1918 թվականի Արարայի ճակատամարտի փառահեղ հաղթանակի 10-ամյակի առթիվ, կամավորական հայ լեգեոնականներին ձոնված «Կամավորը» խոհագրությունում Ավետիս Ահարոնյանը գրում է. «Պրոմեթևսն է առաջին կամավորը. նա, ով խավարի ու ցրտի մեջ խարխափող թշվառ մարդկային ցեղին կարեկցելով` դաժան Աստվածների ցասումը խիզախեց և երկնային հուրը շորթեց աշխարհի հոգին լույսով ու հրով սնելու համար»: Համարյա հարյուր տարի անց նրա պես ես էլ եմ տեսնում կամավորականների անձնազոհ վեհանձնության մեջ այն ոգեղեն հուրը, որը կլուսավորի ազգի ճանապարհը, չնայած որ շատ-շատերը ինձ կհակառակվեն, թե` խորհրդապաշտների ժամանակը վաղուց է անցել, հիմա, իբր, պետություն կա, բանակ կա: Կա, ո՞վ է ասում` չկա, բայց այսօր էլ Հայաստանին պետք է կրակ խմած հոգու տեր կամավոր նվիրյալը, որ սրտեր թունդ հանի, լեռներ դղրդացնի, քանզի դեռ ողջ ազգով ճամփա ունենք երթալու: Ամենահին ազգերից մեկը լինելով հանդերձ` այսօր ոչ իրատեսները թող ներեն համարձակությունս, եթե ասեմ` ազգային ինքնությունը պահելու խնդիրն է մեր առջև ծանրացած, որից չքմեղ միամտությամբ խուսանավում է օր-օրի ահագնացող մեր էգոիզմը և մեզ հրում անընտրություն, ինքնահոս ապրելու, թվացյալ ազատ ընթացքի մեջ: Բայց միշտ եղել է ու հիմա էլ կա կամավորականը, որն իր հայրենիքի սիրով մահապարտի պես, հասակով մեկ կանգնում ու ինքնազոհության գնով պարզում է հայրենյաց ջուրը պղտորված, եթե պետք է, անում է անհնարինը` հաղթում է մահին անգամ, որ ազգի լինելությունն այլընտրանք չունենա:
Ո՞վ է հայ կամավորը:
Իրականում, երբ խորհում եմ այդ մասին կամ հարցնում որևէ մեկին, մեջս ինչ-որ տարօրինակ զգացողություն ինձ երկվության առաջ է կանգնեցնում: Արդյոք փորձո՞ւմ եմ հասկանալ` ինչ բան է կամավորականությունը, թե՞ մեծարման պարզագույն ձևն եմ բանեցնում` ուշադրությունից վրիպած արժեքավորը երևութացնելու: Երկու պարագան էլ անձամբ կամավորականի համար բնավ նշանակություն չունի: Նա ունի իր ուղին, և այդ ուղին հավատով կերտվող իրականությունն է: Ամենևին նշանակություն չունի` այն ինչ-որ մեկի քիմքին հաճելի՞ է, թե՞ ոչ, ինչ-որ մեկին ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ, անարժանն էլ կարող է դրանից օգտվե՞լ, թե՞ ոչ. կարևորը ազգի արժանապատիվ լինելությունն է` որպես անքակտելի մաս այս աշխարհի, որի կենաց ծառի արմատները հողի մեջ տարածված կամավորի երակներն են` ազնվատոհմիկ արյամբ:
Կամավորականի կյանքի իմաստը իր միջով հոսող արյան խորհրդով է կայացել և օրհնվել: Նա լոկ այդ խորհրդի մեջ է տեսնում իր գոյության պայմանը, որն աշխարհն իր աշխարհով պահելու առաքելությունն է: Նա ուխտավոր է, որի ճակատագիրը հայրենյաց զինվորի խրոխտ երդման եռագույնով է ներկված իբրև գաղափարին խոնարհման նշան: Կամավորականը երդմնազանց չի լինում, նա նպատակամետ է, կամ հաղթում է, կամ… շարունակապես մնում է հետամուտ իր նպատակին, քանի որ մահը նրա մարմինն է լոկ խլում, իսկ ոգին հավերժություն գնացող ճամփորդ է:
«Հայրիկս կամավորական եղած է».
սա հորս` մշտապես ակնածանքով ասված խոսքն է, որ լսել եմ բազմակի անգամ, բայց մինչև օրս չեմ կարողանում հասկանալ հորս արտասանության հնչերանգով անթեղված հորդորը… Ի՞նչ էր: Արդյոք ինձ ուղղված հրահա՞նգ էր, թե՞ հենց իրեն ինչ-որ բանի հիշեցում: Արդյոք ինքնասփոփա՞նք էր, թե՞ սեփական անլիարժեքության մխիթարություն, որովհետև երբեմն այդ ասելիս նրա աչքերում թացություն եմ նկատել: Գուցե՞ ուժերի կենտրոնացում էր, կամ էլ կյանքի մրուրից մաքրվելու փորձ: Ինչ էլ լինի հորս արտաբերածը` «Հայրիկս կամավորական եղած է», բոլորովին ուրիշ էր, ուրիշ… Հավանաբար ճշմարիտ ոգու լեզուն իր ելևէջներն ունի ու իր հոգեհմա ձայնային հաճախականությունը:
Իսկապես, այդ ինչպե՞ս է լինում, երբ մարդը շատ-շատերի պես ապրում է աննկատ, սովորական, ու հանկարծ հայրենիքի վտանգի պահին առաջինն է ոտքի կանգնում այն պաշտպանելու համար, դառնում կամավորական զինվոր` կուրծքը դեմ տալով թշնամուն, մոռանում իր ներսի գարունն ու ամառը, աշունն ու ձմեռը: Մոռանում ընդհանուր հայրենիքի անհոգի իշխանավորին, մարդահալած չինովնիկին, լկտի հարևանին, իր սերն անարգած անպատկառին, հազար ու մի հոռի բան ու կյանքը զոհում առանց ախ անելու: Աշխարհում ոչ մի արժեք չի կարող կյանքի գինն ունենալ, ուստի ազգի ու հայրենիքի տիեզերապահ տիրույթում ինքնազոհումը մարդուն աստվածայինին հասցնող քայլ է` մարդկային ամենաբարձր արժեհամակարգի կայացումը իմաստավորող: Այդ ի՜նչ արդար արյուն է կամավորականի մեջ հոսում, որն ունակ է իրեն արժևորելու ընդհանրական գաղափարով` ազգայինով: Կամավորականը մորեմերկ Ադամի շիտակությունն ունի ու միամտությունը, քանզի կյանքը նրա համար խաղ չէ, արարում է աշխարհաստեղծ: Կամավորականը լոկ զինվոր չէ. ավելին է, քան զինվորը: Նա, լինելով զտարյուն ծնունդ, ազգային հավատքի ու հույսի ժառանգորդ, ապրում է ազգի նկարագրով ու ինքն էլ ազգին է ապրեցնում, փորձելով յուրահատուկ գենային կենսակերպով անխաթար փոխանցել հաջորդ սերնդին իրեն ավանդված հայրենյաց վեհագույն սերը:
Անցյալ դարի սկզբին` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` Մեծ եղեռնից հետո, ֆրանսիական դրոշի տակ կազմավորված Հայկական լեգեոնը անկոտրում կամքի, երկաթյա ջղերի շնորհիվ կարողացավ փառքով պսակել իր անունն ու անցած մարտական ուղին. առաջին հերթին անձնազոհ կեցվածքով առողջացրեց հայության համար ամենակարևորն ու կենսականը` նրա խեղված արժանապատվությունը:
Կամավորական վիթխարի շարժման ծնունդ Հայկական լեգեոնը փաստորեն ինքնաբուխ ազգային ազատագրական շարժման մարտական հզոր ու նպատակամետ թևը եղավ: Նրա զինվորները իրենց առջև դրված խնդիրները խոնարհաբար ու միաժամանակ կամավորական-մահապարտի վճռականությամբ սրբորեն կատարեցին` սկսած Կիպրոսի Մոնարկա դաշտավայրում տեղակայված զինավարժարանի ստորացուցիչ ծառայությունից, որտեղ կարգ ու կանոնի անվան տակ ստրկացուցիչ պայմաններում էին հայտնվել հայ կամավորները, ուր նրանց համար առավոտ լուսոն «համբերե հոգիս»-ն էր, ուր ամեն անցած օր, ինչքան էլ ծանր լիներ ու նվաստացուցիչ, համարվում էր մեկ քայլ` արված դեպ բաղձալի Կիլիկիան, դեպ չարիքի հատուցման պահը, որտեղ հայ զինավառը պիտ կանգներ հասակով մեկ ու խրոխտ մարտիկ որպես, վրեժի ցասումով նետվեր կռվի դաշտ, որ վերականգներ արդարությունն ու իր մարդկային իրավունքները: Այն եղավ ու կոչվեց ԱՐԱՐԱՅԻ հաղթանակ, ինչը պիտի լիներ Պաղեստինի տարածքում թշնամու ճակատը կազմալուծող զինվորական գործողություններից մեկը Առաջին համաշխարհայինի Մեգիդոյի վճռական ճակատամարտում, որը ճանապարհ բացեց Անտանտի ուժերին դեպի Մուդրոսի զինադադար, իսկ հայ լեգեոնականներին` Կիլիկիա: Նրանք օր-օրի, գործողություն գործողության ետևից տոկալով ու հաղթելով, շարժվեցին առաջ` զենքը ձեռքներին ու հավատարիմ հայրենյաց երդումին, կանգուն մնացին մինչև վերջ, մինչև Հայկական լեգեոնի լուծարումը 1920 թվականի աշնանը:
Լեգեոնականի ծանր լուծը կրող հայ զինվորի մեղքը չէր, որ հանուն հայրենյաց տարած հաղթանակները, որոնք հայ լեգեոնական զինվորները արյան գնով ձեռք բերեցին ու դրանով իսկ, իրենց հեղված արյունը դարձնելով քաղաքական գործոն, տվեցին հայ դիվանագետներին որպես լուրջ կռվան քաղաքական մանևրների համար, նպատակին չծառայեց: Ավա՜ղ, հայկական դիվանագիտական փաղանգը չունեցավ այն ճկունությունն ու ունակությունը և, ցավոք, երբեմն էլ ամբիցիաները ազգային շահերին զոհելու կարողությունը, որ ուներ մահվան առջև դեմ առ դեմ մարտադաշտում կանգնած, հասարակ, պարզ, շարքային հայ լեգեոնականը: Հայ դիվանագիտական միտքը չկարողացավ այդ ծանրակշիռ Հայկական լեգեոն կոչվող քաղաքական գործոնը, արդյունավետ և ազգաշահ կերպով, պատշաճորեն օգտագործել ու պահանջել նրանով պայմանավորված այն պատասխանատվությունը, որ Առաջին համաշխարհայինում հաղթած երկրների պարտքն էր, մասնավորապես` Ֆրանսիայի, չէ՞ որ դաշնակից ուժերը մեր կապույտ աչքերի համար չէր, որ պատերազմի ժամանակ մեզ հորջորջեցին Փոքր դաշնակից: Մի խոսքով, միջազգային քաղաքական ու իրավական դաշտում չամրագրվեցին և չարժևորվեցին Առաջին համաշխարհային պատերազմում ընդհանուր հաղթանակին նպաստած հայի թափած արյունը: Եվ 20-րդ դարի սկիզբը եղավ ամեն ինչ տանուլ տված հայ քաղաքական մտքի անկումը:
Հազարավոր հաղթանակած հայ կամավորականներ մոռացվեցին. նրանցից որևէ մեկը եթե գեներալ լիներ, գուցե այնքան խորը չլիներ արհամարհանքի վերածված այդ մոռացումը (մենք մեռած գեներալներ սիրող ազգ ենք): Մնաց քաղաքական թոթովանք` տեղի-անտեղի ինքնաարդարացման պես հնչող, որ իբր` Անտանտի երկրները հայերին դավաճանեցին, թե չէ հայը գործն արել վերջացրել էր: Այո, գործն արել էր, բայց, ցավոք, միայն հայ զինվորը իր ծանր, կենաց ու մահվան գնով, իսկ այն վերջացնողները, եկեք խոստովանենք, քաղաքականապես պրիմիտիվ եղան:
Ներկա օրերում, հետաքրքիր է, ո՞վ է դավաճանում, որ այդ մասին չի խոսվում, և նոր եկող սերունդը, կարելի է ասել, ոչինչ չգիտի այդ մասին, թեև հավեսով խաղում է «Ինչ, երբ, որտեղ» ու այսպիսի բաներ…
Աստվա՛ծ իմ, փրկիր մեղավորիս հոգին, որ «մանր-մունր ու երկրորդական» բաների մեջ եմ խորացել: Չէ՞ որ ամեն ինչ չէ, որ հիշելու կամ խոսելու բան է (հանկարծ ամեն մեկը մի բան հիշեց ու չլռեց, բա էս պատմաբանների վիճակը ի՞նչ է լինելու, պատկերացնո՞ւմ եք), բայց, հարգելիներս,այդ մասին խոսելը լոկ խոսել չէ, կամ էլ խաղի համար գիտունիկներին խնդրահարույց հարց պատրաստել: Դա դրանցից էլ բարձր բան է, որը, ոչ ավել, ոչ պակաս, հիշատակ հարգել է նշանակում այն զինվորների հանդեպ, որոնք իրենց գործը սրբորեն կատարեցին` կյանքը զոհելով հանուն Հայաստանի, խոսքս ավելի հասկանալի, առօրեական դարձնելով ասեմ` ինձ ու քեզ, մեզ համար: Այստեղ թերևս տեղին է նշել, 1988 թ. ինքնաբուխ համահայկական շարժման միտինգներից մեկում Մովսես Գորգիսյանի հնչեցրած մաղթանք-հավատամքը. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Եթե 1988 թվականին Գորգիսյանը այս բառերը բարձրախոսը ձեռքին էր ասում, ապա 1918 թվականի սեպտեմբերի 19-ին, հայ լեգեոնականը զենքը ձեռքին, կռվի դաշտում` հայրենիքից շատ հեռու, «Կեցո, զհայս» շուրթերին, մարտնչելով ու հաղթելով է այն ուռայի տեղ գոռացել` աշխարհով մեկ ցնծացնելով ԱՐԱՐԱՅԻ ճակատամարտի հաղթանակը: Գուցե հենց այդ ժամանակ մարտադաշտ-զոհասեղանին, խոցված ու արյունաքամ եղող հայ լեգեոնականի վերջին շնչի հետ այս մաղթանք-հավատամքը խառնվել է նրա հոգուն, և Պաղեստինի լեռներում զոհվող հայ կամավորի հոգին ծառս է եղել, թռել երկինք, որ հետո Հայաստան իջնի ու նորից ոտքի հանի Հայոց աշխարհը իր հավատով` «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:
Արարայի զոհերի հուղարկավորման ժամանակ ամենևին էլ հավուր պատշաճի չէր օտարազգի հարյուրապետ Ազանի դամբանական խոսքը, որը կարծես սրա վկայությունը լինի. «…Բաղդը փախուստ տուաւ ձեզմէ եւ դուք չըմբոշխնեցիք յաղթանակի հաճոյքը, բայց, արդէն, Նազարէթ հասած դաշնակից զօրախումբերու մեծ յաջողութիւնները լիուլի կը լուծեն ձեր վրէժը, եւ այս յաղթանակը մեզ կը մօտեցնէ Հայաստանի վերականգնումին: Ձեր անձնազոհութիւնը, ուրէմն, անօգուտ չեղաւ եւ ձեր յիշատակը նուիրական պիտի մնայ ձեր զէնքի ընկերներու յիշողութեան մէջ»:
Արժանահիշատակ է նաև 1918 թ. սեպտեմբերի 20-ին Արևելյան լեգեոնի (Հայկական լեգեոն) հրամանատար գնդապետ Լ. Ռոմիեոյի խոսքը Արարայի զոհերին հողին հանձնելիս. «Կուխտեմ ձեր գերեզմանին առջեւ, այս գերեզմանին` զոր փառքի յուշարձանի մը պիտի վերածենք եւ զայն պիտի կոչենք Արարայի Գերեզմանատունը, այս անուան մէջ միացնելու յիշատակը մեր մեռեալներուն, անոնց զոհաբերութեան, անոնց յաղթանակին եւ այն հորիզոնին, զոր այդ յաղթանակը կը բանար անոնց հայրենակիցներու ազգային բաղձանքներուն առջեւ»: Բարձրաստիճան ֆրանսիացի զինվորականը հասկանում էր Արարայի հաղթանակի գինը հայության համար: Առաջին համաշխարհային պատերազմը ընթանում էր, և բոլորը հիացած էին խիզախ հայ զինվորներով ու լավ գիտեին, թե ինչու է հայը անձնուրաց կռվում, արյուն հեղում ու զոհվում: Պատերազմից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Ռոմիեոյի երդումը ֆրանսիական պետության մերձավոր արևելյան քաղաքականության փոփոխության հետ, որ հայկական իղձերը ոտնատակ անել ու դավաճանել էր նշանակում, մոռացվեց գնաց: Լավ է, Արարայի հերոս զոհերի զենքի ընկերները 1925 թ. հոկտեմբերին նրանց աճյունները տեղափոխեցին և թաղեցին Երուսաղեմի Սուրբ Փրկիչ վանքի հայկական գերեզմանոցում, և անմիջապես էլ լեգեոնականների եղբայրական գերեզմանի վրա սկսեցին կառուցել նրանց հիշատակը փառաբանող հուշարձան: Այն մեծ շուքով 1927 թ. ապրիլի 24-ին բացվեց, որի ճակատին համեստորեն գրված է` «Արարայի քաջերուն»: Այս տարի 90-ամյակն էր հուշարձանի կառուցման. ես լռում եմ, չեմ ուզում ենթադրություններ անել, թե քանի հոգի հիշեցին: Տեսնես մինչև ե՞րբ ենք մեր պատմությունը թելելու ուրիշի թելով:
1918 թվականին հայ ժողովուրդը կերտեց երկու խոշոր ու ազգի համար ճակատագրական հաղթանակներ: Առաջինը Սարդարապատն էր, երկրորդը` Արարան: Այս փառահեղ հաղթանակներն էին, որ հիմք դարձան 1918 թ. նոյեմբերի 30-ին, Պողոս Նուբար փաշայի ղեկավարած հայ ազգային պատվիրակությանը` տարածել աշխարհասփյուռ հայտարարություն. «Հայկական ազգային պատվիրակությունը` պատասխանելու համար հայ ազգային միակամ իղձին, որուն մեկ մասը արդեն իսկ իբրև անկախ հանրապետություն կազմված է, հայտարարում է Ամբողջական Հայաստանի անկախությունը, Կիլիկիայով միասին, Համաձայնական պետությունների և Միացյալ Նահանգների հովանավորության տակ, կամ Ազգերի դաշնավարության, երբ այն կազմվի»:
Այս երկու` Ավարայր հիշեցնող փառապանծ հաղթանակներն էլ ինքնաբուխ, կամավորական, ժողովրդական ակունքից պոռթկող երևույթներ էին: Եթե Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի պատմության մեջ իր արժանի տեղը գրավել է, ապա Արարայի դեպքում, ցավոք, այդպես չէ, այն շարունակում է մնալ ինքն իր հետ. «Աննուաճ երազին կարօտով»: Հայկական լեգեոնը հայ ժողովուրդի պատմության մեջ նմանը չունեցող երևույթ էր իր հերոսական ընթացքով ու ողբերգական ճակատագրով: Հայկական լեգեոնը հայ կամավորների միասնական ոգու թռիչքն էր` հայրենիքի մշտագո լինելությանը հավատացող ու աննկարագրելի հավաքականությամբ նրա հավիտենական կենսունակությունը հաստատող:
Հայ պատմագրությունը համապարփակ ու արժանավայել չի ուսումնասիրել Արարայի ճակատամարտը: Ցավալիորեն, այն չի վերլուծվել որպես Կիլիկիայի անկախության համար, ես կասեի, ինք- նաբուխ ազգային-ազատագրական շարժման բաղկացուցիչ ու կարևորագույն գործողություն, ուստի շատ բնական է, որ համապատասխան ճշմարիտ գնահատանքի չի արժանացրել:
Քանի որ մենք` հայերս, այլասեր ենք, օտարներից ավելի շուտ և հեշտ ենք սովորում կամ ընդօրինակում, ուստի մեջբերեմ Ջորջ Օրուելի պարզ բանաձևումը. «Ով կառավարում է անցյալը, կառավարում է ապագան, ով կառավարում է ներկան, կառավարում է անցյալը»:
Չինաստանի Չենդու քաղաքում այս տարվա օգոստոսին կազմակերպված պոեզիայի միջազգային փառատոնի առթիվ տպագրված անթոլոգիայում տեղ է գտել նաև Շանթ Մկրտչյանի բանաստեղծությունների շարքը`
չինարեն և անգլերեն: