Արյան հիշողություն… / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

եղեռն Թե որքան կկարողանամ սեղմել տողերս, որպեսզի տեղավորվեմ Կարինե Խոդիկյանի խմբագրական չափաբաժնի ծալքերում, չգիտեմ, սակայն այն, ինչի մասին ուզում եմ խոսել՝ իմ և ձեր արյան մեջ է, որովհետև արյան տերը հիշողությունն է: Մեկ դար է անցել Հայոց Մեծ եղեռնից… Մենք հաճախ նախորդ՝ 1892-1896 թթ. սուլթանհամիդյան կոտորածների և 1909 թ. Ադանայի ջարդերի մասին շատ զգուշորեն ենք հիշատակում, որպեսզի կաթվածահար չանենք ազգային դիմադրության մեր ողնաշարը: 1915 թ. ապրիլից մեր ժողովրդի կենսագրության մեջ Օսմանյան կայսրության վաղօրոք մշակված բարբարոսական ծրագիրը ոչ միայն մեր ազգի, այլև ողջ մարդկու­թյան համար բաց արեց սահմռկելի մի էջ, որը հարյուր տարի է՝ բաց է մնացել… Մեկ դար է արդեն՝ Թուրքիան հայազերծված հայկական տարածքներից շարունակաբար մաքրում է հայկական հիշողությունը, այս անգամ՝ մարդկային կոտորածները փոխարինելով հայ ու հայկականություն հիշեցնող խորհրդանշանների ոչնչացման հատուկ ծրա­գրով: Այն է՝ մշակութային կոթողների բնաջնջում, հայկական բնակավայրերի, հին գերեզմանոցների, խաչքարերի ջարդ ու համահարթեցում, ինչպես դա արվեց Նախիջևանի 10.000 խաչքարերի հետ, վերակառուցման քողի տակ՝ Մուշ քաղաքում և այլուր հայկական տների ու սրբավայրերի հետքերի մաքրազարդում և այլն: Հենց այս օրերին նրանք պատմական Բյուրակնի հայկական գյուղերի գերեզմանոցների վրա ջրամբար են կառուցում: Աշխարհի տարբեր արխիվներից նրանք աստղաբաշխական թվերով գնում են նաև Հայոց եղեռնի վերաբերյալ փաստա­թղթերն ու լուսանկարները, ոչնչացնելու նպատակով այն ամենը, ինչ հիշեցնում է հայերի հետ կատարված պատմական ճշմարտությունը: Պանթյուրքիզմի ծրագրերը շատ ավելի հեռուն են գնում, այս անգամ գաղթից մազապուրծ հայերի ժառանգներին հայկական գաղութներից վերաբնակեցնելու և նրանց ասիմիլյացիայի ենթարկելու, խորքում՝ հայկականությունը մոռացնել տալու նպատակով: Թուրքիան հարյուր տարի հարյուրավոր միլիարդներ է ծախսել, բազմաթիվ քաղաքական զիջումների գնով կանխել Հայոց գենոցիդի միջազգային ճանաչման խնդիրը: Թուրքական լոբբինգը այդ ծրագրի շուրջ աշխարհի հզորագույն երկրներում լայն ցանց է ստեղծել և այն իրականացնում է ոչ միայն դիվանագիտական, այլև գորշ գայլերի անհատական գործողությունների միջոցով: Փաստ է, ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք Եղեռնի ճանաչման ու միջազգայնացման խնդրին, ավելի են մեծանում Թուրքիայի զիջումներն այն երկրների նկատմամբ, որոնց հանցագործ համաձայնու­թյամբ կանխվում է մեր ազգային ողբերգության իրական նկարագիրը՝ այն ծառայեցնելով միայն իրենց պետական շահերին: ԱՄՆ սենատի արտաքին հարաբերու­թյունների հանձնաժողովի կողմից 410 բանաձևը ճանաչեց Հայոց եղեռնը: Սակայն մեր միամիտ հրճվանքը շատ կարճ տևեց: Աֆղանստանից ետ վերադառնալուց՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Քեյները կանգ առավ Անկարայում և հանդիպելով «սուլթան» Էրդողանին՝ հայտարարեց, որ 410 բանաձևը Կոնգրեսի օրակարգ չի մտնելու: Մենք չէինք էլ հավատում, իսկ ինչու է լռում Եվրոպան, ովքեր են մեր բարեկամները: Եթե հաղթողին չեն դատապարտում, ապա ինչու են ընկել հաղթանակ տարած Արցախի ետևից, այդ ինչպես պատահեց, որ Եվրոպայի սրտում՝ Հունգարիայում, հանցագործ տականքը կացնով սպանում է խաղաղ քնած երիտասարդին, ապա տեղափոխվում Ադրբեջան՝ հերոսացվելու: Մեր հիշողության կորստի համար թե ինչպիսի ինստիտուտներ են աշխատում, Աստված գիտե, սակայն պարզ է մի բան, որ Թուրքիային չի հաջողվել և երբեք էլ չի հաջողվելու երկրի երեսից բնաջնջել տաղանդավոր ու աշխատասեր մեր ժողո­վրդին: Օրական քանի հայ մանուկ էլ որ ծնվի Հայաստանում և աշխարհի տարբեր վայրերում, նրանց արյան կոդի մեջ նստած է լինելու գենոցիդի ենթարկված ժողովրդի հիշողությունը: Սա ժառանգաբար փոխանցվող էթնիկ այն ինֆորմացիան է, որը ոչ մի ձևով հնարավոր չէ բնաջնջել: Պատմություն կեղծելով պատմություն չի ստեղծվում: Թուրք առաջադեմ մտավորականությունը, խուսափելով Թուրքիայի 301 բանաձևից, լռությամբ է հետևում հայերի պատմության հետ կապված իրադարձություններին, սակայն անմասն չի մնում: Հրանտ Դինքի սպանության օրերին նրանցից շատերը իրենց Հրանտ Դինք էին համարում: Թուրքիայի պատմությանն են անդրադառնում թուրք գիտնականները: Ամստերդամի հայտնի թուրք պրոֆեսոր Ուղուրը իր գիտական վերլուծություններից մեկում, անդրադառնալով Օսմանյան կայսրության կազմավորման ակունքներին, բացահայտ նշում է, որ Թուրքիան 1915 թ. վարել է բռնի էթնիկ միատարրություն, ոչնչացնելով ոչ միայն Անատոլիայում ապրող բնիկ ազգերին՝ հայերին, այլև մյուս ազգային փոքրամասնություններին: Եղեռնի սերունդը դանդաղ հեռանում է: Թուրքիան հույսը դրել է նոր սերնդի հարմարվողականության ու հաշտվողականության վրա: Սակայն ապրողներս թույլ չենք տալու, որ հիշողության կորստով նոր Քեսաբներ առաջանան և գաղթի նոր քարավաններ թափառեն աշխարհով մեկ: Ուզում եմ մեջ բերել մի պատմություն, որը քայլել է ինձ հետ իմ ապրած բոլոր տարիներին, որովհետև նա իմ հոր հիշողությունն է՝ փոխանցված իր զավակին… Արևմտյան Հայաստանի կոտորածներն ու մարդկային կորուստները այնքան մեծ են եղել, որ մենք հաճախ չենք հիշատակում Արևելյան Հայաստանում թուրքերի կատարած ոճրագործությունների մասին, որոնք հազարավոր մարդկանց կորստի պատճառ դարձան: 1920 թ. թուրքերը, Արաքսն անցնելով, ասպատակում են Արարատյան դաշտավայրի գյուղերը, Արագածոտնը, հասնում Ղարաքիլիսա (Վանաձոր), Սյունիք, նաև Շուշի և Ախալքալաք: Առաջին ծանր հարվածը հասցվեց Թալինի գյուղերին, այդ թվում՝ իմ ծննդավայր Մաստարային, որովհետև նախ Թալինի տարածքը մոտ էր սահմանին և երկրորդ՝ այնտեղ էին ապաստանել գաղթից մազապուրծ, Արևմտյան Հայաստանի կոտորածներից փրկված մեր հայրենակիցները: Մաստարայում նրանք շարունակում են ժողովրդի ջարդն ու թալանը: Հայրս այդ ժամանակ 13 տարեկան էր, կոտորածների պատկերը նա նկարագրում էր ականատեսի աչքերով: Երբ էլ որ խոսում էր այդ մասին, մի տեսակ վերանում էր իրականությունից: Գյուղում երբ լսում են, որ ասկյարները մոտենում են, կանայք բարուրները գրկած բարձրանում են դիմացի սարը: Պապս երկու «բերդանկա» հրացան է ունենում: Նա հորս հետ բարձրանում է փախչող ժողովրդի ետևից և լեռան լանջին դիրքավորվելով՝ երկու հրացանից կրակ է արձակում ասկյարների վրա, որպեսզի ժողովուրդը հասցնի պատսպարվել լեռներում: Թուրքերը նրան դաժանորեն սպանում են, իսկ հայրս թաքնվում է «Պոչիկ ձորի» քարանձավներից մեկում ու փրկվում: Այդպես էլ մինչև իր մահը հայրս չկարողացավ իմանալ, թե որտեղ էին ասկյարները տանջամահ արել պապիս: Նա այդպես էլ հոր գերեզմանի տեղը չկարողացավ ճշտել: Մի օր, ձեռքիցս բռնած, ինձ տարավ մեր փողոցի վրա գտնվող տան մոտ և կամաց ասաց, որ գաղտնիք ունի ինձ ասելու, որը ոչ ոքի չպետք է պատմեմ: Ցույց տվեց գյուղի ամենահարուստ ազգի՝ Էլոների տունը, որի մոտով դպրոց էինք գնում: Ասաց, որ նայեմ դռան առջևի քարե սալերին: Ես 8-րդ դասարանում էի սովորում և շատ քիչ բան գիտեի գյուղի պատմության մասին: Խորհրդային ժամանակներում ո՞վ թույլ կտար անգամ շշուկով արտասանել «եղեռն» բառը: 1937-ը սարսափի նման դեռ նստած էր մարդկանց հոգիներում: Ես պապանձված լսում էի հորս պատմությունը, գուցե հենց այդ օրերից հասունացա, և տխրությունը այդպես էլ չհեռացավ հոգուս աչքերից: Մեկ շաբաթ թուրքերը՝ Քյազըմ Բեկի գլխավորությամբ, կրակի ճարակ են դարձնում հարյուրամյա գյուղի շեն ու կանգուն տները: Հորս պատմելով՝ նրանց շտաբը տեղավորված է եղել Էլոների տանը: Թուրքերը, գյուղը փլատակների վերածելուց հետո, հավաքում են ողջ մնացած տղամարդկանց, ոսկի պահանջում: Նրանք, անզեն մարդկանց կտտանքների ենթարկելուց հետո, տանջամահ եղած զոհին կապկպել և բերանքսիվայր գցել են հենց այն սալերի վրա, որոնց մատնացույց էր անում հայրս: Այն, ինչ պիտի նկարագրեմ, կարծում եմ, գրականության մեջ, որպես տաժանակրության գործիքի, դուք չեք հանդիպել: Եվ քանի որ Էրդողանին և մյուսներին թվում է, թե պատմությունը կարելի է ջնջել, մենք պիտի կարողանանք հաղթահարելով մեր կամքի ուժը, բացահայտել բոլոր շերտերը և նրա ահռելի քանակության տակ ծածկել թուրքական կեղծիքը: Բերանքսիվայր պառկած զոհի վրա շղթաներով կապած ծանր գերանը այնքան են ետ ու առաջ արել, մինչև… Այնուհետև հայրս մատնացույց արեց Էլոների բակում գտնվող երկու մեծ հոր, ուր ասկյարները շպրտում էին գյուղացիների դիակները: Այդ հորերը բերնեբերան լիքն էին… Եթե որևէ թուրք գրող ոտք դնի Հայաստան, ես նրան անպատճառ տանելու եմ այդ քարե սալերի ու լցված հորերի մոտ և շատ կուզենայի, որ թուրք գրողը գրչի հետ միասին նաև բահ վերցներ հետը… Մեկ շաբաթում թուրքերը տարածաշրջանի ամենամեծ գյուղը, որն ունի 5-րդ դարի կառույց՝ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որը Բագրատունյաց թագավորության ժամանակ գեղջավագի դեր է կատարել՝ սպասարկելով 7 գյուղերի, և ուրիշ շատ արժանահիշատակ արժեքներ, վերածում են մոխրակույտի: Այնուհետև Մաստարայից և շրջակա գյուղերից Քյազըմը հավաքել է տալիս ողջ մնացած տղամարդկանց ու կանանց և քշում դեպի Արաքս գետ: Ճանապարհին կանգ են առել Ձիթհանքով գյուղի գոմերի մոտ: Ուշ գիշերվան, հանգստանալու պատրվակով, թուրք ենիչերիները գերիներին լցնում են գյուղի անասնագոմերը և փակելով դռներն ու լուսամուտները՝ թուրքական հայտնի ձեռագրով, ողջակիզում են: Հրաշքով փրկվում է միայն մեկ մարդ: Առավոտյան ասկյարները այրված դիակները սվինահարել են, որպեսզի ողջ չմնա որևէ մեկը: Սվինը մտնում է դիակների տակ կուչ եկած Արոյի ծունկը: Նա ցավից ջարդում է ատամները, սակայն՝ լռում: Երբ գիշերը վրա է հասնում, Արոն սողալով դուրս է գալիս դիակների տակից և մեծ տառապանքներով լեռների ու ձորերի միջով հասնում է գյուղի բարձունքները: Իսկ գեներալ Նազարբեկովը ռուս կազակների հետ միասին արդեն մաքրել էր գյուղը մարդակեր շներից: Հայրս մինչև իր մահը պատից կախած էր պահում որսորդական հրացանը: Ամեն առավոտ մաքրում էր, փայլեցնում, հաշվում բարութով լցված պարկուճները, խնամքով փաթաթում ու պահում: Նա որսորդմիության անդամ էր, սակայն այդպես էլ որս չարեց: Երբեք չեմ մոռանա հորս պատգամը՝ թուրքի հետ ընկերություն անելիս հրացանը ձեռքիցդ չգցես: Ջեմալ փաշան նույն հրամանով նաև հրեաներին էր որոշել վտարել երկրի սահմաններից: Նրանց՝ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Պաղեստինում անկախություն չստեղծելու և հայերին՝ Անատոլիայում գտնվող իրենց էթնիկ տարածքներում չմիավորվելու պատճառաբանությամբ: Հրեա մեծահարուստները աշխարհով մեկ մեծ աղմուկ են բարձրացնում, և կարճ ժամանակ անց Ջեմալ փաշան փոխում է հրեաների արտաքսման հրամանը: Իսկ ի՞նչ արեցին հայ մեծահարուստները՝ ազգի համար ճակատագրական այդ օրերին: Նրանք օտար բանկերին թողեցին իրենց ունեցվածքը, որը մինչև օրս նույնիսկ ժառանգներին չի հասնում: Ուզում եմ մեջ բերել նաև «գլոբալիզացիայի առաքյալ» համարվող թուրք Ֆերհուլլահ Գյուլենի պատասխանը. երբ նրան հարցնում են, թե ինչու չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, նա շատ հանգիստ պատասխանում է. «Ձեր ազգը ձգտում է Ցեղա­սպանության համընդհանուր ճանաչման, որը ինքնանպատակ է, այդ հարցը քաղաքական լծակ է, որը չի օգտագործվում»: Այսօր փոխվել է մեր ազգային մտածողու­թյան մենթալիտետը: Արագ արձագանքման և համահայկական վտանգի իներցիան ավելի զգայուն է դարձրել մեզ: Մենք պարզորեն տեսնում ենք մեր երկրին ուղղված աշխարհի հայացքը, և քանի դեռ Հայոց եղեռնը միջազգայնորեն չի ճանաչվել, ուրեմն ահազանգ կա նրա շարունակության: Քեսաբը հայկական Կիլիկիայի վերջին դրախտային հողակտորն էր: Քեսաբցիները երրորդ անգամ արտագաղթեցին, իսկ եթե մնային իրենց տներում, որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչով էր վերջանալու… Հալեպում ամեն օր հայ է զոհվում: Վաղը հայաշատ ո՞ր գաղութն է իրար խառնվելու: Ինչ է, Դեր Զորի ավազներն է՞լ են մաղելու… Պետական, մասնավոր բոլոր գործոնները մշտապես վեր պիտի լինեն յուրաքանչյուրի անձնական շահերից ու շահարկումներից, որովհետև մենք ունենք էթնիկ թշնամի, որն ամեն վայրկյան մեր պետության կործանման նոր ելքեր է որոնում: Այսօր մեզ բաժին հասած հայրենիքի ամեն մի անկյունը աչքի լույսի պես պահելու, ծաղկեցնելու և հզորացնելու կամք պիտի ունենանք: Մեր պաշտպանվածությունը մեր հիշողու­թյան ու նոր սերնդի սթափ մտածողության մեջ է՝ մեր ազգային պետական ծրագրերի գիտակցական ու կառուցողական միասնության մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։