ԵՐԲ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԿՈՐՑՆԵԼ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Երբ նայում եմ երկրի այսօրվա քաոսային իրավիճակին, աչքերիս դեմ բացվում են ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին պետ Ալեն Դալեսի և գնդապետ Դանի ձեռագիր ուղերձները, որտեղ սևով սպիտակի վրա մանրամասնորեն նշված են գաղութացման ենթակա պետությունների թուլացման և նրանց որսալու մանրազնին կանոնները, որոնց ականատես եղանք «արաբական գարունների» և «դեղին ու կարմիր վարդերի, թավշյա» հեղափոխությունների ընթացքում, և որը շարունակվում է մինչ այսօր…

Հայաստանի ներգրավումը այդ գործընթացներում սկսվեց անցյալ դարի 90-ականների նոր հեղափոխությամբ, երբ առաջինը Հայաստան ներմուծվեցին կրոնական աղանդները՝ ազգի հոգևոր միասնությունը խախտելու նպատակով, ապա ընտանիքները, որպես պետության կայունության ամրոց, ընտանիքաքանդ օրենքներով ջլատելու՝ «ամուր ընտանիքը ամուր պետության հիմք» գաղափարից զրկելու համար, երբ բաց դռների վերածված Հայաստանի սահմաններից երկիր գրոհեցին ընտանեկան ավանդույթների դեմ որպես սպանիչ թունաքիմիկատ համարվող լգբտները, թմրամոլության անզուսպ հեղեղը, ծայրահեղ աղքատության և անհայրենիք անբարոյականների կազմակերպած թրաֆիքինգը, գործազրկությունն ու արտագաղթը, երբ իշխանության եկած աղքատության վրեժխնդիրների անզուսպ ու երկրաքանդ ծրագրերը աստիճանաբար թուլացող երկիրը աստիճանաբար դարձրեցին հետագայում հեշտ նվաճելի տարածք, մանավանդ, որ այդ երկիրը ուներ ահռելի հարստության հանքեր, որի բաժնետերերը վաղուց ատամները սրած սպասում էին հնարավոր պահին՝ իշխանության ջատագովներին իրենց աթոռներին թողնելու նպատակով` զիջումներ կորզելու համար: Այդպես էլ, դեռ Եղեռնի 100-ամյակը չլրացած՝ սկսվեց Հայաստանի բզկտումն ու թուլացումը երկրաշարժի ու պատերազմի պայմաններում, որը վերածվեց «գույք՝ պարտքի դիմաց»-ի (ո՞ր պարտքի), երբ ազգն իր տարածքի վրա սկսեց ապրել վարձակալի, ոչ թե տիրոջ իրավունքով:

Այո՛, 90-ականների Արցախյան ազատագրական շարժման օրերի մեր զարթոնքը խորքային էր՝ 1915 թ. Մեծ եղեռնի մինչև այսօր շարունակվող անհուսալի հետևանքները, 1937 թ. մտավորականության ջարդերը, Երկրորդ համաշխարհային պատերազմում Հայաստանի՝ ընդամենը մեկ միլիոն բնակչությունից 300 հազար զոհերը, աղքատությունն ու այլ ծանր խնդիրներ պատճառ հանդիսացան բոլոր այն իրադարձությունների, որոնց ականատեսը եղանք բոլորս։ Եվ այս ամենին հաջորդեց 90-ականների նոր հեղափոխության կրկնակի փորձությունների ենթաշրջանը, որը և ծնեց «4-րդ» հեղափոխությունը։

2018 թվականի հեղափոխությունը հովհարային լույսերի ու կտրոնով հացի օրերին ծնված սերնդի հեղափոխություն էր, որն եկել էր սրբագրելու նախորդների սխալները, որոնց ղեկավարած երկիրը կանգնել էր ահռելի արտագաղթի առաջ, այն էլ նման ծանր պատերազմի բերած հաղթանակից հետո: Ազնիվ պետք է լինել մեր և պատմության առաջ: Ուրիշ էլ ինչպիսի՞ն է լինում ազգի ողբերգությունը Մեծ եղեռնից հետո, երբ հաղթանակ ապահոված և նորանկախ պետություն ձեռք բերած երկրի ժողովուրդը սկսում է արտագաղթել երկրից, ուրիշ ինչպիսի՞ն է լինում ազգի դժբախտությունը, երբ հաղթանակից հետո ժողովուրդը կանգնում է ծանր փաստի առաջ՝ երկրին հաղթանակ բերողների կողմից, ովքեր սկսեցին տորթի նման իրար մեջ բաժանել ազգի հարստությունը՝ ազգը տանելով նոր ու անսպասելի «սպիտակ եղեռնի»… Լո՜ւյս, լույս իջնի գերեզմանիդ, Պարո՛ւյր Սևակ…

Ժողովրդի հետ անմիջական շփման մեջ լինելու այն դաժան օրերին ականատես եմ եղել դեպքերի, որոնք երբեք չհեռացան մտքերիս տեսադաշտից: Զորօրինակ՝ օշականցի ծեր կնոջը, որն եկել էր օգնություն խնդրելու հողամասի վարձի վճարման ակնկալիքով: Խնդիրը ներկայացնելիս նա ուշաթափվեց: Երբ ուշքի բերեցինք, խոստովանեց, որ երկու օր հաց չէր կերել: Առանց ասելու էլ, նրա դալկացած դեմքին ակնհայտ էին ապրելու դժվարությունները: Ինչ խոսք, նա ո՛չ առաջինն էր, ո՛չ էլ վերջինը: Միակ որդին արտագնա աշխատանքի էր գնացել, և մեկ տարուց ավելի ոչ մի լուր չուներ… Անշուշտ, լուծվեց նրա խնդիրը. մենք նրան կերակրեցինք և մեքենայով ճանապարհեցինք… Սա մի պատկեր է այդ օրերից, նրանք բազում էին և ծանրորեն հետք են թողել զգայուն բանաստեղծի հոգում: ՀՀ նախագահի աշխատակազմի՝ քաղաքացիների ընդունելության բաժինը պարգև չէր ինձ համար, պարզապես անակնկալի էի եկել՝ հեղափոխությունից ու հաղթանակից հետո, ազգի ու երկրի նկատմամբ բույն դրած անարդարություններից: Դող կար իմ ներսում հաղթանակի ապագայի նկատմամբ: Եվ այդ մերժելի երևույթները ծնեցին նոր հեղափոխություն, որը 2018 թ. ողջ ժողովրդին ոտքի հանեց ներքին անարդարությունների դեմ։

Ծափերով եկած սերունդը աշխարհի իրականության մեջ առաջին անարյուն հեղափոխությունն իրականացրեց, որի համար Ալեն Դալեսի և Դանի ուղղորդած բոլոր նախապայմանները ներկա էին, չհաշված թուրքական ու անգլոսաքսոնական գործակալների անտես միջամտություններն ու ռուսական հետախուզության հետագա գործողությունների ծրագրերը: Իշխանության փոխանցման առերևույթ տրամաբանության խորքերը կասկածելի վտանգներ էին պարունակում, որը սկզբում, որպես ժողովրդական միասնություն, ոգեշնչեց աշխարհի ողջ հայությանը, սակայն ժամանակ անց ադրբեջանական ագրեսիաները սառը ցնցուղ դարձան նոր երազանքների ճանապարհին. 44-օրյա պատերազմը, մեր զավակների անդառնալի կորուստը, Արցախի կորուստը, Հայաստանի սահմանների ու տարածքների բռնագրավումը, գերիներն ու հաշմանդամները, անհետ կորածները… Եվ հազարավոր կորուստների մեջ մոլորված ազգը, որը վերջին հավատով ժողովրդական նոր ալիքը ցնծությամբ էր ուղղորդել՝ դեմոկրատական ծաղկեփնջերի ներքո: Ահա թե որն էր իշխանության խաղաղ զիջման պատճառը: «Ձյուն մաղվեց ազգի գլխին»… Էլի ու էլի ողորմի ասեմ Սևակին…

Ու հիմա՞… Հիմա կանգնել ենք ռուս-թուրքական գորդյան հանգույցի առաջ՝ թշնամու կողմից Արցախը շրջափակված է բառի բուն իմաստով, Հայաստանի սահմանային կարևոր բարձունքները թուրք-իսրայելական զինուժի հովանավորության տակ են, Վարդենիսի և Սյունիքի սահմանային 30 գյուղեր գրեթե լքված, անմշակ մնացած հողատարածքներով, պատերազմի պարտությունը հետաքննող հանձնաժողովի գզրոցներում դավաճանության փաստեր (ինչո՞ւ, մեղա՜ Քեզ, Տե՛ր, գոնե Դու բռնեիր այդ անհայրենիք ուրացողների ձեռքը…)։ Ինչևէ, կանգնել ենք անդունդի եզրին ու մտածում ենք, թե անդունդը երբ է մեզ կուլ տալու: Ինչն է ամենաանընդունելին՝ երբ ստիպում են հիշողությունդ կորցնել… Երբ ստիպում ու պարտադրում են, որ քո էթնիկ տարածքը քոնը չէ, որ քո մայրաքաղաքը, որ Հռոմից էլ հին է, քոնը չէ, որ անգամ ՆՈՅԸ ադրբեջանցի է, քանի որ նրա գերեզմանը Նախիջևանում է (Ագուլիսում ծնված Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում գոնե եղե՞լ եք), որ Վուդրո Վիլսոնը շփոթվել է, Վանն ու Արարատը մինչև Տրապիզոն հայերինն է համարել թուղթ ու բարաթով, 20 միլիոն մարդկանց վավերագրումով, ո՞ր մեկը թվեմ… Ումի՞ց ենք խաղաղություն պահանջում, ովքեր մեզ, կրկնում եմ, պարտադրում են կորցնել մեր հիշողությո՞ւնը… Խնդրեմ, ՆԵՄԵՍԻՍԻ երանելիներին նվիրված կոթողի բացման հաջորդ օրն իսկ փակվեց Հայաստանից գնացող ինքնաթիռների երթևեկը, և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն վաշինգտոնյան քննարկումների օրոք կոշտ հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի… իրականացմանը… հայերն են սադրում: Իրո՞ք: Ինչպես հարկն է, ես նրան պատասխանել եմ սոցցանցերով, որը բազմահազար դիտումներ ունեցավ: Խոսքը ո՞ր խաղաղության մասին է, երբ դուք պահանջում եք Հայաստան՝ առանց հայերի՞:

 

«Ինքնապաշտպանություն – դա միակն է արվեստներից, որի թերությունները գրչի, վրձնի, մուրճի փոխարեն սրբագրում է թշնամու արնոտ սուրը»:
Գարեգին Նժդեհ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։