Սամվել ԿՈՍՅԱՆ / ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ ՆՈՒՅՆՆ Է

Վերջին օրերի ղարաբաղաադրբեջանական սահմանից ստացվող ամփոփագրերը լարվածության նոր իրավիճակ են ենթադրում: Ադրբեջանը ինտենսիվացրել է կրակոցները՝ ավելի լայն տրամաչափի զենքեր գործի դնելով: Փորձագետներն ադրբեջանական ռազմական հերթական հիստերիան պայամանավորում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությամբ, ըստ որի, ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երկրների ղեկավարները պատրաստ չեն կարգավորմանը, և որ խնդրի լուծման պայմաններ ներկայում չկան:
ԱՄՆ-ն փաստացի առաջարկում է ճանաչել ստատուս-քվոն, այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմների ներդրումով, ինչն էականորեն կարող է սահմանափակել ազերիների ռազմական գործողությունների շրջանակը: Քերիի հայտարարությանը հաջորդեց Ռուսաստանի ԱԳՆ-ի նյարդային արձագանքը. «Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը շահում է ոչ թե հայտարարություններից, այլ գործնական աշխատանքից, որով և մենք զբաղվում ենք»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Զախարովան: Նման գնահատականը տարօրինակ է, հաշվի առնելով այս երկրների ներգրավվածությունը Մինսկի խմբում: Ի՞նչ է անում ՌԴ-ն, որ թերանում են Ֆրանսիան ու ԱՄՆ-ն: Ապրիլյան պատերազմից հետո հակամարտող երկրների առաջնորդների հանդիպումը Վիեննայում ԱՄՆ-ի նախաձեռնությունն էր, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի առաջընթաց էին: ՌԴ-ի նույնաբովանդակ սանկտպետերբուրգյան հանդիպումը փաստացի վիեննականի պատճենումն էր: Հետևելով ՌԴ-ի տրամաբանությանը՝ պիտի ենթադրել, որ ի տարբերություն մյուսների, ռուսական «գործնական աշխատանքը» ավելին չէ, քան հակամարտող կողմերին զենք վաճառելը, ինչի արդյունքը Ադրբեջանի գործողություններն են: Իլհամ Ալիևը, իր հերթին արձագանքելով Ջոն Քերիի հայտարարությանը, նշել է. «Դուք հավանաբար լսել եք Ամերիկայի վերջին հայտարարությունները: Դա, մեղմ ասած, զարմանք է առաջացնում: Խնդրի լուծված չլինելու համար մեզ մեղադրելը և հայտարարելը, որ երկու կողմն էլ մեղավոր են, կողմերը պատրաստ չեն դրան, անարդար է: Մենք մերժում ենք նման հայտարարությունները: Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում է գործադրվում, որպեսզի մենք համաձայնություն տանք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Միջազգային կազմակերպությունների ու արևմտյան ԶԼՄ-ների կողմից ողջ քննադատությունը բխում է նրանից, որ Ադրբեջանը հրաժարվում է անկախություն տրամադրել Ղարաբաղին: Դա երբեք տեղի չի ունենա: Քանի դեռ մենք իշխանության ենք, իսկ հանրաքվեի արդյունքները ցույց են տվել, որ, Աստված տա, երկար ենք մնալու իշխանության, Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»: Ակներևաբար, Ալիևի այս ելույթում մինչ այդ անծանոթ երանգներ են հայտնվել: Ալիևը, որ միշտ ներքին լսարանին համոզել է, իբր, աշխարհը ադրբեջանական ճշմարտության կողմն է, ստիպված է փաստել աշխարհի վերաբերմունքի իրական պատկերը: Ուշագրավ է նաև, որ ինքնահավան բռնապետն առաջին անգամ, այն էլ կառավարության նիստում, խոստովանել է բանակցություններում ԼՂՀ անկախության ճանաչման խնդրի իրողությունը: Անշուշտ, Ալիևի նման «բացախոսությունը» պայմանավորված է ոչ միայն արտաքին աշխարհում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ, այլև երկրի տնտեսական արդյունքների նկատելի նվազումով, ինչի շարունակականությունը սոցիալական ընդվզման հիմնավոր և վտանգավոր կռվաններից է: 2016-ին Ադրբեջանի տնտեսական գրեթե բոլոր ցուցանիշները անկում են գրանցել: Փաստացի, Ադրբեջանը տնտեսական նոր շրջափուլ է մտնում՝ դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով, ինչն էլ ստիպում է Ալիևին իր ռազմավարության նշանակետը փոխել: Այս ֆոնի վրա, ղարաբաղյան խնդիրը նախկինի պես շարունակում է իշխանության պահպանման միակ հիմնավոր գործոնը մնալ՝ թույլ տալով վիրտուալ վտանգի շղարշով քողարկել նաև տնտեսական դժվարությունները: Բնական է, որ ստատուս-քվոյի պահպանմամբ, Ալիևը ստիպված է լինելու դիվանագիտական նոր ռեսուրսներ փնտրել, ինչը, ելնելով նրա նկատմամբ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վերաբերմունքից, եթե ոչ անհնար, համենայնդեպս, դժվար է լինելու: Ալիևի համար առաջնային է ներքին լսարանի վերաբերմունքը, և պատահական չէ, որ ջանում է հերոսականության թիկնոցով ներկայանալ, ապացուցելու՝ չնայած արտաքին ճնշումներին, իրենց առաջնորդը հավատարիմ է ազգային շահերով պայմանավորված նախկին սկզբունքներին: Եվ եթե նրա հռետորաբանությունը «հարստացել» է ինչ-ինչ շեղումներով, ապա ռազմավարության ձեռագիրը նույնն է: Ուստի պիտի սպասել սահմանային նոր արկածախնդրությունների, ինչը թերևս հնարավոր չէ առանց Ռուսաստանի լուռ համաձայնության: Ռուս-ադրբեջանական գործակցության ոճն ու մեթոդներն արդեն հայտնի են, և ղարաբաղյան հարցում այս երկրների շահերը հաճախ են ներդաշնակվում: Վերջինը համարյա նույնաբովանդակ արձագանքն էր Քերիի հայտարարությանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։