Ժամանակակից հայ պոեզիայի ներկան (Հատվածներ լիանիստի ելույթներից) / ԼԻԼԻԹ ԱՆՏՈՆՅԱՆ

ՀԳՄ

Արդի պոեզիայի ստեղծումը կապվում է սեփականատիրության կարգավորման, Արցախի ազատագրության, ազգային նոր պետության հաստատման պատմաշրջանին, որի ընդհանրացման համար կարելի է ելնել բանաստեղծի բնութագրումից. «Ամեն ինչ գեղեցիկ է՝ խելագարվելու չափ/ ամեն ինչ՝ խելագարվելու չափ այնպես զազրելի/», «Մի գլուխը լավ է/ երկուսը՝ մուտացիա,/ երեքը՝ գլխափունջ տիրակալի համար/…» (Հրանտ Ալեքսանյան, «Չի տեղավորվում թախիծս և ոչ մի երկնքում») 1: Ահա այլ պատկեր. «Կիբօրգներ են շրջում/ հովիտներում բիբլիական/, ուր սերն ու սպասումը// անհիշելի ժամանակներից ի վեր/ անթիվ-անհամար վարացիաներ են ունեցել/ գահավիժելով անդունդը ճղճիմության/ կամ սլանալով մինչև տիեզերք…/ Մանվել Միկոյան, «Որտե՞ղ են երաժիշտները»): Եվ երրորդը. «Ես մի փետուր եմ ծվարած/ երկրի-երկնքի արանքում/ Տարուբերվում եմ քառուղիներում անհայտության/ Օգնի՛ր ինձ/ հստակեցրու՛ վիճակը/, մոլորված ու հեզ լինելության-ի՛մ… Բաց դավադիր կապը/, ու բախտիս քառուղիներում երթևեկել տուր ինձ ազատ… » (Թամար Հովհաննիսյան, «Լինելության համանվագ») Արդի գրական գործընթացի հիմնական ցավը, կարծես, թյուրըմբռնումն է ավագ և միջին սերնդի բանաստեղծների միջև, ընդ որում՝ ոչ այնքան անձերի անըմբռնողության ձևով դրսևորված, որքան ավագների գեղարվեստական կարողության ու վաստակի հանդեպ գնահատման մերժողական վերաբերմունքով: Միջին սերնդի ներկայացուցիչների երբեմն գրական նոր մանիֆեստի, տեսական հիմնավորումների բացակայության, երբեմն սեփական ասելիքի գրականագիտական հիմնավորվածության պակասի, երբեմն մենակյացի անկարության, երբեմն էլ՝ պարզ մարդկային դժկամության պատճառով հերքում են ամեն ինչ: Հակընդդեմ գեղարվեստական այդ գիտակցությունն անհատականացված բևեռներ ունի. մեկը պահանջում է բարձր պոեզիա, այսպես կոչված, ազգային մտածողությամբ դրոշմված (Արևշատ Ավագյան), և դա լիովին ընդունելի է, բայց ենթատեքստում վրդովմունք է թաքցնում խրթնապատկեր մոդեռնիզմի ուղղությամբ, մյուսը հռչակում է ապազգային՝ արևմտյան նկարագրի բանաստեղծության՝ հաստատ մահապատժի պահանջ՝ առանցքում նկատի տալով այնպիսի լուրջ իմաստասեր-պոետի, ինչպիսին Արտեմ Հարությունյանն է, երրորդը լիիրավ հռչակում է, որ բոլորովին անքանքար է նա, ով արժանացել է պետական մրցանակի, թեև հայրենիք-Արցախի ոգին է բանատողում, չորրորդը խորհում է բարձրաձայն, որ երիտասարդական պոեզիա, որպես այդպիսին, մեր շարքերում չկա և գոյություն չունի (իսկ աչքերիս առջև հառնում է Վահե Արսենի գունատ-խորաթափանց դիմապատկերը, Նաիրա Ջուլհակյանի՝ առաջին գրքից մնացած անմեղ շփոթմունքը), հինգերորդը՝ հարգարժան գրական անձնավորությունը, զարմանում է, թե ինչու՛ ակադեմիական օրընթաց վերլուծականում կին-բանաստեղծները միտումնավոր շրջանցվում են, և դա այն դեպքում, երբ նրանց պաշտոնապես գրանցված թիվը գերազանցում է ՀԳՄ երևելի այրերի քանակը (չէ՞ որ անցել են Ցվետաևային և Ախմատովային դիմազրկելու ժամանակները), և ապա ինչո՞ւ արևմտահայ նորագույն բանաստեղծության ներկայացուցիչները՝ սփյուռքահայ բանաստեղծները, նորից դուրս են մնում օրվա անդրադարձներից, թե ինչու գավառի բանաստեղծները տեղ չեն գտնում պետական մրցանակների հայտնի ցուցակներում: Եվ սրանք ոչ թե գրականության ընթացքին առնչվող մակերեսային հայացքի դրսևորման ինչ-ինչ հարցադրումներ են, այլ՝ հատկապես արմատական տեսակետների արտահայտումներ, որոնց հոգեբանական մռայլությունը կարող է տեսլահար դարձնել և՛ ըմբոստացող պոետներին, և՛ խստասիրտ գրականագետներին, և նրանց, ովքեր դիտում էին գրական բանավեճը՝ սերունդների դիմաբախության գործընթացի գրվագը, ՀԳՄ մեծ դահլիճի բեմահարթակից: Բայց այստեղ կա մի «Է»՝ բանաստեղծ էդվարդ Միլիտոնյանը, որ կանգնած է երկու նժարների միջև, ինչպես բարիկադների երկու թևերի, և ներզգայում է Հովհաննես Գրիգորյանի, Հակոբ Մովսեսի, Արևշատ Ավագյանի, Վարդան Հակոբյանի, Արտեմ Հարությունյանի, Հենրիկ Էդոյանի, Հրաչյա Սարուխանի, Արմեն Մարտիրոսյանի, Ռոմիկ Սարդարյանի, Վահագն Մուղնեցյանի, Հրանտ Ալեքսանյանի, Թադևոս Տոնոյանի, Բագրատ Ալեքյանի՝ երկու սերունդների հոգևոր պահանջմունքների բովանդակությունը, որը հղի է գրական բնականոն բարեշրջման անխուսափելիությամբ, զի հնչում է ժամանակի և կյանքի ձայնը նաև նրա և մեզնից յուրաքանչյուրի մեջ:

1. Հրանտ Ալեքսանյան, «Չի տեղավորվում թախիծս ոչ մի երկնքում», Ստեփանակերտ, 2012:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։