Մեր տարածաշրջանում թեև Ադրբեջանի նկատմամբ առայժմ հստակ ծրագրեր չեն հայտարարվում, սակայն, օգտվելով առիթից, որևէ քայլ չի ձեռնարկվում կովկասյան թաթարներ հորջորջվող ցեղի երես առած առաջնորդներին զսպելու և Արցախյան հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ, որի բացակայության արդյունքում պահպանվում է պատերազմական վիճակին բնորոշ կարգավիճակը:
Պատմության խորքերում որևէ հիշատակություն չունեցող ինքնաշեն այդ կայսրությունը, որն իր իշխանության տակ է պահում տասնյակ ազգերի ու ազգությունների, հենվելով ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների նավթային պաշարների և մեծ եղբոր հովանավորության վրա, փորձում է ոչ միայն պահպանել պատմական կեղծիքների ճանապարհով սեփականաշնորհած տարածքները, այլև ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Սիրիա, ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության տեսադաշտում ասպարեզ է բերում իրանական Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Դաղստանը զավթելու բարբաջանքը:
Ահա թե ինչու դեպքերի այժմյան զարգացումները լի են անկանխատեսելի հետևանքներով և բազմաթիվ հարցականներ են առաջադրում Հայաստանի Հանրապետությանը:
Թուրքիան իր պատմությամբ պատանդ է մեծ տերությունների ձեռքում: Պատանդ, որովհետև այդ պետության յուրաքանչյուր տարին, ամիսը, օրը, ժամը, վայրկյանը լի են եղեռնագործություններով, որոնց համար պատասխան չի տվել: Հավատարիմ իրենց` «սրով նվաճածը սրով պահպանելու» տեսությանը, Թուրքիան, սկսած 13-րդ դարից և ավելի բացահայտ 1453 թ., իրականացնում էր զավթած տարածքների բնիկ ժողովուրդների ոչնչացման, ուծացման քաղաքականություն, իրականացնելու համար թուրք ժողովուրդ ձևավորելու ծրագիրը: Ասվածը ավելի քան համոզիչ ու տպավորիչ ներկայացնելու համար դիմենք շրջանառության մեջ գտնվող մի քանի փաստերի. 1822 թ. թուրքերը Քիոս կղզում սրատեցին 50.000 հույների, 1823 թ. Միսոլունգիայում` 8850 հույների, 1850 թ. Մուսոլում` 10.000 ասորիների, 1860 թ. Լիբանանում` 12.000 արաբների, 1876 թ.՝ 14700 բուլղարների, 1894-1896 թթ.` 500.000 հայերի, 1903 թ.` 14667 մակեդոնացու, 1915 թ.` ավելի քան 2 մլն հայերի: Սրանք առավել հայտնի, արձանագրված փաստերն են: Իսկ թե որքան է բռնի կրոնափոխվածների, ազգային պատկանելությունից զրկվածների քանակը, մնում է որպես պատմական գաղտնիք:
18-րդ դարի երկրորդ կեսին կապիտալիզմի բուռն զարգացումը պահանջում էր նոր շուկաներ ու դրանց հասնելու ճանապարհներ: Այն ժողովուրդները, որոնք գտնվում էին այդ խաչմերուկներում, ենթակա էին ոչնչացման կամ ստրկացման: Այդպես հայ ժողովուրդը զրկվեց ոչ միայն իր տարածքային գերակայությունից օգտվելու, այլև հավատարիմ գործընկեր, զինակից ունենալու հնարավորությունից, որովհետև Արևելք ձգտող մեծ տերություններին հետաքրքրողը ոչ թե հայ ժողովուրդն էր, այլ նրա հայրենիքը: Արյունալի այս պայքարում Թուրքիան վերածվեց կիսագաղութի, իսկ դեպի տարածաշրջան ձգտող Ռուսաստանը` եվրոպական կապիտալի ազատ ներհոսքի տարածքի: Եվ չնայած դրան, Ռուսաստանը երբեք չհրաժարվեց չսառչող Միջերկրական ծով դուրս գալու ծրագրից, ինչի արդյունքում էլ Հայաստանը նրան անհրաժեշտ էր որպես հենակետ, նախադուռ: Այս հայեցակետից էլ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան տագնապում էին ոչ թե հայ ժողովրդի ճակատագրի համար, այլ դեպի Արևելք Ռուսաստանի ճանապարհը փակելու անհրաժեշտությունից: Այս պատճառով էլ մեծ տերությունները խոչընդոտել ու խոչընդոտելու են Հայկական հարցի լուծմանը, Հայոց Մեծ եղեռնի միջազգային ճանաչմանը: Թուրքիան` բռնազավթիչ այդ պետությունը, ինչքան էլ զարմանալի թվա, ընդունում է Հայաստանի անկախ գոյությունը, որովհետև այն պատնեշ է Ռուսաստանի դեմ և թույլ ու շրջափակված Հայաստանը առայժմ վտանգ չի կարող ներկայացնել իր տարածքային ամբողջականությանը: Տեսնում ենք, որ ինչ-որ չափով, սակայն տարբեր եզրահանգումներով ու նպատակներով համընկնում են Թուրքիայի ու «մեծերի» տեսակետները: Նրանք, խրախուսելով Թուրքիայի նման դիրքորոշումը, Հայկական հարցը օգտագործում են որպես զսպաշապիկ: Եվ պատահական չէ, որ թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական հարաբերությունների ցանկացած շեղման ժամանակ հիշեցվում է Հայկական հարցը, կամ Թուրքիայի ցանկացած ընդվզմանը հաջորդում է այս կամ այն երկրի կողմից Մեծ եղեռնի ճանաչման փաստը:
Բնական է, որ շարունակվող աշխարհաքաղաքական նման հարաբերությունների պայմաններում Հայկական հարցի, Մեծ եղեռնի ճանաչման խնդիրները տեղափոխվում են նոր դաշտ` քաղաքական բարեհույս զարգացման հավակնությունից զրկելով հայության գերխնդիրը: Կարծում եմ, այս համատեքստով էլ պատասխան տրվեց այն հարցին, թե ինչու արդարացի լուծման չի արժանանում արցախյան հիմնախնդիրը: Այսօր, երբ պատմություն է ներխուժում աշխարհի երկբևեռ կամ եռբևեռ հասկացությունը, երբ իրար են խառնվել բոլոր չափանիշներն ու հիմնադրույթները, փոքր ժողովուրդների ճակատագրերն ու արդար պահանջները մղվում են երկրորդական դիրքեր, և նրանց հիշատակությունները հայտնվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է դառնում ներգործությունը:
1915 թ. օգոստոսի 24-ի Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հայտնի հայտարարությունով սկսվեց Մեծ եղեռնի ճանաչման գործընթացը: Աշխարհի չորրորդ պետությունը, որ ընդունեց Մեծ եղեռնը, Թուրքիան էր՝ հանձին 1919 թ. հունվար-հունիս Կ.Պոլսում կազմակերպված դատավարության, որի վերջնական ակտով մահվան դատապարտվեցին Եղեռնի կազմակերպիչները: Այսօր աշխարհի 22 երկրներ ու կազմակերպություններ, ԱՄՆ 41 նահանգ ճանաչել են Մեծ եղեռնը: Սա, ինչ խոսք, համայն հայության, Հայաստանի Հանրապետության արտաքին ակտիվ քաղաքականության, Հայ Դատի գրասենյակների, սփյուռքահայության գործունեության արդյունքն է: Այս գործընթացի արդի փուլը, սակայն, առաջադրում է նոր պահանջներ, նոր մոտեցումներ: Ներկայումս աշխարհում ծավալվում է մարդկության դեմ հանցագործությունները բացահայտելու, կանխելու, դատապարտելու շարժում: Նման իրավիճակում, ինչպես ցույց են տալիս անցած 99 տարիները, Հայոց Մեծ ողբերգության ճանաչման արդյունավետության գործակիցը նվազում կապրի: Որպեսզի խուսափենք այդ տհաճ իրավիճակից, անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության գաղափարը շաղկապել նոր քաղաքական զարգացումների հետ, մեր ազգային վիշտը չառանձնացնել 1915 թ. առ այսօր տեղի ունեցած ավելի քան 45 այլ ցեղասպանություններից, միաժամանակ ընդգծելով Հայոց ողբերգության առանձնահատկությունները, որոնք ամփոփվում են հետևյալ տեսակետների շուրջ. ա) Հայոց ցեղասպանությունը կատարվել է հայ ժողովրդի պատմական հայրենիքում, բ) Այդ ոճրագործության նպատակը բնիկ ժողովրդի հայրենիքի զավթումն էր, գ) Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ իրականացված պետական քաղաքականություն էր, դ) Ցեղասպան երկիրը արդեն 1919 թ. ճանաչել է կատարված ոճրագործությունը, ե) Հայոց ցեղասպանությունը պետական շարունակական գործողություն էր, որն սկսվել է 15-րդ դարից և հասել 1988, 1989, 1990-1994 թթ. Սումգայիթի, Բաքվի, արցախահայության զանգվածային կոտորածների ժամանակաշրջանին, զ) Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը, միջազգային մյուս կազմակերպությունները պետք է հնարավորություն ստեղծեն Թուրքիայում ապրող միլիոնավոր ծպտյալ հայերին վերադառնալ իրենց ազգային պատկանելությանը, է) Չեղյալ հայտարարել Հայոց ցեղասպանության շարունակություն հանդիսացող 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը:
Կուռ հայեցակարգի վերածելով այս և այսօրվա ղրիմյան, ուկրաինական, սիրիական գործոնների առանձնահատկությունները, պիտի ջանալ, որ Հայկական հարցի հետ կապված խնդիրներն ընդգրկվեն միջազգային կառույցների օրակարգում, և հետամուտ լինել դրանց իրականացման գործում:
Պայքարը տանելով այս ուղղությամբ՝ չպետք է ուշադրությունից դուրս թողնել այն գերխնդիրը, թե արդյոք հասունացել է կամ կան Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության նախադրյալներ: Առաջին հերթին խնդրի լուծումը պետք է տեսնել միաբևեռ քաղաքականության ձգտող ԱՄՆ-ի քաղաքականության համատեքստում: Այսօր արդեն հասունացել է միջազգային դատարանի խնդիրը, քանզի մարդասիրական նկատառումներից ելնելով, թեև որոշ երկրներ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, սակայն դա որևէ ազդեցություն չի թողնի Թուրքիայի ժխտողական քաղաքականության վրա, որովհետև նեղուցների պահակ երկիրը դեռևս 1945 թ. Տրումենի դոկտրինայով համարվում է ամերիկյան «կենսական» տարածք: Ամերիկյան քաղաքականությունը երբեք չի փոխվի Հայոց ցեղասպանության հարցում, քանզի տիրապետողը վախն է, որ ճանաչումը իր հետ կբերի հատուցման, տարածքային պահանջներ, իսկ ԱՄՆ-ի ցանկացած նախագահ երբեք չի կարող ընդունել Հայաստանի ընդարձակումը, պատմական տարածքների վերադարձը, որովհետև ցանկացած զիջում Հայկական հարցում կնշանակի Ռուսաստանի ուժեղացում, Մերձավոր ու Միջին Արևելքում նրա դիրքերի ամրապնդում, ինչը ջախջախիչ հարված կլինի «Մեծ Միջին Արևելք» ծրագրին: Այսօր արդեն ակնհայտ է, որ դանդաղ, բայց որոշակի հասունացում է ապրում աշխարհաքաղաքական նոր հարաբերություններ հաստատելու միտումը, ինչի պայմաններում նոր հարթության վրա կտեղափոխվեն թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունները, որոնք թերևս թոթափեն կոշտությունը, բարդույթները, ականջալուր կլինեն միջազգային հանրության` պատմական ճշմարտության վրա հենված կառուցողական մոտեցումներին:
Վերջին տեսակետը, սակայն, թեև կանխատեսելի է, բայց Հայկական հարցը Արևմուտքի ծրագրերում կմնա հաջորդ փուլ տեղափոխվելու կարգավիճակում:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ, ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԻ ՓՈՒԼԸ ԵՎ ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ / Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ
