ԹԵ Ո՞ՒՐ ՏԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԻՆՅՈՐ ՄԱՐՏԻՐՈՍԻՆ ԵՎ ՊԱՈԼՈ ԿՈԵԼՅՈՅԻՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

1489 թվականի հոկտեմբերի 29-ի առավոտյան Մարտիրոս Երզնկացին, որ արդեն եպիսկոպոսի կարգ ուներ, սբ. Կիրակոս վանքից ճամփա ընկավ և քայլեց… դեպի աշխարհ:

Մեր մատենագրությունից հասած տվյալների համաձայն` նա թեև առաջինը չէ հայ ճանապարհորդներից, բայց առաջինն է, որ ուղեգրություններ է թողել: Իսկ Աղասի Այվազյանը 489 տարի անց գտնելու էր իր հայրենակցի սուղ տողերը կենդանացնելու բանալին: Դա անելու էր այդ զարմանալի հայի ազատատենչ ոգու մեջ թափանցելու անօրինակ մղումով:  Եվ 1977 թ. լույս տեսավ նրա «Սինյոր Մարտիրոսի արկածները» վեպը:

Ա. Այվազյանը Մարտիրոսի նոթերում անշուշտ փնտրել ու գտել էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նրա, նաև իր հոգու մեծ տարածականությունն ու ընդգրկումը հասկանալու համար… Գնացել էր Մարտիրոսի ոտնահետքերով` ուշադրությունը կենտրոնացնելով հոգուն վերաբերող բոլոր մանրուքների վրա: Այդ ի՞նչ քաջություն էր, որ համակել էր Մարտիրոսին… Նրա ժամանակներում դեպի աշխարհ նետվելու տենչը, խենթությունը, խիզախությունը թերևս միայն մեծ տիրակալներին կարող էր ոտքի հանել: Երբ գրեթե կույր-կույր, առանց քարտեզի, առանց մոլորակի մասին բավարար գիտելիքների` առաջ էին հորդում… տիրում աշխարհներին:

Մարտիրոսը աշնանային այդ օրը դուրս վազեց իր մեծ ազատությունը բանտող վանքից, այն վայրից, որ իր համար արդեն պարզ շրջապտույտի էր վերածվել: Նա գտել էր արահետը: Ոչ միայն գտել էր, այլև իր պտույտների ընթացքում միշտ աչքը պահել էր արահետի վրա, որ և Այվազյանի վեպում կերպարներից մեկն էր դառնալու, կերպար, ինչպես բանականությունը, տրամաբանությունը, շարժումը, ուժը, սերը… Միով բանիվ` այն ամենը, ինչ հոգու բարձրագույն հատկանիշներն են, և որոնք արժանի են առանձին-առանձին լրջագույն ուսումնասիրության:

Մարտիրոսի բազմաթիվ, արդեն խելահեղության հասած պտույտները վանքի շուրջ կարծես դաս էին տվել, որ աշխարհը կլոր է. մի կետից ելնելով ու քայլելով` նույն տեղն ես հասնելու: Ուրեմն` տրամաբանությունը նրան արդեն հուշել էր` ուր էլ գնա, ի վերջո, հասնելու է նույն կետին` Երզնկա, Հայրենիք:

Պաոլո Կոելյոյի «Մոգի օրագիրը» (կամ «Ուխտավորը») ինքնակենսագրական վեպը լույս տեսավ 1987 թ.` «Սինյոր Մարտիրոսից» ուղիղ տասը տարի անց: Ե՛վ սինյոր Մարտիրոսը, և՛ Պաոլոն հոգու ազատությունը, նաև իրենք իրենց գտնելու համար զարմանալիորեն նույն ուղղությունն էին վերցրել. մեկը իր հեռավոր  Երզնկայից 15-րդ դարում էր ոտքով գնում դեպի սբ. Հակոբի շիրիմը, մյուսը` 20-րդ դարի վերջում, նրանից մոտ կես հազարամյակ հետո` Բրազիլիայից:

