Աստված մեզ չի սիրում:
Ի վերջո, մեր ի՞նչը սիրի, ինչ մի սիրելու բան ենք …
Թույլին, փալասին, հանձնվողին ո՞վ է սիրում:
Մի այտդ դեմ տվեցիր, հետո՝ մյուսը, վերջ:
Ինչո՞ւ ես բռնցքամարտի բարձիկի պես դեմքդ անընդհատ հարվածի տակ դնում: Թե՞ ուզում ես, որ քեզ խղճան…
Թո՜ւ…
Ո՞վ է քեզ հարգելու:
Հիմա հարց.
– Ինչո՞ւ Իսրայելը դարձավ Աստծո ժողովուրդ:
– Որովհետև մենեմարտեց Նրա հետ (Իսրայել, եբր.՝ Աստծո հետ մենամարտող):
– Ի՞նչ եմ ուզում դրանով ասել:
– Երևի, որ եթե Աստված իրեն ի՛ր պատկերով և նմանությամբ էր ստեղծել, ուրեմն՝ առնվազն պիտի հարգեր իր արարածին:
Իսկ հարգանքը վաստակել է պետք:
Ակամա հիշեցի Սբ. Զատկի օրը Սբ. Հարության տաճարում, ուխտավորների երկյուղած սպասումը հիշեցի՝ այս տարի՞ էլ սրբազան կրակը դուրս կգա Տիրոջ գերեզմանից, և Տերը կվերահաստատի՞ իր ուխտը մարդու հետ, թե՞…
Այս ամենի կողքին քրիստոնյա արաբ երիտասարդների նախանձախնդիր ու խանդավառ աղմուկը հիշեցի:
Եվ եղավ մի օր, երբ նրանց թմբուկների զարկերը վերջնականապես զայրացրեցին մյուսներին, և երիտասարդներին պարզապես դուրս վռնդեցին տաճարից:
– Եվ ի՞նչ եղավ հետո:
– Կրակը հրաժարվեց դուրս գալ: Աստված իր ուխտը չէր նորոգում մարդու հետ:
Տաճարում հավաքվածները երկյուղած էին:
Դրսում գտնվող երիտասարդների աղմուկը, դափերի և թմբուկների զարկերն էին միայն խախտում ներսի լռությունը:
Եվ… տեղի ունեցավ հրաշքը. կրակը, պատռելով Սբ. Հարության տաճարի պատը, դուրս եկավ՝ տաճարում հավաքվածներին զրկելով իր գուրգուրող, չայրող հուրը առաջինը տեսնելու պարգևից:
Տերը իր լույսը աղմկոտ, պահանջող, պարտադրող և տաճարից արտաքսված երիտասարդների համար վառեց:
Ուրեմն՝ Տերը հնազանդությո՞ւն է սիրում:
Չէ, Տերը կռիվ տվող, մենամարտող է սիրում, որովհետև միայն պայքարի մեջ է սերը, որովհետև այն հանուն է…
– Իսկ ո՞վ ենք մենք:
– Մենք հավերժական Հոբն ենք և անտրտունջ կրում ենք բոլոր փորձությունները, որոնք Աստված դնում է մեր ուսերին: Նա առնում է մեր զավակներին, ու մենք անխոս ընդունում ենք Նրա կամքը, Հոբի նման ուրախանում ենք մեզ նոր զավակներ պարգևելու համար, պաշտում և երկրպագում ենք Նրան՝ չմենամարտելով Նրա հետ, չգոռալով՝ մի՞թե այս նոր որդիները, որ տվեցիր մեզ, փոխարինելու են նրանց, ում տարար մեզանից… Մի՞թե նրանք պարզապես ինչ-որ իր էին, որ կորան-գնացին… Եվ մեր պարտքն է ուրախանա՞լ նորով:
Նրանք ևս քո պատկերն էին, Տեր, եզակի, ուրիշ, բայց Քոնը:
Հոբը չպահանջեց, չաղմկեց, չտրտնջաց, երբ նրա սիրասուն զավակներին առար, դիմացավ փորձությանը և այդպիսով մնաց Հոբ:
Իսկ եթե հակառակն աներ… Իսկ եթե մե՛նք անեինք հակառակն ու կռիվ տայինք Քեզ հետ, Տեր: Գուցե մի լույս էլ մեզ համար վառեիր ու չառնեիր մեր զավակներին:
Մենք թակեցինք, այնինչ պիտի բախեինք, որ բացեիր:
Չէ, մենք դա չենք արել, մենք դա չենք անում:
Մենք հավերժական Հոբն ենք: