ՇՈՒՇԻ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԳՐԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՇՈՒՇԻ / ՆԱՆԵ

Ուշ աշնան գույներ են՝ թանձր, մեղրագույն: Եվ տեղ-տեղ միայն փոքրիկ մի թուփ կամ՝ իրենց վրա դեղին ներկ առած վրձիններ հիշեցնող, մերկացած բարակ բարդիների գագաթներ, մուգ ու խոնավ հեռանկարի վրա առանձնացող վառ գույներով, աշնան վերջին ճիչ են ասես հնչեցնում: Փոքրիկ մի խմբով՝ գրողներ Ալիս Հովհաննիսյանը, Գոհար Գալստյանը, Արծվի Բախչինյանը, Պերճուհի Ավետյանը, Լևոն Շահնուրը, գրականագետ Անի Փաշայանը և ես հյուրընկալվելու ենք Շուշիի Նարեկացու անունը կրող կենտրոնում և ճանապարհ ենք ընկել խոնավ աշնան խոնավ ճանապարհներով:
Արցախ աշխարհում առաջին անգամ չեմ լինելու, և այն՝ առաջվա հուզումները մի փոքր ավելի մեղմացած են, բայց Շուշին դարձյալ հոգիս տակնուվրա է անում. ամեն քայլի ներկա է. «Մերն է, այս ամենը կրկին մերն է» ներքին ուրախությունը, ամեն պահի հառնող անցյալի պատկերներ կան՝ ճերմակ խաչերը թիկունքներին կամ բազուկների վրա դեպի քաղաքի բարձունքը խոյացող հայորդիներ, առաջին դրոշի ծածանումն այնտեղ:
Կենտրոնում մեզ ընդունում են այնպես, ասես հին ծանոթներ ենք և հայի օջախ ենք եկել ընտանեկան հյուրընկալության: Կենտրոնի տնօրեն Հայկ Պապյանը, կենտրոնի գործավար Մարիամը, վարորդ Դավիթը նվիրյալներ են՝ Շուշին իրենց ներկայությամբ, իրենց ջանքով, «Նարեկացի» մշակութային կենտրոնում կատարվող աշխատանքներով շենացնող ու հարստացնող նվիրյալներ:
Անպայման է աղոթքը Կանաչ և Ղազանչեցոց եկեղեցիներում:
Անցորդներից ճանապարհ ենք հարցնում. «Էսպես ուղիղ գնացեք, Կանաչ եկեղեցին ձեզ ընդառաջ կգա»,- բացատրում է մի տղամարդ:
Ղազանչեցոցի ներքևում սենյակ կա, որտեղ կենտրոնում կանգնածի ձայնն այնպես է արձագանքում, որ թվում է՝ մեկ ուրիշն էլ կա ներկա: Դա արվել է այն նպատակով, որ եկեղեցում միայնակ ծառայող հոգևորականն ինքն իրեն կարողանա և՛ խոստովանել, և՛ թողություն տալ: Խռնվել ենք փոքրիկ խցում, պատարագից մի կտոր հնչեցնող մեր ձայնը երկնային թևեր է առնում ու սավառնում:
Զբոսանքը Շուշիի վերուվար փողոցներով առանձնահատուկ հաճույք է. ահա Օրիորդաց դպրոցը, Ռեալական վարժարանը, որի կիսաքանդ պատերի վրա շուշեցի երեխաներ են բարձրացել ու իրենց ուրախ աղմուկով լցրել դատարկված կրթարանը: «Բաբոս էստեղ ա սովորել»,- ասում է նրանցից մեկը: Ուզում եմ պատկերացնել, երևի թե, հատուկ համազգեստով, նրբիրան «բաբոյին» այդ միջանցքներով ճեմելիս: Բայց ավելի լավ է առաջ նայեմ, ու Ռեալական վարժարան-թանգարանը վերականգնված երազեմ և ցանկանամ տեսնել:
Ձյուն է սկսել, ու թաց օրերը մշուշոտ են. «Շուշիում դա սովորական բան է»,- ասում է մեկը, «Լոնդոնին է նման»,- լրացնում է մեկ ուրիշը: Իսկ ես մտածում եմ, որ այդ Լոնդոնն է նման Շուշիին:
Հանդիպման ներկաները գրականությամբ ապրող մարդիկ են, այդ ցուրտ ու ձյունին շտապել են կենտրոն, և լույս ու ջերմություն կա նրանց հայացքներում: Գրականագետ Անի Փաշայանը վարում է հանդիպումը և յուրաքանչյուր գրողի ներկայացնում ամենաճիշտ նկարագրով, «մատը դնում» նրա ստեղծագործության առանձնահատուկ երանգներին: Ապա յուրաքանչյուրն իր խոսքն ունի և իր ընթերցումը: Միջոցառումը գրեթե զրույցի է վերածվում՝ տաք մի զրույցի:
Նման գրական ճամփորդությունները նաև առիթ են գրողների մեկմեկու հետ շփման: Հյուրընկալ հարկի տակ անցկացրած՝ ծիծաղով ու նաև լուրջ հաղորդակցությամբ լցված ազատ ժամերը իրենց կարևորությունն ունեն գրական ճիշտ ընթացք ձևավորելու գործում: Եվ դրանք հաճա՛խ պետք է կազմակերպվեն:
Երեկոյան պետք է Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոն գնանք՝ Վիլյամ Սարոյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ներկայացումը դիտելու: Ներկայացումը շատ լավն է, և ոչինչ, որ բեմը զուրկ է նորմալ լուսավորությունից: Գլխավոր հերոսների դերակատարները՝ Նվերը և Գայանեն, հրաշալի խաղով հանդիսատեսին լարված են պահում մինչև ներկայացման վերջին պահը: Իսկ հանդիսատեսը՝ հսկա դահլիճում մոտ քսան մարդ է: Բայց. «Այսօր թատրոնը լիքն է»,- մեզ՝ իր հյուրերին, նկատի ունենալով ասում է ուրախ-ուրախ ընդառաջ եկող թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը: Մեծ դժվարությամբ մեծ գործ են անում: Ամեն պահ Արցախում հասկանում եմ, որ արյան գնով պահվող մեր երկիրը շենացնելը սահման պահելու նման կարևոր է, և այդ գործում մենք էլ մեր բաժինը պարտ ենք ունենալ: Արցախը լիարժեք ոտքի կանգնելու համար ամեն մեկիս աջակցության կարիքն ունի: Չմոռանանք, որ այնտեղ մեզ սպասում են՝ իրենց ամեն պահը մարտի միշտ պատրաստ զինվորի նման ապրող մեր հայրենակիցները:
Առավոտյան առաջարկվում է հրաշք մի վայր «Ջդրդուզը» տեսնել: Տեր Աստված, ինչո՞ւ Ջդրդուզ, և մինչև ե՞րբ՝ հայաշունչ վայրերին իր թրքանունը կնքած թշնամին ներկա պետք է մնա մեր հողում: Մի՞թե հայկական անուն չունի հայկական այդ գեղատեսիլ վայրը. Իհարկե ունի, այն էլ մեղեդու պես հնչող՝ Կատարոտ: Արցախի փոխարեն էլ ամենուր «Ղարաբաղ» բառը հնչեցնելով՝ հաստատ հրճվանքով ենք լցնում դեռ կատաղի կերպով սպառազինվող թշնամուն:
Մենք շարժվում ենք Կատարոտ, բայց արդեն ցեխոտ ու սայթաքող կածան-ճանապարհը հաղթահարել չենք կարողանում: Ոչինչ, Արցախ դեռ շատ ենք գալու. ամեն հայ ու հատկապես հայ-գրող պարտավոր է ժամանակ առ ժամանակ թարմացնել իր հետքերը մայր հողին: Դա էլ է գիր՝ գիր հենց հողի վրա՝ տիրոջ իրավունքով կնքող այն:
Հրաժեշտ ենք տալիս Շուշիի Նարեկացու անվան կենտրոնին, արդեն հարազատացած նրա «պահապան-հրեշտակներին» ու ճանապարհ ընկնում: Այս անգամ կենտրոնի տնօրեն Հայկ Պապյանը մեզ հետ է՝ մինչև Երևան: Ճանապարհին՝ «Պապիկն ու տատիկն» են, ապա Դադիվանքը՝ իր վերջերս վերականգնված որմնանկարների խորհրդավորությամբ, ապա նորից՝ ուշ աշնան բնապատկերներ մեքենայի պատուհանից դուրս՝ կիսով ձյունապատ լեռները, բալենիների կարմիրը, ամպերը՝ լեռնափեշերը գրկած:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։