Նախ ուզում եմ ներողություն խնդրել, որ նորից գրում եմ: Փաստորեն, գրում եմ, որ սիրտս չկանգնի, իսկ ներողություն եմ խնդրում, որովհետև հասկանում եմ` ցավս կիսում եմ ցավն իմացողի հետ, ու… վերջ:
Ուրեմն այսպես. հիմարաբար ուսանողներիս «Իմ հայրենիքը» թեմայով գրել տվեցի…, ու գրեցին… մոտավորապես այսպես` «Հայրենիք չունեմ ու չեմ ուզում ունենալ: Ես աշխարհի քաղաքացի եմ»:
Կոկորդս խեղդում էր… Իհարկե, ինչ-որ բաներ ասացի, օրինակ` հայրենիքը միայն այսօրը չէ, այլ դարերից է գալիս, որ հայրենիքն Ազգային ժողովի պատգամավորները չեն, այլ Եռաբլուրի տղաները, որ հայրենիքը մեր հրաշք լեզուն է… Դժվար էի խոսում. լացս գալիս էր:
Ի՞նչ եք կարծում, պարոնայք տերեր, որտեղի՞ց այս անհայրենիք սերունդը: Արդյոք երբևէ մտածե՞լ եք, թե ի՛նչ էր նշանակում ազգային գաղափարախոսության լինելիության հարցն ընդհանրապես քննարկել, ողջ երկրի տարածքով արժեհամակարգը ոչնչացնել, հեռուստատեսությունից ազգայինի գաղափարը իսպառ վերացնել, մայրենի լեզուն աղավաղել, կոռուպցիան առաջին հերթին դպրոցում ու բուհում փնտրել, օտար բարքերի առաջ անվերապահորեն դռները բացել ու անճոռնի կապկել, ամեն քայլափոխի գողական աշխարհի հաղթարշավը հրամցնել… ու էլի, ու էլի, ու էլի:
Ի՞նչ ասես մեր այսօրվա ջահելներին. կխոսես հետները ու կտեսնես` մեկը տուն չունի, որ մարդավայել ապրի, մեկը փող չունի, որ ուսման վարձը տա, մեկի ընտանիքն է բաժան-բաժան, մեկի տանն այլևս ոչ մի բանի չեն հավատում…, ու նա կգրի` ես հայրենիք չունեմ: Նրանց համար դեռևս հայրենիքին տալու ժամանակը չէ, վերցնելո՛ւ ժամանակն է: Իսկ մենք ակամա նրանց մանկությունը խլեցինք, հետո էլ հոգսաշատ կյանք տվեցինք: Հիմա ի՞նչ իրավունքով մեղադրես էն ջահելին, որ օտար երկրում փող աշխատող հորն է կարոտում ու հղփացած հարևանի հայրենիքին տեր չի կանգնում:
Ուրեմն ի՞նչ է ստացվում, ո՞ւմն է մեր հայրենիքը…
Եվ գուցե իրականում մեր ողբերգությունն այն է, որ առաջին հերթին ամեն ինչ լիուլի ունեցող մեր հայրենակիցը հայրենիք չունի…
Ու արդեն ստացվում է հասարակություն աշխարհի քաղաքացիներով. հրաշալի է… իսկը Եվրախորհուրդ մտնելու ապրանք. դա՞ է մեր վերջնական երազանքը` սեռը անհայտ, լեզուն լատինատառ, ուղեղը ավլած քաղաքացիներ:
Իսկ տարիներն աննկատ գլորվում են, երկիրն անխնա թալանվում է, հողն ամայանում է, ժողովուրդը գլխապատառ փախեփախ է…, բայց երկրում նաև աներևակայելի քանակով բարձրահարկեր են կառուցվում, իսկ շքեղագույն ռեստորանները հեղեղել են քաղաքն ու շրջակայքը, երբ անհամար անտուն մարդիկ կան երկրում, կիսաքանդ դպրոցներ ու հիվանդանոցներ:
Որևէ բան հասկանալ հնարավո՞ր է. ի՞նչ ասես` չգիտես… Մի բան պարզ է արդեն` մեր անգետ «հզորներին» անհնար է հասկացնել, որ հայրենիքը ապրելու տարածքը չէ միայն, այն նաև մեր լեզուն է, մեր հոգեբանությունը, գործող օրենքներն ու… հավատը:
Իսկ տարիները գլորվում են: Ընտրություններից ընտրություն միայն մի թեթև սարքովի ալեկոծություն, ու աննկատ չարագործ մի ձեռք մեզ սարքում է աշխարհի քաղաքացի…
Մեր ջահելները դա՛ են տեսնում: Նոր սերունդը Լուսինե Զաքարյանի անունը չի լսել, իսկ նառա-մառաների ներքնաշորերի քանակը գիտի, որովհետև հեռուստացույցով հատ-հատ ցույց են տալիս… Հիմա արժեքը դա է: Ի՞նչ հայրենիք, ի՞նչ լեզու… Եվ իրոք, ի՞նչ լեզու, երբ ամեն տարի զառանցանքի մի տարբերակ են մոգոնում հայերեն տեստերի անունով ու դնում մեր երեխաների առաջ, թե դրանով քննություն տվեք… ու զզվեք մեր լեզվից:
Ի՞նչ ասես` չգիտես…
Մեկն էլ ինձ ասի` իսկ դու ո՞վ ես, դու հայրենիք ունե՞ս: Կասեմ` ես մտավորական եմ ու… բայց, կասեմ, մի՛ խառնեք ինձ… ա՛յ քեզ կրա՜կ… ի՞նչ ասես` չգիտես, դառնաս ու ասես էն մտավորականին, որ նման տեստեր է կազմում` ա՛յ ընկեր, չե՞ս ամաչում, մանկավարժ ու գիտնական ես ոչ բարով… կամ, օրինակ` ա՛յ մտավորական, ինչի՞ ես քծնում, ո՞ւմ ես լավություն անում, հետո գնահատվելու թաքուն հույսո՞վ ես հիմա քեզ վարկաբեկում, թե՞, օրինակ` պատգամավոր դառնալը հատուկ «արարողակարգ» է, որի ընթացքում մարդիկ յուրատեսակ քավարան են անցնում` հետո դժոխք գնալու համար: Խճճվեցի…
Ուզում եմ հասկանալ. ո՞ւմ հույսին է հայրենիքս: Այսօր ո՞վ ո՞ւմ պետք է ասի` մեր հայրենիքը դատարկվում է, ժողովո՛ւրդ… Ի՞նչ ենք ուզում, վերանա՞նք աշխարհի երեսից…
Հեռուստացույցով մի «գեղեցկուհի» ասում է. «Փորձել են քարը շարժել, բայց բոլոր փորձությունները իզուր են անցել»: Ինչպե՞ս ասես` գրագետ մարդիկ, այնուամենայնիվ, մնացել են, բավական է մեզ ապուշացնեք, փորձությունը դո՛ւք եք մեր գլխին:
Իսկ ես կասեմ` այնուամենայնիվ, ի՛մ երկրի մտավորականն եմ:
Իսկ «դո՞ւք» ով եք… Ու կասեմ` ում հայրենիք, ժողովուրդ, ապագա, արժանապատվություն, ժառանգություն կամ նման բաներ հասու չեն, ովքեր մի բան հաստատ գիտեն, որ վերջ-ուշ թռնելու են գնան, իսկ դրա համար փող է պետք, այն էլ` շատ, ում, ամենայն հավանականությամբ, մարդավարի խոսք հասկացնել այդպես էլ չի ստացվի… Բայց ովքեր նաև մեր հայրենակիցներն են… Այ, այդ մեկը չեղավ… իսկապես չեղավ… Ի՞նչ է ստացվում. որ մեր երկրի այսօրվա վիճակի հեղինակները մեր հայրենակիցներն են… պատկերացնո՞ւմ եք:
Չեղավ, իսկապես չեղավ, արդար չէ: Եկեք գոնե նրանց ասենք այլմոլորակայիններ: Այսպես տրամաբանությանն ավելի մոտ կլինի: Որովհետև այսքան արտառոց մարդ լինել պարզապես հնարավոր չէ, որովհետև այն, ինչ նրանք են անում` սովորական մարդուն բնորոշ չէ, այսինքն` հետևողականորեն քանդում են սեփական երկիրը: Այո՛, հանուն արդարության, այսուհետ նրանց համարենք այլմոլորակայիններ: Պարզապես այլմոլորակայինները գալիս ու գնում են, իսկ նրանք եկել են ու չեն գնում: Դե, դա էլ արդեն մեր չար բախտից…
Իհարկե, հանուն արդարության պետք է ասել նաև, որ նրանց անգամ այդ տեսանկյունից նայելով` բան չես հասկանում, օրինակ` եթե թռնելու են գնան, ինչո՞ւ են երկիրը վերաձևում ըստ իրենց ճաշակի ու ամեն ինչ աղավաղում… իսկ եթե որոշել են վերջնական հաստատվել այստեղ, ինչո՞ւ են կործանում… Իսկական գլուխկոտրուկ:
Մնում է միայն մի տարբերակ` հավանաբար նրանց թվում է, թե իրենք անմահ են: Երևի… հաստա՛տ: Մի խոսքով, ինչքան հասկանում եմ, մեզ մնում է միայն մի փոքրիկ հույս. նրանց մի կերպ հասկացնենք, որ այլմոլորակայինները ևս մեռնում են, հաստա՛տ մեռնում են… Ու նաև` ուր էլ թռնեն, միևնույն է, հաջորդ կայանատեղը գերեզմանն է, ընդ որում` արդեն վերջնական: Ուրիշ բան, որ սեփական հող չեն ունենա թաղվելու համար, ու դրսում ամենապարզ խաչի տակ թաղվելու են նաև սեփական ժողովրդից գողացված փողերը: Այսինքն… այս դեպքում ի՞նչ սեփական ժողովուրդ… իսկ ի՞նչ:
Մի խոսքով, իսկական մղձավանջ…
Ու կասեմ` ես իմ երկրի մտավորականն եմ, ու ծնկներս ծալվում են հուսահատությունից… այս դարի մեր փորձությունը մենք ենք սարքում մեր գլխին` այն դեպքում, երբ հպարտ ապրելու իրավունքը վաստակել էինք:
Լիլիթ ջան, ցավդ հասկանում ու կիսում եմ, նույն խնդրին եմ բախվել բազում անգամներ Սլավոնական համալսարանում….ելքը չգիտեմ՝ որտեղ փնտրեմ:
Հարգելի Լիլիթ, մեղադրանքներդ սխալ հասցեականություն ունեն:
Կեցցեք, տիկին Արզումանյան։ Հպարտանում ենք Ձեզնով։ Ու իրատես-լավատես ենք։ Ու վաղվա օրն էլ ա մերը լինելու։ Ձախորդ օրեր են, կուգան ու կանցնեն… Ողբանք մեռելոց, կոչենք ապրողաց…
L. arzumanyanin yuraqanchyurs partavor e karda mtorelu ev hetevutyunner anelu….. ete voroshum unenq gone mer erexanerin mardu degeraciayic zerc pahelu sparnaliqic
Ողջունում եմ նման մտահոգությամբ հանդես գալու համար:Բայց ո՞վ է կարդում, ո՞վ է բանի տեղ դնում:Հաստատ գիտեմ՝ կարդալիս էլ քմծիծաղ են տալիս: Մենք՝ մտավորականներս ենք կարդում, հերթական անգամ տրտմում ու ցավ ապրում:Լավագույն դեպքում, Ձեր նման չխեղդվելու համար, մեկնաբանություններ ենք անում:Այսքան բան: Տարրական կրթություն ստացած մեծահարուստի ի՞նչին են պետք մտավորականի մտահոգությունները:
Իմ շատ սիրելի տիկին Արզումանյան, կիսում եմ Ձեր ցավն ու մտահոգությունը: Ցավում եմ, որ հասցատերերի համար Ձեր խոսքը հնչում է իբրեւ “ձայն բարբառո հանապատի”: