Էս Պիղատոսը մի կուսակալ մարդ էր օտար բնակչության մեջ և պետք է որոշեր մեղավորության չափ և պատժի ձև, և ահա նա մտածեց, որ եթե ինքը որոշի՝ մեղքի տակ կընկնի, տվյալ քաղաքի բնակչության առջև պատասխանատվություն կկրի և ընտրեց՝ մեղքն ու պատասխանատվությունը գցի հենց այդ քաղաքի բնակչության վրա։ Ու գնաց ձեռքերը լվանալու։ Խաչվեց Հիսուսը։ Անցան դարեր։ Շատ երկրների իշխանություններ, դատական մարմիններ, կարևոր հարցեր որոշողներ նմանվեցին Պիղատոսին։ Ինչու չէ, նաև միջազգային կազմակերպություններ, որոնք պիտի քննեին ու դատապարտեին մեղավորներին, պաշտպանեին ճշմարտությունը։
Ահա 30-ից ավելի տարի Լեռնային Ղարաբաղի կնճիռը վերուվարում է երկրների ու միջազգային կազմակերպությունների խոհական ճակատներին և…
ԵԱՀԿ Մինսկի խումբը քայքայվել է, համանախագահ երեք երկիր՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, թշնամացել են իրար հանդեպ։ Մեկն ասում է խումբը կա, մյուսը՝ չկա։ Ադրբեջանն այդ խմբի անդամներին Արցախյան 2-րդ պատերազմից հետո համարյա քշեց Բաքվից։ Ռուսաստանի ներկայացուցիչը, երևի կանխազգալով Ալիևի ստորացնող քայլը, բացակայում էր։ Եվ ի՞նչ, ոչինչ։ Ադրբեջանի տիրակալն էլ բոլորին ի լուր հայտարարեց՝ չկա Ղարաբաղի հարց, այն զենքով լուծված է։
Եվ ի՞նչ, ոչինչ։
Նա դա կրկնեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարման քննարկման ժամանակ Ռուսաստանի նախագահի ներկայությամբ։
Եվ ի՞նչ, ոչինչ։
Հայ գերիները շարունակում են մնալ ազերիների բանտերում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո շատ ջրեր հոսեցին, եղավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, ադրբեջանցիք մտան Հայաստանի սահմաններից ներս, եկան եվրոպացի դիտորդներ, ՀԱՊԿ-ի ուսումնասիրողներ, եղան Եվրախորհրդի դատապարտող կոչեր ու ՄԱԿ-ի արդարադատության դատարանի՝ Ադրբեջանին դատապարտող որոշումներ։ Եվ ի՞նչ, ոչինչ։
Նավթը հաղթում է արդարադատությանը։ Տիկին ֆոն դեր Լյայենը Ադրբեջանին համարեց իրենց կարևոր գործակից, Ամերիկան ֆինանսապես օգնում է Ադրբեջանին, Իրանի դեմ հանկարծակի կոնֆլիկտը ծագելու դեպքում, իրենց ասելով, կօգնեն Ադրբեջանին, ազերի օդաչուներ են պատրաստում ԱՄՆ-ում…
Ալիևն անցավ իր նախագծած էթնիկ զտման ծրագրի ցնցող քայլերին՝ փակեց Լաչինի միջանցք-ճանապարհը հավատարիմ վայ-բնապահպաններով։ Էլի կոչեր, էլի հայտարարություններ, գալիս են, գնում փորձագետներ, բարձր պաշտոնյաներ, ճիշտ է, այս անգամ նրանց քամակին չի զարկում, դուրս քշում, բայց բողոքում է, թե Հայաստանն ու արցախցիներն են խախտում հրադադարը։
Բացահայտ ձեռ է առնում բոլորին, անունները չթվարկեմ։
Եվ հիմա էլ անցակետ է դրել, իր ձեռքն առել ռուս խաղաղապահների հսկման գոտին։
Նորից սրտակեղեք կոչեր, հայտարարություններ Արևմուտքից, Ռուսաստանից և այլ տեղերից։ Ռուսաստանի փորձագետներն են զայրացել և վերջապես հայտարարում են, որ Ադրբեջանը փորձում է ռուսական ատամի ուժը, Ռուսաստանի ՊՆ-ն է հայտարարություն տարածում։ Փոխում է իր խաղաղապահների հրամանատարին։ Դեռևս ոչ մի արդյունք։ Արևմուտք-Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան իրար մեղադրելու, պատասխանատվությունը միմյանց վրա գցելու է՛լ ֆուտբոլի գնդակ, է՛լ դելիմիտացիա, է՛լ տարբեր թվերի քարտեզների վկայակոչում, է՛լ չգիտեմ ինչ…
Երկակի ստանդարտը վերածվել է եռակիի՝ մի բան մտածում, մի այլ բան ասում, մի ուրիշ բան անում, մի խոսքով՝ պիղատոսություն, ձեռնալվա, մեղքը և պատասխանատվությունը ուրիշի վրա գցել։ Ալիևը «անցակետ» օպերացիայից հետո երևի կսկսի «վերջակետ» գործողությունը, եթե աշխարհի հայերով միասնաբար չգործենք և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հայ է ապրում։ Սա չի նշանակում՝ հույսը պիտի դնենք միայն մեզ վրա։ Դիվանագիտության բոլոր ձևերը հասու են մեզ, ռազմական ուժը զարգացնելուն ընդհանուր հայության ֆինանսական զորությունը ևս կարող է հասու լինել, եթե մեր միջև սև և կարմիր գծեր չենք դնում։
Նոր արտահայտությամբ ասենք՝ ցանցային մտածողության ժամանակն է։
Միմյանց սիրելով և հավատալով մենք կկանգնենք մեզ ատողների, խաբողների և գլուխներս կեղծաբարո շոյողների ու քմծիծաղողների դեմ։
Այդպես չէ՞, Պիղատո՛ս։
Հ.Գ. – Մինչ Պիղատոսը կպատասխանի, Վաշինգտոնում չորս օր տևած հանդիպումներ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործոց նախարարների միջև։ Նրանց հետ առանձին-առանձին հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ապա միասնաբար քննարկեցին խնդիրները։
Էնթոնի Բլինքենն ասաց, որ կայուն և արդար խաղաղության պայմանագրի ճամփին կա լուրջ առաջընթաց։ Իսկ Պրահայում ՀՀ վարչապետ Փաշինյանը պարզաբանեց այդ հանդիպումների արդյունքը ստույգ չափի միավորով՝ եթե մեր ճամփան 1000 մետր է, մենք անցել ենք մեկ մետր, 999 մետրը դեռ մնում է։
Ամերիկան մղոնով է չափում, մենք՝ մետրով։
Ռուսաստանի խաղաղապահ զորքերի նորանշանակ հրամանատար Լենցովն էլ հանդիպել է Բաքվի համապատասխան ներկայացուցիչների հետ, և ինչպես Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանն է տեղեկացնում՝ ոչ մի առաջընթաց Լաչինի միջանցքի ուղղությամբ։
Պարզ է, Բաքուն շարունակում է ճոճանակային դիվանագիտական քաղաքականությունը, ԱՄՆ-ում Հայաստանին ներկայացնում է որպես ռուսամետ, Ռուսաստանում՝ ամերիկամետ։ Իսկ ինքը երկուսի հետ խաղ է անում, մեկի հետ՝ մտերիմ հարևան, գազի-նավթի և այլ գործարքների առևտրով, մյուսի հետ՝ աշխարհաքաղաքական հարթակ մե՛րթ Իրանի դեմ, մե՛րթ ռուսներին Կովկասից քշելու բացահայտ և թաքուն քամելիոն գործավար։
Բոլոր կողմերը սպասում են մայիսի 14-ի Թուրքիայի պրեզիդենտական ընտրություններին։ Թուրքիան իր երկինքն է փակում Հայաստանի դեմ, Էրդողանը հայերին ճնշելու հաշվին փորձում է միավորներ շահել։
Ամեն օր փոխվում է տարածաշրջանային քաղաքական եղանակը։
Մի կողմից էլ, Քըլչդարօղլուն էլ հայի թոռ հռչակվեց՝ էլի հայի անունը բացասաբար գույնով թուրքերին մատուցելու։
Նրանցից սպասել հիմա կամ հետո բարիդրացիություն, բարեկամություն, խաղաղություն՝ դժվար հավատալի է, քանզի նրանք մշտապես Ադրբեջանի հետ պայմանավորված նոր պահանջներ են առաջադրելու, ընդհուպ, երևի ցեղասպանության հուշարձանի կազմաքանդում։ Վերոհիշյալ ձգող բառերը, պարզվում է, յուրաքանչյուրն իր նպատակների մակարդակով է ըմբռնում։ Ամեն ինչ սպասելի է այս աշխարհաքաղաքական իրավիճակում. ռուսները կռվի մեջ, ԱՄՆ-ը մոտեցող պրեզիդենտական հոսանքներում, Իրան-Ադրբեջան դիվանագիտական ճանկռտոց։ Վրաստանում էլ՝ մերթ ընդ մերթ ցույցեր, միտինգներ։ Չինաստանում էլ՝ իր եռանդուն քայլերով… Առաջիկա օրերին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները։
Վաշինգտոնից հետո Մոսկվան նորից կփորձի վճռական ցույց տալ, որ ինքն է կարգավորողը։
Տարբեր ուժային կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը որքան գայթակղիչ է թվում, այդքան էլ վտանգներով է հղի։ Մի բան պարզ է՝ այդ երկրներն ու կենտրոնները նախ իրենց շահին են հետամուտ, և ով առավել է նրանց օգտակար երևում, հակված են նրան պաշտպանելու։ Այսպես է եղել, այսպես է հիմա և, ցավոք, այդպես էլ կշարունակվի։ Մենք արդյոք ունե՞նք, և եթե ունենք քաղաքագիտական տակտիկական և ստրատեգիական վերլուծական կենտրոններ, ապա նրանք պիտի համաձայնեն նաև Սփյուռքի ու Արցախի նման միավորների կարևոր վերլուծական, նաև բաղդատեն մեր տարածաշրջանի և մեզնով հետաքրքրվող երկրների նման քննախոսականները։ Եվ ապա որոշումներ կայացնեն այս օրերի, գալիք ամիսների ու տարիների ճշմարիտ ուղու վերաբերյալ։ Հավատանք, որ մենք օբյեկտիվ, ոչ դրսից թելադրվող, ոչ հուզական, ճակատագրական ճշմարիտ ճանապարհը կընտրենք։