ԵՎՍ ՄԵԿ ԱՍՈՒԼԻՍ…

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի նկարիչների միության դահլիճում հրավիրված մամլո ասուլիսում քննարկման էր դրված ստեղծագործական միությունների և մի շարք հասարակական միությունների՝ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի պետականացման մասին ՀՀ դատական մարմինների որոշումը: Մասնակցում էին ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանը, Խուլերի միավորման նախագահ Մարինե Հարությունյանը, նկարիչներ, գրողներ, փաստաբաններ:
Նկարիչների միության նախագահ Ս. Սաֆարյանն իր խոսքում մասնավորապես ասաց այն, ինչ ասվել էր ՀՀ նկարիչների միության համագումարում, տարբեր ասուլիսներում. «Նկարիչների միության շենքը՝ որպես ՀՀ նկարիչների մասնավոր սեփականություն ունենալու որոշումը եղել է պետական որոշում: Այստեղ ամեն ինչ ստեղծվել է ու մինչև այժմ պահպանվում է բացառապես նկարիչների միջոցներով: Եթե դատական մարմինները Հայաստանի պետական կադաստրի գործունեության մեջ ինչ-ինչ «սխալներ են գտել», դա անհնար է, քանի որ Կադաստրը որոշող մարմին չէ, այլ՝ գրանցող: Եթե օրինական չլինեին բոլոր ներկայացված փաստաթղթերը, չէին կարող այս կամ այն գույքը գրանցել սեփականության իրավունքով: Մենք՝ նկարիչներս, շատ անհանգստացած ենք: Եթե կորցնենք մեր մեծ վաստակ ունեցող նախորդների ստեղծած, պահպանած, հարստացրած այս ժառանգությունը, ի՞նչ ենք փոխանցելու մեր սերունդներին: Դիմում ենք ներկայացրել վարչապետին և Ազգային ժողովին, որ գտնենք այս հարցի լուծումը: Ս/թ. հոկտեմբերի 30-ին դատական կարգով պետք է վճիռ կայացվի: Աստված մի արասցե, եթե դա տեղի ունենա… այնուհետև մենք՝ միության ղեկավարներս, ի՞նչ օրենքի մասին ենք խոսելու: Այնպես որ, սա պետք է անենք շատ կարճ ժամանակամիջոցում: Ինչո՞ւ են բոլոր քննարկումներն անցկացվում առանց մեր մասնակցության»:
Ըստ փաստաբան Կարեն Մեժլումյանի՝ «Այստեղ խոսքը սեփականության իրավունքի և սեփականազրկման մասին է: Խորհրդային տարիներից այս գույքն ունեցել է իր սեփականատերը, այն է՝ ստեղծագործական միությունները: Մինչև այժմ դատական մարմինների կողմից որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, որ հերքում է այս ճշմարտությունը: Իսկ մենք՝ փաստաբաններս, զրկված ենք դատական նիստերին մասնակցելու իրավունքից»:
ՀԳՄ փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ թեև ԽՍՀՄ-ում մասնավոր սեփականություն՝ որպես այդպիսին չի եղել, բայց բացառություն են կազմել ստեղծագործական միությունները: Ստեղծագործական միությունների գույքը բացառապես եղել է իրենց սեփականությունը: Այնպես որ, սա սեփականազրկման գործառույթ է: Այդ շենքերը երբեք պետական չեն համարվել:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց. «Սա այն դեպքն է, երբ բարոյական թեմաներով խոսելը տեղին չէ. սա անվտանգության թեմա է: Այս պահին, երբ Ադրբեջանը ամեն օր հայտարարում է ավելի ու ավելի զինվելու մասին, մենք զբաղված ենք ներքին մեր գործողություններով մեր պետականությունը վտանգելով: Հայաստանը փոքրիկ նավակի պես քշվում է տարբեր ուղղություններով: Որտե՞ղ են մարդու իրավունքի պաշտպանները: Դատական մարմինների «փաստարկն» է՝ ստեղծագործական միությունների սեփական գույքը մի օր կարող է վաճառքի առարկա դառնալ, իսկ պետականացնելով՝ ապահովագրում են նման գործարքներից: Մենք արդեն մեր համաժողովում քննարկել և ընդունել ենք մեր սեփականության իրավունքը առանց վաճառելու պայմանի:
Իսկ ի՞նչ երաշխիք կարելի է ունենալ, որ շենքերը պետականացնելուց հետո, եթե գան այլ իշխանություններ, մի օր չեն որոշի ու չեն վաճառի այս գույքը: Պետական մարմիններն իրենք պետք է որոշեն՝ լա՞վ են աշխատում այս կազմակերպությունները, արդարացնո՞ւմ են իրենց, թե՞ ոչ: Իսկ կարելի՞ է վստահ լինել, թե իրենք գիտեն՝ ինչ է ստեղծագործությունը, ստեղծագործական միությունը: Այժմ ՀՀ դատախազությունը, ՀՀ վարչական դատարանը և Պետական կադաստրը կորոշեն բազում միությունների, միավորումների, կազմակերպությունների ճակատագիրը, ինչպես 37-ին «տրոյկան» էր որոշում՝ ում գնդակահարել, ում աքսորել: Ինչպե՞ս վստահել նրանց, երբ վարչապետն ինքը խոստովանեց, որ դատական իշխանությունների աշխատանքը չի կայացել: Կարծում եմ՝ մեր բողոքի ձայնը պետք է բարձրացնենք միջազգային ատյանների մակարդակով: Պետք է մեր պաշտոնյաներին խելամտության կոչ ուղղենք»:
Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն իր ելույթում նշեց. «Անցյալ անգամվա մեր հավաքին ներկա էր ԿԳՄՍ նախարարը: Նա ասաց, որ այս գործողությունը կատարվում է նրա համար, որ մեր ունեցվածքը անձեռնմխելի լինի: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ մի օր մի պետական պաշտոնյա չի հայտարարի, որ ստեղծագործական միությունները չարիք են հասարակության համար, և դրանք պետք է վերացվեն: Մեր միությունը պետությունից ոչ մի ակնկալիք չի ունեցել և չունի, մենք ամեն ինչ արել ենք մեր սեփական միջոցներով»:
Հայաստանի կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանը նշեց, որ այսօր իրենց պատկանող հիսուներկու օբյեկտ կա, բոլորն էլ ստեղծվել են կույրերի աշխատանքի ու ջանքերի շնորհիվ: Դրանց ցանկում են բնակելի շենքեր, կույր երեխաների համար դպրոցի շենք, Մալայանի անվան աչքի հիվանդանոցը, Սևանի մշակույթի տունը և այլն: Մինչև այժմ չի ներկայացվել մի հիմնավոր փաստարկ, որով միավորմանը պատկանող գույքը պետք է պետականացնել:
Խուլերի միավորման տնօրեն Մարինե Հարությունյանը նույնպես խոսեց միավորման իրավունքների ոտնահարման մասին:
Նկարչուհի Զարուհի Մուրադյանն առաջարկեց բոլոր ստեղծագործական միությունների անունից հակընդդեմ դատական հայց հարուցել Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի դեմ:
Հայաստանի Նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանն առաջարկեց 3-4 օրվա ընթացքում ՀՀ վարչապետին ընդունելության պահանջ ներկայացնել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։