Ասել է թե՝ ափ դուրս եկ, ոտքիդ տակ նորից զգա գետինն ու նրա ամրությունը:
Բայց ինչպե՜ս…
Թե ինչի մասին է խոսքը, կասեմ քիչ հետո: Իսկ հիմա խոստովանեմ, որ Արցախի և արցախցու մասին մտորելու, և մանավանդ՝ արտահայտվելու, հաճելիությունն ու դյուրինությունը, որոնք հետխորհրդային երեսուն տարում մե՜ծ քառակուսիում են ապրել, հիմա, իմ զգացողությամբ, ծվարում են փոքրիկ վանդակում… Դա անմեղ մեղավորի զգացում է, որից ազատվել չեմ կարողանում: Հպարտության արժանի այնպիսի զգացում, որպիսին… հենց հպարտությունն ինքն է, չի կորել. հպարտանալու… նյութն է պակասել: Իրական մեղավորների անուն տալը ոչի՛նչ չի փոխում. սոցցանցային հարթակներից մեկում երեք տարի «փեշակս» դա է՝ օգուտն ի՜նչ… Ջուրն էլի հոսում է իր «պռատած» տեղով, ու չիք մեկը, որ մի հարմար ճումնը «մեծ գուղձ» գտնի՝ փակի ճեղքը՝ ածուն ո՛չ ի ցվերջ… երաշտահարվի…
«Գրական թերթում» հանդես գալու գաղափարի տեր՝ թերթի գլխ. խմբագիր Կարինե Խոդիկյանը հմուտ սլաքավարի պես կողնորոշում տվեց՝ կպատմես-կխոսես այն մասին, թե ինչպես են ապրում՝ ինչով շնչում, մտածում ներկայիս Արցախն ու արցախցին: Արցա՞խը… Թե որ իմանայի՜… Ո՞վ է այն ամենագետը, որ հարյուր տոկոսանոց արձանագրումն կանի՝ Արցախը այս, այս և այս վիճակում է: Զորօրինակ՝ ինչպիսի՞. անկա՞խ, կիսակա՞խ, կախյա՞լ: Կախյալություն հաստատ կա: Եվ անցած 30 տարում դա է՛ր… Հայաստանից: Ե՛վ վարած արտաքին, և անգամ ներքին, քաղաքականության, և տնտեսաբյուջեական առումով: Իսկ ա՞յժմ: Այժմ, «փառք Աստծո», Հայաստանը (թավշայական) ազատություն է «շնորհել» (շնորհում) մեզ՝ հրաժարվելով, ամենագլխավորը նշեմ, Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց: Իրադարձությունները այդ մասին են վկայում: Ահա և հասանք «նավակին». մենք, իմ պատկերացմամբ, դարձել ենք ափից շատ հեռու, ծովի սրտում ճոճվող նավակ. երբ թիավարելուց հոգնենք (արդեն իսկ կա՛ հոգնություն), ստորջրյա որ հոսանք ավելի ուժեղ լինի՝ կքշի-քաշի իր ուղղությամբ… Իսկ մենք երեսուն տարի անց էլ չենք մոռացել խորթ մոր ինստիտուտի՝ 70 տարի մեզ տված աղաբլիթների համը…
Իսկ լավագույն դեպքում մեզ նորից վերցնում են մանկատուն: Ինչ է զգում արցախցի՞ն՝ որբություն: Դաշնակից պետության խաղաղապահ զորախմբի ներկայությանն ապավինած՝ ապրում ենք անորոշության մեջ: Այն օղապարանի պես ո՛չ միանգամից խեղդում է մեզ, ո՛չ էլ բաց թողնում: Վերջին երեսուն տարում երեք պատերազմ ենք ապրել. լուսադեմի կողմ արթնացել «անսպասելի» հրետակոծությունից, երեխաներին «քամու արագությամբ» փախցրել ռմբապաստարան հորջորջվող, մեծ մասամբ, կիսաքանդ ու տարրական հարմարություններից զուրկ նկուղը, տարել ցուրտն ու քաղցը, հարազատի դի դիմավորել-հուղարկավորել… փոքրերին խնայելու համար հնարավորինս զուսպ. չտեսածը չի հասկանա՝ ինչ է դա: Ու երեքից միայն վերջինում է արցախցին պարտադի՛ր-կամավոր (կարդա՝ «վերևի» նախատեսած-կազմակերպած, քանզի «վերևը» «ներքևից» միշտ էլ, բնականաբար, ամեն ինչ ժամանակին ու լավ է իմանում) տարհանվել երկրից դուրս: Խղճին ու ցանկությանը հակառակ՝ «լքել» Արցախը: Ըստ տեղեկությունների՝ վերադարձել է գնացողաց երկու երրորդը, մնացյալը դեռ (դե՞ռ) դրսում են…
Կրճատվել են «նավաբեկության ենթարկվածի» ոչ միայն տարածքները, այլև ու բնականաբար՝ բնակչությունը: Եվ ահա այդ քիչ բնակչության համար էլ չեն հերիքում կացարանները: Տասնյակ հազարավորներ բռնախլված տարածքների՝ տունուտեղը կորցրած հիմնականում գյուղաբնակներ են՝ ամբողջ կյանքում հողի հետ շփված և դրա հնարավորությունը մեկեն կորցրած, մեզնից մի քանի անգամ ավելի հողի քաղցրությունն զգացող, այդ քաղցրությա՛մբ սնված-մեծացած ու հիմա՝ Ստեփանակերտի ասֆալտին: Իսկ ասֆալտին, ինչպես հայտնի է, ցորեն չի աճում, խաղող չի հասունանում, նախիր չի պահվում… Գյուղացին դրանցով էր ապրում, հիմա՛ ինչով ապրի: Ավանդական հողագործ արցախահայը, որը երևի թե գլոբալիզացիայի բերած ախտերից ամենապահպանվածն է, մնացել է շվար:
Ասել՝ պետությունը ջանք չի գործադրում նրանց բնակարանային և հնարավոր այլ հարցերը լուծելու համար՝ խղճի բան չէր լինի. արել-անո՛ւմ է այս կամ այն հաջողությամբ, քաղաքի բնակֆոնդից բնակարաններ է գնել, տրամադրվել որոշակի մասի, բայց ցանկացածի համար լուծել զբաղվածության հիմնահարցը՝ դրանից հեռու է, հատկապես եթե խնդիրը դիտարկենք ստացած մասնագիտությա՛մբ աշխատելու պրիզմայով: Քաղաքի փողոցներն ու շենքերի մուտքերը մաքրողները պատերազմից հետո աչքիս շատացել են, անծանոթ դեմքերից հարցնում ես՝ կա՛մ հադրութցի է, շուշեցի, կա՛մ Վարանդայի ձորակի՝ թշնամու ջանքերով հայեցիությունից օտարվող-ավերվող, դիմազրկվող գյուղախմբից: Ի դեպ, վերջինիս թվում են և՛ իմ ծննդավայր՝ պատմական Սղնախը, և՛ ժամանակի մելիքանիստ Ավետարանոցը…
Ինչո՞վ է «շնչում» արցախցին՝ շատերն են դրսից հարց տալիս: Մի արցախցի էլ ես եմ, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ, եթե թուրքի ոտք չտեսած՝ բազմադարյա գյուղիս գերեզմանատունն այսօր չկա. բուլդոզերներով հող, քար, աճյուն… քանի մետր խորությամբ տորթի պես կտրել՝ լցրել են 200 մետրանոց ձորը: Հեռվից հեռադիտակով նայողների տեղեկությունների համաձայն՝ թշնամին նպատակ ունի այնտեղ ուղղաթիռային թռիչքուղի կառուցել: Սղնախս Շուշիից 5-6 կմ-ի վրա է գտնվում, Ստեփանակերտից՝ շուրջ քսան: Շաբաթ չի լինում, որ երջանկահիշատակ ծնողներս երազում ինձ չկշտամբեն՝ իրենց չայցելելուս համար: Ստուգեցեք ձեր զարկերակը, տիկնա՛յք և պարոնա՛յք, տեսեք՝ նորմա՞լ է գործում, այս թեման շոշափելուց իմը խայտառակ վիճակի է անցնում. պատերազմից մի քանի ամիս, գերեզմանատան հետ պատահածից էլ՝ շաբաթ անց… առկայծող առիթմիա եմ վաստակել: Եթե հավատալու լինենք գիտական բժշկությանը՝ բավականին վտանգավոր «զիբիլ» կյանքի համար… Պատկերացրի՞ք, ինչով եմ շնչում: Ավելի շուտ՝ մե՛կ շնչում, մե՛կ ոչ՝ երբ զարկերակս անցնում է սրտխփոցի կանոնավորությունը կլլող զարկադուլին… Դա՝ դեռ ես, իսկ ի՜նչ անի պատերազմում ամուսին ու երկու որդի կորցրած ծնողի՛ սիրտը: Մեր գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ շատերն են զոհվել, այդ թվում՝ 7-ը հենց գյուղի աշխարհազորային տղաներից: Բայց թշնամու տիրապետության տակ հայտնված ամեն բնակավայր իր ոչ միայն կենդանի կորուստներն է ունեցել… Ամեն ինչ մնացել է թուրքի ձեռքին:
Մեր թաղում էլ կա փախստական ընտանիք, բազմերեխատե՛ր, հոր աշխատավարձով ապրող… Երեխաների տատը՝ ծեր կին, մեկ-մեկ անցնում է մեր պատշգամբի տակով: Լվացք էի փռել՝ սեղմակներից երկուսը-երեքը ձեռքիցս ընկել էին ցած: Անցնելիս նկատեց ու… մե՛կ վեր նայելով (արագ պահվեցի վարագույրի ետևում), մե՛կ՝ աջ ու ահյակ, ու համոզվելով, որ տեսնող չկա, կռացավ-վերցրեց (նախկինում հավաքարարը դնում-թողնում էր ցածրիկ պատի վրա), արագ խոթեց ավանդական գոգնոցի գրպանը և… Տե՜ր իմ Աստված, աչքերը նույն գոգնոցով սրբելով գնաց: Հասկացա՝ դա ինչ էր նշանակում. ավանդական հայ կնոջ, մեծ գերդաստանի մոր՝ հանգամանքների դաժան բերումով կորցրած… հպարտության արցունքն էր սրբում աչքից: Ծերուհու ետևից նայելով՝ մտածեցի. փայլուն դիպուկահար աղջիկների գոյության փաստով հանդերձ՝ ճիշտ է, որ պատերազմը կանացի դեմք չունի…
Այժմ հարց. որքանո՞վ է այսօր արցախցին պատրաստ՝ մնալ ու ապրել ներկայով ու կրկնակի՝ վաղվա օրով անորոշ հայրենիքում: Հնարավոր չէ բարդ հարցին կարճ պատասխան ակնկալել: Եթե ձեզ որևէ մեկն ասի, թե չի ուզում, որ իր երեխաներն ապրեն մշտական ֆիզիկական վտանգի տակ կամ մնան թերուս, կամ կյանքի յուրաքանչյուր շրջանին հատուկ նախասիրություններից ու հաճույքներից զրկված… չմեղադրեք: Այն ո՞ր ծնողը չի ուզում, որ իր երեխան լավ զգա իրեն, լինի պաշտպանված, երջանիկ ապագայի է՛լ հստակ հեռանկար ունենա: Այդ ամենն ակնկալել այսօրվա Արցախում՝ թույլ խելքի նշան կլիներ: Այդուհանդերձ, մի՛ շտապեք եզրահանգել, թե նա իրո՛ք ուզում է և պատրաստ է մշտապես հրաժեշտ տալ հայրենի եզերքին, բռնագաղթածի պիտակի տակ փութալ արտերկիր: Ո՞չ: Պարզապես սրտի երազանքը զրուցակցին մատուցելուց հետո արցախցին, և հատկապես՝ արցախուհին, կասի. «Բայց դե… ո՞նց գնանք ուրիշ երկիր, է՜, բա առանց մեր էս լեռնաստանի ո՞նց կապրենք, մեր անցավորների գերեզմաններին ո՞վ պիտի այցի գնա՝ մի ծաղիկ դնի, մի փասպարք անի՝ սիրտը հովացնի, գուցե դեռ լավ օրեր էլ են գալու… Չէ՜, ոտքներս դեմ պիտի տանք, մնանք, մեր շատ թե քիչ մնացած հողերը վարենք, ցանածը մաքուր ջրով ջրենք… Թե Աստված կա՝ մի բան կանի երևի, մի բան կփոխի»:
Այստեղ կտրեմ պիտիա խոսքի ընթացքը՝ ասելու համար, որ անանուն արցախցու պատասխան չէր, որ ներկայացնում էի, այլ իմ համագյուղացի և հարազատ խնամի (հարսիս մայր), 53-ամյա Վեներա Հովսեփյանի: Գյուղում ի՜նչ տուն ունեին, գլխովն էլ՝ «ֆազենդա»՝ երկրորդ տնով, ֆերմաներ, կեցության հիմք՝ շատ այլ բարիքներ: Ամբողջը մնաց թշնամուն: Հսկա գերդաստան ունի՝ հինգ զավակից (երեք դուստր, երկու որդի) յուրաքանչյուրի բոլուկ երեխաներով. ուսանող, վաղվա զինվոր, դպրոցն ավարտող, միջին դասարանցի, ամուսնության պատրաստվող, գրկի ու կրծքի… Դժվարությունից չեն վախենում, հաղթահարման փորձը հարուստ է: Մեր տուն գալուց ուրիշ թեմա չկա՝ գյուղից են (ենք) խոսում, վերհիշում և՛ ողբերգականը, և՛ ծիծաղելին: Նայում՝ մտածում ես. չէ՜ է՛լի, չէ՛, սրանք էլ մարդկայի՛ն աշխարհի այն «բույսերից» են, որոնց արմատներն այնքան են խոր մխրճվում հողի մեջ, որ այնտեղից լիովին հանել չի լինի, որքան էլ ձգես՝ մաս կմնա հողում ու նորից ծիլ կտա… Եվ նրանց նման շա՜տ ընտանիքներ կան, որ միաժամանակ և՛ հասկանում են, որ թշնամին ձեռքն ընկածը բաց չի թողնի, և՛ հույս տածում, թե, անտիկ աշխարհից եկած եզրույթի համաձայն, ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում: Իրե՛նց էլ չի մնա: Կմնանք, կապրենք, նորից ուժեղանանք՝ նորից ոտք բռնենք ժամանակի հետ… Եվ հանուն դրա կանենք ամե՛ն ինչը՝ բացի Ադրբեջանի կազմում հայտնվելուց: Ասում են պարզ, առանց ծամծմելու, առանց չգիտես թե ինչի՝ բառի «հաթայաթ» պահելու… Այստեղ, թերևս, տեղին է հիշել մի դեպք: «Առողջապահության մունետիկ» թերթի խմբագիրն էի (գործել է յոթ տարի՝ նախարարության բյուջեի սղության պատճառով փակվել 2015-ին), նախարարի և բժիշկների խմբի հետ Հադրութի հիվանդանոցում ստուգումից էինք վերադառնում ու երբ նորակառույց ու հրաշագեղ հյուսիս-հարավ մայրուղիով հասանք դեռ Առաջին պատերազմից հերոսական պսակի արժանացած «Թութակին»՝ անտառաշատ լեռնանցք, որտեղից շրջանի կեսից ավելին կարծես հայտնվում է ափիդ մեջ, և զրույց բացվեց մեր եզերքի չնաշխարհիկության և առ նա մեր սիրո մասին, բժիշկներից մեկը՝ սրամտության սիրահար հոգեբույժ-թմրաբան Լևոն Խաչատրյանն ասաց՝ արցախցին անհույս թմրամոլից էլ շատ է իր հողից կախվածության մեջ… Ճիշտ էր ասում: Թերևս հավելեմ մեր գրական երախտավորներից մեկի՝ երջանկահիշատակ Մաքսիմ Հովհաննիսյանի մի բառակապակցությունը՝ իր «Արցախ իմ՝ ցավ իմ» գրքից. «Արցախ իմ՝ ցավ իմ, ինչո՜ւ դու եղար իմ հայրենիքը»: Այդ նախադասության մեջ, իրոք, այնքա՜ն և՛ ցավ կա, և՛ սեր, «թմրամոլյան կախվածություն»՝ հայրենիք հասկացությունից ու զգացողությունից: Ի վերջո, փաստ է. Հայրենիքը չեն ընտրում, ինչպես որ չեն ընտրում ծնողներին…
Օրերս մեր՝ արցախյան «Դիտակետ» հաղորդաշարն էի դիտում, և նրա հեղինակ-վարող Արայիկ Վանյանը տաղավար հրավիրված հեռուստալրագրողներ Նորայր Հովսեփյանին ու Ծովինար Բարխուդարյանին ի շարս այլ հարցերի՝ այսպիսին էլ տվեց (մոտավոր իմաստն եմ մատուցում). ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի ներկան ու ապագան, ինչպե՞ս եք պատկերացնում ապրելն այստեղ: Ինձ դուր եկան երկուսի պատասխաններն էլ: Դե, իսկ Նորայրի պատկերավոր մի միտք ուղղակի դաջվեց-մնաց հիշողությանս մեջ: Բայց մինչ այն ներկայացնելը ինքս հարց ունեմ տալու: Ինձ ու ձեզ։ Ի՞նչ է նշանակում «այժմյան Արցախ»: Այն չնչին մասը, որ մնացել է 75 տոկոսի չափ տարածքներ թշնամուն հանձնելուց հետո: Ընդ որում, ի մեծի մասի՝ առանց պատերազմի, առանց կրակոցի… Անկարող-ապաշնորհ, նաև ազգային արմատի զգացողությունը վաղուց կորցրած՝ ՀՀ ներկա կառավարության և անձամբ նրա ղեկավարի եթե ոչ անմիջական հրամանով, ապա՝ թելադրանքով: Իր ստորագրած խայտառակ՝ կապիտուլյացիոն փաստաթղթի պահանջների «ներքո»: Իսկ որ Արցախը համարյա միշտ առաջնորդվել է ՀՀ-ի հետ համաձայնեցված, գրեթե էկվիվալենտ քաղաքականությամբ ու որոշումներով՝ այդ մասին, կարծեմ, ակնարկել եմ խոսքիս սկզբում: «Իրավիճակից ելնելով»՝ «Արցախը չի հակադրվել» թաքուն կատարվելիք և կատարված ճակատագրական քայլին՝ գտնելով, որ դրա համար չկային այլընտրանք և համապատասխան ռեսուրսներ. մեզ, համենայնդեպս, այդպես են մատուցում իրադարձությունների ընթացքը: Արդյոք ճի՞շտ է դա, և կամ ի՞նչ է եղել իրականում՝ մի օր, հավանաբար, կպարզվի…
Հարցս կրկնեմ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս Արցախը: Նրա ռազմավարական ամենակարևոր բարձունքները հանձնված են թշնամուն: Վերստին մինչ ատամները զինվող, եթե ո՛չ արդեն զինված, Շուշին, որն օդային գծով ընդամենը 3-4 կիլոմետրի վրա է Ստեփանակերտից, անառիկ բարձրից մեզ է ուղղած իր ամենահսկու աչքը: Երբ այնտեղից կրակում են՝ գնդակները դյուրին հասնում են քաղաքի շուշիահայաց թաղամասերին: Ադրբեջանը նոր թափով է վերազինում իր բանակը, մե՞նք ինչ ենք անում: Կոնկրետ ես, ինձ նման և հազարավորներ, չգիտենք, չենք էլ կարող իմանալ. ռազմական գաղտնիք է… Ի՞նչ է ասում իշխանությունը. բանակը վերակազմավորվում է… Ի՞նչ-ինչպե՞ս-որքա՞ն-ը. նույնպես տեղին հարցեր չեն, էլի ռազմական գաղտնիք է: Վիճարկել չես կարող, մնում է միայն հուսալ, որ ինչ հնարավոր է՝ կանեն: Նմանապես հուսալ, թե խաղաղապահ զորախումբը չորս տարուց հետո էլ կմնա տեղում: Տա՛ Աստված՝ գոնե այդպես լինի: Խաղաղապահ կողմի գլուխը մինչ այդ մեծ գլխացավանքների մեջ չընկնի… Վերջապես համոզվել ենք, չէ՞, որ մեր դաշնակիցն ամեն ինչ պլանավորում է ի՛ր երկրի շահերից (ինչը բնական է), այդ թվում և՝ չարաբաստիկ «տվյալ պահի» շահից… Այսպես թե այնպես, այսօրվա Արցախի ճակատագիրը, լավ թե վատ, այդ դաշնակցի ձեռքում է, նա՛ է ապահովում մեր կես բուռ մնացած երկրի, մեր բնակչության անվտանգությունը:
Վերադառնամ վերջապես Նորայրի պատասխանին: Նա ասաց, որ Արցախն անկախ պահվել է, որովհետև նրա ոչ միայն բանակը, այլև բնակչությունը եղել է՝ ապրել ու գործել է ինչպես զինվոր: Անշուշտ, պայմանականության երանգ կա այս ձևակերպման մեջ, ավելի ստույգ՝ հեղինակը միտքը փաթեթավորել է պատկերավոր արտահայտությամբ: Մենք եղել ենք զինվոր, իսկ այժմ դարձել ենք… թիրախ՝ ասաց նա: Եվ եթե ուզում ենք, ինչպես միշտ, ապրել ա՛յս հողում, պետք է մեզ վերստին զինվոր զգանք և ապրենք զինվորավարի՝ քչով բավարարվող, շատի համար պայքարող, եթե պետք է կամ երբ պետք լինի՝ նաև կռվող: Որքան էլ որ դա դժվար տրվի մեզ: Որովհետև անպատիվ ապրելը չի կարող դառնալ ապրելու իմաստ: Այնպես որ՝ այսօրվա արցախցին մեծ փոթորկից ոչ լիովին հանգստացած «ծովում», ո՛չ սեփական ընտրությամբ ու ցանկությամբ, ճոճվում է նավակում, թիրախ լինելով հանդերձ՝ պատրաստ զինվոր լինելուն…
Աստծո աջը թող մեզ վրա լինի: