Աշխարհի, տարածաշրջանի և հայաստանյան ալեկոծ վիճակը, հավատացած եմ, որևէ խելամիտ մարդու հանգիստ չի թողնում։ Ամեն մեկն իր վերլուծական ընդունակությունների չափով փորձում է ելքեր գտնել Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների թավուտում, հատկապես Արցախի ճգնաժամային վիճակի առկայությամբ։ Երբեմն այդ ելքերի փնտրտուքը հանգում է վերջնաժամկետների պարտադրանքների և՛ դրսից, և՛ ներսից։ Մարդկանց որոշակի մաս հակադրվում է մյուսներին հաճախ թշնամական երանգով։ Եվ մշտապես պահանջ է թևածում մտավորականների գործողությունների վերաբերյալ, թեպետ և տարբեր, հակադիր խմբերում հիմնականում մտավորականներ են գործում։ Սակայն շատերը մտավորական ասելով հասկանում են միայն ստեղծագործող խավին։ Իմ կյանքի փորձը հուշում է՝ 30 տարվա մեջ այդ ստեղծագործական խավը քշված է երկրորդ, երրորդ շարք, և միայն ալեկոծումների ժամանակ են հիշում նրանց։ Մեր գրողներից ոմանք այս թևին են պատկանում, ոմանք՝ մյուս թևին, ոմանք էլ առհասարակ լրիվ այլ կարծիք ունեն, բայց բնավ չի նշանակում, որ չեզոք են։ Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Ժոզեֆ Բարելի հայտնի հայտարարությունից հետո առավել սաստկացավ հակադրության ոգին։ Մանավանդ դիտարկվեց Ռուսաստանին այս շրջանից դուրս մղելու միտումը, որին Ռուսաստանը շտապեց արձագանքել։ Իհարկե, մենք բազմաթիվ խոչ ու խութերից, ենթատեքստերից, բանավոր զրույցներից, համաձայնություններից տեղյակ չենք։ Դիվանագիտությունը որքան մակերեսին է, առավել ևս՝ աննկատելի խորքերում։ Բոլորիս անհանգստությունը ահագնացավ Ալիևի վերջին հայտարարություններից՝ Երևանը իրենցն է եղել, Զանգեզուրի միջանցք են բացելու, երբ ուժեղանան, իրենց հողերից դուրս են քշելու թշնամիներին… որին արձագանքեց մեր ԱԳՆ-ն։ Բայց, իհարկե, դա չի նշանակում, որ Ալիևը կփոխի իր կարծիքը և չի շարունակի նույն ահաբեկող ելույթները։ Պատկերացրեք՝ արցախցիները լսում են, և նրանցից որևէ մեկը կհավատա՞, որ Ադրբեջանի տիրապետության տակ անցնելով՝ այնտեղ չի ենթարկվի վռնդվելու ալիևյան մոլուցքին։ Բնականաբար, ինքնորոշման, իրավունքների և անվտանգության խնդիրը անպայմանորեն արցախցիների կարգավիճակի մասին են ստիպելու մտածել։ Ովքե՞ր են երաշխավորները. Մինսկի խմբի համանախագահնե՞րը, Եվրախորհո՞ւրդը, Ռուսաստա՞նը… Իհարկե, անվերապահ, Հայաստանը։ Մեր հայաստանյան ներկա կացությունը, որքան էլ անտրամաբանական թվա, ինձ դրդում է մտածել, որ հակադիր բոլոր ուժերը, առաջին հերթին՝ իշխանությունն ու ընդդիմադիրները, պատգամավորները, հարկ է մի հայտարարի գան մեր ժողովրդի ճակատագրի վերաբերյալ։ Թշնամական կողմերը փոխզիջումներ են փնտրում, բայց մենք մեր ժողովրդի մեջ թշնամի չպետք է ման գանք, այլ համաձայնության եզրեր փնտրենք, ճշմարիտ ոսկե միջինի եզրերը գտնենք, այլապես, շախմատային լեզվով ասած՝ «պատ» վիճակ կառաջանա։ Մի՞թե որևէ մեկը կհավատա, որ Արցախը անկլավային վիճակով կարող է պաշտպանված լինել, մի՞թե որևէ հայ տեսնելով Չավուշօղլուի՝ գորշ գայլերի ձեռքի շարժումը, կհավատա, ու ցեղասպանության խնդիրը չի դարձնի դիվանագիտական կամ պահանջատիրական օրակարգ։
Բոլորին իմ հորդորն է աշխարհի և տարածաշրջանի այս բուռն, անկանխատեսելի ժամանակներում՝ նստել դեմ դիմաց և վեճերի ու քննարկումների միջոցով գտնել այն ճշմարտությունը, այն ուղին, որի փորձը մեր ժողովուրդն ունի և աշխարհի ուժեղներին հավատալու, թո՛ղ որ միամիտ, քաղաքականության կրողն է, բայց սթափվելու պահն է։
Ամենակարևորը՝ մենք մեզ հավատանք և մեր բանաստեղծի՝ Չարենցի ազգային միասնության կոչը ընդհանրական ընդունենք, ո՛չ մաս-մաս, անջատված, թշնամացած և վերջնական փրկչային ինքնապարծությամբ։
Ահա ցանկացած մտավորական ի՛նչ կարող է ասել, և մի՞թե այդպես չի մտածի գեղջուկը, քաղաքագետը, բանվորը, սփյուռքահայը, հայաստանցին և, մասնավորապես, արցախցին։