Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ
Տավուշի ՀԳՄ բաժանմունքի նախագահ
Սխալ էր ընտրվել բանախոսը: Նա խոսում էր ոչ թե պոեզիայի, այլ` անձերի մասին: Ես չեմ ասում, որ նա, ում գովում էր, վատ բանաստեղծ է, պարզապես պետք է տեսնել նորերին: Լիանիստերը պետք է քարոզչական, խրախուսական հայացք ունենան դեպի մարզերը, ուշադրության կենտրոնում պահեն Երևանից դուրս ստեղծագործողներին: Չէր երևում, թե բանախոսը կարդացել է հեղինակներին. ում գովում էր, չէր կարդացել, ում էլ չէր անդրադարձել, նրանց մասին ընդհանրապես տեղյակ չէր: Ընդամենը տասը բանաստեղծի շուրջ խոսեց: Այնինչ ընդգրկումը պետք է շատ լայն լիներ: Նրա զեկուցման խորագիրն էր` «Ժամանակակից հայ պոեզիայի ներկան»: Այնպես, ինչպես անորոշ էր իր զեկուցման վերնագիրը, այնպես էլ անորոշ էր զեկուցման կառուցվածքը:
Թադևոս ՏՈՆՈՅԱՆ
Հիմնական զեկուցումը խիստ սուբյեկտիվ է և չի ներկայացնում ժամանակակից բանաստեղծության համայնապատկերը: Ավելորդ շեշտադրում կա այնպիսի անունների, որոնք կապ չունեն հայ բանաստեղծության տոհմածառի հետ: Առաջարկում եմ հենց զեկուցողի շահերից ելնելով զեկուցումը չտպագրել ՀԳՄ պաշտոնաթերթում: Դժգոհ եմ նաև լիանիստի ձևաչափից, առաջարկում եմ հաջորդ լիանիստերի ժամանակ լսել գրական ստեղծագործական համակրանքներով ամբողջացող տարբեր գրողական խմբերի նախընտրած գրականագետներին, ինչը թույլ կտա ունենալ պոեզիայի ողջ համայնապատկերը, բացի այդ, առիթ կհանդիսանա կենդանի բանավեճի:
Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ուզում եմ անդրադառնալ Վազգեն Գաբրիելյանի` «ԳԹ»-ում տպագրված «Ի՞նչ է բանաստեղծությունը» հոդվածին: Շատ արժեքավոր վերլուծական հոդված էր, մենք կարիք ունենք նման հոդվածների: Անջրպետ կա գրողի և ընթերցողի միջև, հասարակությունը չի ճանաչում իր գրողին: Այսօր գրականությունը ճիշտ գնահատելու խնդիր ունենք, պետք է մեր մեջ ուժ գտնենք ընտրելու ու ժողովրդին ներկայացնելու լավը, այլապես անհանդուրժող մթնոլորտում ո՛չ լավ գրականություն կստեղծվի, ո՛չ էլ գրականագիտություն, ժամանակն է վերջ տալ համահարթեցման պրոցեսին:
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ
Ունենք բանաստեղծական մթնոլորտը հետաքրքիր դարձնող տաղանդավոր բանաստեղծներ, որոնց մասին խոսեց Ս. Աբրահամյանը, բայց միայն այդ մի քանի հոգին չէ, որոնց խոսքը պետք է արժևորվի: Յուրաքանչյուր բանաստեղծ, որ ՀԳՄ անդամ է և գրել է թեկուզ մի քանի լավ բանաստեղծություն, կարիք ունի ուշադրության: Այդ ուշադրությունն առաջին հերթին ակնկալվում է ԳՄ անդամ գրականագետների կողմից: Տարիներ շարունակ խոսել միայն պետական մրցանակ ստացած մի քանի գրողի մասին, արդար չէ: Համընդհանուր առողջ գրական մթնոլորտի համար անհրաժեշտ է առաջին հերթին շատ բարեկամական և սրտացավ լինի վերաբերմունքը մեր միության բոլոր անդամների միջև:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
Ինձ համար մտահոգիչ է, որ ելույթներում գրեթե անդրադարձ չեղավ գրականության, մասնավորապես պոեզիայի գնահատության չափանիշներին, այն դեպքում, երբ հենց այդ հարցին էր նվիրված Վազգեն Գաբրիելյանի նախապես «Գրական թերթում» հրապարակված հիմնավոր հոդվածը:
Կարծում եմ, մենք բոլորս պետք է ձերբազատվենք այս կամ այն ելույթում միայն մեր անունը որոնելու մարմաջից և առաջնորդվենք գրականության շահով, արտահայտենք մեր կարծիքը գրականության զարգացման ուղիների վերաբերյալ, այն, ինչ ըստ էության արել են մեր զեկուցողները: Համաձայն չե՞ք ինչ-ինչ դրույթների կամ գնահատականների, քննադատեք, բայց բերեք ձե՛ր կարծիքը, առաջարկը: Սա պիտի լինի ողջամիտ մոտեցումը, ինչը և ակնկալում ենք մեր գրչընկերներից:
Բագրատ ԱԼԵՔՅԱՆ
Գիտեմ` որքան լուռ մնամ, պիտի այնքան հուսախաբ լինեմ, իսկ եթե խոսեմ` անապատում պիտի հայտնվեմ: Այնուամենայնիվ ես խոսքն եմ ընտրում` միշտ մերկ ու անկեղծ, անմխիթարանք:
Կարելի՞ է քնքշացնել քնքշությունը կամ ջրի մեջ ջուր լցնել, ինչպես ճշմարտությունը ճշմարտության մեջ: Ես երբեք հակառակը չեմ պնդի: Իսկ, այ, տիրող գրական մթնոլորտը, խեղված բարքերն ու չափանիշները համախոհների կարիք չունեն և չեն ունենա երբեք, այսօր` առավել ևս:
Ժամանակների՞, թե՞ ժամանակակիցների մեղքով է, որ ո՛չ գրողն է իր տեղում և ո՛չ էլ գրական-քննադատական միտքը: Ամենուր փշածածկ անտարբերությունն ու հիասթափությունն է իշխում, իսկ վաղուց ի վեր քարտեզագրված ու պատնեշավորված իրականության մշուշում մի քանի (թեկուզև դափնեզարդ) անուններով ադամանդներ չես հավաքի:
Այսօր ո՞վ է հետևում գրական ընթացքին, ի՞նչ են անում չափանիշներ ձևավորող գրականագետն ու բանաձևումների հեղինակները. չկա հայացք` չկա քննություն, ուրեմն չկա՞ նաև գրականություն: Եթերում հնչող այս աղետալի ցավականչը ընթերցողին օտարացնում, աղավաղում է հանրության ճաշակն ու պատկերացումները: Այս չափումներով լիանիստում հնչած զեկուցումը ամբողջովին անչափումնային էր ու ժամանակավրեպ, հեռու նորով ու նորագույնով բնութագրվող անդրադարձումներով: Ասածս ոչ միայն հանդիմանանք է, այլև տևական անդորրից հոգնած անհաշտություն: Հայ գրականագիտությունը տարիների ընթացքում չզգեստափոխվեց, մնաց նույն կույր անհայտնությունը:
Չերկարացնեմ ու թվարկեմ մի քանի, ըստ ամենայնի, չարժևորված ու գնահատված անուններ, որոնք այսօր կան և լինելու են նաև վաղը. Թաթուլ Բոլորչյան, Արևշատ Ավագյան, Վարդան Վանատուր, Ռոմիկ Սարդարյան, Հովիկ Հովեյան, Գագիկ Դավթյան, Անահիտ Պարսամյան, Անահիտ Թադևոսյան, Արտաշես Արամ և այլն…