ԳՐԱՔՆՆԱԴԱՏԻ ՊԱՐՏՔԸ / Զավեն ԲԵԿՅԱՆ

«Գրական թերթի» 28.09.18 թ. համարում տպագրվել է Ա. Ավագյանի «Գրաքննադատության պարտքն է հանդես գալ որպես «դժգոհ» ընթերցող» հոդվածը, որն, իմ կարծիքով, ունի վիճահարույց, եթե չասեմ արտառոց, հատվածներ, և որոնց վերաբերյալ անհրաժեշտ համարեցի անել որոշ դիտողություններ:
Ա. Ավագյանը գրում է. «Ի չգոյե ուժեղ գրականության, չի կարող լինել ուժեղ գրաքննադատություն»: Կարո՛ղ է լինել, թեկուզ այն կերպ, որ ապացուցի, թե ուժեղ գրականություն չկա: Չկա ասելով՝ նկատի ունենք ներկա՞ պահը, թե՞ որոշակի ժամանակաշրջան: Ներկա պահը համարենք խայտաբղետ, դեռևս չորոշարկված կամ թույլ գրականության, երաշտի շրջան: Բայց չէ՞ որ կա մոտ անցյալ, և եթե օրինակները պոեզիայից ենք բերում, պարոն գրաքննադատներից որևէ մեկը սպառե՞լ է, ասենք, Արմեն Մարտիրոսյանի, Հրաչյա Թամրազյանի, Հրաչյա Սարուխանի, Հրաչյա Բեյլերյանի (բոլորն էլ` «հրաչյա» տղե՜րք…) բանաստեղծության ուսումնասիրությունը, թե՞ նշվածները տաղանդավոր չեն… Մեկ որ վրդովվել եմ, ասեմ՝ 1990 թվականից առ օրս ութ բանաստեղծական ժողովածու եմ լույս ընծայել, ինչո՞ւ, օրինակ, մի քննադատ իմ անունը հայերենով գոնե մի անգամ չի գրել (պե՜տք չի, այ մարդ….): Եթե որևէ մեկը կասի, թե ես անտաղանդ եմ, տեղը ցույց կտամ…
Ասվում է` չկա «արդի կյանքը վերհանող գրականություն»: Վաղուց սոցռեալիզմը տապալվել է իր դրույթներով, տոլստոյակա՞ն, թե՞ լենինյան՝ «գրականությունը կյանքի հայելին է» ասացվածքով: Գրականությունը հայելի չէ, հայելին հրապարակախոսությունն է` օրինակի համար: Գրականությունը այնկողմնային (այնկողմնայինը մեծատառով չեմ գրում, որ հին սովորությամբ ինձ աթեիզմի դասեր չտան), չգիտեմ` որտեղից, հզոր լուսարձակի լույսի շիթ է, որ լուսավորում է ոչ թե կյանքը, այլ Մարդուն՝ որպես կեցության հրաշքի ու ողբերգության… Նարեկացու մատյանի մեջ Դուք տասներորդ դարի Հայաստանի կյանքի ի՞նչ նշույլ եք հայտնաբերել, եթե կա` աչքս մտցրեք:
Ասվում է նաև` «արդի կյանքը վերհանող գրականություն», այնուամենայնիվ, կա: «Այո, որովհետև ասպարեզում գործում է, ասենք, այնպիսի տաղանդավոր մի գրող, ինչպիսին Հակոբ Մովսեսն է, ուրիշ անուններ էլ տամ նրան շատ մոտիկ` Հենրիկ Էդոյան, Հուսիկ Արա… «,- գրում է Ա. Ավագյանը: Ի՞նչ ասել է` «նրան շատ մոտիկ», ինչո՞վ մոտիկ… Հակոբ Մովսեսը կյանքը վերհանող գրականություն է ստեղծում – արտառո՜ց դիտարկում… Որովհետև Հ. Մովսեսը կյանքի մերկ կոնկրետությունից խուսափող մեր ամենաերդվյալ պոետն է: Նրա համար` իր իսկ խոսքերով, կարևորը ոչ թե ինչն է (ասելիքի առարկան), այլ ավետումը: Հ. Մովսեսի պոեզիան գրեթե հոգևոր պոեզիա է: Եվ հետո նրան մոտ, շա՜տ մոտ եք բերում Հ. Էդոյանին: Բա եղա՞վ: Հակոբը թող չնեղանա ինձանից` ճիշտ հակառակը պիտի անեիք… Եվ մյուս արտառոցը՝ անմիջապես Հ. Էդոյանից հետո էլ` Հուսիկ Արային (թող ինքն էլ չնեղանա – ամեն մեկս էլ, գոնե մեր մտքի մեջ, մեր կարողություններն անթերի գիտենք): Եվ թող տպավորություն չստեղծվի, թե ես այս հոդվածը գրում եմ, որովհետև… Հուսիկ Արայից հետո եմ, այսինքն` բազմակետերի մեջ:
Եվ հետո, ինչո՞ւ ենք միայն բանաստեղծների անուններ բերում, բա արձա՞կը…
Իրականում, գրաքննադատությունն այսօր այս վիճակին է, որովհետև… մեջը «հաշիվ» չկա – անշնորհակալ բան` ոչ հոնորար են տալիս, հեղինակների կռիվն էլ (դիցուք` ես)` մյուս կողմից: Սիրողական քննադատներ էլ` ինչքան ասես, գրում են բաժակաճառի պես, ինչպես Պ. Սևակը կասեր` «անգիր, ինքնահոս, հաշվեկշռված»: Բայց հարց է առաջանում` ի՞նչ շահագրգռվածությամբ: Հրանտ Մաթևոսյանի «Տախը» վեպի հերոս Ռոստոմի տեսակի մեկը պիտի գար, որ ասեր` սրա-նրա դռանը մի բաժակ արաղի հերթի կանգնածի վիճակից ես գրաքննադատի պաշտոնը բարձրացրեցի, օրինակի համար` Հրանտ Թամրազյանի, Սուրեն Աղաբաբյանի «ձիավոր» աստիճանին…
Եվ Հ. Մովսեսն էլ, ինչպես առաջարկվում է իրեն, չի կարող հորդորով վեպ, վիպակ գրել, ինչպես որ ես չկարողացա ինձ հորդորել… չգրել այս հոդվածը (շառից-փորձանքից հեռու): Չդիմացա, ի՞նչ արած:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։