Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողով էին հրավիրվել ստեղծագործական միությունների, կույրերի և խուլ-համրերի միավորումների նախագահները՝ քննարկելու հասարակական կազմակերպությունների, միավորումների շենքերի վերաբերյալ օրինագիծը։ Նիստը վարում էին Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց նախագծի նպատակը, շենքերի հետագա ճակատագրի վերաբերյալ պետական մոտեցումները։
Ելույթ ունեցան Նկարիչների միության շենքերի հարցերով փաստաբան Կարեն Մեջլումյանը, Գրողների միության շենքերի մասով փաստաբան Լևոն Բաղդասարյանը և ստեղծագործական միությունների նախագահներ Սուրեն Սաֆարյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Արամ Սաթյանը, Հակոբ Ղազանչյանը, Ալեքսանդր Բադալյանը, կինոգործիչների միությունից՝ Արայիկ Մանուկյանը, Կույրերի միավորման նախագահ Ռ. Խաչատրյանը, Հայաստանի խուլ-համրերի միավորման նախագահ Մ. Հարությունյանը։ Սուրեն Սաֆարյանը շեշտեց հարցի կարևորությունը, սակայն առաջարկեց հետաձգել օրենքի ընդունումը, քանզի շենքերի դատերը դրված են վարչական դատարանի քննարկման տիրույթում, և սա նշանակում է, որ եթե շենքերը պետականացվեն, այլևս այս օրենքը ուժը կկորցնի։ Այդպիսի մտահոգություն հայտնեց նաև Էդվարդ Միլիտոնյանը և ավելացրեց, որ այսպիսի միաժամանակյա օրենքի և դատական պրոցեսի համընկնումը ենթադրում է մի տեղից հրահանգված լինելը։ Սա ստեղծագործական միությունների և միավորումների ազատության և իրավունքների խախտման իրավիճակ է։ Փաստաբանները փաստեցին վերոնշյալ շենքերի՝ ՀՀ կադաստրի սեփականության իրավունքի ճշգրիտ լինելը։
Նշենք, որ ՀՀ կադաստրի կոմիտեի ներկայությունը այս նիստին շատ կարևոր կլիներ։ Նաև ասվեց, որ Գրողների և Նկարիչների միությունների կողմից իրենց համաժողովներում հարցի քննարկման ժամանակ եղել է առաջարկություն՝ պահպանել շենքերի սեփականության իրավունքը՝ հետագայում առանց վաճառքի պայմանի, որով կփարատվի այն մտավախությունը, թե սեփականատերերի կողմից հնարավոր է դրանց վաճառքը։ Սա համարվեց հաշտության մի առաջարկ, որը արժանի կլինի կառավարությունում դիտարկելու։ Այլապես անհասկանալի է վարչական դատարանի` հատկապես գրավոր ընթացակարգով դատական նիստերի անցկացումը, որը բացառում է երրորդ անձի կարգավիճակով ներգրավված կազմակերպությունների և միությունների մասնակցությունը։ Այս մասին փաստաբանները առաջարկություններ են ուղարկել վարչական դատարան։
Հայտարարվեց, որ ստեղծագործական միությունների նախագահները դիմել են վարչապետին՝ ընդունելու և քննարկելու վերոհիշյալ խնդիրները։
Սպասում ենք պատասխանի…