Մարտիրոսը, ի տարբերություն Պաոլո Կոելյոյի, ուղեկցորդ չէր ունենալու. ուղեկիցները նրա ճանապարհին ժամանակավորապես հայտնվածներն էին` ավազակապետ Յունուսն` իր հրոսակախմբով, Տոմազոն, Բոսկոն, Կորնելիան, որոնց ճակատագրի վրա (ենթադրելի է` նաև Կոլումբոսի) իր կնիքը պետք է դներ Մարտիրոսը` ի տարբերություն Պաոլոյի, որ ինքն էր պարտավորվել հլու-հնազանդ կրելու ուղեկցորդ Պետրուսի աստվածաբանական, նաև էզոթերիկ դասերը: Եվ ի վերջո կենտրոնանալու էր հոգու կատարելության ամենակարևոր բաղկացուցիչների վրա:

Կոելյոն այսպես է բացատրում իր քայլը. «Ես մտածում էի այն բանի մասին, որ երկու օր անց` 20-րդ դարի ավարտին, ինձ վիճակված է ստանալ մարդկային մեծ փորձի մասնիկը, հենց այն, ինչը Ուլիսեսին տարավ Տրոյայից, Դոն Կիխոտին` Լամանչայից, Օրփեոսին և Դանթեին ստիպեց իջնել անդրաշխարհ, իսկ Կոլումբոսին դրդեց Ամերիկան փնտրելու: Ես պատրաստվում էի ուղևորվել դեպի Անհայտը»:

Մարտիրոսը ճամփա ընկնելուց տասնմեկ տարի անց էր մտնելու նոր հարյուրամյակ: Կոելյոյի ճամփորդությունն սկսվել էր 1986-ին, երբ հաջորդ հարյուրամյակին ու հազարամյակին 12 տարի կար, որ նրա անհամբեր մտքին երկու օր էր թվում: Այսպես թե այնպես, գրեթե միաժամանակ էին ուղևորվել դեպի նոր հարյուրամյակ:

«Գնամ պիտի…- ու այս երկու բառից փլվեցին շատ կապանքներ, ուրախացավ Մարտիրոսը, ծիծաղի պես մի բան սկսեց խեղդել նրան, կլանեց մարմինը:

– Ո՞ւր,- զարմացավ Գագիկը:

– Լայն գետեր կան աշխարհում, կանաչ դաշտեր կան կապո՜ւյտ-կապույտ, ու երկինք ուրիշ տեսակի… Մարդիկ կան շա՜տ-շատ, աչքեր կան շա՜տ- շատ: Ու հողը լայն է… Ու… ու ես ուզում եմ սուրբ Հակոբի գերեզմանը տեսնել, որ գտնվում է հեռու, Իսպանիայի հողում…- Ասաց ու զարմացավ իր վրա Մարտիրոսը, որտեղի՞ց և ինչպես ժամանակին հայտնվեցին այդպիսի մտքեր»:

Պաոլոն աշխարհից էր գնում դեպի մենավորություն: Նա ապրել էր հիփիների կյանքով, թմրադեղերի փուլով էր անցել, կանգ էր առել կաթոլիկ միաբանության միստիկական ավանդույթների դաշտում ու, ի վերջո, ընտրել պարզ, քրիստոնեական ընթացքը: Մարտիրոսը մյուս ծայրից էր գալիս: Պաոլոն գիտեր, որ իր ուղեկցի հետ պիտի քայլի 700 կմ: Մարտիրոսը չգիտեր, որ քայլելու է 13000 կմ, որ ոտքի տակ է տալու ամբողջ Եվրոպան: Նա գիտե՞ր, թե՞ չգիտեր, որ Սանտյագոյի սրբավայրը աշխարհի քրիստոնեական երեք կարևորագույն սրբավայրերից մեկն է, և ինքը այնտեղ հասնելու ճանապարհին այցելելու ու երկրպագելու է հարյուրավոր սրբոց շիրիմների:

Բայց ինչո՞ւ Աղասուն չի հուզել ու զարմացրել այն պահը, որ երբ Մարտիրոսը, ի վերջո, հասել է սբ. Հակոբի շիրմին, թևատարած ընկել է վրան, թողություն է խնդրել իր, իր ծնողների, բոլորի մեղքերի համար, արտասվել, որ կատարվեց իր սրտի փափագը: (Սա  մտորելու նյութ է ապագա այվազյանագիտության համար, և ոչ միայն այս վեպում): Նոթերում հստակ նկարագրված այս պատկերի վրա գոնե մի փոքր կանգ առնելու փոխարեն մի քիչ ետուառաջ է տարել թվականները և Մարտիրոսին տեղավորել Կոլումբոսի երեք նավերից  նախ «Սանտա Մարիայի», ապա «Պինտայի» անձնակազմում:

Եթե Պաոլոն տրամաբանականը, նաև գերբանականը փնտրում ու գտնում էր իրենից դուրս, ապա սրանք Մարտիրոսի մեջ էին ի սկզբանե: Նրա տրամաբանությունը գրեթե միշտ հստակ էր և առաջնորդում էր իրեն. «Մարտիրոսի գլուխը պտտվեց, ինքն էլ ընկավ այդ հոսանքի մեջ ու զգաց, որ ինքը տաշեղի է նման այս մեծ ու լի կյանքում, ու նաև հիմքը, մի տեսակ անսահմանորեն զգաց, որ ինքը պետք է համեմատվի ոչ թե աշխարհի հետ, մարդկանց քանակով, այլ` ժամանակի հետ: Մարդ պատկառելի է ոչ թե այսօրով, այլ անցյալով ու ապագայով, ոչ թե լայնությամբ պետք է նայել մարդուն, այլ ժամանակի խորությամբ: Մարտիրոսի մտքերը ուրախացան, հեշտացան, բայց իր տրամադրությունը չփոխվեց, նրա երաժշտությունն էր ուրիշ»: Այս մտքերը նրան համակել էին Ֆլանդրիայում` ըստ Ա. Այվազյանի: Իսկ «Նոթերում» Մարտիրոսը, ի տարբերություն իր անցած բազում այլ երկրների, ոչինչ չի նկարագրում Ֆլանդրիայի քաղաքներից: Ինչո՞ւ: Անհայտ է: Այս բացը, սակայն չի վրիպել Այվազյանի հայացքից: Նա մի քանի սուղ էջերում փռում է այն Ֆլանդրիայի պատկերը, որին ծանոթ ենք ուլենշպիգելյան զվարթ թափառող սյուժեներից, ռուբենսյան կտավներից: Եվ հիասքանչ է այս շարժուն պատկերը Մարտիրոսի դեգերումների ընթացքի մեջ: Երկրորդ անգամ Մարտիրոսին տեսնում ենք զվարթանալիս: Առաջին անգամ նրա պարը բռնել էր, երբ զգաց ազատության շունչը, երբ միայնակ էր և դեռ չէր հեռացել Հայաստանից: Իսկ այստեղ «Մարտիրոսն ու Կորնելիան աննկատելիորեն իրենց համար ներգրավվեցին այդ բաքոսատոնին»:

Պաոլոն անցել էր RAM-ի հոգևոր եղբայրակցության փորձություններով, գիտեր ներխոկումի (մեդիտացիայի) տարբեր ձևեր, թեև ուղեկցի առաջադրած ներխոկումները նորություն էին իր համար, օրինակ` սերմնահատիկի ներխոկումը, երբ իրեն զգում է հողի դաժան կարծրությունը հաղթահարող ծիլի բերկրանքը… Մահվան ներխոկումի վարժությունը գուցե Մարտիրոսն անցել էր` առանց գաղափար անգամ ունենալու, որ դա կենսականորեն փոխում է մարդու էությունը: Գուցեև մտածում էր, որ փորձություններ են, կանցնեն. «Բազում փորձանաց դիպայ, որ ի մահուն յաւժերեցայ, և ոչ զայն վիշտ քաշէի»… Բայց ինքը ամեն ինչ ընկալում է բնականորեն, և արձագանքը գալիս է իր ընդերքից: Նա պատրաստ է արդեն բոլոր փորձություններին, գիտի, որ մեղավոր է, ինչպես ամեն մի մարդ, և թողություն է խնդրելու սբ. Հակոբի գերեզմանի մոտ: Ահա թե ինչու է նա գետնատարած ընկնում շիրմի վրա ու հեկեկում: Հեկեկում է նաև Պաոլոն` Սանտյագոյի մոտ գտնվող խաչի առաջ:

Իսկ ահա թե ինչպիսին է Մարտիրոսի` որպես հայ մարդու և բույսի մեդիտացիան. «Նա պառկած էր գետնին, լույսի մեջ, և հաղորդվում էր բնությանը: Նա զգում էր թավշյա խոտը, շրջապատի բուրմունքը… Նա պոկեց կողքից երկար ու փշոտ ցողունը և սկսեց ծամել, այդ բույսը ուտում էին իրենց գյուղի երեխաները` Մարտիրոսը ուտում էր և զգում համը: Մի նոր համ: Գերագույն հաճույք: Սակայն Մարտիրոսը զգաց, որ ինքը հաճույք է ստանում ոչ թե այդ քաղցր ցողունից, այլ ժամանակից (ընդգծումը Ա. Այվազյանինն է): Նա մտածեց. «Ինձ տրված է ժամանակը: Ես ուտում եմ ժամանակը, սիրում եմ, փայփայում եմ ժամանակը: Ես վերցնում եմ ժամանակը բոլորի միջոցով: Ամենաքաղցր և ամենաշոշափելի ժամանակը: Եթե մեկի վիճակը այնպիսին է, որ ուզում է սպանել ժամանակը, ուրեմն նա արդեն դիակ է: Վանքում սպանում են ժամանակը… Ժամանակը մարդու մեջ է… Խե՜ղճ Գագիկ, խե՜ղճ Աբրահամ»:

Սերմնահատիկ Պաոլոն, պայթելով ու հաղթելով հողի դիմադրությունը, աճեց, ուժեղացավ այնքան, որ կարող էր սարեր գրկել և իր ճյուղերով հասնել երկնքին, այսինքն` նույն քաղցր հաճույքը զգաց տարածությունից, տարածությունն ընդգրկելու իր ուժից:

Նմանօրինակ փորձություններ են նաև Մարտիրոսի պտույտները վանքի շուրջ, որտեղ նա արդեն ճանաչել էր յուրաքանչյուր առարկա և վերջապես հասկացել էր, որ արահետը կա, ու դա նրա համար է, որ ինքը դուրս պրծնի անձուկ միջավայրից:

Իսկ Պաոլոն չէր հասկացել, որ Պետրուսը վեց օր շարունակ իրեն պտտեցրել է մեկ ժամվա ճանապարհով միայն նրա համար, որ նա հասկանա` այնքան է կենտրոնացել իրեն հզորություն խոստացող սուրը գտնելու գաղափարի վրա, որ բաց է թողել ճանապարհի մանրամասները տեսնելու պահը: Մեր Մարտիրոսը համակ ուշադրություն է:

Եվ ինչո՞ւ Ա. Այվազյանը չի նկարագրել Մարտիրոսի կրած անասելի ֆիզիկական տաժանքը` մինչև սբ. Հակոբի աճյունին հասնելը: Մինչդեռ Պաոլոյի նկարագրած դժվարությունների մեջ Մարտիրոսին պատկերացնելն անգամ ֆանտաստիկա է: Պաոլոն գոնե քնապարկ ուներ, ոտքին` ամուր բոթասներ, անձրևանոց: Բա մառախո՞ւղը, որի մասին վկայում են շատ այլ ուխտավորներ ևս…

Սանտյագո դե Կոմպոստելա հասնելու հույսը, Մարտիրոսին առաջ մղող ուժը, նորանոր լեռներ բարձրանալու, իջնելու բերկրանքը… Այվազյանը չի դասել արկածների շարքը: Սինյոր Մարտիրոսը ոչ այնքան ինքն էր վերափոխվում ուխտի ճանապարհին, որքան վերափոխում էր իրեն հանդիպողներին: Յունուսը` այդ անգութ ավազակն ու նրա բարբարոս խմբի բոլոր անդամները, բարի էին դարձել` վերածվել էին ուրիշների գութը հայցող մուրացկանների:  Իսկ Երզնակցի Մարտիրոսը, ինչպես և Պաոլոն, պետք է թողություն խնդրեր բոլորի, նաև` սրանց գործած մեղքերի համար:

Բայց ինչո՞ւ Ա. Այվազյանը իր վեպում չի գործածել Մարտիրոսի նոթերում տեղ գտած մի քանի այնպիսի փաստեր, որոնք մեծ հմայք ու խորհրդավորություն են պարունակում: Դրանցից մեկը Հռոմի Պապի հետ երեք անգամ տեսակցելն ու նրա հետ զրուցելն է: Մարտիրոսի ընդունելությունից կես հազարամյակ անց` 1999 թ.-ին, Պողոս Հովհաննես 2-րդ Պապը Կոելյոյին ընդունելու էր Վատիկանում` ի գոհունակություն այն բանի, որ «Մոգի օրագիրը» գրքի հրապարակումով բազմապատկվել էր դեպի Սանտյագո կատարվող ուխտավորների թիվը:  «Նոթերում» արձանագրված մյուս տարօրինակ փաստը Մարտիրոսի հանդիպումն  է Իզաբելա թագուհու հետ, որ Կոլումբոսի ճամփորդության մեկենասն էր դառնալու:

Պաոլոն անցել էր RAM-ի հոգևոր ավանդույթներով, Բրազիլիայում մոգության դասընթացներ էր վարել, ուներ ուսուցիչ, որ միստիկական ձևով ուխտագնացության վերջում իրեն էր սպասում:

Մարտիրոսը եպիսկոպոսի հոգևոր աստիճան ուներ, այսինքն` ինքը շատերի համար ուսուցիչ էր: Պետք է, որ հիանալի տիրապետեր լատիներենին: Որտե՞ղ էր սովորել այնքան վարժ խոսել այդ լեզվով, որ երեք անգամ զրուցեր Հռոմի Պապի հետ: Ինչի՞ մասին էր Պապը հարկ համարել խոսել անհայտ ճանապարհորդի հետ, որի շնորհքով հագուստ-կապուստի հարցն էլ դեռ պարզ չէ: (Ա. Այվազյանը նրան սբ. Կիրակոս վանքից դուրս էր բերել իր սև վեղարով և կիսամաշ սքեմով): Եթե հայցվոր լիներ Մարտիրոսը, լավագույն դեպքում կստանար մի հակիրճ պատասխան, կառներ Պապի օրհնությունը` որպես գերագույն շնորհ ու կգնար: Բայց նա հետաքրքրել էր Պապին, գուցե Պապն էլ ինչ-որ բան էր ուզում քաղել Մարտիրոսի մտքերից: «Եւ երեք անգամ ի պապնին մօտն տարան զիս և խիստ սէր և շաղաւաթ արավ ինձ, թուխտ երետ ամէնն զարմանային, ամն աւր կու տանէր հետ ինձի զուրուցեր»: Այս փաստը, որ դարձյալ մնում է ապագայի վերլուծությանը, մի անգամ ևս ապացուցում է, որ նա կարողանում էր իր դրոշմը դնել իր ուխտի ճանապարհին: Սրա փոխարեն նա չի վրիպում այվազյանական Կոլումբոսի հայացքից: Սինյոր Մարտիրոսը նույնիսկ շփվում է Կոլումբոսի հետ: Նրա գոտկատեղից դաշույնը հանելու, դրանով գինու տակառը բացելու համարձակությունն է ունենում:

Բայց չէ՞ որ Ա. Այվազյանի խոսքը ոչ թե Երզնկացի Մարտիրոսի ուղևորության, այլ Սինյոր Մարտիրոսի արկածների մասին է` արկածների: Իսկ Պապի հետ հանդիպումը ոչ թե արկած է, այլ լուրջ` գուցեև մի այլ խոսակցության նյութ: Առայժմ արկածներից ամենակարևորը Մարտիրոսին «Սանտա Մարիա» նավը նստեցնելն էր, որպեսզի Կոլումբոսի` Ամերիկան հայտնաբերողների մեջ լինի մի հայ ճանապարհորդ, որ լինի` Ամերիկան նաև մենք` հայերս ենք հայտնաբերել: «Ապա Կոլումբոսի հետ վերադարձավ Իսպանիա, և կրկին, Իսպանիայից ոտքով երեք տարի քայլեց ամբողջ Եվրոպայով` մինչև հասավ Հայաստան… Այդ ընթացքում նրա հետ պատահեցին ոչ նվազ զարմանալի առեղծվածային դեպքեր, բայց այդ մասին ուրիշ անգամ…»,- եզրափակում է Այվազյանը… Բայց խոստումը չի կատարում… Ինչո՞ւ: Գուցե թողել էր, որ Կոելյո՞ն գտնի իր հանելուկների պատասխանը: Քանի որ ինքն արդեն գտել էր մարդկային հոգու բազում հանելուկներից մի մեծ տրցակի լուծումները: Իսկ Կոելյոն 20-րդ դարի վերջում էր հայտնվել Սանտյագոյի ճանապարհին, որտեղ չկային իսկական ավազակներ, գիշատիչ գազաններ` ցուրտ ու մութ գիշերներին, և այդ ամենը երևում էր միայն կաստանեդայական միստերիայի աչքերով… Գնչուի ու շան հայացքներում ինքը կամ Պետրուսը պետք է կարդային դևին կամ դիվային լեգեոնին, մահվան ներխոկումի ընթացքում պետք է տեսնեին «ճակատամարտեր, զրկանքի տարիներ և տիեզերական աղետներ, որոնցից մոտակա տարիներին կցնցվի հողը: Բայց ամեն ինչ կավարտվի Գառան հաղթանակով («Հայտնություն»), և ամեն մի մարդ, աշխարհում ինչքան որ կա, կարթնացնի իր մեջ ննջող Աստծուն` Իր ամբողջ հզորությամբ»: Այս տողերը Կոելյոն գրում էր 1987 թ.-ին` առանց իմանալու, որ ուղիղ մեկ տարի անց հողը ցնցվելու է Հայաստանում` Ա. Այվազյանի երկրում: Ի դեպ, Կոելյոն ծանոթ էր Հայաստանին կամ գոնե նրա անվանը: Ասպետների օծման արարողության ժամանակ հիշատակվում է Հայաստանը… Այն ժամանակ Կոելյոն գիտե՞ր, թե՞ չգիտեր, որ այցելելու է Հայաստան:

Ա. Այվազյանը հիմնականում հավատարիմ է մնացել Մարտիրոս Երզնկացու նոթերում շարադրվածին: Սրանով հաստատվում է, որ բոլոր ժամանակներում, բոլոր վայրերում մարդն ունենում է նույնանման ապրումներ, այլ կերպ չէր լինի շարունակականություն, չէինք հասկանա մեկմեկու` այսօրվա մարդը և երեկվանը, այստեղ և այստեղից շատ հեռուներում ապրողը, Աղասի Այվազյանի և Պաոլո Կոելյոյի երկրպագուները:

Կոելյոն իր բոթասներով և կրծքին «I love NY» շապիկով, քնապարկով… ճանապարհային հարմարավետություններով, իսկ մեր Մարտիրոսը` իր փիլոնով… Քանի որ մեր Տերը ասել էր. «Ոչինչ մի՛ վերցրեք ձեր ճանապարհի համար` ո՛չ գավազան, ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ արծաթ, երկու հագուստ մի՛ ունեցեք» (Ղուկասի ավետարան, 9.3)…

Համեմատությունների դեռ շատ զարմանալի նյութ կա այս երեք ուխտագնացների` Մարտիրոսի, Աղասու և Պաոլոյի ճամփորդական քարտեզի, մտորումների ու բացահայտումների մեջ, բայց դրանց մասին հաջորդ անգամ: Առայժմ միայն արձանագրենք, որ նրանք երեքն էլ ազնիվ էին իրենց մղումներում:

One thought on “ԹԵ Ո՞ՒՐ ՏԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԻՆՅՈՐ ՄԱՐՏԻՐՈՍԻՆ ԵՎ ՊԱՈԼՈ ԿՈԵԼՅՈՅԻՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։