ԱՅՍՕՐՎԱ  ՎՏԱՆԳՆԵՐԻ ՏՐՈՅԱԿԱՆ  ՁԻԵՐԸ / ՆԱՆԵ

 

 

Ժամանակն այլ է այլևս՝ հևիհև, գլխապատառ ինչ-որ տեղ շտապող: Չնայած, ուշադիր հայացք գցելով, կարելի է հասկանալ, որ ժամանակը գործ չունի այստեղ, այդ մենք ենք և՛ մեր, և՛ իր տեղ վազողն ու շտապողը… Դեպի ո՞ւր…

Մինչդեռ այնքան անհրաժեշտ է կանգը, շունչը տեղը բերելը, հասկանալը և՛ պահն այս, և՛ այն, ինչն առջևում է: Այլ կերպ, պարզապես մի փոսից մյուսն ընկնելով, ի վերջո հասնելու ենք անդունդին:

Կանգ… Ծանրութեթև անելու համար մեր ունեցածն ու վտանգվածը, սևեռուն նայելու իրականության աչքերին, փորձելու ճանաչել, հասկանալ նրան. «Բարև, ո՞վ ես դու»… Էլ չասած, որ այդ իրականությունը, մեր այսօրը մի բարևով ճանաչելու բան չէ, այն հազար երես ու աստառ ունի և թարսուշիտակ, ոտուգլուխ իրարու խառնած՝ Սֆինքսի անթարթ, դավադիր աչքերն է սևեռելու վրադ, որ առաջին միտքդ նրան չտեսնելը, չտեսնելու տալը լինի… Ու ահա պատճառը գլխապատառ վազքի… Դեպի՞…

Ճանաչել պե՛տք է, որովհետև կանք ու պետք է ապրենք, որովհետև, եթե անգամ չենք փայփայում այդ «մեր կյանք» կոչվածը, ժառանգած թանկ ունեցածներ կան, որ պարտավոր ենք պահել ու փոխանցել եկողներին։ Այնքան թանկ, որ հազար շունուգել է քնում ու արթնանում դրանք իրենով անելու երազով: Դրա համար ենք շատ կորցրել. կորցրել ու հասել այն սահմանին, որից այն կողմն արդեն չունենալը, չլինելն է:

Որքա՜ն սրված պետք է լիներ վտանգի մեր հոտառությունը, բնազդով միայն պարտավոր էինք զգալ այն, բայց հազար անգամ տեսած, նրանից տուժածներս բանի տեղ չենք դնում հենց մեր հիմքերին հասածն անգամ: Մենք մինչև այսօր չունենք իշխանավորի, ազգի ղեկավարի մեր իդեալը, պատկերացումը, պահանջների փունջը… Մենք ընտրության ենք գնում փակ աչքերով, ասես անգամ՝ միևնույն է, թե ո՞ւմ ետևից. կարևոր է ՓԱԽՈ՜ՒՍՏԸ… Փախուստն անընդունելի իրականությունից, և քայլ ենք գցում ավելի անտանելիի երախը: Փախո՛ւստը, ոչ թե ծրագրված, մշակված նպատակը:

Ոչ մի չափազանցություն չկա. մենք անխոնջ սահման ենք հսկում, մեր զինվորն իր կյանքն է վտանգում այնտեղ ամեն Աստծու օր, բայց նաև թշնամուն անարգել ելումուտ ենք ապահովել մնացած բոլոր ճանապարհներով: Վտանգներն այսօր ավելի շատ երկրի ներսում են, և անիմաստ է ցանկացած սպառազինություն, աշխարհազոր, եթե տրոյական ոչ թե մեկ, այլ բազում ձիեր ենք մեր ձեռքով տնավորել և տնավորում մեր հողում: Իսկ դրանք չափից դուրս հեռուն գնացող ծրագրեր ունեն: Մեծ Բրիտանիայի հետախուզության սպա Դոկտոր Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն» գրքից. «…Հսկողություն հաստատել առանց բացառության յուրաքանչյուր մարդու վրա… Ստեղծել համընդհանուր ճգնաժամ և հարուցել համընդհանուր քաոս… Քայքայիչ գործակալներ բնավորել բոլոր կառավարությունների մեջ և դրանց ներսից վարել երկրների ինքնիշխան ամբողջականությունը քանդելու գործունեություն…»:

Սևրի պայմանագրի վերականգնումից ենք իրարու հերթ չտալով խոսում ու խոսում, սակայն այսօր մեր վերջին ունեցածն աննկատ-նկատելի, քիչ առ քիչ հանձնում ենք նոր, տարբերանուն պայմանագրերով: Հին իշխանությունների սկսածը նորերը մեծագույն ջանքով և շտապողականությամբ են շարունակում… Նորե՜րը, որոնց առանց մի փոքր ճանաչելու ջանքի անգամ, ի՜նչ աշխարհ զարմացնող ոգևորությամբ և հրճվանքով առաջնորդեցինք դեպի իշխանական աթոռները:

Իսկ այդուհետև գլխապտույտ անկման ընթացքի մեջ միակ բանը, որ կարողացանք անել՝ մեր իսկ ներսում տարբերանուն բաժանումներն էին՝ եվրոպամետ, ռուսամետ, նախկինամետ, նորամետ… Եվ ծայրահեղությունների այդ թնջուկի մեջ գնալով նվազում է միակ ճշմարիտ որակը՝ ՀԱՅԱՄԵՏԸ՝ առանց օտարամոլության, առանց աչքը ջուր կտրած դրսի ուժերի «փրկող» ներկայությանն անգործ սպասողի մոլորության, մաքրամաքո՛ւր, իր ազգի առաքելությանը, ոգու ուժին հավատավոր ՀԱՅԸ…

Ռուսաստա՜ն… Եվրոպա՜…

Եվրոպա՞, որն արդեն ինքն է վաղուց անել վիհում հոգեվարքի մեջ, որտեղ վաղուց են ազգային դիմագիծը աղճատող, վերացնող, երկրները միմյանց ձուլող ծրագիրը փորձարկում, որտեղ օտարները շուտով ավելի մեծաթիվ կլինեն, քան բնիկները, մահմեդականներն ավելի, քան… Մնացյալն արդեն պարզից էլ պարզ է:

Եթե անգամ արդեն անցած չլինեինք այդ ճանապարհը, մեր աչքի առաջ ծավալվող այս նոր «Եվրոպայի առևանգումը» գեթ մեզ պետք է սթափեցներ: Բայց մեկ դար առաջ և՛ ապրել ենք, և՛ ամեն բան տեսնում ենք, և՛ գնում, մղվում ենք դեպի…

Մեզ Տիգրան Մեծի՝ միանգամայն այլ իրավիճակների, այլ հաշվարկների օրինակով են ցանկանում ապուշացնել, իբր այլազգիներ հիմնավորելը Հայոց հողում նոր բան չէ, ինչո՞ւ եք իրար խառնվել: Լսում ու չեմ ուզում հասկանալ, տեսնում ու չեմ հավատում։ Այս ի՞նչ աբսուրդի թատրոն է: Նոր աշխարհակարգի նկրտումներով հիվանդները «Օվերտոնի պատուհան» կոչվածի՝ «Որքան դանդաղ, այնքան՝ հեռու» սկզբունքով՝ քայլ առ քայլ, ժպիտ առ ժպիտ, դրամաշնորհ առ դրամաշնորհ, վարկ առ վարկ Եվրոպան ու եվրոպացիներին անճանաչելի դարձրին: Ցավոք, նրանց խորամանկություններից մեկը՝ շքեղության ու բարեկեցության փայլը պահել մինչև …-ը, դեռ այսօր էլ շատերին խանգարում է տեսնել այն, ինչ իրականությունն է, այն, ինչ կա: Իսկ կա այն, որ միլիարդների պարտք ունեցող և ուրեմն՝ աղքատներից աղքատ երկրները «համակեցություն», «դեմոկրատիա», «հավասար իրավունքներ» լոզունգներով իրենց ժողովրդի կողքին մեծ նպաստներով տեղ տվեցին հավատքով, արժեքներով, նպատակներով, մշակույթով, զարգացման մակարդակով ոչ միայն տարբեր, այլև լրիվ հակառակ, էլ չասած՝ հետին մտքեր ու ծրագրեր փայփայող թշնամական ժողովուրդների «բանագնացներին», ուղի հարթողներին: Մինչ այդ, իհարկե, քիչ չէին աշխատել տարբեր ձևերով՝ այլասերության, կանանց ուռճացված իրավունքների, ֆիզիկական այլևայլ ազդակների արդյունքում անպտղությունը աղետալի չափերի հասցնել, իսկ մնացածն արդեն հեշտից հեշտ էր՝ «ծերացող, չաճող ժողովուրդներին նոր, թարմ արյուն է պետք», իսկ եթե նրանց անտանելի ներկայության պատճառով բնիկները դեպի ծայրամասեր են մղվում, եթե մահմեդական երկրներ են առաջանում Եվրոպայի ներսում, եթե գնալով պակասում են քրիստոնեական տաճարներն ու եկեղեցիները՝ արդեն հարյուրներով անգամ որպես սովորական շինություններ վաճառվելով, և դրանց կողքին սնկերի պես աճում են մզկիթները, եթե ազգեր են օտարվում իրենց հայրենի հողերից, եթե… Իսկ ի՞նչ էիք ուզում՝ «21-րդ դար է» հնչեցվում է այս ու այնտեղ, «նոր կյանք է», «նոր ընթացք»…

Որքան զգոն էր պետք լինել այս խառնաշփոթ ժամանակներում, փայփայել ամեն մի ունեցած, ամեն մի ձեռքբերում, դուրս գալ, ընդվզել հայկականության, ազգայինի դեմ գործող ամենափոքր ուժի դեմ անգամ, ամենափոքր արարքի: Ընդվզել՝ որտեղ հնարավոր է՝ մեծ քայլերով, ի ցույց, որտեղ ոչ՝ փոքր շարժերով, աննկատ ու թաքուն, ճկուն դիվանագիտությամբ:

Լռեցինք… Եվ օր օրի փոքրերը մարսելով մեծերին անցան, անհավանականին, մեր մոտալուտ վերջն անգամ գուժող քայլերին… Ու նորից լռեցինք… Լռո՛ւմ ենք…

Կա՛նգ է պետք, ու գիտակցելով անգամ իրականության ողջ մթամած գույները, մեր գործողություններում չափազանց սխալված, ուշացած թե խաբված լինելը, վճիռ կայացնել է պետք ապրելո՛ւ, շարունակվելու և գցել առաջին քայլը՝ չափուկշռված, ճի՛շտ քայլը, ճիշտ ուղղությամբ… Կարծում եմ, իսկական Հային ավելորդ է բացատրել, թե դեպի ո՞ւր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։