(ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՈՒՐՋ)
Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ
«Այստեղը ձոր է։ Այս տեղերը ձորեր են։ Այս ձորերը արտ կըլլա՞։ Արտ կշինվի՞։ Այստեղը լեռ է։ Շրջապատող լեռներ են։ Գլուխդ վերցուր՝ երկինքը կտեսնես միայն։ Այս ստորոտները եզ կբերվի՞։ Կլծվի՞։ …Աչքերդ կխտղտի՝ քանի նայես անսահման ամայությանը… Հասկերը՞, մոնը՝ ոսկեփոշին, վրան… Ի՜նչ տաք կըլլային մեր ձորերը։ Եփրատին անմիջապես կիցն էին՝ ձախը… Մենք Արմտյանց գավառն էինք, հին հիշատակարանի մը մեջ հիշված»։
Պոլսահայ գրողներից մեկի՝ Հակոբ Մնձուրու սերերի ու կարոտների աշխարհն է՝ հայրենի, հարազատ բնօրրանը։ Իսկ ինքը՝ Հ. Մնձուրին, մեկն էր նրանցից, որ կարոտի գրչով կենդանի պահեց այդ օրրանը…
«Համազգային» հայ կրթական և մշակութային միության և Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությունը անուրանալի շահեկան եղավ այսօրվա հայ իրականության համար և մասնավորապես հայ գրականության կարևոր մի թևը ավելի հանգամանալի ներկայացնելու համար. վկան 2022 թվականի սեպտեմբերի 23-ին Մանկավարժական համալսարանում կայացած համահայկական գիտաժողովն է՝ «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչև մեր օրերը» խորագրով։
Ակադեմիական մի քանի ժամերը նպաստավոր պայմաններ ստեղծեցին և հնարավորություն ընձեռեցին ծավալելու հիշարժան և արդյունավետ գիտական աշխատանք։ Իսկ իրականում զեկուցողների միջոցով ևս մեկ առիթ ստեղծվեց՝ ի մի բերելու սփյուռքահայ գրականության պոլսահայ՝ հայ գրականության մի կարևորագույն՝ նույն ծառի կենսառատ ավյունով լեցուն ճյուղը։ Ի դեպ, մենք ևս բարեբախտություն ենք ունեցել հրավեր ստանալու և պատիվ ենք ունեցել համաժողովի զեկուցաբերներից մեկը լինելու, ինչի համար, կարծում ենք՝ տեղին է երախտիքի խոսքեր ասելը կազմակերպիչներին՝ այդօրինակ՝ նախադեպը չունեցող ընդգրկումների շրջանակի և հանդիպման հնարավորություն ունենալու համար։
Այսպես, գրական-գիտական գողտրիկ միջավայրում լսեցին մոտ երկու տասնյակի հասնող զեկույցներ՝ պոլսահայ գրողների ստեղծագործությունների մասին՝ հանգամանորեն, ընդ որում՝ սկսած արևմտահայերենի հարցերի քննարկումից մինչև հարազատ, մի ամբողջ սերնդի մասին գրականության արծարծած՝ փիլիսոփայական, տեղագրական, պատմագրական և իհարկե գրականագիտական քննարկումներ՝ ճակատագրի կամոք աշխարհով մեկ սփռված հայի մի-մի բեկորի այս էլ որերորդ ճյուղ ու սաղարթի ձեռամբ։
Եվ գիտության կարկառուն ներկայացուցիչների այդ օրվա ելույթները, համընդգրկուն ժողովածուի տեսքով, արդեն դրված են ընթերցողի, բնագավառի մասնագետների, բուհերի համապատասխան բաժինների ուսանողների և իհարկե այդ գրականությամբ հետաքրքրվողների սեղանին՝ որպես լավագույն ընծա։ Հուսանք՝ գիրքը դեռևս առաջին հատորն է՝ պայմանականորեն ասած, և անպայման ենթադրում է շարունակություն, իսկ սա էլ տրամաբանորեն ենթադրում է համաժողովների ևս մի անընդհատական շարք՝ ի թիվս այլ բազմարդյուն քայլերի՝ նաև այսպիսով ի մի բերելու հայ գրականության անկրկնելի փայլուն էջերի մասին քննական-վերլուծական խոսքը։
Ժողովածուում տեղ են գտել Զահրատի, Հակոբ Մնձուրու, Ռոպեր Հատտեճյանի, Զարեհ Խրախունու և այլոց ստեղծագործություններին վերաբերող հոդվածներ՝ ընդգրկումների լայն աշխարհագրությամբ՝ Լիբանան, Թուրքիա, Քուվեյթ, ԱՄՆ, Ֆրանսիա, Հայաստան ու Արցախ։ Եվ ինչպես նշվում է գրքի խմբագրականում, «Ի հա՛րկէ, մէկ գիտաժողովի կամ մէկ ժողովածուի միջոցով անհնար է ամփոփել գրամշակութային այն խոշոր դերակատարութիւնը, որ ներկայացնում է պոլսահայ նորագոյն գրականութիւնը հայ գրականութեան պատմութեան համաբնագրում, ուստի այս ժողովածուն դիտարկում ենք այդ գրականութեան նուաճումների արձանագրման առաջին հանգրուաններից մէկը»։ Այնուամենայնիվ, այս ամենով հանդերձ, առկա ժողովածուն ամփոփ է և ավարտուն իր տեսակի մեջ։ Ընդ որում, գիրքը տպագրված է Մեսրոպյան ուղղագրությամբ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Քնարիկ Աբրահամյանի աշխատասիրությամբ։
Ժողովածուն բացվում է Ամենայն հայոց կաթողիկոսի, ապա՝ Պոլսո պատրիարքի օրհնության խոսքերով։ Վերջինս, նկատի առնելով համաժողովի զեկուցումները, նշում է, որ «այս հարստութիւնը ներշնչման աղբիւր կդառնա» նոր սերնդի համար։ Ապա հաջորդիվ, ի սկզբանե ակնկալելով սույն ժողովածուի ծնունդը, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը մասնավորապես շեշտում է. «…Ժողովածուի հրատարակութիւնը արժէքաւոր հատոր մը պիտի ըլլայ, ուր յառաջիկայի ուսումնասիրողներու համար համախմբված պիտի ըլլան աւելի քան երկու տասնեակ վաւերական աշխատութիւններ։ Իսկ այս արդէն մնայուն արժէք է»։
Ընդհանուր գծերով եթե ամփոփելու լինենք ժողովածուի ասելիքի ելակետն ու վախճանակետը, պետք է բառացի մեջբերենք գրքում ներառված գիտական ինքնօրինակ մի բույլի՝ հոդվածագիրների որոշ տողեր՝ տեսանելի և պատկերավոր դարձնելու նաև, թե ինչպիսի մթնոլորտում են ընթացել համաժողովի աշխատանքները։
«Սխալուած չեմ լինի, եթէ ասեմ, որ սփիւռքահայ գրականութեան մասին ծաւալուն աշխատանքների կողքին համեմատաբար պակաս մեկնաբանուածը պոլսահայ նորագոյն գրական աշխարհն է՝ պայմանաւորված աշխարհագրական դիրքով, աւելի ճիշդ՝ այն երկրով, որտեղ ապրում էին այդ գրականութիւնը ստեղծողները։ Խոստովանենք նաեւ, որ այդ գրականութեան՝ վերը նշուած պայմաններում ստեղծուելն ու տեւելը իսկապէ՛ս սխրանք է և հայապահպանութեան դիտանկիւնից՝ դժուար գերագնահատելի» /Սերժ Սրապիոնյան/։
«Պոլսում ստեղծուած հայ գրականութիւնը՝ արեւելահայ նոր գրականութեան հասակակիցը, եղել է նրա արժանաւոր մրցակիցը նախընթաց դարի կէսերից ի վեր… Պոլսահայ գրականութիւնը արեւմտահայ մայր երակի դարբնոցն է եղել եւ մնում է առ այսօր. թերեւս այստեղից են ծաւալուել Սփիւռքի գրականութեան տարբեր օջախները, որոնք վառ են պահել մայրական տիրոյթի ոգին ու մթնոլորտը» /Սուրեն Դանիելյան/։
«Այսօր էլ, անգամ ամէն տեսակի բռնաճնշումներից յետոյ, Պոլսում ապրում է երեւի թէ մօտ 6-7 տասնեակ հազար հայ ու չի ուզում լքել իր քաղաքը, նրանցից շատերն էլ ուզում են ապրել հայօրէն, ջանում են պահել իրենց լեզուն, դպրոցը, մամուլը, գրականութիւնը։ Եւ բնականօրէն, նրանք կապուած են իրենց ծննդավայր քաղաքին։ Կապուած են հոգեպէս, որովհետեւ անցեալում պոլսահայ մի պատկառելի մշակոյթ ունենք, որի յիշողութիւնը հպարտութեան ու պարտաւորութեան զգայութիւններ է ծնում միաժամանակ» /Վազգեն Գաբրիելյան/։
«Կը հարցնէք՝ կա՞ն այսօր արդեօք ստեղծագործ ուժեր։ Արձանագրենք, որ շարունակում են պատնէշի վրայ մնալ եւ գրականութիւն ստեղծել, եւ ոչ միայն դասական գեղարուեստական իմաստով Ռոպէր Հատտէճեանը, Արամ Գամպուրեանը և այլք» /Քնարիկ Աբրահամյան/։
Առաջին հերթին՝ հայապահպանության, ապա հայ մշակույթի ու գրականության հույժ կենսական հարցեր, սփյուռքյան՝ ոչ միայն նշված ժամանակաշրջանին վերաբերող մտորումներ ու մտահոգություններ՝ հայ մտավորականների քննարկման լայն շրջանակով, բազմաբևեռ ու կարևոր, նաև կենդանի, մարդկային ու հայեցի շփում. այն, ինչը երբևիցե մանրուք չի համարվել, իսկ մեր օրերի համապատկերում՝ առավել ևս։
Արդյունքում զեկուցումների տպագրված տարբերակն է՝ ժողովածուի տեսքով՝ ի շահ հայ գրականության, և մեծագույն ակնկալիքով՝ խաղաղ արարումների օրերի «կապույտ լույսի» ներքո…
«Այստեղը ձոր է։ Այս տեղերը ձորեր են։ Այս ձորերը արտ կըլլա՞։ Արտ կշինվի՞։ Այստեղը լեռ է։ Շրջապատող լեռներ են։ Գլուխդ վերցուր՝ երկինքը կտեսնես միայն։ Այս ստորոտները եզ կբերվի՞։ Կլծվի՞։ …Աչքերդ կխտղտի՝ քանի նայես անսահման ամայությանը… Հասկերը՞, մոնը՝ ոսկեփոշին, վրան… Ի՜նչ տաք կըլլային մեր ձորերը։ Եփրատին անմիջապես կիցն էին՝ ձախը… Մենք Արմտյանց գավառն էինք, հին հիշատակարանի մը մեջ հիշված…» /Հ. Մնձուրի/։