայում: Նրա կերպարը ստիպում է թեթևակի գլխապտույտ զգալ կամ անհապաղ զգաստանալ, հատկապես, երբ բացվում է ամբողջ հասակով:
Լեռն առաջինն է դիմավորում Երևան ժամանողներին: Նա լրիվ տեսանելի է օդակայանից: Երբ գրչակից ընկերոջս հետ ինքնաթիռ էինք նստում նախ Մոսկվա, հետո Լիսաբոն, իսկ Լիսաբոնից էլ` դեպի տասնութ ուրիշ քաղաք ուղևորվելու համար, լրիվ մութ էր: Բայց ես զգում էի լեռան անտեսանելի ներկայությունը, որովհետև, ահա արդեն քանի տարի, գնալն ու վերադառնալը անընդմեջ կապված են նրա հետ:
Արարատը ևս համապարփակ առասպել է ու հերթական երկրաբանական գոյացություն: Նրա հայացքի ներքո մարդկության գաղտնագրված պատմությունը նորից հանդիպում է մեզ հայտնի ժամանակների հետ: Այդ լեռը միշտ տարբեր է ու միշտ անփոփոխ: Նրա մետաֆիզիկան մեր դիալեկտիկայի հուսալի հենարանն է:
Ձմեռային առավոտներին նա կարող է լինել խստահայաց ու մռայլ՝ հիշեցնելով Աստծո դատաստանի մասին, որից զերծ մնաց իր խորհրդավոր գագաթը: Աշնանը, իրիկնամուտին, երկնքի կիսահալ ոսկիների մեջ, նա կարող է վեհություն ներշնչել, գարնանը դառնալ անկշիռ, հողին հազիվ կպած, և հոգիդ առնել ու տանել վեր: Ամռան ուղիղ կեսին, ծանր արևի տակ, նա զովության պատրանք է ծնում և տարվա բոլոր եղանակներին մխիթարում ու գոտեպնդում՝ ասելով, թե` ես այստեղ եմ, փրկության հանգրվանը միշտ ձեր կողքին է, տապանը ի՛մ ուսին է հենվել, Նոյն իր զավակների հետ իջել է ի՛մ լանջերով, կյանքն ա՛յս փեշերից է վերադարձել աշխարհ ու սփռվել չորս ուղղությամբ:
Դարձյալ հանգուցակետ: Դարձյալ սահմանագիծ: Միֆի ռեալություն: Վերջ ու Սկիզբ:
Այս մասին մտածում էի… Արարատից մի քանի հազար մղոն հեռու, այնտեղ, ուր նա տեսանելի չէ, բայց եթե հայ մարդ ես` ներկա: Իսկ աչքի համար միանգամայն շոշափելի էր Վերջը,- ծովախորշի մեջ մխրճված հրվանդան, ատլանտների անթիվ եղունգահետքեր` ժանգագույն ապառաժների վրա, որպես Տորք Անգեղի զարմիկներից մնացած ստորագրություններ,- «Ահավասիկ եվրոպական աշխարհամասի վերջնակետը,- բացատրում են մեզ հետ եկած պորտուգալացիք, իսկ գուցե հենց սկիզբը, եթե արևմուտքից հաշվենք: Ի դեպ, տիտանների ճակատամարտը հենց այս ափերի մոտ է եղել…»:
Միֆերն այդտեղ էլ էին իրական: Արարատը խոսում էր այդ ափի հետ: Ես նույն հարացույցի մեջ էի հայտնվել, որը միշտ էլ ավելին է օրացույցներից:
***
…Գերմաներենից հայերեն թարգմանված մի գրքում ինձ համար անսպասելիորեն կարդացել եմ, որ Արարատը հավասարաչափ հեռավորության վրա է… Աֆրիկայի հարավային ծայրակետը կազմող Բարեհուսո հրվանդանից, Ասիան ու Ամերիկան բաժանող Բերինգի նեղուցից, Խաղաղական ու Ատլանտյան օվկիանոսներից…
Գիրքը լույս է տեսել Շտուտգարդում, 1949 թվականին, երբ պատերազմից մի կերպ ուշքի եկող Գերմանիան դեռ նոր փորձում էր բուժել իր վերքերը, թեպետ բնագիրը` շատ ավելի վաղ` 1913-ին, և կոչվում է «Բնական ու քաղաքակրթական պատկերներ կովկասյան երկրներեն ու Հայաստանեն»: Նկատի առնենք` այս վերնագրի տրամաբանությամբ Կովկասն ու Հայաստանը առանձնապես նույնական չեն, ինչպես որ ամենևին էլ կովկասածին չեն մեր էպոսի հերոսները, ինչն էլ նշանակում է, որ այս գրքի հեղինակները գիտական մի արշավախմբի անդամներ են, որոնք ավելի քան հարյուր տարի առաջ շվեյցարացի պրոֆեսոր Ռիքլիի գլխավորությամբ բարձրացել են Մեծ Մասիս, մեր երկիրն ընկալել են լրիվությամբ: Ընդ որում, աշխարհագրականն ու քաղաքակրթականը` միասնաբար:
Որքանո՞վ է ստույգ նրանց պնդումը: Ո՞ր աղբյուրներով է այն հաստատվում: Ես չեմ փորձում փնտրել այդ աղբյուրները: Ես մի կողմ եմ դնում քարտեզն ու կարկինը, որովհետև այդ համառոտ տեղեկանքի միջից ճառագայթում է մեկ ուրիշ, ճակատագրական խորհուրդ…
Հավանաբար, անտեսանելի և իմաստուն մի ձեռք ճշգրիտ հաշվարկել է տապանի համար անհրաժեշտ տեղը և քաղաքակրթությունների ապագա մրցասպարեզում (երևի նաև` զրուցարանում) նախապես իջեցրել մի զույգ երկնաքեր գմբեթ:
Եթե երկար զննենք այդ գմբեթները, գուցե նրանց ներսից տարածվող զանգահարությունը լսելի դառնա մեզ:
4. ՆՈՐԻՑ ՄԵԶ ՓՆՏՐԵԼՈՎ
Իսկ հայը սահմանագծային բնավորություն է: Միջին թվաբանականից դուրս: Սա դժվարացնում է նրա կյանքը, բայց… դիմադրողականություն ավելացնում:
Ճակատագիրը տեղադրել է նրան մի խաչմերուկում, որտեղ պտտվում ու հաջորդաբար ճնշում են մեկմեկու պատմության հանդիպակաց մրրիկները:
Հողմահարված կացարանի բնակիչ: Որ նաև նշանակում է թրծված:
Ասիան հայինը չէ: Բայց Արևելքը` այո: Արևմուտքը հայինը չէ: Բայց Եվրոպան` այո:
Չեմ առարկի, պարադոքսների կրկնակին է սա` տրամաբանության կանոնները շրջանցող: Բայց տրամաբանությունը մի բան է, իսկ կեցության խորհուրդը` մեկ ուրիշ: Տրամաբանությունը մակերեսների համար է, մինչդեռ ճշմարտությունը, մեծ հաշվով, պարադոքսալ: Եվ սովորական համապատասխանություններից ավելի:
Համոզվելու համար մեր մշակույթին նայենք, որովհետև մշակույթն ավելի է մերձենում էությանը, քան ուզածդ ռացիոնալ կառույց: Լա՛յն մշակույթը, ոչ միայն գեղարվեստականը: Այսինքն` մարդու հարաբերությունները իր անձի ու բնօրրանի հետ: Կամ բնօրրանի հարաբերությունները՝ աջ – ահյակ աշխարհների հետ:
Բայց որտե՞ղ է հայը: Մեջտեղո՞ւմ:
Հայկական խառնվածքի դժվարասանձ դինամիզմը` մի կողմից (նորոգելու և նորոգվելու պահանջմունք), և ավանդույթի կենտրոնաձիգ ուժը` մյուս: Այս երկրորդը Արևելքի ձայնն է, հնախորհուրդ, հիմնավոր, միշտ անկյունաքարը պահող,- անխարիսխ նավը ո՞ւր լողա:
Իսկ առաջինն ավելի շատ եվրոպական է, եթե կուզեք` դեռևս միջերկրածովյան տարերք, որից էլ ճառագայթվել է Եվրոպան:
Չէ, միջին թվաբանականը մեզ համար չէ, իսկ «մեջտեղային» լինելը՝ չափից ավելի հեշտ վիճակ: Չեմ պնդում, բայց հեռուներից ազդանշաններ տվող մի զգացողություն հուշում է, որ մերը հնուց անտի սկիզբ առած կրկնագոյություն է,- երկգագաթ Արարատի նման:
Աշխարհների հավասակշռության կետ: Պատմականորեն կազմավորված առավելություն: Իսկ առավելությունները երբեմն չեն ներվում, բայց միշտ ուժ են տալիս տերերին:
10. ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԸ
Իսպաներենով նկարում են այնպես, ինչպես… Գոյան: Գերմաներենով` ինչպես Դյուրերը: Հայոց լեզուն ոչ միայն մագաղաթների գրավորն է, այլև` այդ նույն մատյանների նկարազարդումները: Քոչարը հայերեն էր քանդակում: Մինասն իր վրձինը թաթախում էր հայոց լեզվապնակի մեջ: Որովհետև լեզուն միայն մեկը մյուսի հետ բացատրվելու կամ նույնիսկ` բանաստեղծության համար չէ: Այն սնում է մշակույթի ամբողջությունը, քանի որ դրված է մարդ-աշխարհ հարաբերությունների հիմքում:
Մի խոսքով` մայր մեղու: Հակառակ դեպքում մնում ես անփեթակ: Բայց փեթակն էլ, ինչպես կանխորոշել է բնությունը, չի փակվում լոկ իր մեջ:
Իհարկե, դեռ մինչև օրս ապրում են լեզուներ, որոնց իմացաբանական սահմանը սեփական կենսամիջավայրն է ու վերջ: Այդ լեզուներով Կանտ կամ Արիստոտել չի թարգմանվում: Ոչ էլ Շեքսպիր կամ Ֆիրդուսի: Մերի մեջ աշխարհի լրիվությունն է: Մեր լեզվով շարադրվում է ուզածդ գիտություն: Յուրացվում ցանկացած մշակույթ` դառնալով ազգային կենսափորձի մաս: Հայկական լեզվագիտակցության ունիվերսալիզմ: Հայկական կենսագիտակցության իմունիտետ…
Հայոց լեզվի զարմանալի նույնականությունը … հայկական մանրանկարչության հետ: Ուրիշ լեզվով մի քիչ տարբեր են նկարում, ոչ պակաս գեղեցիկ, բայց` տարբեր: Այս համապատասխանությունը խաչքարի մեջ էլ կնկատենք, Գեղարդի, Նորավանքի, նաև` «Սուսերով պարի»: Այսպիսով` լեզուն ավելին է, քան խոսելը կամ նույնիսկ (գուցե հոգուս մեղք եմ անում) ինչ-որ բան թղթի վրա գրելը: Լեզուն տեսակի լրիվությունն է, մանավանդ որ հայերենը կարողանում է աշխահի լրիվությունն էլ ընդգրկել:
Բայց հիմա մենք ապրում ենք հայոց լեզվի մակերեսին: Առավելագույնը` վերջին հարյուր տարվա շրջագծով: Չեմ բացառում, որ սա ժամանակակից մարդու հատկանիշն է` ինչ ազգության էլ որ պատկանի: Թեպետ այդ շրջագիծը նույնպես խորքային հիշողություններ ունի` սաթի մեջ զմռսված նախաբզեզների նման, որոնց համբերատար ու չդադարող ներկայության շնորհիվ ամբողջապես չի ջնջվում պատմականությունը:
Ցանկացածդ մշակույթի հիմքը լեզուն է, որն ամենամեծ հաշվով դառնում է պետականաստեղծ: Փաստորեն` պատմահոգեբանական առանցք, որի շուրջ հավաքվում են դարեր: Բայց արդյոք մենք լրի՞վ ենք սնվում այն ահռելի պաշարներից,- լինեն դրանք իմացաբանական, թե գեղագիտական, որ ժամանակների ընթացքում կուտակել է հայերենը` անցնելով մի ահռելի քաղաքակրթական ճանապարհ: Արդյոք չե՞նք բնակվում նրա մակերեսին, իսկ շատերս էլ` կենցաղային շերտի վրա՝ շփոթելով անձնական լեզվագիտակցության խեղճությունը մայրենիի հնարավորությունների հետ:
Մինչդեռ հենց ինքն է Հավերժական Հայը` մտավոր ու հոգեգիտակցական կենսահող, որն ամփոփում է «երկրաբանական շերտեր»` տեղանքից ներքուստ ընդարձակ, նյութական ու հայեցողական աշխարհները ներառելով ազատորեն,- հնչյունակարգի ընդարձակությունից մինչև բառակազմական ճկունությունները, իմաստներն ու ենթիմաստները, հոմանիշների ներկապնակն ու տարբեր ժամանակների ոգին: Եվ ինքն է լեզուներ սովորելու բանալին` արևելյաններից մինչև եվրոպականները, քեզ երբեք արմատից չկտրելով…
11. ԾԱԳՈՒՄԴ՝ ՄՇԱԿՈՒՅԹ…
Երկիրը ծնվում է իր մշակույթից: Պատմությունը հակառակ օրինակներ չունի: Կասեք՝ Սինգապո՞ւր: Բարեկեցիկ, ուժեղ, դարից առաջ անցած: Բայց Սինգապուրը պետություն է: Գուցե հետո դառնա երկիր: Չմոռանանք, որ նրա ամենահին պատմամշակութային հուշարձանը հայկական է:
Իսկ մշակույթ չի նշանակում միայն արվեստներ: Որովհետև մշակույթը ամբողջությունն է մարդու և ազգի կենսագոյության: Ասում ենք, չէ՞,- «հող մշակել»: Ասում ենք, չէ՞,- «հողի մշակ»: Հենց այստեղից է սկսվում: Նաև քաղաքներ ու ճանապարհներ ու ջրանցքներ կառուցելը: Նաև օրենքներն ու հասարական կյանքի կարգավորումը: Արժեհամակարգ ու կրոն: Եվ քաղաքակա՛ն մշակույթ,- այս հասկացությունն էլ չմոռանանք:
Իսկ գիտությո՞ւնը: Այն ամենևին էլ առանձին չէ մշակույթից, այլ՝ երկվորյակը ի սկզբանե, ինչը ցույց է տվել սըր Չարլզ Սնոուն իր հայտնի տրակտատում՝ վիպասան և… բրիտանական միջուկային պրոեկտի մասնակից-ֆիզիկոս:
Երբ հին հույները ցանկանում էին բնորոշել անկիրթ-անուսում մարդուն, ասում էին,- նա ոչ կարդալ գիտե, ոչ՝ լողալ: Տեսեք, որ մարմնակրթությունն էլ է մշակույթ, դեռևս անտիկ գիտակցության մեջ: Եվ կրթությունն ամբողջությամբ՝ հատկապես:
Իսկ տարանջատումները մասնատում են օրգանիզմը: Իսկ մասնատված օրգանիզմն արդեն չի շնչում:
Նախահյուսվածք: Օտար բառով ասում են՝ «մատրիցա»: Այգեպանից մինչև գիտնական ու փիլիսոփա՝ ստեղծեցիր մշակույթ,- կյանքի կոչեցիր երկիր: Թեպետ ամեն ինչի հիմքում լեզուն է: Քո՛նը, անկրկնելին, ամենքիս իրար բերող և աշխարհի խորքն ու լայնությունը վերցնող: Իր չափով է մնացյալը: Երգից ու հեքիաթից մինչև բովանդակ մարդկություն, որովհետև եթե լեզուդ ունակ է իրենով անել Արիստոտել ու Կանտ, Շեքսպիր ու Ֆիրդուսի, ուրեմն՝ տեղանքից ավելին է:
Բայց հիմա գուցե հա՞րց կա. որքա՞ն ենք շարունակում հավասար մնալ մեր իսկ մշակույթին: Եվ հաջորդ հարցը. իսկ ի՞նչ անել այս վտանգավոր ժամանակների դաժան մրցակցության պարագաներում:
Անգլիան հաղթահարել է հազար ու մի վտանգավոր ժամանակ՝ շնորհիվ իր «լուսավորյալ պահպանողականության», որն էլ մի յուրատեսակ ազգային համաձայնություն է: Լուսավորյալ՝ ասել է թե նորանալու և առաջընթացի պատրաստ: Պահպանողականություն՝ նշանակում է հիմնարժեքների հենարան:
13. ՄԵԿՆ ԱՍՈՒՄ Է՝ ԿԱՄՈՒՐՋ, ՄԵԿ ՈՒՐԻՇԸ՝ ԽԱՉՄԵՐՈՒԿ
Թերևս, ո՛չ առաջինն է սխալվում, ո՛չ էլ երկրորդը: Բայց գուցե ամենաբնականը,- մեր դեպքում,- հանգույցն է: Չեմ դադարում այս բառը կրկնելուց, որովհետև համարձակվում եմ ենթադրել, որ հանգույցը փոքր-ինչ ավելին է, քան խաչմերուկն ու կամուրջը: Այդ բառի ներսում միջնորդի կարգավիճակ չկա, թեպետ քաղաքակրթական միջնորդ լինելը նույնպես դերակատարություն է, նույնպես կարևոր, և… իր օգուտները խոստացող:
Սակայն հանգույցը շաղկապում է հիմնավորապես, լինի Արևելք թե Արևմուտք, Հյուսիս թե Հարավ: Ու պատահական չհամարենք, որ աշխարհագրական այս կողմնորոշումները գրվում են մեծատառերով: Քանի որ խոսքը միայն քարտեզի մասին չէ:
Հանգույցի մեջ նախագոյի խորհուրդ կա: Եվ պատմական համատեքստի ձեռագիր: Դարը դարին է գալիս, ժամանակները փոխվում են ու նորանում, և ամերիկացի հասարակագետ ու վերլուծաբան Պատրիկ Բեքյունենը իզուր չի գրում, որ այսօր հազիվ թե գտնես մի ժողովուրդ, որ ամբողջապես նման լինի այն կերպարին, որն ուներ թեկուզ հարյուր տարի առաջ: Բայց սա դիալեկտիկայի բացարձակեցումն է: Քանզի դիալեկտիկան անշուշտ ավելացնում է դիմագծեր, բայց նո՛ւյն դեմքին, նո՛ւյն դեմքին:
Ահավասիկ՝ Գառնին՝ որպես հոյակապ մեջբերում: Եվ Գեղարդը՝ որպես հոյակապ բնագիր: Միայն թե՝ ինչպիսի՛ ներդաշնակությամբ են ապրում նույն տեղանքի համապատկերի և… խորապատկերի մեջ, եթե առաջինի դեպքում տարածությունը հասկանանք, իսկ երկրորդի՝ էությունը: Բայց սա դեռ ամենավաղ անցյալը չէ: Առանցքն ավելի հեռուներն է մխրճվում, շոշափում հինավուրց աշխարհների զարկերակներ:
Եվ այդ առանցքը միայն առասպելները, ավանդությունները չեն, «գաղտնագրված իրականությունը»՝ ինչպես ընդունված է ասել: Ու ոչ միայն պեղումների հուշարար – գտածոները: Ամենակենդանի, զորեղ, վկայախոս ու կենսատու առանցքը լեզուն է,- մի հատուկ համաշխարհային հիշողություն: Իրոք որ՝ հավերժական հայը… հայերենն է: Ինքը մի լեզու – օվկիանոս է, որ պատահել է՝ տեղատվություններ է ապրել, էկոլոգիական հավասարակշռությունը մաշեցնող վարակների ենթարկվել, հատկապես՝ անպետական դարափուլերում, ընդհուպ մինչև սովետալեզվի կոպիտ ներխուժումները, և հիմա էլ այդ խնդիրն ունի: Բայց իր դիմադրողականությունը միայն իր մեջ չի: Իր դիմադրողականությունը նաև մենք ենք: Հանգույցի պահապան – ժառանգը լինելու պատասխանատվությամբ:
Նորից այդ բառը՝ հանգույց: Ինքը, նոր կյանքի կոչվելու դեպքում, նաև տեղ ու դիրք է տալիս այս դարի դժվարացած կեռմաններում՝ քաղաքականապես բաժանված ու նույնիսկ առճակատվող քաղաքակրթությունների հետ գոյակցելու, երկխոսելու և նրանց սահմանագծին սեփական տունը կառուցելու համար:
9. ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սա մի երկիր է, որտեղ կողք կողքի ապրում են տարվա չորս եղանակները: Նույնիսկ ամռանը կարող ես ձմեռ տեսնել, եթե Արագածի գագաթը բարձրանաս: Երկիր, որի ուզածդ անկյուն հասնելու համար հարկավոր է… բարձրություն հաղթահարել: Այսինքն՝ ըստ վերելքի ապրելու պարտադրանքը տրված է բնությունից: Եվ ամենայն լավը, որ եղել է մեր արվեստում, ծնվել է այդպիսի պարտադրանքից: Նույնիսկ տուն հասնելու համար, ոչ հազվադեպ, բարձրանում ենք Երևանի փողոցներով:
Իսկ հորիզոնը փակված է լեռնաշղթաներով, ուստի, երբ ցանկանում ենք տարածություն տեսնել, ակամայից նայում ենք դեպի երկինք, այլ խոսքով՝ գլո՛ւխ բարձրացնում: Այստեղից էլ՝ բանաստեղծների անպատկերացնելի առատությունը, երբեմն նույնիսկ՝ ջղեր սղոցող, և հայկական խառնվածքից անբաժան ռոմանտիզմը, որը հարազատ եղբայրն է… փորձությունների:
Դժվար ենթարկվող հող: Դժվար պատմության բեռ: Դժվար ներկայի ծանրություն: Այս երկիրը կիսատոներ չունի: Մեր ամբողջ գեղանկարչությունը՝ մեզ օրինակ: Երևի դրա համար էլ գրեթե չի հաջողվել մի կարգին… Չեխով բեմադրել, բայց Շեքսպիր կամ Լորկա՝ խնդրեմ: Անկիսատոն խոսում ենք, անկիսատոն՝ գործում: Գուցե սա մի խիզախ ու հմայիչ մաքսիմալի՞զմ է, ճշմարտությունը մերկ ձեռքերով որսալու մղո՞ւմ, թեկուզև՝ մատներդ խանձվե՞ն: Մինչդեռ ավելի քան երկու հազարամյակ առաջ հնդիկ իմաստախոսները զգուշացնում էին. մի՛ ջանացեք ճշմարտություն որոնել: Միևնույն է, չեք գտնի: Ի՛նքը կգտնի ձեզ, եթե արժանի եք իրեն:
Մեզ գտած ճշմարտությունը այս ժողովրդի ու երկրի շարունակվող ներկայությունն է պատմության մեջ: Համարյա թե հետջրհեղեղյան ժամանակներից, բոլոր կորուստներով ու վերքերով հանդերձ, մանավանդ որ մեր հասակակիցներից ազգերից ու պետություններից շատերը՝ ավելի զորեղ երևացող, վաղուց չկան:
Իհարկե, ծանր անկումներ: Իհարկե, պատմության վիհեր՝ «քառսուն ջաղցի քարով» փակված, ինչպես հենց էպոսն է վկայում: Եվ իհարկե, ծանր վերադարձներ: Այսինքն՝ ճշմարտությանը այնուամենայնիվ արժանի: